Ապրիլ 04, 2021 13:42 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ։

 

Ավելի քան 20 իրանական ընկերություններ մասնակցել են Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:

Ավելի քան 20 իրանական ընկերություններ, ցուցահանդեսում ներկայացրել են իրենց արտադրանքները, ներառյալ՝ սալիկներ, կերամիկա և քար, բռնակներ, պատի լուսային վահանակներ, շինարարական նյութեր, ջեռուցման և օդափոխման համակարգեր:

Հայաստանի միջազգային ցուցահանդեսներում իրենց արտադրանքը ներկայացնելով, իրանական ընկերությունները մտադիր են ճանապարհ հարթել  դեպի Հայաստան և այդտեղից  էլ  Ռուսաստան ու հարևան երկրներ   իրանական ապրանքների արտահանման ընդլայնման համար:

LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության նախաձեռնությամբ կայացած «Շինարարարություն և վերանորոգում էքսպո 2021» 17-րդ  միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցել  են շուրջ 100 խոշոր ընկերություններ  Իրանից,  Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իտալիայից և Գերմանիայից։

-----------------------------

Տաջիկստան այցելած Իրանի արտգործնախարարը, «Ասիայի սիրտը» համաժողովի շրջանակում, հանդիպում և զրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար՝ Ջեյհուն Բայրամովի հետ:

Հանդիպման ընթացքում Զարիֆը և Բայրամովը մտքերի փոխանակում են կատարել կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումների, Կասպից ծովում երկու երկրի համագործակցությունների և քաղաքական ու տնտեսական ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Իրանի արտգործնախարարը հանդիպել է նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարցեր և տնտեսական, առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գիտության և մշակույթի ոլորտներում Իրանի ու Տաջիկստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում Զարիֆը հանդիպում է ունեցել Հնդկաստանի և Աֆղանստանի արտգործնախարարների և Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի գործադիր քարտուղար Քայրաթ Սարիբայի հետ:

-------------------------

Մոսկվայում ապրիլի 1-ին ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ՝ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Դիտարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:

----------------------------

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 82 կողմ ձայն:

Նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակները: Այս փոփոխությունից հետո քաղաքացին ընտրատեղամասում ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ քվեաթերթիկներից ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու է քվեատուփը:

Նախագծի համահեղինակներն են խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը:

Մինչև այդ ևս գործում էր համամասնական ընտրակարգ, սակայն ռեյտինգային համակարգի համադրությամբ՝ այսինքն` ռեյտինգային ցուցակներով:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր այս փոփոխությանը: ԼՀԿ-ն առաջարկում էր բաց ցուցակների տարբերակը՝ միաժամանակ շեշտելով, որ գործընթացի կեսից՝ այսինքն ընտրությունների մասին պայմանավորվածությունից հետո խաղի կանոններ չեն փոխում:

Իշխանությունը վստահեցնում է, որ այս փոփոխությամբ ընդամենը պարզեցնում են ընտրությունների ընթացքը:

ԱԺ-ում նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ այն դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը:

--------------------------

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ ընտրությունների օրվա վերաբերյալ վերջնական որոշումն ինքը դեռ պետք է ստորագրի և չի բացառում, որ կարող է դա ուղարկել Սահմանադրական դատարան։

Քաղաքագետ Արմեն Բաղդասրյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետին։

--------------------------

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննադատել է Ադրբեջանին և Թուրքիային՝ հայ ժողովրդի նկատմամբ ատելության ու թշնամանքի քարոզ վարելու համար:

Արման Թաթոյանն ասել է.«Անկարան և Բաքուն շարունակելով Հայաստանի դեմ իրենց քարոզչությունը, հակադրվում են խաղաղության համաձայնագրով ստանձնած միջազգային պարտավորություններին»:

Թաթոյանը նշել է. «Ադրբեջանի նախագահը «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ուղերձում հայտարարեց, որ երկրի երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելության զգացումով: Թշնամի ասելով՝ նկատի ունի Հայաստանն ու ողջ հայ ժողովրդին, որին ատում է մի ողջ սերունդ»:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը 2020թ. դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ Ղարաբաղյան պատերազմը համեմատել էր Օսմանյան կայսրությունում  տեղի ունեցած դեպքերի հետ:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ղարաբաղում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև մեկնարկած պատերազմն  ավարտվեց  2020 թ. Նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի  և  Ռուսաստանի նախագահի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ:

Այդ համաձայնագրով Ղարաբաղի որոշ տարածքներ անցան ադրբեջանական կողմին:

-------------------

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանում տնտեսական աճը 2021-ին կհասնի 3.4 տոկոսի: Այս մասին ասված է բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների գարնանային զեկույցում:

«2020 թ. Հայաստանը տարածաշրջանում ունեցավ ՀՆԱ-ի կտրուկ կրճատումներից մեկը`7.6 տոկոս, COVID-19- ի բռնկումը և տարեվերջին Ադրբեջանի հետ ռազմական բախումը ազդեցին արդյունքների վրա: Ենթադրվում է, որ 2020 թվականին աղքատությունն աճել է 7 տոկոսային կետով: Տնտեսության վերականգնումը կլինի աստիճանական»,-ասված է զեկույցում:

Համաշխարհային բանկն իր զեկույցում հիշեցրել է, որ կորոնավիրուսի համավարակից առաջ Հայաստանը աստիճանաբար բարելավում էր իր գործարար միջավայրը: «Հաստատում էր տնտեսական խելամիտ կառավարման ռեկորդ, որն ամրապնդվում էր ուժեղ հարկաբյուջետային կանոնով, գնաճի համար նպատակաուղղված դրամավարկային քաղաքականության շրջանակով և ֆինանսական ոլորտի վերահսկողությունը բարելավելով: Իշխանությունները սկսեցին բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որը նպատակաուղղված էր կառավարման ամրապնդմանը 2018-ին: Տնտեսական աճն ուժեղ էր՝ 2018 և 2019 թվականներին միջինը կազմելով 6,4 տոկոս»,-նշել են բանկից:

Զեկույցում ասվում է, որ չնայած Հայաստանի բարեփոխումների առաջընթացին, կառուցվածքային մարտահրավերները թույլ չեն տվել, որ երկիրը հասնի իր ամբողջ ներուժին: Մարտահրավերների համատեքստում նշվում է կառավարման բացերի՝ դատաիրավական թերի բարեփոխումների և այլնի մասին՝ շեշտելով, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակն ավելի է սրում այդ մարտահրավերները: