Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններին:
Հունվարի 11-ին, Մոսկվայում կայացավ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ նիստը:
Սա ղարաբաղյան վերջին պատերազմն ավարտվելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին ուղղակի շփումն էր, որ տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահի ներկայությամբ:
Մոսկվայում կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի զարգացման վերաբերյալ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները եղել են բացառիկ կարևոր և արդյունավետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանում կայունության վերականգնման,ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:
Այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է Մոսկվայում կայացած՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:
«Ցավոք, այդ կոնֆլիկտը դեռ կարգավորված չէ: Մեզ հաջողվեց ապահովել հրադադար, սակայն դեռ մնում են հարցեր, որոնք կարգավորված չեն: Դրանցից է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ցավոք, մեզ այսօր չհաջողվեց լուծել գերիների հարցը, ինչը ամենազգայուն ու ցավոտ հարցն է: Այն հումանիտար հարց է, և մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, սակայն մենք կարծում ենք, որ կոնկրետ մեր համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում: Ես հույս ունեմ, որ մենք կարճ ժամկետներում կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
----------------------------------------
Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում Ղարաբաղի պատերազմին վերջ դրած համաձայնության շրջանակում, Պուտինը կոչ է արել լուծել խաղաղապահների գործունեության, սահմանների հստակեցման, մարդասիրական խնդիրներին և մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերը: Հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանում պատերազմից տուժած բնակիչներին օգնելու և առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերը զարգացնելու և խոչընդոտները վերացնելու հետ կապված հարցերը:
Պուտինն անդրադարձել է Հարավային Կովկասում արյունալի այդ պատերազմի անվտանգության հետևանքներին: Նա նշել է, որ Ղարաբաղի պատերազմի հետևանքով տարածաշրջանում մեծացել է ահաբեկիչների ներկայության վտանգը: Այդպիսով Պուտինն անդրադարձել է Ղարաբաղի պատերազմական շրջաններում Սիրիայից թաքֆիրական աշխարհազորայիններին տեղակայելու Թուրքիայի քայլին:
Գեոպոլիտիկական հարցերի փորձագետ՝ Փիեր Էմանուել Թումանի կարծիքով, հնարավոր է Թուրքիայի հովանավորությամբ Կովկասում տեղակայվեն աշխարհի տարբեր շրջանների ծայրահեղական ահաբեկիչները:
Այս հարցին հակադարձել են Ադրբեջանի հյուսիսային և հարավային հարևանները՝ մասնավորապես Ռուսաստանն ու Իրանը Կովկասում անվտանգության իրավիճակի վրա այդ խնդրի բացասական հետևանքների պատճառով: Մոսկվայի տեսանկյունից դա ավելի բարդացրեց Հարավային Կովկասում տիրող բարդ իրավիճակը և մեծացրեց տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկը: Ռուսաստանն այդ հարցում միայնակ չէ, և Իրանը բազմիցս նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում և իր սահմանների մոտ ահաբեկչական տարրերի ներկայության և դրանցից բխող անվտանգության սպառնալիքների մասին:
Ներկայիս Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներ, որոնք վերահսկում են հրադադարը: Սակայն դեռ բազում մարտահրավերներ կան հրադադադրի ռեժիմի պահպանման և խնդիրների կարգավորման ուղղությամբ: Ղարաբաղի կարգավիճակը դեռ անորոշ է և հայ բնակիչներն անորոշության մեջ են գտնվում: Մինչ օրս Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 48 հազար մարդ: Ռուսաստանի միջնորդությամբ գերիների և դիակների փոխանակում է տեղի ունեցել: Այդ տարածաշրջանում ականազերծման աշխատանքներ են կատարվում:
Ռուսաստանը երկկողմ ու եռակողմ բանակցություններով, փորձում է կանխել տարաձայնությունների սրումը և Ղարաբաղում պատերազմի վերսկսումը: Սակայն կան բազում մարտահրավերներ: Հրադադարի համաձայնությունն ստորագրելու համար Հայաստանում Փաշինյանին պարտադրում են հրաժարական տալ, իսկ պատերազմի հաղթող Ալիևը պահանջում է շուտափույթ իրագործել համաձայնության կետերը: Այդպիսով չափազանց կարևորվում է Մոսկվայի միջնորդական դերը կողմերի պահանջներին ու ակնկալիքներին հավասարակշռություն տալու հարցում:
---------------------------
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոդված է գրել՝ անդրադառնալով բովանդակային պետության կառուցման անխուսափելիությանը: Հոդվածն ունի «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» խորագիրը:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծավալուն հոդվածի կարևոր դրույթներին։
---------------------------------
Պատերազմի ավարտից երկու ամիս անց հայ ռազմագերիների հարցը մնում է չլուծված:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում շեշտում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունը գերիների հարցով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակում հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին հրադադարի փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում գերեվարված հայ զինծառայողները համարվում են ահաբեկիչներ:
Ռազմագերիների հարցի կարգավորման համար վերջին օրերին կայացել են մի շարք հանդիպումներ:
Ռազմագերիների հարցը քննարկվել է Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում կայացած Հայաստանի և Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենների և այնուհետև Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումների ժամանակ:
----------------------------------
Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել նույնիսկ Ադրբեջանի շահերի տեսանկյունից, քանի որ Ղարաբաղի տարածքների մոտ 3000 քառ. կմ չի ենթարկվում Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին, իսկ այնտեղ բնակվող մարդիկ չեն պատրաստվում ադրբեջանական քաղաքացիություն ստանալ: Այս մասին հունվարի 12-ին, օնլայն քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ հակամարտությունը մնացել է այնտեղ, որտեղ եղել է, իսկ ակնկալել, որ Բաքուն այժմ փոխզիջման կգնա, պետք չէ: «Հնարավո՞ր է հակամարտությունը հիմա լուծել: Ոչ, հնարավոր չէ: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանն ունի ռազմավարություն, այն երբեմն պրիմիտիվ է, սակայն այն կա եւ դրա նպատակն է հայկական կողմին պարտադրել իր պայմանները: Այլ կերպ ասած՝ Բաքուն շարունակում է պատերազմը ոչ ռազմական մեթոդներով՝ ազդեցություն գործելով հայերի համար ցավոտ կետերի վրա՝ գերեվարում, դեմարկացիա, Ղարաբաղ այցերի սահմանափակում եւ այլն: Ինչի՞ համար է այդ դեպքում Լաչինի միջանցքը, եթե դրանով չի կարելի երթեւեկել: Եթե հակամարտությունը կարգավորվեր, ապա այդ ամենը չէր լինի»,-նշեց փորձագետը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի դերին, ապա նա, Իսկանդարյանի կարծիքով, բավարար ռեսուրսներ չունի իր նպատակներին հասնելու համար:
Քաղաքագետի համոզմամբ Մոսկվան եւս շահագրգռված է Մեղրիի միջով միջանցքի առկայությամբ:
Փորձագետը նկատեց, որ Մոսկվայում հանդիպման նախաձեռնողը անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր, եւ նա շահագրգռված էր հաղորդակցության ապաարգելափակմամբ այնպես, ինչպես Ալիեւը:
Նա պարզաբանեց, որ դա չի նշանակում, որ շուտով այդ միջանցքով գնացքներ եւ ավտոմեքենաներ կանցնեն, այդ պատճառով պետք է աշխատել խնդիրների լուծման ուղղությամբ: «Այդպիսին է բանակցությունների այբուբենը: Միեւնույն ժամանակ, պետք է ակտիվ եւ որակավորված աշխատանքներ տանել բոլոր ուղղություններով՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Դեռ շատ հարցեր լուծված չեն: Եթե ապաարգելափակվեն ճանապարհները, ապա ինչպե՞ս է կազմակերպվելու երթեւեկությունը Քարվաճառից Մարտակերտ, Գյանջայից Դերբենտ եւ այլն: Ո՞վ է ապահովելու անվտանգությունը»,-եզրափակել է քաղաքագետը:
----------------------------
Եվրոպայի խորհրդում ծավալված կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն Ադրբեջանից կաշառք վերցնելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման:
Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը 2016 թ. փետրվարին քրեական գործ էին հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է: Վոլոնտեն մեղադրվում էր 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում: Գումարը նրան էր փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել էր Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը:
Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ուներ երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում: