Ապրիլ 10, 2021 17:29 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ։

 

Ապրիլի 7-ին Մոսկվայում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին  հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մի շարք հարցեր:

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ իրավիճակի կարգավորումն ամենահրատապ խնդիրներից մեկը համարեց:

«Անշուշտ, մենք խոսելու շատ բան ունենք երկկողմ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, եւ, իհարկե, ամենաահրատապ, ամենասուր խնդիրները Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ իրավիճակի կարգավորումն է»,- ասաց Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

«Ամենակարեւոր խնդիրը տարածաշրջանում առեւտրատնտեսական կապերի եւ տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը նոր հնարավորություններ ստանա երկրի զարգացման համար: Իմ կարծիքով, դա չափազանց կարեւոր է: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի քննարկել այս բոլոր հարցերը, ինչպես նաեւ առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները»,- ասաց նա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նաև վստահեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով նվազած ապրանքաշրջանառության ծավալները կվերականգնվեն:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է դիտարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը:

«Ես հույս ունեմ, որ այսօր մենք կքննարկենք որոշ հարցեր՝ կապված ռազմավարական ներդրումների հետ, և այդ առումով ես ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը:

------------------------

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է ապրիլի 7–ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։

----------------------

Տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման և տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը:

Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նախ հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռևս 1993 թվականին: Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն այն մերժվել է հենց Թուրքիայի կողմից:

«Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղղակի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին։ Այս համատեքստում, ամուր խաղաղության հաստատման և տարածաշրջանում տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը:

--------------------------

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումի վերաբերյալ որոշումը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ  դատարանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2008-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է հենց այդ հոդվածով:

--------------------

Վերանորոգման աշխատանքները կարող են տևել մոտ երեք շաբաթ։ Դրանց ավարտից հետո գազը կփոխադրվի նախկին երթուղով՝ ՌԴ-ի և Վրաստանի սահմանով։

«Գազպրոմ էքսպորտի» հետ կարճաժամկետ պայմանագրի համաձայն` Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Հայաստան կտեղափոխի մինչև 150 մլն խմ ռուսական գազ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

Մարտի 17-ին «Գազպրոմ էքսպորտը» հայտնել է, որ SOCAR-ի հետ կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել ռուսական գազի փոխադրման վերաբերյալ, որը թույլ կտա շարունակել մատակարարումները Հայաստանի սպառողին «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գլխավոր գազատարի պլանային նորոգման աշխատանքների ընթացքում։

Նշվում էր, որ նորոգման աշխատանքները կարող են մոտ երեք շաբաթ տևել։ Դրանց ավարտից հետո գազը կփոխադրվի նախկին երթուղով՝ ՌԴ-ի և Վրաստանի սահմանով։

«Պայմանագիրը ենթադրում է մինչև 150 միլիոն խորանարդ մետր գազի փոխադրում»,-հայտնել է Ահմեդովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ SOCAR-ը թույլատրել է ռուսական գազի ժամանակավոր փոխադրումը Ադրբեջանից Վրաստան՝ վճարովի հիմունքով։

Հայաստան ռուսական գազի մատակարարման ժամանակավոր երթուղին կգործի մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը:

--------------------------

Համաշխարհային բանկը 2021 թվականին Հայաստանում կանխատեսել է 3,4 տոկոս տնտեսական աճ:

Հայաստանի վերաբերյալ զեկույցում Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ 2021 թվականին երկրի տնտեսական աճը կնվազի 3,4 տոկոս:

«Հայաստանի տնտեսական աճի անկումը պայմանավորված է COVID-19 վիրուսի տարածմամբ և Լեռնային Ղարաբաղի պատերազմով»,- ասված է զեկույցում:

Եվրոպա-Կենտրոնական Ասիա զարգացման մասին Համաշխարհային բանկի  զեկույցը հրապարակվում է այն պայմաններում, երբ Հայաստանում տեղի են ունենում հակակառավարական լայնածավալ բողոքի ակցիաներ: Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրան մեղադրելով ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության մեջ:

----------------------------

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ Ալիեւը գերիների դիմաց Փաշինյանից Մեղրիով միջանցք է պահանջում:

Ըստ նրա՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, ասիմետրիկ բանակցությունների արդյունք է, երբ մի կողմը մյուս կողմի վրա ճնշում գործադրելու լծակներ չունի:

«Ալիեւը գերիներին վերադարձնելու ոչ մի պատճառ չունի: Առավելագույնը կարելի է պարբերաբար մի քանի գերու վերադարձի հույս ունենալ: Զուր է հուսալ, որ Ալիեւը հանկարծ կհիշի, որ պետք է կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթը»,- հավելել է փորձագետը:

 

Նա նշել է, որ Մեղրիով միջանցքի մասին խոսակցությունները Հայաստանում առնվազն ընտրություններից առաջ այնքան էլ լուրջ չեն ներկայիս իշխանությունների տեսանկյունից:

«Այս պարագայում խոսքը Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջի մասին է: Դա զուտ քաղաքական նախագիծ է: Սակայն ես չեմ կարծում, որ բոլոր կողմերը (Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը) համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ: Բոլորը տարբեր դիրքորոշումներ ունեն, բայց Ադրբեջանը պարզապես ցանկանում է առավելագույն օգուտներ քաղել պատերազմի արդյունքներից եւ խփում է հայերի ցավոտ կետերին՝ գերիներ, տարածքներ եւ հաղորդակցություններ: Նրանց ճանապարհ է պետք դեպի Թուրքիա, որը հայերի վերահսկողության տակ չի լինի»,- շեշտեց Իսկանդարյանը:

Քաղաքագետը պարզաբանեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադադարի մասին փաստաթուղթ է եւ ոչ այլ ինչ, եւ հակամարտությունը դեռ լուծված չէ, քանի որ այն տարածքը, որը Բաքուն իրենն է համարում, չի ենթարկվում Ադրբեջանին:

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, հավանաբար, կմնա: Դրան են ձգտում ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան:

«Չեմ կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով հնարավոր է վերադարձնել տարածքները, բայց հնարավոր է պահպանել անվտանգության ապահովման նվազագույն հնարավորությունները: Խնդիրը չի լուծվի դեռ տասնամյակներ: Մոտ ապագայում դժվար է պատերազմ կանխատեսել: Ռուսներն այստեղ են, ինչը նշանակում է, որ եթե Թուրքիան ցանկանա պատերազմել, ապա դա արդեն կանի ոչ թե հայերի, այլ ռուսների հետ»,- եզրափակել է փորձագետը: