Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։
Հայաստանի արտգործնախարարը շնորհավորել է Հուսեյն Ամիր Աբդուլլահյանին՝ Իրանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի ուղերձում ասվում է. «Ես հավատում եմ, որ ձեր ծառայության ընթացքում երկու երկրները կշարունակեն զարգացնել իրենց բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են խորը պատմական սովորույթների և ավանդույթների վրա, և ես վստահ եմ, որ երկկողմ ջանքերի շնորհիվ օրստօրէ կզարգանա կնդլայնվի երկու բարեկամ ազգերի հարաբերությունները»:
Հայաստանի արտգործնախարաը հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր դերակատարություն ունի Հարավային Կովկասում, և հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգության նոր մարտահրավերները՝ մենք հետամուտ ենք տարբեր ոլորտներում երկխոսության խորացման խնդրին և երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործին»:
----------------------------------------
Պաշտոնական Թեհրանը հուսով է, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունից:
Իրանի դեսպանատնից ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանազատման հարցի՝ օրակարգ մտնելուց ի վեր Իրանը լիահույս է եղել, որ կողմերը հրատապ կերպով կհասնեն այնպիսի փոխընդունելի լուծման, որը կապահովի Հայաստանի և իր հարևանների միջև հարաբերությունների բնականոն ընթացքը՝ նվազագույն հետևանքներով: Նաև հիշեցրել են են, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման և ապաշրջափակման հարցը եղել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված եռակողմ հայտարարությունների հիմնական կետերից մեկը:
Թեհրանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանազատման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց որևէ լարվածության կամ խափանման հաղորդակցության ուղիներում:
«Հուսով ենք, որ կողմերը՝ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը: Ցավոք, վերջին երկու օրերի ընթացքում ականատես ենք լինում այն բանին, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով այս ճանապարհով երթևեկությունը խաթարվել է, ինչը խնդիրներ է առաջացրել ոչ միայն Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքի համար, այլև Իրանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մի շարք իրանական բեռնատարների համար: Այս ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում առկա իրավիճակի բարդությունից ելնելով՝ պահանջվում է, որ կողմերը բարիդրացիության սկզբունքի շրջանակներում ջանքեր գործադրեն՝ հաղորդակցության և երթևեկության բնականոն ընթացքը ապահովելու ուղղությամբ, մինչև այս առումով ճշգրիտ և կոնկրետ իրավիճակի հասնելը: Հետևաբար, մենք դեռ հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանազատման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց որևէ լարվածության կամ խափանման հաղորդակցության ուղիներում», - նշված է Իրանի դեսպանության պատասխան նամակում:
Ինչ վերաբերում է հաղորդակցության բնականոն ընթացքի երաշխավորման կարևորությանը՝ իրանական կողմն ընդգծում է, որ իրենք մշտապես հայտնել են իրենց տեսակետները Հայաստանի իրավասու մարմիններին:
«Լիահույս ենք, որ Կապան-Գորիս երթուղու շահագործման շուրջ առկա տարաձայնությունների լուծման ուղղությամբ ընթացող բանակցություններին զուգահեռ՝ սրընթաց կերպով կընթանան նաև այլընտրանքային երթուղիների բարելավման ու զարգացման աշխատանքները, որպեսզի պայմանները ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ Հայաստանի հետ մեր առևտրային հարաբերությունների տեսանկյունից՝ վերադառնան իրենց բնականոն հունին», - «Արմենպրես»-ին ասել են Իրանի դեսպանությունից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Օգոստոսի 26-ի եռակողմ բանակցությունները ճանապարհի բացման շուրջ, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի փոխանցմամբ, արդյունք չէին տվել, ճանապարհը մնացել էր փակ:
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը և ռուս սահմանապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։
Օգոստոսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակումը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին:
Ադրբեջանի կողմից միջպետական ճանապարհի փակումը անդրադարձել է նաև Իրանից կատարվող բեռնափոխադրումների վրա:ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարները Երևան հասնելու խնդիր ունեն:
-------------------------------------------------
Օգոստոսի 26-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում Կառավարության հնգամյա ծրագիրն ընդունվեց 70 կողմ ձայներով: Կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցեցին Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվելում է և ադրբեջանա-հայկական շփման գծերում հրադադարի ռեժիմի խախտումները սրվելու ֆոնին, Հայաստանի կառավարության պաշտոնյաները շարունակում են հանդես գալ նոյեմբերյան համաձայնագրի պայմաններին հակառակ հայտարարություններով:
Հայաստանի ԱԺ-ում նոր կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայաստանը իր հողից Ադրբեջանը Նախիջևանին միացնող միջանցքի կառուցման իրավունք չի տա Բաքվին»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղության համաձայնագիր ստորագրել, իսկ մյուս կողմից Թուրքիային առաջարկել վերսկսել բանակցությունները՝ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Փորձագետները Հայաստանի վարչապետի հակասական պահվածքը պայմանավորում են որոշ արտաքին ճնշումներով և միջամտություններով:
---------------------------------
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը չի բացառում, որ ՀՀ կառավարության` 2021-2026 թթ. ծրագիրը, ինչպես և նախորդները, չհաջողվի կյանքի կոչել։
-----------------------------------
Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը եւ պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային եւ դրան կից երկու արձանագրություններին համահունչ։
Այս մասին ասել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե իբր Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ Վահան Հունանյանը հայտարարել է. «Հարկ է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար։
Թե՛ պատերազմական գործողությունների ընթացքում, թե՛ հրադադարի հաստատումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային եւ կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման եւ վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Ավելին` ԼՂ-ի կրոնական եւ մշակութային ժառանգության օբյեկտների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ ականատես ենք լինում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրահանգով իրականացվող պատմական փաստերի կեղծման, հայկական հուշարձանների ինքնության եւ պատկանելիության խեղաթյուրման, ճարտարապետական տեսքի փոփոխման անընդունելի դեպքերի»։
«ԼՂ-ի վտանգված մշակութային եւ կրոնական ժառանգությունը միջազգային ուշադրության հրատապ կարիքն ունի՝ այն պատշաճ կերպով պահպանելու եւ վանդալիզմի դեպքերը կանխելու համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացումն ու պատմամշակութային ժառանգության համապարփակ ուսումնասիրությունը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին եւ հնարավոր բացասական զարգացումների կանխարգելմանը:
Հայկական կողմը շահագրգռված է առաքելության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ եւ շարունակում է նպատակամղված ջանքեր գործադրել այս ուղղությամբ»,– հավելել է Վահան Հունանյանը։