Մայիս 11, 2021 02:39 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անբիա սուրահի 83 և 84-րդ այաներ

وَأَیُّوبَ إِذْ نَادَى رَبَّهُ أَنِّی مَسَّنِیَ الضُّرُّ وَأَنتَ أَرْحَمُ الرَّاحِمِینَ

فَاسْتَجَبْنَا لَهُ فَکَشَفْنَا مَا بِهِ مِن ضُرٍّ وَآتَیْنَاهُ أَهْلَهُ وَمِثْلَهُم مَّعَهُمْ رَحْمَةً مِّنْ عِندِنَا وَذِکْرَى لِلْعَابِدِینَ

Հիշիր, որ Հոբը աղոթեց առ Աստված. «Տե՛ր, դժբախտությունը ծանրացավ վրաս, բայց Քո գթությունն անսահման է»:

Մենք ընդունեցինք նրա աղաչանքը և ազատեցինք իրեն ճնշող դժբախտությունից ու վերադարձրինք իր ընտանիքի մոտ: Մեր գթասրտության շնորհիվ ավելացրինք նրա հարստությունը: Սա նախազգուշացում  է բոլոր նրանց, ովքեր պաշտում են Աստծուն:

Այս հաղորդման ընթացքում կխոսենք Հոբի (Այուբի) մասին: Նա տասներորդ մարգարեն էր, որի մասին խոսվում է  այս սուրահում: Որոշ այաներում ասվում է, որ Աստված Հոբին փորձում էր և այն ժամանակ երբ նա հարուստ էր, և այն ժամանակ, երբ աղքատ էր: Աստված նախ նրան հարստություն տվեց և միշտ Հոբն այդ բարիքների համար փառաբանեց Աստծուն ու գոռոզամիտ չդարձավ: Հետո Աստված նրան զրկեց ունեցվածքից և խլեց նրա որդիներին: Սակայն Հոբը շարունակեց  հավատալ Աստծուն և երախտապարտ մնալ: Այնուհետև Հոբը հիվանդացավ, կորցնելով իր ուժը: Սակայն այդ ժամանակ էլ նա չկորցրեց իր հավատքը: Այդ վիճակն այնքան ծանր էր նրա համար, որ ժողովուրդը դիմելով նրան, ասում էր «Հոբ, միթե ինչ մեղք ես գործել որ այսպես տանջվում ես»: Եվ Հոբը դիմեց Աստծուն, խնդրելով, որ փրկի իրեն հիվանդությունից ու տառապանքից: Հենց այդ ժամանակ, Հոբը ստացավ Աստծո բարիքները, վերացան նրա դժվարությունները, նրա որդիները վերակենդանացան ու Աստված նրան պարգևեց ուրիշ զավակներ:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարգարեներն ինչպես բոլոր մարդիկ, ենթարկվում են աստվածային փորձության:

2. Աղոթքի ժամանակ պետք է քաղաքավարի լինենք, որքան էլ որ դժվարության մեջ լինենք:

3. Հավատացյալ մարդիկ նույնպես խրատների կարիք ունեն:

 

Անբիա սուրահի 85 և 86-րդ այաներ

وَإِسْمَاعِیلَ وَإِدْرِیسَ وَذَا الْکِفْلِ کُلٌّ مِّنَ الصَّابِرِینَ

وَأَدْخَلْنَاهُمْ فِی رَحْمَتِنَا إِنَّهُم مِّنَ الصَّالِحِینَ

Հիշի՛ր Իսմայիլին, Ենովքին և Զոլքեֆլին: Նրանք բոլորը համբերությամբ դիմացան բոլոր դժբախտություններին:

Մենք մեր շնորհները վայելել տվեցինք նրանց, որովհետև նրանք առաքինի էին:

 

Հոբից հետո, ով համբերության ու տոկունության խորհրդանիշ էր, այս այաներն անդրադառնում են երեք այլ մարգարեների, ովքեր մեծ համբերություն ցուցաբերեցին դժվարությունների ժամանակ, վերածվելով համբերության ու դիմադրության խորհրդանիշի: Հենց այդ պատճառով էլ նրանք արժանացան Աստծո բազմաթիվ շնորհներին: Աբրահամի ու Իսմայիլի պատմության մեջ, այն դեպքը, երբ Իսմայիլը ենթարկվում է  Աստծո այն հրամանին, որ պետք է մորթվի իր հոր կողմից, ապացուցում է, որ նա հավատում էր Աստծուն: Իսկ Ենովքը (Էդրիսը), ով Նոյի շառավղից էր, այն մարգարեներից է, ում Ղուրանն անդրադառնում է  տարբեր այաներում, խոսելով նրա վեհանձնության մասին: Իսկ Իսրայելի ժողովրդի մարգարեներից, ով եղել է Հիսուսից առաջ, Զոլքեֆլին էր:

 

Այս այաներից սովորում ենք․

1. Նրանք, որ պատմության ընթացքում տառապել են, որպեսզի մարդիկ առաջնորդվեն, պետք է մշտապես հիշվեն ու մենք պետք է նրանցից դաս քաղենք:

2. Համբերատար ու առաքինի մարդիկ աժանանում են Աստծո բարիքներին:

 

Անբիա սուրահի 87 և 88-րդ այաներ

وَذَا النُّونِ إِذ ذَّهَبَ مُغَاضِبًا فَظَنَّ أَن لَّن نَّقْدِرَ عَلَیْهِ فَنَادَى فِی الظُّلُمَاتِ أَن لَّا إِلَهَ إِلَّا أَنتَ سُبْحَانَکَ إِنِّی کُنتُ مِنَ الظَّالِمِینَ

فَاسْتَجَبْنَا لَهُ وَنَجَّیْنَاهُ مِنَ الْغَمِّ وَکَذَلِکَ نُنجِی الْمُؤْمِنِینَ

Հիշիր Հովնանին, որ բարկացավ ու բարկացած գնաց ու կարծեց, թե զերծ է մեր իշխանությունից: Բայց շատ չանցած՝ մթության մեջ գոչեց. «Տե՛ր, Քեզանից բացի այլ Աստված չկա: Փառավորված է անունը Քո: Ես ամբարիշտ եղա»:

Մենք լսեցինք նրան ու ազատեցինք այդ տխրությունից: Այսպես ենք փրկում հավատացյալներին:

 

Այս այաները խոսում են Հովնանի (Յունեսի) մասին, ով տարիներ շարունակ մարդկանց հրավիրում էր լինել աստվածապաշտ: Սակայն բացի երկու հոգուց, ոչ ոք հավատքի չեկավ: Հովնանը զայրացավ իր ցեղի վրա ու հեռացավ: Սակայն Աստված նրան պատժեց, քանի որ նա ժամանակից շուտ հրաժարվեց իր առաքելությունից: Երբ նա նավ նստեց, մի մեծ կետ հարձակվեց նավի վրա: Նավի տերերը փորձեցին ուղևորներից մեկին նետել ծովը, որպեսզի կետը նրան հոշոտելու համար հեռանա նավից: Հովնանին նետեցին ծովը: Կետը նրան կուլ տվեց, սակայն Աստծո կամքով, նա ողջ մնաց: Հովնանը կետի փորի մեջ խոստովանեց, որ չի կատարել իր առաքելությունը և Աստված նրան փրկեց: Դրանից հետո, Հովնանը ճանաչվեց «ձկան տեր»  տիտղոսով:

Այս այաներից սովորում ենք.

1. Երբ մեծերը չեն կատարում իրենց պարտականությունները, պատժվում են: Հովնանի հեռանալը չմտածված ու սխալ քայլ էր, որի համար նա պատժվեց Աստծո կողմից:

2. Սխալների համար, որ կատարում ենք, պետք է խոստովանենք և Աստված մեզ կների:

3. Ղուրանը պատմության գիրք չէ, որը կարդանք ու մի կողմ դնենք: Ղուրանը քարոզի ու խրատի  գիրք է, որի միջոցով պետք է ճանաչենք Աստծուն և իմանաք, թե ինչպես պետք է ապրել: