Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ:
Մայիսի 10-ին ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի կազմակերպությունում տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը կազմակերպության տնօրեն Ալի Ասղար Մունեսանի հետ։
ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց նախարար Ալի Ասղար Մունեսանին Իրանում հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող մեծ աշխատանքի համար։ Նա նշեց, որ ԻԻՀ իշխանությունների նմանօրինակ գործունեությունը և հոգատար վերաբերմունքը տարբեր կրոնական և մշակութային արժեքների և ժառանգության նկատմամբ չափազանց այժմեական է և կարող է ուսանելի ուղերձ լինել տարածաշրջանի որոշ երկրների համար։
ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի կազմակերպության տնօրեն Մունեսանը հանգամանալից կերպով ներկայացրեց մշակութային ժառանգության պահպանության ոլորտում ԻԻՀ կողմից կատարված մեծածավալ աշխատանքը, ինչպես նաև առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակներում։
Զրուցակիցներն անդրադարձան հայկական եկեղեցիների և հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, խոսվեց Երևանում Կապույտ մզկիթի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին։
Քննարկվեց նաև զբոսաշրջության ոլորտում համատեղ աշխատանքների ակտիվացման հարցը։
-----------------------------
ՀՀ նախագահը ստորագրել է հունիսի 20-ին ԱԺ ընտրությունների նշանակման հրամանագիրը:
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովն արձակելու և ընտրությունների նշանակման հրամանագիրը:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ փուլով կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր. այսպիսով, Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժով Յոթերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է:
Վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը «կողմ» և «դեմ» քվեարկեցին մեկական պատգամավորներ, 76 պատգամավոր քվեարկեց «ձեռնպահ»:
Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 67 «կողմ» ձայն:
Անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ է, որ Ազգային ժողովն արձակվում է սահմանված ժամ կետից շուտ: 2018թ. նոյեմբերին ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանը ցրվել էր նույն ընթացակարգով:
Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրվել էր նաև վարչապետի ընտրության առաջին փուլում, սակայն դա ֆորմալ բնույթ էր կրում, քանի որ ապրիլի 25-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը սկիզբ դրեց խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացին: Մայիսի 3-ի ԱԺ հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետի պաշտոնում:
--------------------------
Երևանի Ազատության հրապարակում անցկացվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը հիշեց՝ վերջին անգամ հանրահավաքի հարթակում եղել է 2003 թվականին Մատենադարանի դիմաց՝ նախագահական ընտրություններից 1 օր առաջ, հետ է վարժվել հանրահավաքներին:
«Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար: Սակայն, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են ետ գալ և պայքարել, հակառակը կլինի դասալիքություն»,-ասաց նա:
Ըստ նրա՝ երկրի առջև ծառացած 3 խնդիր կա. առաջինը՝ այսօր ՀՀ-ն անվտանգ չէ, Սյունիքի սահմաններն անվտանգ չեն: Ըստ նրա՝ գործող իշխանությունը ոչինչ չի անում բանակը վերականգնելու համար: Քոչարյանը վստահեցրեց, որ իրենց նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն: Նրա խոսքով՝ երկրորդ հարցն այն է, որ Ղարաբաղի ապագան բավական մշուշոտ է: «Ստորագրված հայտարարությամբ ենթադրվում է, որ 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից»,-ասաց Քոչարյանը:
Ըստ նրա՝ գործող իշխանությունը «պարտության դեմք է» հանդիսանում և չի կարող արդյունավետ բանակցող լինել: Հետևաբար, ըստ նրա, պետք է գա մի իշխանություն, որն ի վիճակի է արհեստավարժ ձևով, հպարտ բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների։ Քոչարյանը կարծում է, որ իրենք կարող են դա անել: Որպես երրորդ խնդիր` նա նշեց տնտեսական ճգնաժամը: Գործող իշխանության հեռացման համար, ըստ Քոչարյանի, հետհաշվարկ է սկսվել. մնացել է 42 օր:
Մայիսի 9-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ստորագրեցին «Հայաստան» դաշինքի հռչակագիրը: Հունիսի 20-ին նախատեսվող ատահերթ խորհրդարանական ընտրություններում դաշինքի ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը:
-----------------------------------------
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է ընտրություններից առաջ «Հայաստան» դաշինքի ձևավորմանն ու մայիսի 9-ին կայացած հանրահավաքին։
--------------------------------------------
Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել Ղարաբաղում առկա խնդիրների լուծման կոնկրետ քայլերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:
«Մենք նպատակ ունենք լիարժեք կերպով, բարեխղճորեն իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասով բոլոր համաձայնագրերը,- ասել է Լավրովը հավելելով, որԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է ընթացիկ խնդիրները:
«Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք նախանշել ծագող խնդիրները լուծելու կոնկրետ քայլերը: Բնականաբար, իրավիճակը հեշտ չէ, երկար տարիներ այն չի լուծվել»հայտարարել է Լավրովը:
Խոսելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ երկրների միջեւ «շատ հարցեր կան, բայց՝ ոչ խնդիրներ». «Դրանց թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարաբերությունները շատ հարուստ են: Դրանք ամեն օր հարստանում են՝ ընդգրկելով մարդկային գործունեության բոլոր հնարավոր ոլորտները՝ քաղաքական երկխոսությունից, առեւտրից, տնտեսությունից, ներդրումներից, մարդասիրական կապերից, կրթական, մշակութային կապերից եւ, իհարկե, միջազգային քաղաքականությունից սկսած»:
Բայրամովը հաստատել է, որ կողմերը բավականին մեծ թվով հարցեր են կուտակել` հաշվի առնելով լայն օրակարգը, այդ թվում՝ պայմանագրաիրավական բազայի ասպեկտները, միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում, Ղարաբաղի մասով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների որոշումների կատարումը:
Ռուսաստանն առաջիկայում ակնկալում է տեսնել եռակողմ աշխատանքային խմբի՝ Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային եւ տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ գործունեության առաջին արդյունքները: «Մենք բարձր ենք գնահատում երեք երկրների փոխվարչապետների եռակողմ խմբի աշխատանքը, որը, ես առաջ չեմ անցնելու եւ գնահատականներ չեմ տալու, շատ արդյունավետ է աշխատում: Մենք բոլոր հիմքերն ունենք համարելու, որ մոտ ապագայում մենք կստանանք այս աշխատանքի առաջին արդյունքները»,- ասաց նախարարը:
-------------------
Այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված 10 կետանոց համաձայնության իրագործումը ներքին ու տարածաշրջանային խնդիրների է բախվել, Իլհամ Ալիևի կառավարությունն արևմտյան պետությունների, հատկապես Կանադայի ու Ֆրանսիայի վերաբերմունքը անարդար ու կանխակալ է բնութագրել:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ֆրանսիայի և Կանադայի գործողություններն անարդար են և այդ երկու երկրի արտգործնախարարներին զգուշացվել է, որ նման միտումնավոր քայլերի շարունակվելը լրջորեն վնասելու է կողմերի փոխվստահությանը:
Փաստորեն, պետական ԶԼՄ-երը Ադրբեջանի մուսուլման ժողովրդին հիշեցնում են որպես ստրատեգիական դաշնակիցներ՝ արևմտյան պետությունների, այդ թվում՝ Փարիզի և Օտտավայի հետ Բաքվի համագործակցության նշանակությունը: Այն դեպքում, երբ արևմտյան պետությունները Հայաստան-Ադրբեջան տարաձայնություններում միշտ Հայաստանին են հովանավորել:
Գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանին ուղղված վերջին ուղերձը հնչում է այն պայմաններում, երբ Հայաստանի պաշտոնատար անձինք որոշ դեպքերում մտահոգություն են հայտնել երկրի վրա Ադրբեջանի կողմից նոր հարձակումների կապակցությամբ: