Ապրիլ 15, 2021 07:52 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Անբիա սուրահի 46 և 47-րդ այաներ

وَلَئِن مَّسَّتْهُمْ نَفْحَةٌ مِّنْ عَذَابِ رَبِّکَ لَیَقُولُنَّ یَا وَیْلَنَا إِنَّا کُنَّا ظَالِمِینَ

وَنَضَعُ الْمَوَازِینَ الْقِسْطَ لِیَوْمِ الْقِیَامَةِ فَلَا تُظْلَمُ نَفْسٌ شَیْئًا وَإِن کَانَ مِثْقَالَ حَبَّةٍ مِّنْ خَرْدَلٍ أَتَیْنَا بِهَا وَکَفَى بِنَا حَاسِبِینَ

Աստվածային զայրույթի առաջին շունչն իրենց հասնելուն պես, նրանք գոչելու են. «Վա՜յ մեզ, մենք մոլորության մեջ էինք»:

Հարության օրը ճիշտ կշեռքով ենք կշռելու: Ոչ մեկի նկատմամբ անիրավություն չի լինելու նույնիսկ մանանեխի հատիկի չափ: Մեր բոլոր վճիռներն արդար են լինելու:

 

Այս այաներն ասում են. «Եթե անհավատներն աշխարհի որևէ անկյունում արժանանան Աստծո զայրույթին, կարթնանան քնից և կխոստովանեն իրենց մեղքը: Սակայն աստվածային մարգարեների ճշմարիտ և տրամաբանական խոսքը չի ազդում նրանց վրա և նրանք չեն խրատվում»: Իհարկե, սա վերաբերում է  աշխարհիկ կյանքին, քանի որ հանդերձյալ կյանքում, յուրաքանչյուրը պատժվելու է ըստ իր արարքի: Դատաստանի օրն այն տեղն է, որտեղ յուրաքանչյուր մարդու ամենաչնչին արարքը գրանցվել է և ոչինչ մոռացության չի տրվել: Ի պատասխան այն հարցին, թե դատաստանի օրը մարդու արարքներն ինչպես են դատվում, որոշ աղբյուրներում ասվել է,  որ մարգարեները, իմամները և առաքինի  մարդիկ, լիակատար մարդիկ են և ուրիշների արարքները հենց նրանցով են համեմատվելու և գնահատվելու:

Այս այաներից սովորում ենք

1. Երբ մարդն աշխարհիկ կյանքում արժանանում է  աստվածային զայրույթի, պարտավոր է լինում խոստովանել իր մեղքը: Մարդը պետք է զգույշ լինի, որպեսզի նորից չգոռոզանա ու իր մեղքի բեռն ավելի չծանրանա:

2. Աստված գիտուն է  ու արդար: Ոչ մի արարք նրանից գաղտնի չի մնում և դատաստանի օրը պատիժն արդարության հիման վրա է տրվում:

 

Անբիա սուրահի 48 և 49-րդ այաներ

وَلَقَدْ آتَیْنَا مُوسَى وَهَارُونَ الْفُرْقَانَ وَضِیَاء وَذِکْرًا لِّلْمُتَّقِینَ

الَّذِینَ یَخْشَوْنَ رَبَّهُم بِالْغَیْبِ وَهُم مِّنَ السَّاعَةِ مُشْفِقُونَ

Մենք Մովսեսին ու Ահարոնին տվեցինք այս Գիրքը, որը բարին չարից զանազանել է սովորեցնում: Այն լույսն ու առաջնորդն է բոլոր նրանց, ովքեր բարեպաշտ են:

Նրանց, որ սրտի խորքում երկնչում են Աստծուց և սոսկում դատաստանից:

 

Այս և մի քանի այլ այաներ ներկայացնում են մարգարեների կյանքը: Այստեղ անդրադարձ է կատարվում նաև Հնգամատյանին, որն ուղարկվեց Մովսեսին: Երկնային գրքերն, այդ թվում Ղուրանն ունեն երեք առանձնահատկություն: Դրանք ցույց են տալիս, թե որն է  ճիշտը և որը` սխալը: Դրանք ցույց են տալիս ճանապարհը, որով կարելի է հասնել Աստծուն: Իսկ երբ մարդը տեսնում է  այդ ճանապարհը, ունի լույսի կարիք: Երկնային գիրքը հենց այդ լույսն է: Այս մարդիկ ընթանում են ճշմարիտ ճանապարհով, հետևելով լույսին: Սակայն նրանք կարող են այդ ճանապարհին սայթաքել: Ուստի երկնային գրքերը նրանց զգուշացնում են սայթաքումների մասին:  

Այնուհետև այաներն ասում են. «Աստծո  նկատմամբ հավատացյալների հավատքն այնքան հզոր է, որ նրանք իրենց կողքին մշտապես տեսնում են Աստծուն և այդ պատճառով էլ հրաժարվում են սխալ արարքներից: Նրանք աստվածավախ են և վախենում են իրենց սխալ արարքների հետևանքներից։

Այս այաներից սովորում ենք.

1. Այն մարգարեները, որ գիրք են ունեցել, եղել են մի քանիսը: Մյուսները եղել են նրանց ու նրանց գրքերի քարոզիչը: Այդպես, Ահարոնը Հնգամատյանի քարոզիչն էր:

2. Իսկական առաքինի մարդն աստվածավախ մարդն է, ով ոչ թե մարդկանցից է վախենում, այլ` Աստծուց: Նա աշխատում է հրաժարվել մեղքերից և զսպել ինքն իրեն, քանի որ աստվածավախ է:

 

Անբիա սուրահի 50-րդ այա

وَهَذَا ذِکْرٌ مُّبَارَکٌ أَنزَلْنَاهُ أَفَأَنتُمْ لَهُ مُنکِرُونَ

Իսկ այս օրհնված ազդարարությունների Գիրքն ուղարկեցինք երկնքից:Արդյոք ժխտու՞մ եք դա:

Երկնային գրքերի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ դրանք նախազգուշացնում ու հիշեցնում են այն ամենի մասին ինչ Աստված տվել է մարդուն: Այն մաքուր էությունը, որին Աստված արժանացրել է մարդուն: Սակայն որոշ մարդիկ, իրենց ցանկասիրությամբ ծածկում են այդ մաքուր էությունը: Աստվածային մարգարեները հենց այդ նպատակով են ուղարկվել, որ մարդկանց զգուշացնեն, նրանց քնից արթնացնեն, բարությունը տարածեն հասարակության մեջ և թույլ չտան, որ չարությունը տարածվի: Այդուհանդերձ, շատ մարդիկ գոռոզամտությունից և անհավատությունից ելնելով, ժխտում են մարգարենեին և չեն ընդունում ճշմարիտ խոսքը։

Այս այաներից սովորում ենք․

1. Ղուրանն այն ժամանակ կարող է իր հետևորդների համար օգտակար լինել, եթե տվյալ հավատացյալը ցանկանա խրատ ընդունել:

2. Երկնային գրքերն ու մարգարեներին ժխտող մարդիկ իրականում ժխտում են այն դեղատոմսը, որ սրտացավ բժիշկը կարող է գրել իր հիվանդի համար: