Գեղարվեստական հաղորդում (255)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում գեղարվեստական հաղորդաշարի այս շաբաթվա համարը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձին նվիրված «Այգաբացի տասնօրյակի» (դահեյե ֆաջրի) միջոցառումների շրջանակում Երևանում անցկացվել է «Պարսից ժամանակակից գրականության երեկո» խորագրով գրական հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի է ունեցել փետրվարի 9-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Հանդիպմանը կայացել է ժամանակակից իրանցի արձակագիրներ Ֆարիբա Վաֆիի «Նույնիսկ երբ ծիծաղում ենք», «Իմ թռչունը» և Ֆարհադ Հասանզադեի «Զիբա՛, կանչիր ինձ» գրքերի շնորհանդեսը: Գրքերը թարգմանել է Գևորգ Ասատրյանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․Աբբաս Բադախշան Զոհուրին:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային «Իսլամական հեղափոխությունից հետո ստեղծված Իրանի ժամանակակից գրականության ակնարկ» զեկույցի շրջանակում նշել է, որ բոլորին քաջ հայտնի են պարսից գրականության այնպիսի դասականների անունները ինչպիսիք են՝ Ֆիրդուսին, Սաադին, Հաֆեզը, սակայն Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակից հետո ստեղծված պարսից գրականությունն ըստ արժանվույն ներկայացված չէ: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում ԻԻՀ-ն դեսպանության մշակույթի կենտրոնի քայլերը միտված են պարսից ժամանակակից գրականության ճանաչելիության բացը լրացնելուն և թարգմանչական շարժմանը զարկ տալուն:
Թարգմանված գրքերի մասին խոսել են գրականագետ, դոցենտ Սերժ Սրապիոնյանը, ՀՀ Լեզվի տեսչության տնօրեն Դավիթ Գյուրջյանը, բանաստեղծ Արևշատ Ավագյանը, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր, դոցենտ Թադևոս Տոնոյանը, «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը: Տեսաուղերձով ներկաներին և թարգմանչին ողջունել են գրքերի հեղինակները, թարգմանված գրքերից հատվածներ են ընթերցել դերասանուհիներ Աիդա Ասատուրյանը և Մարիամ Հակոբյանը:
Միջոցառման ավարտին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը թարգմանված գրքերի օրինակաները նվիրել է գրադարանի 18 մասնաճյուղի:
Նախաձեռնությունն իրականացրել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը՝ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ:

Հայկական և իրանական կողմերը «Իրանի և Հայաստանի կինեմատոգրաֆիական զարգացումները, ձեռքբերումները և համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունները» խորագրով հանդիպում-քննարկում են անցկացրել Երևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 8-ին Կինոյի տան Բուխարու սրահում:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային նշել է, որ կինեմատոգրաֆիան հասարակության լավագույն հայելին է: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Իրանը երկու քաղաքակրթության բնօրրան են, հարուստ մշակույթ ունեցող, բարոյական, ընտանեկան, հոգևոր արժեքների վրա խարսխված երկրներ, որոնք շատ բան ունեն տալու ժամանակակից բարոյական և հոգևոր արժեքներից օրեցօր հեռացող աշխարհին:
Ելույթներ են ունեցել նաև Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը, Իրանական «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ռեժիսոր, պրոդյուսեր, «Նոստալգիա» Միլանում իրանական ֆիլմերի հատուկ կինոփառատոնի քարտուղար Մոհամմադ Ղանեֆարդը և այլք:
Հանդիպումն իրականացել է Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձին նվիրված «Այգաբացի տասնօրյակի» (դահեյե ֆաջրի) միջոցառումների շրջանակում: Այն նախաձեռնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը:

Իրանական «Խոռշիդ» կամ «Արեգակ» ֆիլմն ընդգրկվել է Օսկարի մրցանակաբաշխության արտասահմանյան լավագույն կինոյի անվանակարգի համառոտ ցանկում:
Իրանցի կինոբեմադրիչ Մաջիդ Քարիմիի «Խոռշիդ» ֆիլմից բացի համառոտ ցանկում հայտնվել են 14 այլ ֆիլմեր, այդ թվում՝ դանիական «Եվս մեկական», ֆրանսիական «Դու եւ ես» եւ գվատեմալական «Լա Յորոնա» կինոնկարները, ինչպես նաեւ աշխատանքներ Բոսնիա եւ Հերցեգովինայից, Հոնկոնգից, Կոտ-դ՛Իվուարից, Մեքսիկայից, Նորվեգիայից, Չեխիայից, Ռումինիայից եւ Թունիսից:
Մաջիդ Քարիմիի պատրաստած «Երկնքի երեխաները» ֆիլմը տարիներ առաջ ընդգրկվեց Օսկարի մրցանակաբաշխության լավագույն արտասահմանյան ֆիլմի եզրափակիչ թեկնածուների հնգյակում, սակայն նրան չհաջողվեց շահել այդ մրցանակը:
Այս տարի «Օսկար»-ի մրցանակաբաշխությունն անցկացվելու Է 93-րդ անգամ: Միջոցառումը նշանակված Էր փետրվարի 28-ին, բայց համավարակի պատճառով այն տեղափոխել են ապրիլի 25: Անվանակարգորդներին կհայտարարեն մարտի 15-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը` փետրվարի 12-ին, հեղինակի գրչակից ընկերները, արվեստի երկրպագուներն այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` ծաղիկներ խոնարհելով մտավորականի շիրիմին:
Խոսելով Հրանտ Մաթևոսյանի գրականության ոչ միայն ազգային, այլև համաշխարհային լինելու մասին նրա որդին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը մեջբերեց հոր խոսքերը. «Չկա համաշխարհային գրականության կայացած միավոր, որն իր արմատներով խորապես ազգային չլինի»:
«Հենց իրական ազգայինն է, որ կարող է համաշխարհային դառնալ ու ճանաչվել, որովհետև միայն իրապես ապրված խոհերով ստեղծված գրականությունը, ձևակերպված խոսքը կարող են դառնալ միջազգային: Ազգային ասելով մենք այլ բան ենք հասկանում. մենք ենթագիտակցաբար հասկանում ենք մի փոքր գավառամիտ, մի փոքր չկայացած, մի փոքր տեղայնացված, իբր քո սեփական հոգսերից ու քեզանից խոսող, բայց իրականում ոչինչ էլ չասող գրականությունը, կինոն, երաժշտությունը, մինչդեռ ազգայինը խորապես միջազգային է և միջազգայինը՝ ազգային»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դավիթ Մաթևոսյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում կատարված իրադարձություններին՝ նա նշեց. «Եթե Աստված հորս և նրա սերնդակիցներին ավելի երկար կյանք տար, ու նրանք քանակապես շատ լինեին, մենք չէինք պարտվի, որովհետև նրանց գոյությունը չափորոշիչ էր պարտադրում, պատասխանատվություն նույնիսկ ամենաչկայացած կառավարություններում: Հիմա խոսքը կա, բայց այն պետք է անընդհատ հանրայնացնել ու տեղ հասցնել»,-ընդգծեց Դավիթ Մաթևոսյանը:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյանը, որն ամիսներ առաջ բեմադրել է Մաթևոսյանի «Գոմեշը» մոնոներկայացումը, գրողին հանճար է համարում: «Շատ կուզեի, որ բոլոր թատրոններում Մաթևոսյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ լինեին, քանի որ նրա ամեն մի նախադասությունը մի ամբողջ վեպ է. շատ հագեցած է, խորն է: Երբ անգիր էի սովորում տեքստը, կրկնակի հզորացա ստեղծագործության ուժից: Նրա ամեն մի բառն ընդգծում է նախադասության խորությունը, մեծությունը»,-շեշտեց Գրիգորյանը:
Նա կարծում է, որ պետք է անգիր իմանալ Մաթևոսյանի մի շարք ստեղծագործություններ ու ամբողջ աշխարհին ներկայացնել նրան այնպես, ինչպես կոլումբացիները ներկայացրին Մարկեսին:
Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1958-1962 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում» որպես սրբագրիչ: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը:
Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում: 2004-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

«Պատերազմի ստվերում» նախագծի շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կյանքի կոչեց «Պատերազմն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես-վաճառքը:
Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ փետրվարի 7-ին և շարունակվեց մինչև փետրվարի 12-ը։
Ներկայացվեցին տարբեր նկարիչների ստեղծագործություններ, պատերազմի պատճառած կորուստների պատմություններ և պատերազմի հետ կապված այլ նյութեր: Ցուցասրահում տեղի ունեցան նաև արվեստ, մոտիվացիա և ինֆորմացիա թեմաներով սեմինարներ։ Նախագծի նպատակն էր ցույց տալ աշխարհին այն ցավալի կորուստներն ու ապրումները, որ ունեցել ենք և որոնց հետ շարունակում ենք ապրել։
Ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթն օգտագործվելու է բարեգործական նպատակներով։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայացած համերգ-շնորհանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Շնորհանդես-համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ և դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Համերգային ծրագրում հնչել են Յ. Ս. Բախ Դաշնամուրային կոնցերտ ռե մինորը և Բիզեի ու Շչեդրինի «Կարմեն-սյուիտ»ը լարային նվագախմբի և հարվածայինների համար:

Նյու Յորքում Պետական անվտանգության կոմիտեի լրտեսության թանգարանի հավաքածուն վաճառվել է «Սառը պատերազմի մասունքներ» խորագրով աճուրդի ժամանակ, որը կազմակերպել էր Julien’s Auctions աճուրդի տունը: Հաղորդվում է, որ ամենաթանկարժեք լոտը կանացի պայուսակն էր դրանում տեղադրված թաքնված տեղախցիկով, որը վաճառվել է 32 հազար դոլարով, սակայն նախնական արժեքը 2-3 հազար դոլար էր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աճուրդում ընդհանուր առմամբ ներկայացվել է ավելի քան 400 լոտ՝ սկսած փոքր տեսախցիկներից եւ ձայնագրող սարքերից, որոնք թաքցված էին ամենատարբեր առարկաներում, եւ վերջացրած փաստաթղթերի բնօրինակներով, որոնք գրել է Էռնեստո Չե Գեւարան, որը վաճառվել է 16 հազար դոլարով 10-15 հազար նախնական գնի դեպքում:
25 650 դոլարով վաճառվել է խորհրդային «լրտեսական մետաղադրամ» 1 ռուբլի արժույթով, որն ուներ գաղտնի պահոց: Մասնագետներն ակնկալում էին, որ դրա վերջնական դրույքը կգերազանցի 200-300 հազար դոլարը: Փոքր տեսախցիկը, որը տեղադրված էր John Player Special ծխախոտի տուփի մեջ, վաճառվել է 19 200 դոլարով 600-800 դոլար նախնական արժողության դեպքում: