Գեղարվեստական հաղորդում (258)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կամփոփենք անցած շաբաթվա մշակութային իրադարձությունները: Ընկերակցեք մեզ։
Թեհրանի հայոց թեմի «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանը մեկն է այն կենտրոններից, որտեղ առողջապահական պրոտոկոլները հարգվելով ունեցել է իր միջոցառումները:
Փետրվարի 24-ին նույն կենտրոնում կազմակերպվել էր մտերմիկ հանդիպում իրանահայ արվեստագետ, գեղանկարիչներ՝ Լեոնի Թաշճյանի եւ Արշալույս Աղայանի հետ:
Հանդիպմանը, որին ներկա էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Ռաֆիկ Մելիքսեթյանը, նաեւ ոչ հայ արվեստի գործիչներ, վաստակավոր ուսուցիչ Աշոտ Սինանյանը անդրադարձավ Արշալույս Աղայանի կենսագրական հակիրճ գծերին ընդգծելով նրա դերը իր հանգուցյալ եղբոր՝ Վիգեն Սինանյանի նկարչական ունակությունների զարգացման եւ կյանքի ընթացքում:
Գեղանկարիչ Արշալույս Աղայանը ծնվել է 1946 թվականին Բուրվարի շրջանի Ֆարաջաբադ գյուղում, տարրական ուսումը ստացել է Թեհրանի «Արարատ» դպրոցում, 1970 թվականին ավարտել է Քամալոլմոլքի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1973-ին ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան: 1978-ին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: 1980-ից 1992 թվականներին դասավանդել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Նա բնակվում է Հայաստանում եւ այցով՝ գտնվում է Թեհրանում: «Արտակ Մանուկյան» թանգարանում կազմակերպված մտերմիկ հանդիպում-զրույցի ընթացքում զրուցելով արվեստագետի հետ նա ընդգծեց, որ կազմակերպված միջոցառման հարցով խիստ անակնկալի է եկել եւ իր խոսքն ուղղելով երիտասարդներին ասաց. «Մեր երիտասարդները կարող են դառնալ Չարենցներ, եթե իրենք հավատան ներքուստ: Մեր երիտասարդները կարող են դառնալ նկարիչներ, եթե հավատան իրենց, բայց եթե կարծում են, որ նկարիչներ են շատ են սխալվում»:
Գեղանկարիչ, արձանագործ, Լեոնի Թաշճյանը ծնվել է 1926 թվականին Իրանի Մարաղա քաղաքում, նա ավարտել է հայոց լեզու եւ գրականություն, իսկ մանկուց նկարչության նկատմամբ սերը նրան մղել է իր արվեստագետ հոր՝ Մկրտիչ Թաշճյանի մոտ սովորել գեղանկարչություն: Նրա հետ ունեցած զրույցի ընթացքում, նա երիտասարդներին, ովքեր այսօր սովորելու համար ունեն շատ հնարավորություններ խորհուրդ տվեց սովորել այն, ինչը իրենց հետաքրքրում է եւ իրենք համոզված են, որ այս գործում կարող են հաջողության հասնել:
Վերջում թանգարանի տնօրեն, պատասխանատու Ալիս Շահմուրադյանը ընդգծեց, որ նման միջոցառումների նպատակն է հայ արվեստագետներին ու արվեստի գործիչներին եւ հայկական մշակույթն ու արվեստը ծանոթացնել իրանական շրջանակին եւ թանգարանի շրջանակում, որտեղ տեղադրված է մեր արվեստագետների գործերը, ըստ հնարավորին արվեստագետի ներկայությամբ հանրությունը ծանոթանա նրանց:Այս շրջանակում անցկացվել են նաեւ համատեղ միջոցառումներ թանգարանի եւ այլ կենտրոնների հետ եւ ապագայում եւս նախատեսված են նման ծրագրեր», հավելեց տիկին Շահմուրադյանը:

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում մարտի 2-ին բացվել է «Արցախի ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխված ղարաբաղյան ձեռագրերի արժեքավոր նմուշներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկայացված են անցյալ տարվա 44-օրյա պատերազմի ընթացքում Գանձասարից Երևան տեղափոխված ավելի քան 50 ձեռագիր գրքերի նմուշներ ու արխիվային փաստաթղթեր` ստեղծված ԼՂ-ի գրչության կենտրոններ՝ Ամարասում, Գանձասարում, Եղիշե Առաքյալի վանքում, Գտչավանքում, Մեծառանաց Սբ․.Հակոբավանքում, Խադավանքում, Դադիվանքում, Երիցմանկանց վանքում,ինչպես նաև ներկայացված են տպագիր գրքերի նմուշներ Շուշիից: Մատենադարանում ցուցադրվող ամենահին նմուշը՝ Գանձասարի՝ Հասան Ջալալյաններին պատկանած ձեռագիր ավետարանն է, որը թվագրվում է 13-րդ դարով:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը տեղեկացրեց,որ Գանձասարից ձեռագրանմուշները Երևան են տեղափոխվել անցյալ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում:
«Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, մենք ձեռնամուխ եղանք գիտամշակութային կենտրոնի ցուցադրությունն առավել ապահով վայր տեղափոխելուն: Հատկապես, երբ հակառակորդը գերճշգրիտ հարվածներով թիրախավորում էր ԼՂ-ի հոգևոր մշակութային կենտրոնները: Ուստի որոշում կայացրինք ռազմական գործողությունների հատվածից անմիջապես տարհանել բոլոր ձեռագրերն ու տեխնիկական միջոցները: Կամավորների աջակցությամբ մեզ հաջողվեց ցուցանմուշները տեղափոխել Երևան»,-պատմեց Թորոսյանը: Նրա խոսքով Մաշտոցյան Մատենադարանում արցախյան ձեռագրերի ցուցահանդեսը ժամանակավոր է՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում դրանք կրկին տեղափոխելու են Գանձասար։
«Հարկ եմ համարում նշել, որ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը շարունակում է իր գործունեությունը: Ելնելով ստեղծված իրավիճակից մի շարք նոր շեշտադրումներ ենք կատարելու»,-ասաց Թորոսյանը:
«Արցախի ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսի բացմանը՝ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը կարևորելով ցուցահանդեսի բացումը Երևանում, շնորհակալագրեր է հանձնել Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղում պահվող ձեռագրամատյանների և գույքի տարհանման գործում աջակցություն ցուցաբերած կամավորներին:
Ցուցահանդեսի բացմանը տեղի է ունեցել նաև Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի «Ուտիքի գրչության կենտրոնները» գրքի շնորհանդեսը։ Գրքում ձեռագրական, վիմագրական ու մատենագրական աղբյուրների հիման վրա ներկայացվում են հայ գրավոր մշակույթի հնագույն օրրաններից մեկի՝ Մեծ Հայքի Ուտիք նահանգի գրչության կենտրոնները՝ հիշատակարանային բազմաթիվ տվյալների հրապարակմամբ, որոնք լուսաբանում են նահանգի պատմությանը վերաբերող շատ հարցեր:
«Ուսումնասիրությունը որոշ իմաստով հեղինակի նախորդ՝ «Արցախի գրչության կենտրոնները» գրքի շարունակությունն է, քանի որ խոսքը Հայոց Արևելից կողմանց երկու նահանգների մասին է, որոնցում պատմամշակութային մեծ ընդհանրություններ կան»,-իր խոսքում նշեց գրքի խմբագիր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը։ Գրքի հավելվածում առաջին անգամ ամբողջական ներկայացվում է Մխիթար Գոշի հայսմավուրքային վարքը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ: Մարտի 9-ին նվագախումբը տեսաձայնագրել է դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործությունների կատարումները։ Նվագախումբը այս ինքնատիպ ծրագրի շրջանակում ղեկավարել է իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոն։
HomeOrchestra-ն շվեյցարական կրթական նախագիծ է, որի շրջանակներում ներկայացվում են դասական երաժշտության հայտնի ստեղծագործությունների մշակումներ և դրանք հասանելի են դարձվում սկսնակ երաժիշտների համար։ Կրթական ծրագիրն ապահովում է ստեղծագործության պարտիտուրը եւ նվագակցությունը։
«Եվ ահա շնորհիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և HomeOrchestra-ի համագործակցության և տեսաձայնագրման՝ մենակատարներն այսուհետև հնարավորություն կունենա ոչ միայն լսել նվագախմբի նվագակցությունը, այլև տեսնել նվագախումբն ու դիրիժորին իրենց տան էկրանին»,- հայտնում են նվագախմբից։

Բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի 145-ամյա հոբելյանի առթիվ մարտի 6-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվեց ցուցահանդես, որն ուղեկցվեց համերգային ծրագրով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը ներառում է բանաստեղծուհու կյանքին և ստեղծագործությանն առնչվող փաստաթղթեր, ձեռագրեր, լուսանկարներ և անձնական իրեր։
Ցուցադրության բացմանը հաջորդեց համերգ՝ նվիրված կանանց տոներին․ կատարումներով հանդես եկան Գևորգ Մարգարյանը և Վահե Համբարձումյանը:

Հայկական մանրանկարչության լավագույն նմուշների ընդօրինակությունները, որոնց հեղինակները «Ծաղկելու արվեստը» ստուդիայի սաներն են, ցուցադրվել են «Ծաղկելու արվեստը» ցուցահանդեսում: Այցելուները հնարավորություն կունենան դիտելու նաև ստուդիայի սաների ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 6-ին «Զանգակ» գրատանը:
Ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 16-ը:
«Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն 4 տարի է, ինչ Մատենադարանում գործում է «Ծաղկելու արվեստը» մանրանկարչական ստուդիան, որտեղ երեխաներն ու պատանիները սովորում են հայ միջնադարյան ձեռագրական արվեստի, մանրանկարչության առանձնահատկությունների մասին թե՛ տեսական և թե՛ գործնական պարապմունքների միջոցով:
Դասընթացները վարում է մանրանկարչուհի Լիլիթ Վարդումյանը: Իսկ տեսական պարապմունքների ընթացքում երեխաներին դասավանդում են նաև Մատենադարանի գիտաշխատողները:

20-րդ դարի ամենաազդեցիկ կոլումբիացի վիպագիր, սցենարիստ և լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրը նրա գրականության երկրպագուները տոնեցին «Մարկեսյան ընթրիք» խորագրով հետաքրքիր միջոցառմամբ:
Մեծանուն գրողին նվիրված երեկոն տեղի ունեցավ մարտի 6-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում:
Այն նախաձեռնել էին «Լոֆթ»-ը և «Անտարես» հրատարակչությունը: Մարկեսյան ընթրիքին ելույթներ ունեցան գրականագետ, «Անտարես»-ի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, թարգմանիչ, կինոգետ, մարկեսյան գրքերի խմբագիր Զավեն Բոյաջյանը, թարգմանիչներ Ռուզաննա Պետրոսյանը և Կառա Չոբանյանը:
Նրանք պատմեցին Գաբրիել Գարսիա Մարկեսի՝ նոր թարգմանությունների և հրատարակությունների մասին: Անցկացվեց Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Նահապետի աշունը», «Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին», «Գնդապետին գրող չկա», «Երեքշաբթի օրվա սիեստան», «Հայտարարված սպանության քրոնիկոն», «Սերը խոլերայի ժամանակ» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը:
Երեկոյին մասնակիցները բացահայտեցին մարկեսյան կոլումբիական աշխարհը: 2014 թվականի ապրիլին՝ Գարսիա Մարկեսի մահից հետո, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նրան անվանել է «երբևէ ապրած ամենանշանավոր կոլումբիացին»։