Նոյեմբեր 15, 2021 16:47 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի Ձեր ուշադրությանը։

Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ իր երկրի բարեկամական հարաբերություններն ունեն պատմական անցյալ և հիմնված են փոխադարձ վստահության վրա։

«Կա փոխադարձ պատրաստակամություն Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացման, փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամության խորացման, առևտրատնտեսական, քաղաքական համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտներում շահավետ համագործակցության համար», - ասված է Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ։

Հերքելով «Զանգեզուրի միջանցքի»  վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները՝ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է. «Ադրբեջանը,  սխալ է մեկնաբանում երկու երկրների միջև հրադադարի համաձայնագրի որոշ դրույթներ, հրաժարվում է ազատ արձակել զինվորական և քաղաքացիական գերիներին, հանդես է գալիս ռազմատենչ ու ծավալապաշտական ​​հռետորաբանությամբ»։

----------------------------

Նոյեմբերի 11-ին, կառավարության հերթական նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախորդ օրն Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն սահմանել ոչ միայն Իրանի, այլև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ:

ՀՀ վարչապետն ընդգծեց որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում և խոսքը Էյվազլիի հատվածի մասին է:

ՀՀ վարչապետը հիշեցրեց տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումը. «Երբևէ չենք քննարկել և չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն: Սա ֆիքսված է փոխվարչապետների եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատում, և վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնությունը, և հենց այս համատեքստում է թերևս Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»:Նիկոլ Փաշինյանը ընդգծեց. «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման մասով: Ավելին, մենք շահագրգռված ենք այդ հարցում և հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների»: Նա հավելեց, որ ՀՀ-ն նույնպես անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր:

Նախօրեին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

Կապան-Տաթև ճանապարհը պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար».-ասել է Արմեն Գրիգորյանը:

Ադրբեջանի Հանրապետության հետ հակամարտությունից հետո Իրան-Հայաստան հարաբերությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկու երկրները, բացի երկկողմ համագործակցությունից, պետք է ավելի շատ օգտագործեն տարածաշրջանային կարողությունները՝ առևտրային գոտիների կազմակերպությունները և ազատ գոտիները։

Ամբողջ աշխարհում տարանցման կարևորությունը ապագա միջազգային հարաբերություններում և Երևան-Թեհրան տարանցիկ կարողությունների ներդրումն ու օգտագործումը էական նշանակություն ունեն տարածաշրջանային համագործակցության համար։

Որոշ տնտեսագետներ նշում են. «Առաջնային են Իրան-Հայաստան համագործակցության զարգացման ոլորտները, իսկ Գորիս-Կապան նոր ճանապարհի կառուցումը, Իրանի և Հայաստանի միջև ազատ գոտիների ստեղծումն ու շահագործումը, Իրանի կողմից Սյունիքի մարզում տնտեսական և արդյունաբերական միավորների կառուցումը և Երևանի աջակցությունը խնդրին նպաստելու համար Անվտանգության ոլորտում համագործակցությունը և, ի վերջո, ՌԴ-ի, Վրաստանի և Հնդկաստանի հետ Պարսից ծոցից դեպի Սև ծով և Եվրոպա միջանցքի կառուցման համար համագործակցությունը, վեց կարևոր և առաջնահերթ ոլորտներ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել»:

Այնուամենայնիվ, չնայած ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի որոշ սադրիչ քայլերին, Իրանի քաղաքականությունը հիմնված է միջազգային պաշտոնական սահմանների անփոփոխելիության, բանակցությունների միջոցով խնդիրների լուծման և արտատարածաշրջանային ուժերի մուտքը կանխելու նպատակով անվտանգության տեղայնացման սկզբունքի վրա: Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությունների ընդլայնման խնդիրը պետք է դիտարկել այս համատեքստում:

Հատկանշական է, որ համապատասխան առևտրային ենթակառուցվածքների, ստանդարտ տարանցիկ ուղիների բացակայությունը և տեղեկատվության փոխանակման ցածր մակարդակը Թեհրանի և Երևանի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման կարևորագույն մարտահրավերներն են, իսկ Մեղրիի ազատ գոտին, Իրանի և Հայաստանի նոր տարանցիկ երթուղին, ԵԱՏՄ-ն և Պարսից ծոց-Սև ծով առևտրային միջանցքը երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարմար կարողություններից են։

Միևնույն ժամանակ, նոր ճանապարհից օգտվելու հարցում Իրանի և Հայաստանի քաղաքականությունը կարող է լուծել երկու երկրների վարորդների երթևեկության խնդիրները։

--------------------------

ՀՀ տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանն անդրադարձել է ավտոմոբիլային ու երկաթուղային բեռնափոխադրումների հետ կապված լոգիստիկ խնդիրներին և Տաթև–Աղվանի ճանապարհին։

--------------------------

Նոյեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի, Իգոր Խովաևի և Բրիս Ռոքֆոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։

Արձանագրվել է համանախագահների՝ տարածաշրջան այցի կարևորությունը իրավիճակին տեղում ծանոթանալու համատեքստում։ Հանդիպման ընթացքում կողմերն առաջնահերթ են համարել տարածաշրջանում դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։ Այս առումով Արարատ Միրզոյանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության վրա հարձակումները, որոնք հանգեցրել են զոհերի, ինչպես նաև անընդունելի է համարել շարունակական հայատյաց հռետորաբանությունը:

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Նույն օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հյուրընկալությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը` լիարժեքորեն վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը՝ այդ թվում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև՝ սադրանքների ու հայատյաց հռետորաբանության անընդունելիության վերաբերյալ։

-----------------------

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարել է ազգային դիմադրության շարժում սկսելու մասին: Դաշինքը նպատակ ունի տապալել Հայաստանի գործող իշխանությունը։ Այդ մասին հայտարարվեց նոյեմբերի 7-ին կայացած հանրահավաքի ժամանակ:

Դաշինքի բանախոսները հայտարարել են, որ գործող իշխանությունը չի ծառայում ազգային շահերին, և որ երկրում իրավիճակը կարելի է փոխել՝ ստեղծելով ազգային դիմադրության ճակատ։

Կոալիցիայի ղեկավարները մտահոգություն են հայտնել, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին:

---------------------------------

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում բանավեճ է տեղի ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի միջև:

Ադրբեջանի ներկայացուցիչը նիստի եզրափակիչ մասում խոսք խնդրեց, որպեսզի պատասխանի Գրիգորյանի հիմնական ելույթին, որն ավելի վաղ հնչել էր հենց Ասադովի հիմնական խոսքից ելնելով:

Ասադովը կրկնեց Բաքվի ավանդական թեզերը՝ դիվերսանտներ անվանելով Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին։ Ասադովը նաև հայտարարեց, որ ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այլ կա միայն Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջան:

Խոսքի իրավունք խնդրելով՝ Գրիգորյանը նկատեց, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ամբողջությամբ կատարել և կատարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները: Նա կոչ արեց Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից՝ կրկնելով ավելի վաղ արտահայտած այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:

Հայ գերիների խնդիրը շարունակում է մնալ ամենածանրը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այն խորանում է նրանով, որ Բաքուն հրաժարվում է նրանց հստակ թիվը նշել, ընդ որում՝ Շիրակի մարզի 62 հայ կամավորներից բաղկացած խումբը գերի է վերցվել նոյեմբերին ստորագրված հայտարարությունից մեկ ամիս անց՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ։ Ի դեպ, հենց նրանց մասին էր Ասադովը նշում՝ կամավորներին դիվերսանտ անվանելով։ Նրանցից մի քանիսին Ադրբեջանը վերադարձրել է ականապատ դաշտերի 3 փաթեթ քարտեզների դիմաց։