Նոյեմբեր 06, 2021 19:43 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի Ձեր ուշադրությանը։

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։

ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արտաշես Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար:

Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ:

ՀՀ նախագահի հրամանագրով Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը:

-----------------------------------------

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։

Նախարարը կարևորեց երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ։

Իրանի դեսպանն իր հերթին ընդգծեց, որ ՏԿԵ նախարարության հետ լավ համագործակցություն է առկա և վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի նաև առաջիկայում։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի պատմամշակութային խորը կապերը նպաստում են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպանը կարևորել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծել, որ Սյունիքի մարզը կարևոր է նաև իրենց համար և առաջիկայում նախատեսում են տարբեր պատվիրակությունների փոխայցեր, որոնք կկարողանան իրենց մասնակցությունն ունենալ Սյունիքի մարզում իրականացվող տարբեր նախագծերին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ:

Քննարկվել է նաև առաջիկայում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն նախատեսված այցի որոշ մանրամասներ։

----------------------------------

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ, և հայ-ռուսական բազմաշերտ համագործակցության կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում ռազմաքաղաքական, անվտանգային, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքների, հումանիտար ու մշակութային ոլորտները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Nouvelles d'Arménie» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Միևնույն ժամանակ,  Հայաստանը կարևորում է ԵՄ ու ԵՄ անդամ-երկրների հետ տարբեր ձևաչափերում փոխշահավետ և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված համագործակցության զարգացումը:

Նա համագործակցության կարևոր հարթակ է անվանել նաև Արևելյան գործընկերությունը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է ակտիվ ներգրավվածությունն ու աշխատանքը՝ ձևաչափի ներառականության ամրապնդման և համագործակցության խորացման ուղղությամբ։

Խոսելով Հայաստան-Իրան հարաբերությունների մասին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ երկու երկրների միջև առկա են փոխվստահության վրա հիմնված պատմական բարեկամական հարաբերություններ: «Կա երկուստեք պատրաստակամություն՝ առավել զարգացնելու և խորացնելու բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները, առևտրատնտեսական, քաղաքական, ինչպես նաև այլ  ոլորտներում շահավետ համագործակցությունը»,- շեշտել է Միրզոյանը։

Նա հավելել է՝ Հայաստանը լիահույս է, որ միջուկային բանակցությունները կվերսկսվեն,  կունենան բարեհաջող ընթացք, և հնարավորություն կստեղծեն  վերացնելու Իրանի նկատմամբ առկա պատժամիջոցները, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:

-------------------------------

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն առաջնահերթ վերակառուցում է Մեղրիի սահմանային անցակետը։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ծրագրի ավարտը նախատեսվում է 2024թ–ին։ Բայց կորոնավիրուսի պատճառով շինարարական աշխատանքները որոշակիորեն ուշացել են։

«Բնականաբար, Մեղրիի սահմանային անցակետը կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածք է, և նախատեսվում է ամբողջության մաքսային պրոցեսների վերանայված տարբերակին համապատասխանող կառուցվածք։ Այսինքն` ավելի մեծ տարածք` ավելի հարմարավետ մաքսային հսկողության համար, ավելի լավ կահավորված` ավելի հարմարավետ տնտեսվարողների համար»,– ասաց ՊԵԿ նախագահը։

2022թ–ի բյուջեով ՊԵԿ շենքերի կապիտալ շինարարության համար նախատեսված է 1 մլրդ 981 մլն դրամ, ևս 779 մլն դրամ նախատեսված է 2021թ–ի համար։

Նշենք, որ տվյալ գումարը ՀՀ–ին է հատկացրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը` որպես դրամաշնորհ։

--------------------------

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը խորհրդարանում կայացած նիստում հայտարարել է, որ Երևանը նպատակ ունի նվազեցնել Հայաստանի տարածք մուտք գործող իրանական բեռնատարներից գանձվող մաքսատուրքերը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Երևանն ու Թեհրանը քննարկում են «տրանզիտի և ավտոմոբիլային տրանսպորտի երկկողմանի ազատականացման հարցը»։

Քերոբյանը նշել է, որ այս տարվա մայիսին հանդիպել  է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ։

Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի իրականմացրած դիվերսիաները խնդիրներ են ստեղծել  Հայաստան ժամանող իրանցի բեռնատարների վարորդների համար։

--------------------------

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, շեշտել է, որ տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հետ կապված լուծումները առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ արդեն իսկ անցկացվել է աշխատանքային խմբի 8 հանդիպում, որոնցից 4-ը եղել են առկա ռեժիմում, մյուս չորսը՝ տեսակապի:

«Միաժամանակ, գրեթե ամեն օր շփվում ենք հեռախոսով, քննարկում ենք տարատեսակ տարբերակներ, որպեսզի գտնենք ավելի օպտիմալ և բոլոր կողմերի համար առավել ընդունելի երթուղիներ: Դուք գիտեք, որ աշխատել են նաև ճանապարհաշինության ոլորտի փորձագետներ, որոնք հետազոտել են ճանապարհները: Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հենվելով այդ տվյալների վրա՝ հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը:

------------------------------

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն անդրադարձել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հայաստանյան այցին։

----------------------------

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում և աշխարհում ստեղծվել են բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններ և միություններ՝ տնտեսական, քաղաքական և ռազմական նպատակներով:

Տարածաշրջանային  միություններից մեկը Եվրասիական տնտեսական միությունն է։ Միությունը առաջին անգամ ստեղծվել է 2000 թվականին: Միության հիմնական նպատակներն են՝ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկա ձևավորելու ձգտումը, համաշխարհային տնտեսության պայմաններում բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը: ԵԱՏՄ-ի հիմնական անդամներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Չնայած տարածաշրջանում տարբեր երկրների ներկայությանը, ԵԱՏՄ-ն ունի սահմանափակություններ արտաքին աշխարհի հետ շփվելու համար։ Ուստի միությանն   Իրանի միանալը կարող է վերացնել տնտեսական միության սահմանափակումերը: Հետևաբար, վերջին տարիներին Իրանի ղեկավարների օրակարգում է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ընդլայնումը։

Միևնույն ժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Իրանի միանալը կբավարարի անդամ երկրների տարբեր կարիքները: ԵԱՏՄ-ի  հետ համագործակցելու և նույնիսկ այս միությանը միանալու Իրանի կարևորագույն նպատակներից մեկը հասանելիությունն է Ռուսաստանի 150 միլիոնանոց շուկային և միևնույն ժամանակ Ռուսաստանի  հասանելիությունն  Իրանի մոտ 90 միլիոնանոց շուկային։

Նոյեմբերի 1-ից Երևանում բանակցություններ են սկսվել Իրանի և ԵԱՏՄ-ի  անդամ երկրների ներկայացուցիչների միջև՝ արտոնյալ պայմաններով առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը ազատ առևտրի մասին համաձայնագրի վերածելու վերաբերյալ:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության միջազգային հարցերով և առևտրային համաձայնագրերի գծով խորհրդական  Միրհադի Սեյեդին ասել է.«Քննարկումներն անցկացվում են Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավորած պատվիրակության և ԵԱՏՄ հինգ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ներկայացուցիչների միջև»:

Երևանում ընթացող երկօրյա հանդիպմանը կողմերի հիմնական մոտեցումը կենտրոնացած է եղել համաձայնագրի տեքստի վերաբերյալ որոշում կայացնելու վրա, և նախատեսված է եղել բանակցությունների այս փուլում քննարկել Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի տեքստը։

Վերջին մի քանի տարիներին, երբ օրակարգում է Եվրասիական տնտեսական միության անդամների հետ Իրանի փոխադարձ համագործակցության հարցը, միության անդամ երկրներ Իրանի արտահանումն  աճել է ավելի քան 80 տոկոսով։ Սա ցույց է տալիս, որ Թեհրանի և Եվրասիական տնտեսական միության անդամների միջև փոխադարձ առևտրի ոլորտներ կան։