Գեղարվեստական հաղորդում (272)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին:Ընկերակցեք մեզ։
Հայաստանի գրողների միության նախագահ բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը կարծում է, որ մանկապատանեկան, պատանեկան գրականությունն արդիական և պահանջված է բոլոր ժամանակներում:
Այդ է վկայում այն, որ հայ հեղինակների մանկապատանեկան ստեղծագործությունները լույս են տեսնում տարբեր լեզուներով: Օրերս պարսկերեն է վերահրատարակվել Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» վեպը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միլիտոնյանն ասաց, որ գիրքը տպագրվել է 2005-2006 թթ. Հայաստանում: Այն թարգմանվել է ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով:
Միլիտոնյանը պատմում է, որ հինգ տարի առաջ գիրքը հրատարակվել է պարսկերեն: «Նախորդ տարի ինձանից վեպը վերահրատարակելու իրավունք խնդրեց պարսկական մեկ այլ հրատարակչություն: Տվեցի համաձայնությունս, և օրերս ինձ ուղարկեցին վերահրատարակված տարբերակը: Փաստորեն, գրքի հերոս բադիկը ճամփորդում է աշխարհով մեկ»,- նշում է գրողը:
Վեպում բադիկը շրջագայում է ամբողջ աշխարհում: Նա մի հնարք ունի. թռչելով չի ճանապարհորդում, այլ երկրագունդը թաթիկով պտտեցնում է՝ հայտնվելով այնտեղ, որտեղ ցանկանում է, հանդիպում է հետաքրքիր մարդկանց: Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ հնարավոր է, որ վեպը թարգմանվի նաև այլ լեզուներով:
Միլիտոնյանը վստահ է՝ պատանեկան գրքերի կարիքն աշխարհում շատ է: «Դժվար գրականություն է, որովհետև միջին տարիքի երեխաների համար է, իսկ դա այն տարիքն է, երբ նրանք մանկությունից անցում են կատարում պատանեկություն, հոգեբանական, ֆիզիոլոգիական փոփոխություններ են կրում: Միտքն էլ հետաքրքիր անցումներ է ունենում. խորացումներ կյանքի, իրականության, իրենց բնույթի վերաբերյալ: Հեշտ չէ այս տարիքի պատանիների հետ իրենց հետաքրքիր լեզվով խոսել, որովհետև հատուկ լեզու է անհրաժեշտ: Մեծահասակներս երեխաների, պատանիների համար գրելիս մի սխալ ենք թույլ տալիս, քանի որ սկսում ենք տրամաբանել մեծի դիրքերից ու դա հրամցնում ենք փոքրերին, պատանիներին, այնինչ պետք է հակառակը լինի: Նրանց մտածողությամբ է անհրաժեշտ տեսնել աշխարհը, իրերը, բնությունը, կենդանիներին: Հազվադեպ գրողներ կան, որ հասանելի, հաճելի են պատանիներին: Կարիք կա ու պետք է շատ ստեղծագործել հենց պատանիների համար»,- շեշտում է գրողը:
Նա հիշեցնում է, որ տասը տարի առաջ Եվրոպայի գրողների շրջանում անցկացվել է «Եվրոպացի գրողները պատանիներին» ծրագիրը, որի շրջանակում հավանության է արժանացել իր «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը» գիրքը, որը հրատարակվել է գերմաներեն, բուլղարերեն, կիրգիզերեն, ռուսերեն:

Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրների անունները հայտնի դարձան հունիսի 12-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եզրափակիչ փուլ անցած դիրիժորներից էր Զեկե Ֆետրոուն, որը Հայաստան է ժամանել ԱՄՆ-ից: Նա խոստովանում է, որ բազմիցս է լսել Խաչատրյանի մրցույթի մասին: Ասում է, որ շոյված է, որ աշխարհի տարբեր երկրների դիրիժորների հետ իրեն էլ հնարավորություն տրվեց մասնակցելու այս խոշորագույն մշակութային իրադարձությանը։ Ֆետրոուն իր գործունեության ընթացքում հաճախ չի առնչվել Խաչատրյանի երաժշտությանը, այդ իսկ պատճառով, մրցույթն իր համար հետաքրքիր է նաև այդ առումով: Դիրիժորը մրցույթին նախապատրաստվելիս և Հայաստանում բացահայտում է հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները: Նրան հիացրել է «Սպարտակ» բալետը, երաժիշտը նաև յուրահատուկ է համարում Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան: Զեկե Ֆետրոուն վստահեցնում է, որ այսուհետև հաճախ կկատարի Խաչատրյանի գործերը տարբեր բեմերում։
Էլայազ Բրաունը նույնպես պայքարում էր մրցույթի հաղթողի կոչման համար։ Դարձյալ ԱՄՆ-ից է։ Ասում է, որ երբ բեմ է բարձրանում, մոռանում է ամեն ինչի մասին և ընկղմվում երաժշտության մեջ։ Մրցույթի ընթացքում էլ բեմում միայն մի նպատակ ունի՝ երաժշտության իր ընկալումները ճիշտ հասցնել ունկնդրին։
Ավանդույթի համաձայն՝ Ա. Խաչատրյանի անվան մրցույթը մեկնարկում է մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, կոմպոզիտորի անվան համերգասրահում: Մրցույթի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է:
Մրցույթն անցկացվում է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ» մասնագիտություններով: 2021-ին՝ դիրիժորություն մասնագիտությամբ։
Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է: Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով էլ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը:
Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) հունիսի 16-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում երաժշտասերներին ծանոթացրեց ջազ-քառյակի, որի կազմում էին արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդավոր հայ երաժիշտները:
Երեկոյին հնչեցին հեղինակային ստեղծագործություններ և հայտնի ջազային մեղեդիների մշակումներ:
«Մեր այս համերգով կրկին նպատակ ունենք մեր սիրելի ունկնդրին ներկայացնել Հայաստանում և արտերկրում ապրող հայ հեղինակների, երաժիշտների ստեղծագործությունները, նրանց կատարողական արվեստը։ Քառյակի կազմում ելույթ կունենան այսօր Լիբանանում ամենահեղինակավոր ջազային երաժիշտներից մեկը՝ մեր հայրենակից, կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Սաթյանը, վերջերս հայրենիք վերադարձած լիբանանյան երաժշտական բեմի մյուս ակնառու ներկայացուցիչը` կոնտրաբասահար Խաչատուր Սավզյանը, Բոստոնում բնակվող մեր հայրենակից թմբկահար Կարեն Քոչարյանը, որը համագործակցում է ամերիկյան շատ հայտնի ջազ-երաժիշտների հետ, և ես»,- նշել է Արմեն Հյուսնունցը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (գեղարվեստական ղեկավար` Լևոն Ջավադյան) մենակատարները hունիսի 19-ին համերգով հանդես կգան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչեն Ռ. Վագների, Ֆ. Շուբերտի, Յ. Բրամսի, Գ. Մալերի և Ռ. Շումանի ստեղծագործությունները։
«Երիտասարդական օպերային ծրագիրը» ստեղծվել է 2016 թվականին։ Ծրագրի նպատակն է տաղանդավոր երիտասարդ օպերային արտիստների բացահայտումը, օպերային ոլորտում մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխան երգչների նոր սերնդի ստեղծումը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բնականոն սերնդափոխության ապահովումը, ինչպես նաև մեներգիչների բազմակողմանի զարգացումն ու կատարելագործումը վոկալ արվեստում։

Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի ստեղծման 100-ամյակի շրջանակում հունիսի 10-ին հեղինակի տուն-թանգարանում բացվեց ցուցահանդես, որում ներկայացված են վեպի նկարազարդումները, որոնք պահվում են թանգարանի հիմնական ֆոնդում: Աշխատանքների հեղինակը Յուրի Բաղդասարովն է: Ցուցահանդեսին զուգահեռ ընթացավ գիտական քննարկում, որին զեկուցումներով հանդես եկան գրողներ, գրականագետներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը նշեց, որ նկարազարդումները վերնագրված չեն: «Չարենցն ասում էր՝ հասկացողը կհասկանա: Այդ սկզբունքով ենք ներկայացրել ցուցահանդեսը: Կարծում եմ՝ հասկացողը կհասկանա, թե վեպի որ հատվածներից են նկարազարդումները»,-ընդգծեց նա:
Մանուկյանը տեղեկացրեց, որ թանգարանի ֆոնդում պահվում են նաև Մարտիրոս Սարյանի և այլ նկարիչների նկարազարդումներ, որոնք ժամանակ առ ժամանակ կցուցադրվեն: Նախատեսվում է նաև ցուցադրություն, որում կներառվեն բոլոր հեղինակների գործերը:
Անդրադառնալով վեպին՝ Ժաննա Մանուկյանը շեշտեց, որ Չարենցն այն գրել է մաս-մաս՝ ընդհատումներով: «Չարենցի բոլոր ստեղծագործությունները շատ արդիական են և շատ համահունչ այսօրվա իրադարձություններին: Զուր չեն ասում, որ Չարենցն ապագայի գրող է, որի յուրաքանչյուր բառն ու խոսքն իրականանում է»,-եզրափակեց տնօրենը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ թերթերից մեկը հարցում է անցկացրել հայ գրականության լավագույն վեպերի վերաբերյալ: Չարենցի «Երկիր Նաիրի»-ն առաջատարներից է եղել: «Ցանկում ներառվել են նաև Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ»-ը, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» և այլ վեպեր: Չարենցը «Երկիր Նաիրի»-ն համարում էր պոետական վեպ: 1980-1990-ականներին թերագնահատվում էր արձակի բանաստեղծականությունը, այնինչ Չարենցն առանց դրա այս վեպը չէր պատկերացնի: Վեպում Եղիշե Չարենցն ընդգծել է ժողովրդի հոգու թախիծը: Չարենցն ասում է, որ ամեն մարդ իր մեջ պետք է փնտրի Նաիրին ու հասնի դրան»,-ասաց Միլիտոնյանը:
Արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանի համոզմամբ՝ «Երկիր Նաիրի»-ն գրական մեծ երևույթ է, հայ գրականության պատմության հիմնաքարային ստեղծագորխություն, որը Չարենցը գրել է 24 տարեկանում, ինչը ևս խոսում է նրա հանճարի մասին: Նա գեղեցիկ է համարում նաև այլ հեղինակների՝ տարբեր քաղաքներին նվիրված ստեղծագործություններ, որոնցից են Ակսել Բակունցի «Կյորես»-ը, Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ»-ը, Աղասի Այվազյանի «Թիֆլիսի ցուցանակները» և այլն:
Խոսելով «Երկիր Նաիրի» վեպի արդիականությունից՝ Ալիս Հովհաննիսյանն ասաց, որ Կարսի անկումը կարող ենք համեմատել Շուշիի անկման հետ: «Անգամ դրվագներով ենք եզրեր գտնել: Կերպարների մեջ ևս առնչություններ կան: Չարենցը կարողացել է այդ ամենն արտահայտել իր հրաշալի վեպում, որի մասին գիտական գրականություն կա: Չարենցին հավերժական հանճար են համարել, քանի որ նրան ամեն ժամանակաշրջանում կարելի է նորովի բացահայտել, հենց դա է դասականը»,-եզրափակեց հրապարակախոսը:
Նախաձեռնությունն իրականացրին Եղիշե Չարենցի տուն-թանգարանը և Հայաստանի գրողների միությունը: 100-ամյակի շրջանակում առաջիկայում այլ ծրագրեր ևս կիրականացվեն:

Հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ 1858 թվականին ստեղծած գիշերային բնանկարը Sotheby's աճուրդում վաճառվել է 1,39 միլիոն դոլարով (983 հազար եվրո), ինչը գրեթե կրկնակի գերազանցել է կտավի նախնական գինը՝ 300-500 հազար ֆունտ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Այվազովսկու ևս մեկ կտավ վաճառվել է 252 հազար ֆունտով (355 հազար դոլար):

Մադրիդի Թագավորական պալատի մեծ պատկերասրահում ցուցադրված իտալացի նկարիչ Ռաֆայելի գոբելենները աղավնիների պատճառով վտանգի տակ են հայտնվել, գրում է The Guardian-ը:
Անցյալ տարեվերջին հասարակությանը ներկայացվել է 9 գորգ, որոնց վրա պատկերված են «Գործք Առաքելոց» գրքից տեսարաններ: Ցուցահանդեսի ներկայացումը համընկել է Բարձր Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարիչներից մեկի մահվան 500-ամյակի հետ:
Վերջին շաբաթներին թռչունների հետ կապված խնդիրներ են առաջացել, երբ թանգարանի աշխատակիցները սկսել են պատուհանները բացել պատկերասրահն օդափոխելու համար: Աղավնիները սկսել են դրանց միջոցով ներս մտնել և շրջել ցուցասրահով:
Նշվում է, որ իրարանցման մասին առաջինն է զեկուցել իսպանական ABC թերթը՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են ցուցասրահում գտնվող թռչունները շրջում գոբելենների և հատակի վրայով:
«Այս ամենը սպառնում է արվեստի արժեքավոր գործերի անվտանգությանը»,- նշել է լրատվամիջոցը:
Իր հերթին, Իսպանիայի մշակութային ժառանգության ինստիտուտը, որը պատասխանատու է ցուցահանդեսի համար, հայտարարել է, որ դեռևս ոչ մի գոբելեն չի վնասվել, և սրահում մասնագետները թռչունների բներ չեն հայտնաբերել:
Բացի այդ, որպեսզի աղավնիները չկարողանան շինություն մուտք գործել, սենյակում տեղադրվել է 2 ուլտրաձայնային սարք:
Հիշեցնենք՝ գոբելենները ստեղծվել են 16-րդ դարի կեսերին՝ Ռաֆայելի՝ Սիքստինյան մատուռի համար Հռոմի պապ Լեո X-ի համար պատրաստած բնօրինակի էսքիզներից: Ավելի ուշ կտավների մասին իմացել են եվրոպացի միապետերը, որոնք սկսել են պատվիրել դրանց պատճենները: Պատվիրատուներից մեկն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդն էր: Նրա գնած գորգերն այսօր ներկայացված են Մադրիդում: