Գեղարվեստական հաղորդում (21-04-2016)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ: ----------------------
Իրանի արվեստագետների տանը բացվել է հանրաճանաչ իրանահայ կոմպոզիտոր և դիրիժոր՝ Լորիս Ճգնավորյանի «Երաժշտություն կտավի վրա» անունը կրող գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման հանդիսությանը ներկա էին իրանցի պաշտոնատարներ, նշանավոր արվեստագետներ և արվեստասերներ, այդ թվում Իրանի արվեստագետների տան գերագույն խորհրդի տնօրեն՝ Մոհամմեդ Սարիրը, Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Արտաշես Թումանյանը, իսլամական առաջնորդման և մշակույթի նախարարության, իսլամական խորհրդարանի և Թեհրանի քաղխորհրդի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսում ներկայացվել են մաեստրոյի գեղանկարչական ստեղծագործությունները, ձայնասկավառակների շապիկների եւ կոնցերտների պոստերների նկարները:
Անդրադառանալով Իրանի արվեստագետների տանը հայ արվեստագետների ակտիվ ներկայությանը, Իրանում ՀՀ դեսպանը կարևորել է Իրան-Հայաստան մշակութային կապը:
Ճգնավորյանի նկարների ցուցահանդեսը շարունակվելու է մինչև ապրիլի 24-ը, Իրանի արվեստագետների տան «Վարպետ Մոմայեզ»-ի անվան ցուցասրահում:
------------------
Ամերիկահայ բանաստեղծ Փիթեր Բալաքյանը 2016 թվականի Պուլիցերյան մրցանակ է ստացել Հայոց ցեղասպանության մասին «Օզոնային օրագիր» պոեմների ժողովածուի համար: Այս մասին հայտնել է Պուլիցերյան մրցանակի ադմինիստրատոր Մայք Փրայդը՝ ելույթ ունենալով Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում:
«Օզոնային օրագիր» պոեմների ժողովածուում ներառված են 54 կարճ պոեմներ, որոնցում հեղինակը մեկ տեղափոխվում է սիրիական անապատ, որտեղ տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր նախնիներից ոմանց մասունքների պեղումները, մեկ տեղափոխվում է 1990-ականների Մանհեթեն, որտեղ զրուցում է մահացու հիվանդ զարմիկի հետ, մեկ՝ Նյու Մեքսիկոյի հնդկացիական Նայրոբի գյուղ:
Գրախոսականի համաձայն, այս գրքի դինամիկ եւ զգացմունքային լեզուն հիշեցնում է գազանությունների մասին, միաժամանակ հիշեցնում է սիրո գեղեցկության եւ կայունության մասին հիշելու անհրաժեշտության մասին:
«Օզոնային օրագիր» ժողովածուն լիրիկական նահանջ է գլոբալիզացիայի, վտանգների ու անորոշությունների այս դարաշրջանում:
Փիթեր Բալաքյանը Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր է: Նա բանաստեղծական 7 գրքի եւ 4 արձակ ստեղծագործությունների հեղինակ է, որոնց թվում են «Վագրը կրակի մեջ. Հայոց ցեղասպանությունն ու Ամերիկայի պատասխանը» եւ «Ճակատագրի սեւ շունը», որոնք բեսթսելլեր են դարձել ԱՄՆ-ում:
-------------------------
Ամերիկահայ գրող Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գիրքը Benjamin Franklin Book Awards հեղինակավոր մրցանակաբաշխությունում, որը կայացել է Սոլթ Լեյք Սիթիում արժանացել է «անկախ հրատարակված լավագույն պատմական գիրք» մրցանակին, հաղորդում է «Ասպարեզը»:
Սա առաջին անգամն է, որ Հայաստանի մասին գիրքը նման բարձր մրցանակի է արժանանում: Նշվում է, որ 2015-ին տպագրված շուրջ 1400 գիրք է ներկայացվել այդ մրցանակաբաշխությունում:
«Պատմական Հայաստան. 100 տարի անց» գիրքը պատմական ուղեցույց է Արեւմտյան Հայաստանի պատմամշակութային վայրերի մասին, որն իր մեջ ներառում է 125 գունավոր լուսանկարներ եւ քարտեզներ:
Մեթյու Քարանյանը ոսկե մեդալն ստացել է գալա մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որին ներկա են եղել ավելի քան 250 հեղինակներ եւ հրատարակիչներ ողջ ԱՄՆ-ից:
«Հայաստանն աշխարհի հնագույն ազգերից է, որի մասին շատերը չեն լսել: Հայաստանը գրեթե ավերվել է 1915 թվականին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում, բայց հայ ժողովուրդը վերապրեց: Այս գիրքը այդ գոյատեւման տոնն է հանդիսանում»,-իր ելույթում նշել է Քարանյանը:
Մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչն է եղել ԱՄՆ-ի անկախ հրատարակիչների ընկերակցությունը, կայացել է ապրիլի 8-ին:
----------------
Ստամբուլի «Մարալ» պարի համույթը Բեշիքթաշի շրջանի մշակույթի կենտրոնում բեմադրել է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացումը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Բեշիքթաշի մշակույթի կենտրոնում «Մարալ» համույթի կողմից բեմադրված «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ։ ներկայացումը հիացրել է հանդիսատեսին։ Ներկայացմանը ներկա են եղել Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը, Բեշիքթաշի քաղաքապետ Մուրադ Հազինեդարը եւ այլ պաշտոնյաներ։
Նշվում է, որ ներկայացման մեջ խաղացել են 50 դերասան եւ պարողներ, օգտագործվել են հատուկ կարված հագուստներ, ինչպես նաեւ բազմաթիվ աքսեսուարներ։ «Մարալ» համույթը ներկայացումը հավուր պատշաճի ներկայացնելու համար պատրաստվել է 2 տարի։
-----------------------
Ապրիլի 15-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Մշակույթի համաշխարհային օրը (World Day of Culture): Այն որպես տոն է սահմանվել 1935թ. ապրիլի 15-ին «Գեղարվեստական եւ գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պաշտպանության մասին» միջազգային պայմանագրի ընդունման պատվին, որը հայտնի է որպես Ռերիխի պակտ:
Ռերիխի պակտի ստորագրման օրը որպես Մշակույթի միջազգային օր նշելու նախաձեռնությամբ 1998-ին հանդես եկավ Մշակույթի պաշտպանության միջազգային լիգան: Այն հասարակական կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է մշակութային արժեքների պաշտպանությանն ու բազմապատկմանը: Ավելի ուշ այդ տոնը հաստատելու այլ առաջարկներ եղան: 2008-ին մի շարք երկրների ՀԿ-ների նախաձեռնությամբ ստեղծվեց ապրիլի 15-ը Մշակույթի միջազգային օր սահմանելու միջազգային շարժում: Դրանից հետո այն նշում են ամբողջ աշխարհում, փոխանցում է Calend-ը:
----------------------
Սիրիական Պալմիրա քաղաքի վերականգնման աշխատանքները դեպքերի բարեհաջող զարգացման պարագայում կարող են մի քանի տարի տևել: Այս մասին «Ռիո Նովոստի»-ին հայտնել է ՌԴ Ժառանգության ինստիտուտի ղեկավար Նադեժդա Ֆիլատովան:
Նրա խոսքով` հստակ ժամկետների մասին եզրակացություններ անել հնարավոր կլինի վնասի ամբողջական գնահատման արդյունքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Համաշխարհային մշակույթի և բնական ժառանգության ռուսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետները հետազոտում են անցկացրել մշակութային կոթողին ահաբեկիչների կողմից հասցված վնասի նախնական չափերի մասին:
-------------------------
Ֆրանսիայի հարավում 400-ամյա նկար են գտել, որը, հնարավոր է, պատկանում է իտալացի նկարիչ Միքելանջելո Մերիզի դա Կարավաջոյի վրձնին, հայտնում է Associated Press-ը։
Արվեստի գործը 150 տարվա ընթացքում պահվում էր Թուլուզ քաղաքի տներից մեկի ձեղնահարկում։
Տան տերերը ջրի արտահոսքը դադարեցնելու համար ձեղնահարկ բարձրանալիս հայտնաբերել էին ջրից մասամբ վնասված նկարները։
«Օլոֆերնին գլխատող Յուդիֆը» կտավը, եթե դրա իսկությունը հաստատվի, կգնահատվի 135 մլն դոլար։
-------------------------
ԱՄՆ-ի իրավապահ մարմինների աշխատակիցները որոնում են ամերիկացի արվեստագետ Էնդի Ուորհոլի յոթ նկարները, որտեղ պատկերված են «Քեմփբլ» ընկերության ապուրների մետաղական տարաները։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հայտարարության մեջ, հաղորդում է ТАСС-ը։
Խոսքը 500 հազար դոլար գնահատվող 10 նկարից բաղկացած թեմատիկ շարքում ընդգրկված 7 աշխատանքների մասին է։ Դրանք գողացվել են Միսիսիփի նահանգում Սփրինգֆիլդի գեղարվեստական թանգարանից։
Հետաքննությունների դաշնային բյուրոյում չեն նշել, թե ինչ հանգամանքներում է իրականացվել հանցագործությունը։
Նախնական տվյալներով՝ 1985 թվականից թանգարանի սեփականություն հանդիսացող գործերը գողացվել են ապրիլի 7-ին։
Իշխանություններն առաջարկում են 25 հազար դոլարի չափով պարգևատրում տեղեկության համար, որը կարող է օգնել գտնել նկարները:
-----------------------------
Հանրահայտ դերասան և կինոբեմադրիչ Չարլի Չափլինի` Ժնև լճի ափերին տեղակայված կալվածքում «Չապլինի աշխարհը» խորագիրը կրող մշտական ցուցադրություն է բացվել:
Չարլզ Սպենսեր Չապլինը ծնել է 1889-ին Լոնդոնում, իսկ 22 տարեկանում տեղափոխվելով ԱՄՆ` փայլուն կարիերա է կերտել Հոլիվուդում, իսկ կյանքի վերջին 25 տարիներն անցկացրել է փոքրիկ շվեյցարական Կորսե-սյուր-Վեվե քաղաքում, որտեղ էլ մահացել է 1977-ին:
Հենց այս քաղաքի հսկա կալվածքում էլ, որը ժամանակին պատկանել է աշխարհահռչակ երգիծաբանին, ստեղծվել է նրա թանգարանը, որտեղ կարելի է տեսնել նրա անձնական իրերը` ձեռնափայտը, գլխարկը, գրքերը, լուսանկարներն ու տան կենցաղը:
----------------------------------
Կաննի 69-րդ կինոփառատոնի կազմակերպիչները որոշել են այս տարի հրաժարվել ստուգատեսի փակման երեկոյին առանձին ֆիլմի ավանդական ցուցադրումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 14-ին լրագրողներին հայտնել Է փառատոնի գործադիր տնօրեն Տիերի Ֆրեմոն:
«Դա մեզ համար փորձարարություն Է, նմանատիպ առաջին փորձը»,-ասել Է նա:
Ֆրեմոն նշել Է, որ դրա փոխարեն Կաննի վերջին կինոսեանսը կտրամադրվի այն ֆիլմին, որը կնվաճի փառատոնի գլխավոր պարգեւը՝ Ոսկե արմավենու ճյուղը: «Դրանով իսկ մենք կկարողանանք փառատոնի այն բոլոր հյուրերին, որոնք ժամանում են վերջին օրերին, թույլ տալ տեսնելու հաղթող ֆիլմը:
Այս տարի Կաննի փառատոնի հիմնական մրցութային ծրագրում ներկայացված Է 20 կինոնկար: Ստուգատեսը կանցկացվի Լազուրե ափին մայիսի 11-ից մինչեւ 22-ը: Փառատոնի ժյուրին կգլխավորի ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերը: Բացման եւ փակման արարողության հաղորդավարը կդառնա կինոյի եւ թատրոնի ֆրանսիացի հայտնի դերասան Լորան Լաֆիտը: Փառատոնը կբացվի ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ Վուդի Ալենի «Գեղեցիկ մարդիկ» նոր ֆիլմի ցուցադրմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: