Գեղարվեստական հաղորդում (279)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
Երեւանում ԻԻՀ մշակութային խորհրդականի աջակցությամբ, Հայաստանում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Իրանի մանկական և պատանեկան գրականության ազգային օրվան:
Հայաստանում Իրանի մշակութային խորհրդականի աջակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում, հայ երեխաները ծանոթացել են իրանական մշակույթին և գրականությանը:
Հայաստանում Իրանի մշակույթի հարցերով խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային հույս է հայտնել, որ ծրագիրը կդառնա ամենամյա ավանդույթ և Հայաստանում երեխաների ու դեռահասների համար ավելի շատ հնարավորություններ կստեղծվեն իրանական գրականությանը ծանոթանալու համար:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը լուսաբանել է միջոցառումը և հարցազրույց է վարել պարոն Թաբաթաբայիի հետ։

Ամփոփվել են Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին 2021» միջազգային երգչախմբային մրցույթի (World Peace Choral Festival 2021) արդյունքները, որին հայ երգչախբերը փայլել և պատվով են ներկայացրել Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ որոշիչ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվեց լավագույնն ու բացարձակ հաղթող, որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվեց Հայաստանին:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը և «ԱՐԱՐ» երգչախումբն՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ է շահել:
«Գեղարդ» երգեցիկ խումբը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ և Գլխավոր մրցանակ (Grand Prix) է նվաճել, ինչպես նաև արժանացել է II փուլում լավագույնի տիտղոսի համար մրցելու իրավունքին:
Մրցույթի ընթացքում բազմաթիվ տաղանդավոր և աշխարհահռչակ դիրիժորների շարքերում առանձնահատուկ տիտղոսներին են արժանացել՝
I փուլում՝
Սոնա Հովհաննիսյանը, «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor)
Անահիտ Պապայանը, «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor) II փուլում՝
Իսկ Տիգրան Հեքեքյանը, «Բացառիկ դիրիժոր» (Outstanding Conductor)

Գրքի երևանյան չորրորդ փառատոնին, որը մեկնարկեց հուլիսի 30-ին Հայաստանի նկարիչների միությունում, Հովհաննես Թումանյանի թանգարանն ընթերցողների լայն շրջանակին ներկայացրեց գրողի ակադեմիական հատորները, որոնց վերահրատարակումը նախաձեռնել են Թումանյանի 150-ամյակին ընդառաջ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասաց, որ թանգարանը տարիներ շարունակ հետազոտական աշխատանքներ է իրականացրել և պարզել, որ արխիվներում կան նոր նյութեր, որոնք ներառված չեն նախկին հրատարակություններում: «Ակադեմիական նախորդ հրատարակություններն ունեին լրացումների, հավելումների կարիք: Դրանով պայմանավորված՝ թանգարանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտին առաջարկեց համատեղ աշխատանք իրականացնել: Ունենք չորս հատոր, որոնք բավականին ծավալուն ու մանրակրկիտ են: Ընդհանուր տասը հատոր է: Վեց հատորը նախատեսում ենք հրատարակել առաջիկա հինգ տարում»,- տեղեկացրեց տնօրենը:
Նա նշեց՝ այս ընթացքում կորուստ են ունեցել: Կյանքից հեռացել է հատորների գլխավոր խմբագիրը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանը: Չնայած այդ ցավալի փաստին՝ աշխատանքը չեն դադարեցրել:
Եղիազարյանը շեշտեց, որ Թումանյանի հատորները պատշաճ ներկայացնելու կարիք կար: «Նա գրի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ուներ և, որպես ընթերցող, մեծ ուշադրություն էր դարձնում գրքի արտաքին տեսքին: Թումանյանի ակադեմիական հատորները 80-ականների վերջին և 90-ականների սկզբին են լույս տեսել: Դժվար տարիներ էին: Գրքերը տարբեր գույների են, թուղթը տարբեր որակի է»,- հիշեցրեց Եղիազարյանը:
Անդրադառնալով հատորների բովանդակությանը՝ թանգարանի տնօրենը ևս մեկ անգամ ասաց, որ գիտական լուրջ աշխատանք է արվել: «Եթե այսօրվա ընթերցողը վերցնի ակադեմիական հատորները, այլևս մտավախություն չի ունենա, որ այնտեղ գուցե կրճատումներ կամ փոփոխություններ լինեն, քանի որ հարյուր տոկոսով համապատասխանեցրել ենք ձեռագրային տարբերակներին, առաջին տպագիր սկզբնաղբյուրներին: Գրքերը հետազոտողի համար կարող են հիմնական աղբյուր դառնալ: Գրքերում պահպանվել է թումանյանական ամբողջ տրամաբանությունը, անգամ կետադրական նշանները, որոշ տերմինների կամ բառաձևերի մեծատառով գրելը: Խորհրդային տարիներին ինչ-ինչ պատճառներով «Աստված», «Արարիչ» բառերը փոքրատառ են, իսկ Թումանյանը մեծատառ է գրել»,- պատմեց Եղիազարյանը:
Նա հավելեց, որ թարմացվել է նաև ծանոթագրությունների բաժինը:
Եղիազարյանի խոսքով՝ երբ ընթերցողը կարդում է գիրքը, կարողանում է ամփոփ տեղեկություն ստանալ տվյալ ստեղծագործության մասին, իսկ լրացուցիչ հղումները շատ կարևոր են մասնագիտական լսարանի համար:

Հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100-ամյակի կապակցությամբ «ՀայՓոստ»-ը մարեց և շրջանառության մեջ դրեց «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմայով նամականիշ-գեղաթերթիկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարումն իրականացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Հայ Փոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով՝ գեղաթերթիկն իր ձևաչափով եզակի է իր ձևաչափով:
«Առաջին անգամ թողարկել ենք տեսաձայնային նամականիշ: Շարունակելու ենք մեր նորամուծությունները հայկական ֆիլատելիայում, և, վստահ եմ, որ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնեն նամականիշերի նկատմամբ»,- նշեց Կարապետյանը:
Դավիթ Սահակյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց նամականիշի ստեղծողներին:
«Նման նամականիշները լավ PR-գործիք են մեր մշակույթն ամբողջ աշխարհում տարածելու համար, որպեսզի տեղեկացնենք մեր մեծերի կատարած աշխատանքների մասին»,- ասաց ԲՏԱ փոխնախարարը:
Արա Խզմալյանն էլ բարձր գնահատեց ՀայՓոստի հետ համագործակցությունը:
«Մենք փորձ ունենք հուշարձանների հանրային իրազեկմանն ուղղված նամականիշների թողարկման առումով, վերջերս թողարկեցինք Սպենդիարյանին նվիրված նամականիշը: Այսօր մարում ենք մեր մեծանուն կոմպոզիտորին նվիրված նամականիշը, ում անունը դարձել է լավատեսության ու կենսասիրության խորհրդանիշ: Կարծում եմ՝ հիմա առավել ևս անհրաժեշտ է հնչեցնել Բաբաջանյանի անունն ու նրա երաժշտությունը»,- ասաց Խզմալյանը:
Հովիկ Մուսայելյանը նշեց, որ Բաբաջանյանին նվիրված նամականիշի մարումով մեծարվում է ազգային հպարտություններից մեկը:
«Բոլոր ազգերն էլ ունենում են մեծություններ, բայց քչերն են լինում խարիզմատիկ: Առնո Բաբաջանյանը եղել է հենց այդ քչերից, և հպարտ եմ, որ մի ամբողջ սերունդ դաստիարակվել է նրա երաժշտության շնորհիվ»,- ասաց Մուսայելյանը և հավելեց, որ մեծ ուրախություն է նոր տեխնոլոգիաների գործածությամբ նման նամականիշ ունենալը:
1000 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը: Գեղաթերթիկի վրա պատկերված է Արամ Խաչատրյանի համերգասրահը, «100-ամյակ» և «Առնո Բաբաջանյան» գրառումները՝ հայերեն և անգլերեն: Գեղաթերթիկի ստորին աջ անկյունում տեղադրված է ARLOOPA հավելվածի նշանը: Ներբեռնելով հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը՝ հնարավոր է վայելել Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ: Ընդհանուր առմամբ, թողարկվել է 30 հազար նամականիշ:

Կյանքից հեռացել է ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը:
Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, իսկ 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997 թվականներին եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։
Սիրված են հեղինակի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքերը:

ԳՈՒՐԲԱՆ սոցիալ-մշակութային հարթակի նախաձեռնությամբ, օգոստոսի 6-8-ը, Գյումրիում կանցկացվի «Գրաունդ Արտ Ֆեստ» միջազգային փառատոնը: Փառատոնը նպատակ ունի նպաստել ժամանակակից արվեստի տարածմանը Հայաստանի մարզերում: Փառատոնը բաղկացած է արվեստի տարաբնույթ միջոցառումներից՝ ցուցահանդեսներից, համերգներից, ներկայացումներից, փերֆորմանսներից, ֆիլմերի բացօթյա դիտումներից և այլն:
Այս մասին հուլիսի 28-ին Գյումրիում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեցին փառատոնի կազմակերպիչները՝ տեղեկացնելով, որ 2021-ի հուլիսից 22 արվեստագետ 6 երկրներից ժամանել են Գյումրի և մեկ ամիս շարունակ ստեղծագործել միասին։ Երիտասարդ արվեստագետներն իրենց ստեղծագործությունները կցուցադրեն «Գրաունդ» փառատոնի շրջանակում: «Մի խումբ գերմանաբնակ և հայ երիտասարդ արվեստագետների համագործակցության արդյունքում ծնվել է «Գրաունդ Արտ Ֆեստը»,- նշեց ծրագրի համակարգող Սյուզաննա Գինոսյանը:
Փառատոնը ներգրավելու է Գյումրիի քաղաքային՝ ուրբան տարածքները, այդտեղից էլ փառատոնի անվանումը՝ ԳՈՒՐԲԱՆ: Միջոցառումները լինելու են ինչպես մարդաշատ՝ Գյումրու շուկայի, երկաթուղային կայարանի, այնպես էլ ոչ այնքան մարդաշատ տարածքներում:
Հարթակի համահիմնադիր Մարիա Մատինյանը կարևորեց փառատոնի շրջանակում հայ և այլազգի արվեստագետների համագործակցությունն ու տարբեր երկրների արվեստագետների միավորումը: «Ներկայացվելու են արվեստի գործեր, որոնք միահամուռ աշխատանքի արդյունքով են ստեղծված: Հյուրերին կներկայացվեն նաև մեր մշակույթն ու սովորությունները: Հուսանք, քաղաքի բնակիչներին կհետաքրքրի, և իրենք ևս կմիանան մեզ»,-նշում է Մարիա Մատինյանը:
«Շուկան ազատ տարածք է՝ տարածք բոլորի ու ամեն ինչ համար, և սա ժամանակակից արվեստագետներին ազատ ստեղծագործելու հնարավորություն կտա: Ինչպես մյուս տարածքներում, շուկայում ևս այդ երեք օրերի ընթացքում ներկայացումները կլինեն 9:00-13:00-ն»,-ներկայացնելով փառատոնի անցկացման վայրերից մեկը՝ նշեց համակարգող Լյուդմիլա Կիրսանովան:
Նախագիծը համաֆինանսավորվում է Երևանի «Գյոթե» կենտրոնի, Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադրամի, Բավարիայի մշակույթի և գիտության նախարարության կողմից։