Ողջույն բարեկամ-279
Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկաներ: Ձեր ուղեկիցն է հայերեն Ռադիոժամը, Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարը:Ձեզ սիրով ողջունում է Հայերեն ռադիոժամի ողջ աշխատակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, և հոգու ջերմություն։
Բարև ձեզ, հայե’ր:
Ձեռքս մեկնում եմ՝
Դեպ ուր արևը ծագում
Մայր մտնում,
Բացվում է կյանքի ծաղիկն ամեն օր,
Ուր որ շնչում ենք:
Ձեռքս մեկնում եմ,
Ահա սեղմեցեք, –
- Անչա’փ, նվաստս, անչափ ուրախ է
Այս ծանոթության ու բախտի համար։
Ահմադ Նուրիզադե
---
Ցավով տեղեկացանք, որ օգոստոսի 23-ին,70 տարեկանում Թեհրանում մահացել է Հայոց պատմության,մշակույթի և գրականության քաջ գիտակ,թարգմանիչ,հետազոտող,հայերենով ստեղածգործող հայտնի բանաստեղծ Ահմադ Նուրիզադեն։
Ահմադ Նուրիզադեն կատարելապես տիրապետում էր հայերեն լեզվին և գրում էր հայերեն ու պարսկերեն լեզուներով: Նուրիզադեն 15 գրքի հեղինակ է, թարգմանել է հայերեն արձակ և չափածո մեծ թվով գործեր. նրա գլուխ գործոցն է «Հարյուր տարվա հայ բանաստեղծություն» գիրքը (1990 թ.), որտեղ ի մի է բերել հայ մեծ թվով բանաստեղծների լավագույն գործերն ու նրանց կենսագրականը:
Նուրիզադեն ծնվել է Իրանի երբեմնի հայաշատ Անզալի քաղաքում, հայերեն էր սովորել բանաստեղծուհի Արշալույս Բաբայանի մոտ, իսկ գրաբարում հմտացել էր Սպահանի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Խաժակ Տեր-Գրիգորյանի մոտ: Նա` որպես հայ գրականության գիտակ ու նաև հայերենով գրող բանաստեղծ, լայն ճանաչում ուներ Հայաստանում և Սփյուռքում:
Արժանացել էր Հայաստանի «Մովսես Խորենացի» շքանշանին (2001 թ.), Հայաստանի Գրողների Միության «Կանթեղ» մրցանակին (2005 թ.), ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալին (2011 թ.), «Կարպիս Փափազյան» մրցանակին (Վիեննա 2000 թ.): 2001 թվականին արժանացել էր Երևանի Պետական Համալսարանի պատվո դասախոս կոչման (2001 թ.):
Ահմադ Նուրիզադեն իր կոթողային գրքից բացի, առանձին հատորներով հրատարակել է Ակսել Բակունցի, Եղիշե Չարենցի, Նարդոսի, Ստեփան Զորյանի, Հովհաննես Թումանյանի, Հրաչյա Քոչարի, Վահագն Դավթյանի, Գալուստ Խանենցի և Վարանդի գործերի ընտրանի: Նա հրատարակել է նաև հայերենով և պարսկերենով գրած բանաստեղծությունների փունջ:
Նուրիզադեի ավանդը Իրանում հայ գրականության ծանոթացման գործում մեծ է և գնահատելի:
Թող տաղանդավոր գրողի, փայլուն մտավորականի հիշատակն ու անունը,գործն ու թողած հարուստ ժառանգությունը հարատև լինի և ընդմիշտ ապրի մեր սրտերում։