Հուլիս 31, 2021 12:23 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ։

 

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային բախումների շարունակմանն Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավորինս շուտ կայուն խաղաղության հաստատելու անհրաժեշտությունը:

Ցավ հայտնելով երկու կողմերի մարդկային կորուստների ու վիրավորումների կապակցությամբ, Սաիդ Խաթիբզադեն Երևանին ու Բաքվին  կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և  սահմանային վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:

Իրանի արտգործնախարարության խոսնակը նաև շեշտել է, որ երկու երկրները պետք է հաղթահարեն լարվածությունն ու վերջ դնեն հակամարտությանը: Ընդգծելով  Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, Խաթիբզադեն  Իրանի  պատրաստակամությունն է հայտնել, օգնել կողմերին՝ կայուն խաղաղության հաստատման հարցում:

----------------------------

Շարունակելով Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա ամրապնդման քաղաքականությունը Հայաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ մտադիր են վերակառուցել և վերանորոգել Իրանի հետ ամբողջ սահմանային ճանապարհը:

Այդ առնչությամբ, ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ 2021 թվականի բյուջեում ՀՀ կառավարությունը 18.3 միլիոն դոլար է հատկացրել Իրանին սահմանակից 50.7 կմ ճանապարհների վերակառուցման համար:

Վերանորոգվելու են Երևան-Երասխ-Գորիս -Մեղրի- Իրանի սահման միջպետական ճանապարհի որոշ հատվածները:

Հայաստանն այն պայմաններում է որոշել վերանորոգել ու վերակառուցել Իրանին սահմանակից ճանապարհները, երբ Երևանի պաշտոնյաները կրկնապատկում են ջանքերը`  ընդլայնելու Իրանի հետ տնտեսական և առևտրային համագործակցությունը: Իրանը և Հայաստանը ցամաքային ընդհանուր սահման ունեն: Այնուամենայնիվ, երկու հարևան երկրների հարաբերությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել Եվրասիական տնտեսական միությունը: Փաստորեն, Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ու արժեքավոր դեր է խաղում երկու հարևան երկրների տնտեսական նպատակներն առաջ մղելու գործում:

Հաշվի առնելով, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության միակ անդամն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, անկասկած Թեհրան-Երևան հարաբերությունների ամրապնդումը ոչ միայն բխելու է երկու երկրների ազգային շահերից, այլ կարող է նաև խթանել հարևան երկու երկրների պաշտոնատարների պահանջների իրագործումը: Միևնույն ժամանակ, պետք է ասել, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի և Եվրասիական տարածաշրջանի միջև: Իսկ Իրանը կարող է օգնել Հայաստանին հասնել ռազմավարական հյուսիս-հարավ ճանապարհին և միջազգային ջրերին հասանելիության հարցով: Տարբեր տեսակետներ կան Իրանի և Հայաստանի փոխադարձ դերի կարևորության վերաբերյալ:

Օրինակ Հայաստանի Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Մինասյանը համոզված է, որ հաշվի առնելով Թեհրանի դերը տարածաշրջանային և գլոբալ քաղաքականությունում և Թեհրանի դիրքն իսլամական աշխարհում, Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ արժեք են ունեցել Հայաստանի համար: Հատկապես, որ Իրանը տարածաշրջանային մեծ տերություն է, որն ազդեցիկ դեր է խաղում քաղաքական զարգացումներում, իսկ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու Թեհրանի ջանքերը դրական և արժեքավոր են:

1991-ին Հայաստանի անկախացումից հետո Թեհրանի և Երևանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններն աստիճանաբար աճեցին: Միևնույն ժամանակ,  չպետք է անտեսել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, որը բացասաբար է անդրադարձել երկու հարևան երկրների հարաբերությունների վրա: Չնայած Թեհրանի և Երևանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության բազմաթիվ ոլորտներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով առևտրափոխանակումների ծավալը զգալիորեն չաճեց: Այնուամենայնիվ, 2018 թվականից ի վեր, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Հայաստան կատարած այցով, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներն սկսել են աճել:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հրապարակած վերջին պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ գործունեություն է ծավալել 5301 իրանական ընկերություններ: Այս թիվը նշանակում է Հայաստանում գրանցված ընկերությունների 36.6% իրանական ընկերություններ են: Իրանական կապիտալով  ընկերությունները ակտիվ գործունեություն են ծավալել տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, շինարարության, ենթակառուցվածքների և զարգացման նախագծերի, անշարժ գույքի, առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտներում:

Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ Իրանն ու Հայաստանը նոր հնարավորություններ ունեն փոխադարձ ներդրումների և առևտրի ոլորտներում  համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար: Թեհրանի և Երևանի պաշտոնատար անձանց փոխայցելությունները և հատկապես ՀՀ կառավարության կողմից երկկողմ համագործակցության ամրապնդման համար հիմքերի ստեղծումը ցույց են տալիս Երևանի պաշտոնյաների լուրջ վճռականությունը Իրանի հետ փոխադարձ առևտուրն ամրապնդելու համար:

----------------------

Հիմնավոր կասկած կա, որ գործող իշխանությունները ծածուկ բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ Հայաստանում որոշակի սահմանային ճշգրտումների և սահմանազատումների շուրջ։ Նման կարծիք է հայտնել ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը` մեկնաբանելով նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի այցը Գեղարքունիքի մարզ։

----------------------------------------

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր պատգամավորների և Նիկոլ Փաշինայնի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է․

«Որոշում է կայացվել, որ ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ, և կարծում ենք, որ այդ հարցում նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով»։

---------------------------

ՀՀ ԱԳՆ-ն, արձագանքելով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացմանը խոչընդոտնելու վերաբերյալ ՀՀ-ին ուղղված Ադրբեջանի ԱԳ նախարարի մեղադրանքին, հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի և հունվարի 11 հայտարարությունների իրականացման հարցում Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական։

Սերբիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հարցում խոչընդոտներ հարուցելու մեջ։

ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության ստորագրումից 1 ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության 1-ին կետը, որի համաձայն կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, և հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։

Նշվում է նաև, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

«Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած ներթափանցել են և շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Այն փաստը, որ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են Հայաստանի տարածքում ըստ էության ընդունել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։

Վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր լինելու ժխտման հայտարարություններով, ինչն իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղ կողմերը, այդ թվում Ադրբեջանը համաձայնվել է «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին։

Ապաշրջափակման հետ կապված՝ նոյեմբերի 10-ի և հունվարի 11 հայտարարությունների իրականացման հարցում Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական: Ցավոք, Հայաստանի նման կառուցողական մոտեցումը ադրբեջանական կողմը հանրային պաշտոնական հայտարարություններով հետևողականորեն շահարկել և փորձել է շրջանառության մեջ դնել «միջանցքի բացման» գաղափարը, ինչն անընդունելի է և ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

-----------------------------

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասել են գերատեսչությունում ՝ չճշտելով այլ մանրամասներ: