Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 28-ին մասնակցեցին Prom Expo և IPM ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովին։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հայկական և իրանական շուրջ 80 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։
Համաժողովին մասնակից ընկերությունները ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, սննդի, տեքստիլի, դեղագործություն, բժշկական սարքավորումների արտադրություն և այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ։
Համաժողովի նպատակն էր խթանել հայ-իրանական առևտրային հարաբերությունների զարգացումը, գործարկել ներկրման և արտահանման նոր ձևաչափեր, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումները հավասար կարևորություն ունեն երկու երկրների համար․ իրանցի գործընկերների համար սա լավ հնարավորություն է բացահայտելու Հայաստանի միջոցով Եվրասիական տնտեսական միության և այլ երկրների շուկաներ դուրս գալու հնարավորություններ։ «Մենք պատրաստ ենք միավորել մեր ուժերը իրանցի գործընկերների հետ և միասին նոր շուկաներ գրավել։ Իրանը ակտիվ խրախուսում է գիտելիքահեն ընկերությունների ստեղծումը և առաջխաղացումը, մենք նույնպես մեր տնտեսական քաղաքականության մեջ որդեգրել ենք այդ մոտեցումը,և այստեղ նույնպես մեր մոտեցումներն ու հայացքները խաչվում են», - հավելել է Վահան Քերոբյանը։
Միաժամանակ նախարարի պաշտոնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ-իրանական տնտեսական կապերի ու առևտրային հարաբերությունների ակտիվացմանն ու ընդլայնմանը։
ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում ձևավորվել է կայուն համագործակցություն, և իրանական գիտելիքահեն կազմակերպությունները պատրաստ են իրենց գիտելիքը, փորձն ու տեխնոլոգիաները փոխանցել հայկական կողմին՝ բարձրագույն տեխնոլոգիաների և նանոտեխնոլոգիաների ոլորտում ևս փոխգործակցելու նպատակով։
«Նմանատիպ համաժողովների կազմակերպումը հնարավորություն է ընձեռում ներկայացնել այն ներուժը, որն առկա է իրանական կողմում և բարենպաստ հող պատրաստել այս ուղղությամբ երկկողմ համագործակցություն ձևավորելու համար», - նշել է դեսպանը։
Համաժողովի ընթացքում հայ և իրանցի գործարարների միջև կազմակերպվել են B2B հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են գործարար նոր կապերի ստեղծման հնարավորությունները։
---
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ընդունել է ԻԻՀ Նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ, քաղաքականության և զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի տեղակալ և տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության նախագահ Ամիր Նազեմի Աշանին, ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներ, իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է. «Հայ-իրանական օրակարգը մեր առաջնահերթություններից է։ Երկկողմ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար կարևոր է տրամաբանական ավարտի հասցնել և իրականացնել մեր բոլոր համատեղ նախատեսված ծրագրերը»։
Հանդիպման սկզբում պատվիրակության անդամները նշել են, որ համաժողովի ընթացքում իրանական ընկերությունները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել հայկական կողմի հետ տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, սննդի, տեքստիլի, դեղագործության և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտներում արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում:
Այնուհետև պատվիրակության ղեկավար Մեհդի Էլիասին, ամփոփելով համաժողովի ընթացքում քննարկված հարցերը, ներկայացրել է իրանական կողմի մի շարք առաջարկներ։ Տեղեկացնելով, որ իրանական կողմն ունի տարբեր երկրներում բարձր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման հարուստ փորձ՝ նա առաջարկել է Հայաստանում հիմնել նմանատիպ կենտրոն, որտեղ կկազմակերպվեն երկկողմ B2B հանդիպումներ և կանցկացվեն ոլորտին առնչվող քննարկումներ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը։ Նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման և պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ արտահանելու հնարավորությունները։
Իրանական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի բժշկական հաստատությունները իրանական սարքավորումներով վերազինելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև դեղագործության ոլորտում համագործակցության հեռանկարները։
Պատվիրակության անդամներն առաջարկել են ուսումնասիրել համատեղ ջանքերով «խելացի» քաղաքի ստեղծման հնարավորությունները։
Տնտեսության ոլորտում հայ-իրանական փոխգործակցության շրջանակում աշնանը նախատեսվում է Իրանում անցկացնել գործարար համաժողով, որի ընթացքում կքննարկվի հայ-իրանական տնտեսական համագործակցությանը վերաբերող խնդիրների լայն շրջանակ։
---
Հունիսի 30-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ։
Քննարկվել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները։
Զրույցի ընթացքում հստակեցվել են առաջիկա ամիսների ընթացքում կողմերի պատվիրակությունների փոխայցելությունների ժամկետները։
---
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի` 2021թ–ի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ։
---
Հունիսի 28-30-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։
Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և մի շարք այլ ներկայացուցիչներ։
ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Դարյուշ Ամանիի, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Համիդ Զադբումի, Իրանի Առևտրի պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի, Հյուսիսային Խորասանի նահանգապետ Մոհամմադ Ալի Շոջայիի հետ։
Հանդիպումներ տեղի ունեցան ԻԻՀ նախագահի աշխատակազմին կից Նորարարությունների ազգային հիմնադրամի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարության հետ։
ՀՀ պատվիրակության հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև անդրադարձ եղավ առաջիկա մի շարք ծրագրերի իրականացմանը։
---
Իրանի և Հայաստանի արդյունաբերական, հանքային և առևտրի համատեղ աշխատանքային խմբի իրանցի անդամների հանդիպմանը, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության Եվրոպայի և Ամերիկայի գրասենյակի ղեկավարը անդրադառնալով Իրանից Հայաստան արհանաման ծավալների աճին, ասել է.«Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան Իրանի արտահանումը գնահատվել է 114 միլիոն դոլար, ինչը 56 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ»:
Մոհամմեդռեզա Քարիմին կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ առևտրային համաձայնագիրը անհապաղ կյանքի կոչելը և տեղեկացրել է կառավարության կողմից ներմուծման որոշ սահմանափակումների վեց ամսով երկարացման մասին:
Անդրադառնալով Իրանի և Հայաստանի պատմամշակութային ընդհանուր անցյալին և երկու երկրների քաղաքական ջերմ հարաբերություններին, ինչպես նաև մասնավոր հատվածի դերին ու դիրքին, և համատեղ առևտրի պալատների գործունեության նշանակությանը, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության Եվրոպայի և Ամերիկայի գրասենյակի ղեկավարը հարևանների, հատկապես Հայաստանի հետ առևտրի զարգացման նպատակների իրագործման համար կարևորել է առավել քրտնաջան աշխատելու անհրաժեշտությունը: