Հուլիս 14, 2021 06:04 Asia/Yerevan

Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

 

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 7-ին հանդիպել է Իրանի «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշին: Կողմերը զրուցել են երկու երկրների մշակութային  ամուր կապերի մասին և ընդգծել կինոյի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ ազգային ֆիլմերի ցուցադրության, համատեղ ֆիլմարտադրության, փառատոններին մասնակցության և այլ աշխատանքների կազմակերպման համատեքստում:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կինոյի ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված մեծ աշխատանքի կապակցությամբ՝ առանձնացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ֆարաբի» հիմնադրամի, «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» փառատոնների, ինչպես նաև այլ կառույցների արդյունավետ համագործակցությունը:

Անդրադարձ է եղել ընթացիկ տարում տեղի ունենալիք կինոփառատոններին (Երևանում՝ «Ոսկե ծիրան», Սպահանում՝ «Մանկապատանեկան ֆիլմերի 34-րդ միջազգային փառատոն») փոխադարձ մասնակցության հնարավորությանը:

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև իրանահայության ունեցած էական դերն իրանական կինոյում՝ կարևորելով այդ ուղղությամբ գնահատանքի միջոցառումների կազմակերպումը:

 

Ամերիկաբնակ, ծագումով իրանահայ գրող Խորեն Արամունին Երևանում ներկայացրեց «Սատանի ճուտը» վեպը, որը պատմում է հեղինակի և նրա ընկերների արկածներով լի կյանքի մասին:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 9-ին Հայաստանի գրողների միությունում:

«Այս վեպի գործողությունները հիմնականում ծավալվում են Իրանում՝ հայկական թաղամասերում: Հերոսների մի մասը հայեր են, մյուս մասը՝ պարսիկներ: Պատկերված են երկրում տիրող մթնոլորտը, հայ-իրանական առնչությունները: Հերոսներից շատերը, մեծանալով Իրանում, հետագայում այցելել են Հայաստան, Ղարաբաղ, մասնակցել տարբեր հերոսամարտերի: Գլխավոր հերոսներից Վարդան Քամալյանը հենց այդպիսին է եղել»,-ասաց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ հետաքրքիր է նաև Սիմոնի կերպարը, որը չարաճճի արարքներով է աչքի ընկնում դպրոցում և հետո:

Ըստ Միլիտոնյանի՝ Արամունու գիրքը կենցաղագրական էջեր ունի և հնարավորություն է տալիս ճանաչելու հայ համայնքի կյանքը, մտածողությունը, լեզուն և այլն:

Խորեն Արամունու քույր Անահիտ Արամունին գիտի եղբոր գրականության իսկապես բարձր արժեքը: Նրա հավաստիացմամբ՝ առանց Արամունու ստեղծագործությունների Իրանի, Հայաստանի,  Լոս Անջելեսի վավերագրության մեջ ահռելի բաց կլիներ:

«Անկախ այն բանից՝ Խորենը հանճարեղ է, տաղանդավոր է, թե ոչ նրա գործերը մեծ արժեք են հետագա սերունդների համար, որ պետք է կարդան, ուսումնասիրեն, սովորեն հասարակագիտական, ազգագրական, մարդաբանական, հայագիտական ուսումնասիրություններ կատարեն: Այնպես, որ գնահատում եմ իմ եղբոր աշխատանքը»,-նշեց Անահիտ Արամունին և հավելեց, որ ուզում է՝ բոլորը կարդան Արամունու գործերն ու հասկանան, թե ինչ է մեզ հետ կատարվել, կատարվում և կատարվելու:

Խորեն Արամունու խոսքով՝ «Սատանի ճուտը» գիրքը իր և Իրանի Սասուն (նախկին Վահիդիե), Զարքեշ, Նարմաք թաղամասերում հասակ առած ընկերների ապրած ու չապրած տարիների գեղարվեստական պատկերն է՝ նրանց պատանեկան սերերը, քուչեքի խաղերը, կռիվները, միութենական ու դպրոցական քաղցր հուշերը և ավելին:

Շնորհանդեսին ներկա էին հեղինակի ընկերները, հարազատները, գործընկերները ինչպես նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, որն ակտիվ մասնակցում է հայ-իրանական կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումներին:

Խորեն Արամունին ծնվել է 1948 թվականին Իրանում: Միջնակարգ կրթություն ստացել է Թեհրանում: Սովորել է Սպահանի համալսարանի  հայագիտական բաժնում։ 1969 թվականին հայրենադարձել է։  Հայրենիքում ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը, հետագայում  գաղթել է ԱՄՆ: 1991-2005 թվականներին Երևանում և Լոս Անջելեսում հրատարակվել են նրա պատմվածքների, վիպակների, թատերգությունների ժողովածուները, «Թատրոն» խորագրով վեպը և «Դպրոցի ճամփան» հուշապատումը։ Լոս Անջելեսում և Երևանում բեմադրվել են նրա հեղինակած մի շարք թատերգություններ։ Արամունու թարգմանությամբ 2012 թվականին հրատարակվել է Էսմաիլ Ռայինի «Հայերի զանգվածային կոտորածները» գիրքը։ Նրա թատերգություններից բեմադրվել են՝ «Հարութ պապը», «Պողոս քեռու այցը», «Երթ ու դարձի տոմս», «Անվերադարձ ապագա», «Ետցնցում», «Պատանդը» գործերը:

 

 

93 տարեկանում կյանիքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը:

Այդ մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,-ընդգծել  է նա։

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին։ Դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը վաղ էր մահացել, իսկ հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմին է մասնակցել: Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։ Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից։ 1947 թվականին մեկնել է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստացել է «Պոբեդա» ժամացույց։ 1956 թվականին ստանում է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ միջազգային փառատոնում՝ UNESCO-ի հովանավորությամբ։ Նույն մրցույթին մասնակցելով՝ 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973 թվականին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։ 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Ռոնին», «Օնեգին», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր» և այլն: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգային ծրագրում:

 

 

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հուլիսի 9-ին երաժշտասերների դատին կհանձնի մեծանուն կոմպոզիտորին նվիրված «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» նոր անիմացիոն ֆիլմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմը քառալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտորի արտասահմանյան շրջագայություններին:

«Ես երջանկություն եմ ունեցել համերգներով հանդես գալ Եվրոպայի գրեթե բոլոր, ամերիկյան մի շարք երկրներում, Եգիպտոսում, Լիբանանում, Ճապոնիայում: Յուրաքանչյուր հյուրախաղային ուղևորություն նոր հանդիպում էր հետաքրքիր մարդկանց, հրաշալի երաժշտական կոլեկտիվների, նշանավոր գրողների, նկարիչների, հասարակական գործիչների հետ»- պատմել է Արամ Խաչատրյանը:

Ֆիլմը նկարահանել է ILABS Armenia ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Օգտագործվել են տուն-թանգարանի արխիվային նյութերը:

 

 

Երևանում է «Գրեմմի»-ի 10 մրցանակի արժանացած երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը։

Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ձայնագրում է Էդուարդ Հայրապետյանի «Կախարդական կոճակներ» բալետը, Ջոն Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմը և Տիգրան Մանսուրյանի Պարտիտը։

2019 թվականին Ալդերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրել էր նաև Ավետ Տերտերյանի 5-րդ և 7-րդ, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիաները։

Քրիստոֆեր Ալդերը համագործակցում է աշխարհահռչակ արտիստների և կոլետիվների հետ՝ Պլասիդո Դոմինգո, Աննա Նետրեբկո, Լոնդոնի սիմֆոնիկ, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբեր և այլն։

Քրիստոֆեր Ալդերը, խոսելով հայկական երաժշտության, մասնավորապես, իր կողմից ձայնագրված ստեղծագործությունների մասին, նշում է՝ Տերտերյանի սիմֆոնիաները, որ գրվել են 1960-70-ական թվականներին և մինիմալիստական տարրերով, խիստ մոդեռն էին, նորարար այն ժամանակների համար։ Այդ ստեղծագործություններն ազդեցիկ են, մեծ ներգործություն են ունենում մարդու վրա։

Անդրադառնալով Էդուարդ Հայրապետյանի արվեստին՝ Ալդերը նկատում է, որ այն շատ ներդաշնակ է ու զգացմունքային։ Ըստ նրա՝ հայկական երաժշտությունը խորն է, զգացմունքային, մրցունակ, և այն մեծ հաջողությամբ կարող է հնչել համաշխարհային բեմերում: «Հայկական երաժշտությունը հաճելի և հասկանալի է արևմտյան երաժշտական ավանդույթներ ունեցողների համար։ Ինձ համար նույնպես հայկական երաժշտությունը սիրելի ու ընդունելի է»,-նշում է նա:

Քրիստոֆեր Ալդերը, անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ընդգծում է երաժիշտների տեխնիկական վարպետությունը, հատկապես շեշտում է լարային նվագարանների կատարողական մեծ վարպետությունը։ «Զգացվում է երաժիշտների մեծ սերը Սերգեյ Սմբատյանի նկատմամբ։ Կա մեծ վստահություն ղեկավարի և երաժիշտների միջև, և այդ ներդաշնակ համագործակցությունը շատ կարևոր է»,-ասում է երաժշտական պրոդյուսերը։

 

 

Կաննի միջազգային 74-րդ կինոփառատոնի Marché du Film կինոշուկայի առցանց հարթակում հուլիսի 6-15-ը տաղավարով ներկայանում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմերի առք ու վաճառքով, դիստրիբուցիայով զբաղվող աշխարհի ամենահին ու խոշոր այս կինոշուկան 2021-ին աշխատելու է հիբրիդային (խառը) եղանակով (մասնակիցները կարող են ներկա գտնվել շուկայում կամ աշխատել հեռավար)։

Հայաստանն այս տարի ընտրել է մասնակցության առցանց ձևաչափը, որի նպատակով էլ չափազանց սեղմ ժամկետներում աշխատանքային թիմը պատրաստել է առանձին օնլայն-էջ (տաղավար) Marche’ du Film-ի կայքում:

Ըստ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուների՝ Հայաստանի մասնակցությունը Կաննի կինոշուկային կարևոր և պարտադիր է: Սակայն, պայմանավորված երկրում առակա ծանր իրավիճակով (հետպատերազմական և ֆինանսական ), որոշում է կայացվել  2021-ին  կինոշուկայում ունենալ առցանց ներկայություն:

Marche’ du Film-ի հայկական հարթակը  հնարավորություն կընձեռի Կաննի կինոշուկայում հավատարմագրված  մասնագետներին ծանոթանալ հայկական կինոարտադրանքին, միաժամանակ հետադարձ կապի և օնլայն-հարթակում տեղ գտած ինֆորմացիայի միջոցով անմիջական կապ հաստատել ֆիլմերի պատասխանատուների հետ։

Marche' du Film կայքում տեղադրված հայկական օնլայն էջը (տաղավար) միաժամանակ ակտիվ հղումով կապված է Ազգային կինոկենտրոնի  և CINANDO-ի կայքերի հետ։ Հայկական էջը ունի մի քանի բաժիններ, այդ թվում՝ 2020-2021թթ. Ազգային կինոկենտրոնից աջակցություն ստացած և տարբեր արտադրական փուլերում գտնվող 73 կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն ֆիլմերի ընդարձակ կատալոգ:

Հայկական ֆիլմերի բաժնում ընտրված են լիամետրաժ (ավարտված) և հետարտադրական փուլում գտնվող 12 աշխատանք: Էջն ունի նաև  «Հայկական փառատոններ», «Կինոժառանգություն» և «Հայաստանի տեսարժան վայրեր» բաժինները:

Կինոշուկայի համար պատրաստված կատալոգը ամբողջովին ինտերակտիվ է: Առցանց էջից կարող են օգտվել միայն Կաննի կինոշուկայում հավատարմագրված անձինք՝ վաճառքի մասնագետները, դիստրիբյուտորները և այլք։

 

Վատիկանի գրադարանում հայտնաբերվել է նախկինում չհետազոտված ձեռագրեր, որոնք հնարավոր է արված լինեն միջնադարի իտալացի բանաստեղծ  Դանթե Ալիգիերիի կողմից:

Ձեռագրերը հայտնաբերել է վանքի վանահայր Ջուլիա Հոլոուեյի կողմից: Փաստաթուղթը վերաբերում է 13-րդ դարի վերջին, այդ ժամանակ Դանթեն ուսանող էր Ֆլորենցիայում:

Հոլոուեյնը կարծում է, որ գտնված ձեռագրերը կարող էին նախորդել «Աստվածային կատակերգության» ստեղծմանը:

Ձեռագրերը, ըստ հրապարակման, վկայում են Դանթեի հանճարեղության մասին: