Մարտ 28, 2021 11:11 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը՝ նախարարը խոսել է համագործակցության նոր հուշագրեր կազմելու, իսկ եղածների ժամկետները երկարաձգելու, բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման կարևորությունից: Ընդգծելով նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի փորձը՝ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև այդ բնագավառում համատեղ կրթագիտական ծրագրեր իրականացնելու թեմային:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դրական է արձագանքել ԿԳՄՍ նախարարի առաջարկներին և ընդգծել, որ իրանական կողմը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ կրթության և գիտության զարգացումն ինքնըստինքյան դրսևորվում է մյուս ոլորտներում, առհասարակ նպաստում պետության զարգացմանը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ կողմերի՝ կրթագիտական հարաբերություններում եղած բացը հնարավոր է լրացնել միջբուհական համագործակցության ընդլայնման, բուհերի ռեկտորների փոխադարձ այցերի, հարևան երկրներում հայագիտությունն ու իրանագիտությունը զարգացնելու շնորհիվ:  Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նաև համագործակցության համապարփակ հուշագիր ստորագրելու և, ըստ այդմ, երկկողմ փոխգործակցության զարգացման հստակ քայլեր նախանշելու վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարը և ԻԻՀ դեսպանը խոսել են նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին: Դեսպան  Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ հարցն իրանական կողմի ուշադրության կենտրոնում է:

---------------------------

ՀՀ Սահմանադրական դատարանը  հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող:

ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հայտարարեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է  Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Սույն որոշումը վերջանական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից:  ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը սույն գործով հատուկ կարծիք ունի պատճառաբանական մասին վերաբերյալ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալել):

---------------------------------------------------

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 2-ին Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի  և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այլ հնարավոր հանդիպումների թվում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի շփումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:

------------------------

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի` Հայաստանը սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո կանցնի կիսանախագահական կառավարման։

-------------------------

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 112 «կողմ» ձայներ:

Գործող Քրեական օրենսգրքի պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, պատգամավորներն առաջարկում են այն փոխարինել 15-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ: Lրտեսության մասով պատժաչափը կսահմանվի 12-20 տարի կամ ցմահ:

--------------------------------

Հայաստանի խորհրդարանը քվեարկեց ռազմական դրությունը վերացնելու օգտին:

 «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարանական խմբակցություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Ադրբեջանի   հետ 44-օրյա պատերազմի ավարտից ամիսներ անց, ռազմական դրությունը համահունչ չէ ներկա  իրավիճակին և խոչընդոտում է երկրի բնականոն քաղաքական կյանքին:

Հայաստանում ռազմական դրություն հաստատելու մասին օրենքն ուժի մեջ էր մտել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՝ Ադրբեջանի  հետ պատերազմի մեկնարկից հետո:

----------------------------------------------

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող ժողովրդական բողոքի ցույցերի ֆոնին, վարչապետը հայտարարել է 2021թ. հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ  Նիկոլ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել, մինչև 2021թ հունիսի 20-նն անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Ընդդիմադիրները ՀՀ վարչապետին են մեղադրում ղարաբաղյան վերջին պատերազմում Հայաստանի պարտության մեջ:

Եվրասիական հարցերի իրանցի փորձագետ Ռամին Արյան Ռադն ասել է.«Երևանը դեռ հանգիստ չի քնում, իսկ անկայունության մղձավանջը ստվերել է քաղաքը: Մի երկիր, որը քաղաքական գրականության մեջ Խորհրդային Միությունից առանձնացած միատարր բնակչությամբ ամենակայուն հանրապետություններից մեկն էր, այժմ տառապում է ամենօրյա բողոքներից և անսանձ պառակտումներից»:

Հայաստանի Սահմանադրության մեջ կատարված վերջին բարեփոխումների համաձայն, վարչապետը նշանակվում է ԱԺ-ի ձայների մեծամասնությամբ և երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է համարվում: Այդ պատճառով, Փաշինյանն առանց նախագահի և երկրի մյուս պետայրերի համաձայնության, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է Ղարաբաղի խաղաղության համաձայնությունը:

Հաշվի առնելով այս իրողությունները և Հայաստանի վարչապետի հատուկ դիրքը` հայ քաղաքական գործիչները դարձել են խորհրդարանական համակարգի հակառակորդներ և փորձում են մեկ անձից խլել իշխանությունը:

Հայ քաղաքական գործիչներից շատերը ենթադրում են, որ Հայաստանի Սահմանադրության բարեփոխումները և իշխանական համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելը ծրագրված դավադրություն էր ղարաբաղյան տարածքներն Ադրբեջանին հանձնելու համար:

Որպես լրագրող ու խորհրդարանի պատգամավոր իր քաղաքական կարիերան սկսած Նիկոլ Փաշինյանը շուտով կարողացավ իշխանությունից հեռացնել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:

Դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանը երկու անընդմեջ շրջան պաշտոնավարել էր որպես Հայաստանի նախագահ: Փաստորեն, Քոչարյանն ու Սարգսյանը Հայաստանի նախագահներից երկուսն էին, ովքեր ընդհանուր առմամբ քսան տարի գտնվում էին Հայաստանի քաղաքական իշխանության ղեկին:

Սակայն Փաշինյանին հաջողվեց երկու շաբաթվա ընթացքում ժողովրդին համախմբել իշխանափոխության հարցի շուրջ և ձեռք բերել իշխանություն:

Հայաստանի ներկա իրավիճակի և ճգնաժամի քննարկումն ամփոփելով, անհնար է թվում, որ հայ ժողովուրդը մեկ անգամ ևս վստահի Փաշինյանին և քվեարկի Հայաստանի Ազգային ժողովում նրա նախընտրած պատգամավորների օգտին: Փաստորեն, Հայաստանի ապագա կառավարությունը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ անհնար է պատկերացնել: