Ելք դեպի լույս 576
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անբիա սուրահի 74 և 75-րդ այաներ
وَأَدْخَلْنَاهُ فِی رَحْمَتِنَا إِنَّهُ مِنَ الصَّالِحِینَ
Ղովտին շնորհեցինք իմաստություն և գիտություն: Նրան փրկեցինք այն քաղաքից, ուր (բնակիչները) անպարկեշտ արարքներ էին կատարում,քանզի նրանք չար ու անբարո մարդիկ էին:
Նրան ողողեցինք մեծ շնորհներով, որովհետև նա արդար էր:
Այս այաներն անդրադառնում են Ղովտին և ասում, որ այն, ինչ անհրաժեշտ էր մարդկանց առաջնորդելու համար, շնորհեցինք Ղովտին, որովհետև նա ուներ դրա արժանիքները: Իհարկե նրա ցեղակիցները կատարում էին շատ վատ արարքներ, որպես օրինակ կենակցում էին իրենց սեռի ներկայացուցիչների հետ ու չէին հրաժարվում դրանից: Իսկ երբ ուղարկվեց Աստծո պատիժը, Աստված փրկեց Ղովտին, ով կատարել էր իր պարտականությունը: Հակառակ այն կարծիքին, թե երբ աղետն իջեցվում է, լավն ու վատը միասին ոչնչանում են, Ղուրանի այաներն ասում են, որ չարագործները և նրանք, որ լուռ են չարիքի առաջ ու չեն քարոզել բարին, պատժվում են:
Այս այաներից սովորում ենք
1. Մեղքը կարող է ներվել, սակայն չպետք է շարունակվի: Հակառակ դեպքում, մեղսագործը պատժվելու է:
2. Առաքինի մարդիկ արժանանում են աստվածային շնորհների և ստանում Աստծո բարիքները:
Անբիա սուրահի 76 և 77-րդ այաներ
Երբ Նոյը դիմեց մեզ, լսեցինք նրա խնդրանքը ու նրան իր ընտանիքի հետ ազատեցինք մեծ աղետից:
Նրան զերծ պահեցինք մի ժողովրդի դավադրություններից, որն ուրանում էր մեր այաները:Ու քանի որ չարագործ մարդիկ էին, նրանց բոլորին խեղդեցինք ջրերում:
Ղուրանը խոսում է նաև Նոյի մասին: Այս այաները Ղովտից հետո անդրադառնում են Նոյին, ասելով, որ Նոյի ցեղը նույնպես կարծրամիտ էր ու շատ քչերն էին հետևում նրան: Այդ մարդիկ սուտ էին համարում այն, ինչ քարոզում էր նա և գնում էին մոլորության ճանապարհով: Եվ 950 տարի քարոզելուց հետո, Նոյն Աստծուն խնդրեց, որ պատժի իր ցեղի մեղավորներին ու հանցագործներին: Եվ այդպես էլ եղավ:
Այս այաներից սովորում ենք
1. Պատմությունից կարելի է քաղել մեծ դասեր:
2. Այն հասարակությունը, որ խարխափում է անբարոյականության մեջ, պետք է սպասի նաև Աստծո զայրույթին ու պատիժներին, որովհետև դրանց արժանանում են միայն չարագործները:
Անբիա սուրահի 78-րդ այա
Հիշիր նաև Դավթին ու Սողոմոնին, ովքեր վճիռ էին կայացնում այն դաշտի մասին, որտեղ ժողովրդի անհովիվ ոչխարները գիշերային ժամերին արածել էին: Մենք ներկա էինք նրանց վճռի արձակման ժամանակ:
Այս այան անդրադառնում է Դավթին ու նրա որդի Սողոմոնին, ասելով, որ նրանք նույն դեպքի վերաբերյալ ունեին տարբեր կարծիք: Աստված ընդունեց Սողոմոնի կարծիքը: Իսկ դեպքը հետևյալն էր. մի գիշեր ոչխարները մտել էին խաղողի այգի ու կերել տերևներն ու խաղողը: Այգու տերը բողոքում է Դավթին, իսկ նա վճռում է, որ ոչխարների տերը պետք է իր բոլոր ոչխարներին հանձնի այգու տիրոջը` որպես վնասի փոխհատուցում: Դավթի որդի Սողոմոնն այլ առաջարկություն է անում, ասելով, որ քանի որ ոչխարները ոչնչացրել են այգու խաղողների ողկույզները և ոչ թե ողջ այգին, ուրեմն ոչխարների տերը պետք է տա ոչ թե իր ունեցվածքն այլ ոչխարների մեկ տարվա կաթն ու բուրդը: Այդպիսով և այգու տիրոջ վնասը կհատուցվեր և ոչխարների տերն էլ չէր կորցնի իր կարողությունը: Բնականաբար, երկու մարգարեների վճիռները կայացվում էին վնասի փոխհատուցման հիման վրա: Սակայն առաջին դեպքում վնասի փոխհատուցումն առաջարկվում էր միանգամից, իսկ երկրորդ դեպքում` փուլ առ փուլ:
Այս այայից սովորում ենք
1. Մարդկանց իրավունքները հարգելու և վնասը հատուցելու համար, պետք է անպայման նկատի առնել արդարության հիմքերը հասարակության մեջ չխարխլվելու սկզբունքը:
2. Կրոնական առաջնորդների պարտականությունը միայն քարոզելը չէ: Նրաքն պետք է նաև վերահսկեն մարդկանց խնդիրները: