Օգոստոս 11, 2021 06:53 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

 

Սպահանում ավարտվեց «Նահատակ» կարճամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքը: Ֆիլմի պրյուդյուսերն ու բեմադրիչն է Սաիդ Աֆսարը:

«Նահատակ»-ն անդրադառնում է Իրանի դեմ Իրաքի 8-ամյա պատերազմի ժամանակ զոհված կրոնական փոքրամասնությունների նահատակներին:

Ֆիլմը հեռու մնալով պատերազմական միջավայրից փորձում է քնարական մոտեցմամբ ցուցադրել հայկական մշակույթում անձնազոհության ու նահատակության իմաստը և ներկայացնել հայ նահատակներին:

Շուտով մոնտաժվելու է նաև «Նահատակ» ֆիլմի հայերեն տարբերակը, որը ցուցադրվելու է ներքին ու արտասահմանյան կինոփառատոներում:

 

 

Օգոստոսի 22-ին՝ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի բացման արարողության ավարտին, տեղի կունենա «Ուջանյան պատմություն» կինոնկարի համաշխարհային պրեմիերան։ Սա հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմ է, որի հեղինակն է «Ծիրանի ծառ»-2017-ի շրջանակում Գլխավոր մրցանակին արժանացած իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը։

Փառատոնի շրջանակում բոլոր մասնակիցներն ապրում են հյուրընկալ ուջանցիների տներում։ Մեհրը, սիրահարվելով Ուջանի մթնոլորտին և իրեն հյուրընկալած Մանվելյանների ընտանիքին, 2019 թվականին վերադարձել է Ուջան և փառատոնի նախաձեռնող «Ֆիլմադարան» ՀԿ-ի աջակցությամբ լիամետրաժ ֆիլմ ստեղծել իր տանտերերի և Ուջանի մասին։

Այս ֆիլմը «Ծիրանի ծառ» կինոփառատոնի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, քանի որ փառատոնի նպատակը ոչ միայն վավերագրական կինոյի լավագույն նմուշները Հայաստանում ցուցադրելն է, այլև միջազգային մշակութային շփմանը նպաստելը և հայ մշակույթն արտասահմանցի ստեղծագործ անձանց հասանելի դարձնելը։ Ապրելով ուջանցիների տներում՝ արտասահմանցի մասնակիցները հնարավորություն են ստանում մոտիկից, առանց զբոսաշրջային շղարշների և անմիջականորեն ծանոթանալու հայ մարդու առօրյային և հայ մշակույթին։

Անցյալ տարիների փառատոների մի շարք մասնակիցներ արդեն իսկ ցանկություն են հայտնել Հայաստանում ֆիլմ նկարահանելու մասին, և Մեհրի ֆիլմն առաջին այդպիսի օրինակն է, որը օգոստոսի 22-ի պրեմիերայից հետո կցուցադրվի աշխարհի տարբեր կինոփառատոներում։

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. կկազմակերպվի ArmSymphony արհեստական բանականությամբ ջութակի առցանց մրցույթը (ArmSymphony AI Violin competition)։

Նորարարություններ պարունակող այս նախագիծն ունի իր նախապատմությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գործունեության ընթացքում անմասն չի մնում երաժշտական աշխարհում տեղի ունեցող նորարարություններից։ 2020թ․ համավարակի պայմաններում նվագախումբն ամերիկյան հեղինակավոր «Պարմա ռեքորդինգս» ընկերության հետ համատեղ առանց մենակատարի ձայնագրեց Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը՝ Արամ Խաչատրյանի անվան ջութակի միջազգային առցանց մրցույթի շրջանակում համանուն հավելվածում կիրառելու նպատակով։ Ձայնագրության նման կիրառումն աշխարհում աննախադեպ էր, և ելնելով այս փորձառության հաջողությունից և ձայնագրության բարձր որակից՝ հետագա ամիսների ընթացքում նվագախումբը զարգացրեց My Orchestra նախագիծը, որը նպատակ ուներ արհեստական բանականության միջոցով զուգադրել նվագախմբի կատարումը մենակատարի երաժշտության հետ։

Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ նվագախումբը սկսեց համագործակցել Ինդիանայի համալսարանի և «Մեթա մյուզիք» կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորված Cadenza Live Accompanist հարթակի հետ, որը համանման նախաձեռնություն է։ Արդյունքում, ընդհանուր հետաքրքրություններ ձևավորվեցին կողմերի միջև։

Նվագախումբը ձայնագրությունը տրամադրեց Cadenza Live Accompanist-ի գործընկերներին, որը տեղադրվեց երաժշտական աշխարհում համաշխարհային ճանաչում ունեցող հավելվածում, ինչը հնարավորություն է տալիս մենակատարներին նվագախմբի հետ առցանց կատարելու մեծանուն կոմպոզիտորի այս հրաշալի ստեղծագործությունը։ Այնուհետև համագործակցության ընթացքում ձևավորվեց ևս մեկ նախաձեռնություն՝ ArmSymphony արհեստական բանականությամբ ջութակի առցանց մրցույթը (ArmSymphony AI Violin competition)։

Ջութակահարներն ամբողջ աշխարհից մրցույթի ընթացքում կցուցադրեն իրենց երաժշտական հմտությունները` օգտագործելով արհեստական բանականության նորագույն տեխնոլոգիաները: Մրցույթի մասնակիցները կներկայացնեն տեսահոլովակի հատված Արամ Խաչատրյանի ջութակի  կոնցերտից` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վիրտուալ նվագակցությամբ:

Վիրտուալ նվագակցությունը կապահովվի Cadenza Live Accompanist-ը iOS ծրագրի միջոցով։ Սա մի ծրագիր է, որն ապահովում է վիրտուալ նվագակցություններ հմուտ երաժիշտների համար. հետևելով նրանց նվագին` ծրագիրը թույլ է տալիս կատարել ստեղծագործության իրենց մեկնաբանությունը: Այս մրցույթի համար կոնցերտի նվագակցությունը ձայնագրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Մրցույթին կարող են մասնակցել աշխարհի ցանկացած կետում բնակվող ջութակահարները: Դիմորդները կգնահատվեն երեք տարիքային (2021 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ) խմբերում` 14 և ցածր տարիքային խումբ, 15 -ից  17 տարիքային խումբ, 18 և բարձր տարիքային խումբ։

Բոլոր դիմորդները պետք է գրանցվեն և վերբեռնեն իրենց ձայնագրությունը ոչ ուշ  քան 2021 թվականի սեպտեմբերի 15-ը: Հաղթողները հայտնի կդառնան, և մրցանակները կբաշխվեն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը:

Բոլոր տարիքային խմբերում նախատեսված են մրցանակներ։

 

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ»  միջազգային մրցույթին, որին ներկայացվել է 50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան):

Հայաստանը հանդես է եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի:

Ժյուրիի միաձայն քվեարկությամբ առաջին հորիզոնականը նվաճել են «Էդիթ Պրինտ» և «Նահապետ» հրատարակչությունների ներկայացրած գրքերը:


 

 

Ջավախքի Գանձա գյուղում բացվել է  բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը, որն աչքի է ընկնում հարուստ և գեղեցիկ դիզայներական աշխատանքով, եռաշերտ ցուցադրությամբ և նորարարական լուծումներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2019 թվականին Տերյանական օրվա ժամանակ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ)  հայտարարեց Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգման պատրաստակամության մասին, քանի որ այն գտնվում էր անմխիթար վիճակում։

Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացման արարողության ժամանակ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը կարևորեց կրտսեր սերնդին, պատանիներին, երիտասարդներին հայ մշակույթն արդիական եղանակներով ներկայացնելը, որովհետև մշակույթի մասին ևս պետք է խոսել և ներկայացնել հետաքրքիր ու մատչելի։

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, մշակութային իրադարձություն է, որովհետև բացվել է մեր մեծանուն պոետի տուն-թանգարանի  հիմնանորոգված ցուցասրահը։ Մի պոետի, որը նշանավորվում է ոչ միայն իր չքնաղ գեղարվեստական ստեղծագործությամբ, այլև մի մարդ, որը հսկայական ազդեցություն է ունեցել հետագա սերունդների և պոետների վրա և ձևավորել է լեզվական բոլորովին նոր մշակույթ ու ճաշակ»,- ընդգծեց Խզմալյանը։

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, ով որպես մասնագետ հրավիրված է եղել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից մշակելու Տերյանի ցուցասրահի բովանդակային մասը և արտաքին ու ներքին ձևավորումը, նշեց, որ ցուցասրահում եռաշերտ ցուցադրությամբ ներկայացվել են Վահան Տերյանի կյանքի կարևորագույն դրվագները։

«Կոնցեպտը մշակելուց մենք մի կարևոր նաև նախապայման ենք դրել՝ ոչ թե տուրք տալ մինչ այժմ ձևավորված բոլորիս մտապատկերում ունեցած Տերյանին, այլ ճիշտ հակառակը՝ խոսելու այն Տերյանի մասին, որի մասին մինչ այժմ կամ քիչ է խոսվել, կամ ընդհանրապես չի խոսվել։

Մենք այս ցուցադրությամբ եկել ենք բացահայտելու նոր Տերյանին, որն ավելի օբյեկտիվ Տերյան է, որովհետև խորհրդային ժամանակաշրջանը իր բոլոր կողմերով  հանդերձ նաև կաղապարել է մեր ընկալումը այս կամ այն մեծի մասին։ Մենք եկանք ցույց տալու, որ Տերյանը համաշխարհային մեծություն է իր նաև լայն աշխարհայացքով, ուստի այստեղ եկողը պետք է փնտրի նոր Տերյանին»,- ասաց Եղիազարյանը։

ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը նշեց, որ տուն-թանգարանը երկար ժամանակ նպաստել է Տերյանի արվեստի տարածմանը, և այսօր անհրաժեշտություն է առաջել, որպեսզի թանգարանը ժամանակակից պահանջներով վերազինվի ու վերակառուցվի։

 «Կարծում եմ, որ ցուցասրահի մասով մեր աշխատանքը հաջողվել է, քանի որ այդ գործում ներգրավված են եղել լուրջ ճարտարապետներ, դիզայներներ, թանգարանագետներ և շինարարներ»,- հավելեց Սահակյանը։

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը հայտնեց, որ ցուցասրահի բացումից անմիջապես հետո սկսել են ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսվում է վերականգնել հուշային մասը։

«Դա բավականին լուրջ աշխատանք է ենթադրում, քանի որ, ինչպես տեսաք, տուն-թանգարանը գտնվում է շատ վատ վիճակում։ Դրամահավաքը ևս մեկնարկել է, արդեն իսկ ունենք երկու նվիրատուներ։ Կարծում եմ, որ այս ցուցասրահի բացումը բոլորին կդրդի ավելի լավ գիտակցել կարևորությունը ծրագրի, և մենք շատ ավելի հեշտությամբ կհավաքենք անհրաժեշտ գումարը, կարճ ժամանակում կկարողանանք համապատասխան մասնագետներ գործուղել այստեղ, որպեսզի ամբողջությամբ չափագրում իրականացնեն, նախագիծ մշակեն և այդ նախագիծը ուղարկեն մեր բարերարներին և աջակիցներին։ Նախագիծը նաև կուղարկենք Հայաստանի և Վրաստանի կառավարություններ, քանի որ սա լավագույն և ամենակարևոր ծրագիրն է միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում։ Ինձ մոտ արդեն վստահություն առաջացավ, որ անպայման երկու կողմերը խիստ շահագրգռված կլինեն մասնակիցը լինելու այս կարևոր ծրագրի, և մենք համատեղ ուժերով այս ծրագիրը կյանքի կկոչենք»,- եզրափակեց Մկոյանը։

Ցուցասրահում ներկայացվում են Վահան Տերյանի կյանքի 7 կարևորագույն փուլերը. մանկության տարիները, Լազարյան ճեմարանում ուսանողական կյանքը, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի հետ ունեցած հանդիպումները, թարգմանչական, գիտական, հասարակական և քաղաքական գործունեությունը, ինչպես նաև իր կյանքի վերջին օրերը Օրենբուրգում։ Ի դեպ,  «Arloopa» հեռախոսային հավելվածի միջոցով հնարավոր է «կենդանացնել» ցուցասրահի պատերին նկարված պատկերները։ Համավարակի և պատերազմի պայմաններում ՋԱՀ-ը կարողացավ իրականացնել ծրագրի առաջին փուլը՝ Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնումը։ Երկրորդ փուլով նախատեսվում է կազմակերպել հուշային մասի վերականգնումը, իսկ երրորդ փուլով վերականագնվելու է ամբողջ համալիրը։

 

 

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը մտադիր է նոր վեպ գրել կորոնավիրուսային համավարակի մասին:

«Ես ուզում եմ գիրք գրել հենց կորոնավիրուսի մասին: Դժվար կլինի», - ասել է Քինգը:

Ըստ «սարսափի թագավորի», համավարակն արդեն ազդել է իր նոր՝  «Բիլի Սամերս» գրքի բովանդակության վրա, որը հրատարակվել է այս շաբաթ:

Ըստ սյուժեի՝ հերոսները մեկնել են նավարկության, բայց 2020-ի իրական կյանքում նրանք չէին կարողանա դա անել համավարակի ֆոնին ներդրված սահմանափակումների պատճառով, ուստի աշխատանքում իրադարձությունները զարգանում են 2019 թվականին: