Գեղարվեստական հաղորդում (256)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական համարը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
Իրանահայ անվանի թարգմանիչ, դերասան և ռեժիսոր Անդրանիկ Խեչումյանի թարգմանությամբ, Թեհրանում, լույս է տեսել պրոֆ. Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը» գրքի պարսկերեն տարբերակը:
«Հայ հին վիպաշխարհը» գրքի հեղինակը մեկ գրքում ամփոփել ու հայ ընթերցողին է մատուցել, տարբեր աղբյուրներում ցրված, հայ հին առասպելներն ու վեպերը: Իսկ Անդրանիկ Խեչումյանն իր հարուստ թարգմանությամբ և «Նաիրի» հրատարակչատունն էլ իր ներդրումով այն հասանելի են դարձրել պարսիկ ընթերցողին:
Գրքի պարսկերեն թարգմանության նախաբանի հեղինակն է դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը:

France TV-ն իր «Արևելյան քրիստոնյաները» հաղորդաշարերի շրջանակներում այս անգամ ներկայացրել է Իրանում գտնվող հայկական երեք վանքերի մասին ծավալուն ռեպորտաժ-ֆիլմը։
Ներկայացվում է Սուրբ Թադեոս վանքը, հայկական վանական համալիրը, որը գտնվում է Իրանի հյուսիսում, և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային ժառանգության ցանկում։
Հատկանշական է, որ վերջերս՝ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում կայացրեց՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը:
Ինչպես ասում է հաղորդավարը, Սուրբ Թադեոս վանքը հայկական ճարտարապետության իսկական մարգարիտն է։
Հաջորդը ներկայացվում է Սուրբ Ստեփանոս վանքը՝ 9-րդ դարի հայկական կրոնական համալիր Իրանի հյուսիսում,որը գտնվում է Ջուղա քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա , Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին։
Այն ևս 2008 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ՝ Սուրբ Թադեոս և Ծոր Ծոր վանքերի հետ միասին՝ «Հայկական եկեղեցիներն Իրանում» անվան տակ։
Այնուհետ Սուրբ Բեթղեհեմ հայ առաքելական եկեղեցին է՝ Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում, որը պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին:

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող հայկական Խոջիվանքի գերեզմանատանը տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ նվիրված մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հիշատակին։
Փետրվարի 19-ը հանճարեղ գրողի ծննդյան 152-ամյակն էր: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ 1903թ-ին տեղափոխվել է Թբիլիսի։ Նա մահացել է 1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը՝ Հայաստանի Դսեղ գյուղում:
Թումայանի ծննդյան օրը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Այժմ եթերում է մեր գործընկերը։Լսենք նրան։

Հարցազրույցներով, գրական նախագծերով, հեռուստահաղորդումներով և այլ ծրագրերով գրքի, ընթերցանության հանրահռչակմանը նպաստելու համար «Անտարես» հրատարակչությունը «Գրքի ընկեր» մրցանակներ հանձնեց լրատվամիջոցներին, լրագրողներին և անհատներին: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը անվանական պատվոգրի արժանացավ «Երևանյան բեսթսելեր» նախագծի հետևողական իրականացման և օպերատիվ լուսաբանումների համար:
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, «Դարան» գրախանութում:
«Որպես PR գործիք «Երևանյան բեսթսելեր» նախագիծը ժամանակին շատ-շատ կարևոր ներդրում ունեցավ գրքի տարածման գործում: Շատերն ամեն շաբաթ նախագիծը ներկայացնող լրագրողներ Ռուզաննայի, Ռոզայի, Անժելայի միջոցով կարողացան ծանոթանալ առնվազն տասը գրքի: Շատ կարևոր ավանդույթ ձևավորեց «Արմենպրես»-ը և էական է, որ այն շարունակում է մինչ օրս»,-նշեց «Անտարես»-ի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:
Նա խոստովանեց, որ գրականության ոլորտի ներկայացուցիչները միշտ դժվարությամբ են եթեր դուրս գալու հնարավորություն ունեցել: «Նախկինում, երբ չկային սոցիալական հարթակները, և ես առաջին անգամ հայտնվեցի հեռուստատեսությունում, նշեցինք այդ իրադարձությունը: Տարիների ընթացքում շատ բան փոխվեց. գրականագետ Հայկ Համբարձումյանը սկսեց աշխատել հեռուստատեսությունում, և նրա առաջնային խնդիրներից էր գրողներին հյուրընկալելը, կոտրել տաբուները և հանրությանը ցուց տալ, որ գրական ոլորտի մարդիկ նույնպես կարող են հետաքրքիր լինել և լսարան գրավել»,-հիշեց Նիկողոսյանը:
Նա առանձնացրեց նաև լրագրող Արմինե Սարգսյանին՝ շեշտելով, որ Արմինեն առաջիններից է եղել, որը ծավալուն հարցազրույցներ է արել հայ գրողների, գրականագետների հետ: Նրանցից են Հրաչյա Սարիբեկյանը, Արամ Պաչյանը, Գուրգեն Խանջյանը և այլք:
«Այստեղ ներկաներն իրապես գրքի ընկեր են, մարդիկ, որոնց հետ առաջ ենք գնացել, միասնաբար կարևոր գործ ենք արել, քանի որ ինտելեկտի մակարդակի բարձրացումը, ընթերցանության հանդեպ հետաքրքրության մեծացումը շատ էական է մեր երկրում, իսկ «Գրքի ընկեր» մրցանակաբաշխությամբ ուզում ենք ամեն տարի գտնել նոր նվիրյալների, նոր ընկերների, որոնք փոխում են մեր իրականությունը»,-եզրափակեց Արքմենիկ Նիկողոսյանը:
Մրցանակների արժանացան «Մեդիամաքս»-ը, «Ardi.am»-ը, «Հանրային հեռուստաընկերություն»-ը, «Արմենպրես»-ը, «Շողակաթ»-ը, «Vnews Culture»-ը, «Գրանիշ»-ը, «Լոֆթ»-ը, «Երևան» ամսագիրը, «Հայաստանի հանրային ռադիո»-ն, «Հրապարակ» օրաթերթի մշակութային հավելվածը, «yerevanyanesquiz.org» հարթակը:

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացրեց «Հարսանեկան երգեր» (մաս Ա), «Կոմիտասը և իր ժառանգությունը» տարեգիրքը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը գրքեր է հրատարակում հիմնադրման օրից ի վեր: «Կարևոր շարք ենք համարում տարեգիրքը, որի «Կոմիտասը և իր ժառանգությունը» 5-րդ հատորը լույս տեսավ 2020-ին: Այն միջազգային է. հոդվածների հեղինակներն ինչպես Հայաստանից են, այնպես էլ արտասահմանյան տարբեր կազմակերպություններից, հեղինակավոր համալսարաններից»,-նշեց Շախկուլյանը:
Հատորում տեղ են գտել Կոմիտասի 150-ամյա հոբելյանի առթիվ Բեռլինի Հումբոլդտի և Հալլեի Մարտին Լյութեր համալսարաններում տեղի ունեցած միջազգային գիտաժողովում ներկայացված նյութեր: Գիրքը հասցեագրված է երաժշտագետներին, արվեստաբաններին, մշակութաբաններին, միջնադարագետներին, ֆոլկլորագետներին, հայ երաժշտությամբ հետաքրքրվողներին: Կոմպոզիտորական արվեստից բացի անդրադաձ է կատարվել նաև ժողովրդական և հոգևոր երաժշտությանը: Չեն սահմանափակվել միայն հայկականով և ներառել են այլ ազգերի հոգևոր, ժողովրդական գործերը:

Շուշիի գորգերի թանգարանի հետաքրքիր նմուշները կցուցադրվեն Երևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը բացվել է փետրվարի 20-ին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասատրյանի անձնական հավաքածուից են: Շուշիից հանվել են նախորդ տարվա նոյեմբերի 1-ին։
Ցուցադրված նմուշներից ամենահինը 350 տարեկան է։

Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ փետրվարի 19-ին համերգային ծրագրով երաժշտական ճանապարհորդություն կկատարի դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ-նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Retro Jazz խորագրով համերգը տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում:
Երեկոյին հնչելու են Դյուկ Էլլինգտոնի, Գլեն Միլլերի, Թոմի Դորսիի, Քաունթ Բեյսիի, Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները:
«Ամեն նորը լավ մոռացված հինն է. հետադարձ հայացք անցյալին եզակի հնարավորությունները, ժամանակակիցը հայտնաբերելու, այն իմաստավորելու հնի վերագնահատման շնորհիվ»,- ասվում է նվագախմբի տարածած հաղոñդագրության մեջ:

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը, որը զբաղվում է մանկական արվեստի զարգացմամբ, ցուցադրությամբ, պահպանությամբ և գեղագիտական դաստիարակությամբ, կփորձի մասնագիտական հետաքրքիր հարթակ դառնալ և՛ երեխաների, և՛ երիտասարդների, և՛ մեծահասակների համար: Կենտրոնի առաջնահերթություններից է ներառականությունը տարբեր արվեստանոցներում ներդնելը, մարդկանց արվեստի ոլորտում մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն ընձեռելը:
Այն կդառնա տարածաշրջանում առաջին ուսումնական կենտրոնը, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան պրոֆեսիոնալ կրթություն ստանալ հատկապես կատարողական արվեստների ասպարեզում:

Լեգենդար կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն Harper's ամսագրում հրապարակված էսսեում քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները։ Նրա խոսքով՝ դրանք բացասաբար են ազդել կինոարվեստի վրա, որը «հետևողականորեն արժեզրկվում և երկրորդ պլան է մղվում»։
«Դեռ 15 տարի առաջ «բովանդակություն» տերմինը հնչում էր միայն այն ժամանակ, երբ մարդիկ լուրջ մակարդակով քննարկում էին կինոն, և դա հակադրում ու համեմատում էին «ձևի» հետ»»,- գրում է նա՝ հավելելով, որ բովանդակությունն այժմ վերածվել է «բիզնես տերմինի», որը կիրառվում է ցանկացած «տեսանյութի և ֆիլմի», օրինակ՝ համաշխարհային կինոյի երևելի դեմքերից մեկի՝ Դևիդ Լինի ֆիլմերի և միևնույն ժամանակ կատուների մասին տեսանյութերի, սուպերհերոսների մասին ֆիլմերի մասին խոսելիս։
Չնայած ռեժիսորն ընդունում է, որ ինքը և մյուս կինոգործիչներն օգտվել են հոսքային հարթակների տրամադրած ֆինանսական միջոցներից (նրա վերջին «Իռլանդացին» ֆիլմը ֆինանսավորվել է Netflix-ը), նա քննադատել է այդ հարթակների կողմից ալգորիթմների օգտագործումը:
Նրա պնդմամբ՝ «ֆիլմեր առաջարկելու հարցում ալգորիթմներ օգտագործելով՝ նրանք սահմանափակում են հեռուստադիտողների՝ տարբեր թեմաների և ժանրերի ֆիլմերին հասանելիությունը»։
2019 թվականին Սկորսեզեն հոդված էր գրել New York Times-ի համար, որում պնդել էր, որ Marvel-ի ֆիլմերը «իսկական ֆիլմեր չեն»։