Ելք դեպի լույս 550
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Թա Հա սուրահի 81-րդ այա
كُلُوا۟ مِن طَيِّبَٰتِ مَا رَزَقْنَٰكُمْ وَلَا تَطْغَوْا۟ فِيهِ فَيَحِلَّ عَلَيْكُمْ غَضَبِى ۖ وَمَن يَحْلِلْ عَلَيْهِ غَضَبِى فَقَدْ
Վայելեք այն համեղ սնունդը, որ ընծայել ենք ձեզ: Զգույշ եղեք չափն անցնելուց, որը կարող է զայրացնել Ինձ: Նա, ում վրա իջնի Իմ զայրույթը, կկործանվի:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված աջակցեց Մովսեսի հետևորդներին ու նրանց ազատելով փարավոնի ճիրաններից, նրանց բարիքներ ընձեռեց: Այս այան ասում է. Այն բարիքները, որ Աստված նվիրել է ձեզ, օգտագործեք: Մաքուր բարիքներն օգտագործեք, մաքրամաքուրի հետևից գնացեք: Մի ապստամբեք ու պահպանեք աստվածային սահմանները: Ապստամբությունը բարիքների դեմ այն է, երբ մարդը դրանք օգտագործելու փոխարեն ապերախտ լինի և այդ բարիքներն իր համար դարձնի մեղք գործելու միջոց: Իսկ անհնազանդությունն ու ապերախտությունը, բնականաբար կհանդիպեն Աստծո զայրույթին
Այս այայից սովորում ենք.
1. Իսլամը կարևորում է առողջապահությունը և թույլ չի տալիս ուտել այն, ինչը մաքուր չէ:
2. Աստվածային բարիքները չարաշահելը հանգեցնելու է Աստծո զայրույթին:
Թա Հա սուրահի 82-րդ այա
وَإِنِّی لَغَفَّارٌ لِّمَن تَابَ وَآمَنَ وَعَمِلَ صَالِحًا ثُمَّ اهْتَدَى
Ես կներեմ նրանց, ովքեր կզղջան, կհավատան, բարիք կգործեն ու կառաջնորդվեն:
Այս այան աստվածային գթության դռները բացում է մեղավոր ծառաների առաջ ու ասում. Իհարկե Աստծո չարչարանքներին արժանանալուց առաջ, միշտ էլ գոյություն ունի ապաշխարելու հնարավորություն: Ուստի նա, ով իր անցյալի համար փոխհատուցի և բարի գործ անելով ու իր հավատքով առաջ շարժվի, ու ընդունի Աստծո առաջնորդությունը, կարժանանա աստվածային գթությանը: Պարզ է, որ զղջումն ապաշխարանքի համար առաջին քայլն է: Սակայն դա բավական չէ և այդ ապաշխարանքը մարդը պետք է ցույց տա ոչ թե մտքով, այլ գործով, որպեսզի պարզվի, որ նա շարժվում է առաջնորդության ուղղությամբ և դա կրելու է շարունակական բնույթ։
Այս այայից սովորում ենք.
1. Աստված սպառնալիքների հետ միասին խրախուսում է նաև իր արարածներին և վարձատրում բարի գործի համար:
2. Իսլամի տեսակետից, մեծ մեղք է համարվում, եթե մարդն իր հույսը կտրում է Աստծուց: Սա սխալ է, քանի որ մարդը երբեք փակուղում չի հայտնվելու: Ցանկացած պահի կարելի է վերադառնալ դեպի Աստված ու արժանանալ նրա գթությանը:
Թա Հա սուրահի 83 և 84-րդ այաներ
وَمَا أَعْجَلَکَ عَن قَوْمِکَ یَا مُوسَى
قَالَ هُمْ أُولَاء عَلَى أَثَرِی وَعَجِلْتُ إِلَیْکَ رَبِّ لِتَرْضَى
Ո՛վ Մովսես, ո՞վ քեզ ստիպեց այդքան արագ լքել քո ժողովրդին:
(Մովսեսը) պատասխանեց. «Տե՛ր, նրանք ընկել են իմ հետևից, և ես շտապեցի դեպի Քեզ, որպեսզի գոհանաս»:
Այս այաները խոսում են Իսրայելի ժողովրդի պատմության մեկ այլ դրվագի մասին: Ինչպես ասվում է Ղուրանի այլ այաներում, Մովսեսը, Հնգամատյանը ստանալու համար գնում է Սինա լեռը և որոշում է, որ այս ճանապարհին Իսրայելի ժողովրդի մի խումբ ուղեկցի իրեն: Սակայն Մովսեսի ոգևորությունն Աստծո հետ հաղորդակցվելու համար այնքան մեծ էր, որ որոշ աղբյուրների համաձայն, նա ճանապարհվել է առանց ուտելու և խմելու և շուտափույթ կերպով իրեն հասցրել է Սինա լեռը: Դա այն դեպքում, երբ մյուսները չէին շտապում: Ամեն դեպքում, Մովսեսը հասավ Սինա լեռը, չնայած որոշված էր, որ մեկ ամիս այնտեղ մնար, որպեսզի ստանար հնգամատյանը: Սակայն այս ժամանակաշրջանին ավելացավ ևս 10 օր և Մովսեսն ընդհըանուր առմամբ 40 օր հեռու մնաց իր ժողովրդից: Այս այաներում ներկայացվել է Մովսեսի ու Աստծո երկխոսությունը: Նա իր ոգևորության մասին ասում է, որ Աստծո նկատմամբ սերն ու նրա հետ հաղորդակցվելու ցանկությունն էին պատճառը, որ նա շտապում էր հասնել լեռանը: Բնականաբար սովորական մարդիկ այդ հաճույքը չէին զգում և դրա համար էլ ոգևորված չէին:
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե աշխարհիկ կյանքի համար շտապողականությունն այնքան էլ չի խրախուսվում, բարի գործեր անելու համար խրախուսվում է:
2. Հասարակությունների առաջնորդները պետք է իրոք առաջնորդ լինեն, կատարեն իրենց պարտականությունն ու մարդկանց առաջ տանեն:
3. Աստծո հետ հաղորդակցվելն անասելի հաճույք ունի, որն զգում են միայն մարգարեները:
Աստված Ձեզ պահապան։