Նոյեմբեր 15, 2021 16:52 Asia/Yerevan

Հարգելի ռադիոլսող բարեկամներ այսօր զրույցի թեման երջանիկ լինելու մասին է: Երջանկությունը անհասանելի ինչ-որ բան չէ, ինչպես հաճախ կարող է թվալ, և այն ձեռք բերելը կարող է շատ հեշտ լինել, եթե միայն ցանկություն լինի:Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք հոգեբանների տեսակետները երջանիկ լինելու վերաբերյալ:

Վերջին շրջանում հաճախ է խոսվում  մարդու անսահմանափակ հնարավորությունների, երջանկության հասնելու, մտքի ուժի ու նպատակների իրականացման մասին: Այս և, մանսավորապես, իրական երջանկության մասին: Հոգեբան Հրաչյա Ամիրյանի կարծիքով մարդուց, իհարկե, շատ բան է կախված, ավելի շատ, քան կարող է թվալ: Մեզանից յուրաքանչյուրի պոտենցիալ հնարավորությունները, ներքին ռեսուրսները թեև անսահման չեն, բայց իրականում շատ մեծ են: Սա հանրահայտ փաստ է: Հանրահայտ է նաև այն, որ մենք մեր հնարավորությունների չնչին մասն ենք օգտագործում: Եվ եթե սովորենք օգտագործել այդ ռեսուրսները, ապա արտակարգ արդյունքների կարող ենք հասնել: Ի՞նչն է դրան խանգարում: Ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ ճիշտ չեն գնահատում իրենց հնարավորությունները: Այսպես, շատ հաճախ նրանք ձգտում են փոխել այն, ինչն իրականում փոխել չեն կարող (փրկել աշխարհը, փոխել շրջապատող մարդկանց): Մյուս կողմից էլ նրանք հաշտվում են նրա հետ, ինչը փոխել հնարավոր է: Շատերին խանգարում է անվստահությունը, սեփական ուժերին և հնարավորություններին չհավատալը: Եթե այդ անվստահությունը տարիների ընթացքում է ձևավորվել և կայունացել, ապա դա մի րոպեում կամ ժամում չի փոխվի: Ինչ վերաբերում է երջանկությանը, ապա դա հենց այն հարցերից մեկն է, որում առավելապես հենց մարդուց, նրա վերաբերմունքից է կախված, նա երջանիկ կլինի՞ արդյոք, թե՞ ոչ:

Մարդկանց երջանկությունը խանգարող հանգամանքների մասին հոգեբանն ասում է.«Ամենից առաջ' երջանկության վերաբերյալ հստակ պատկերացում չունենալը: Խնդիրն այն է, որ մարդկանց մեծամասնությունը հստակ պատկերացում չունի, թե իրականում ինքն ինչ է ցանկանում, ինչի է ձգտում հասնել: Հստակ նպատակներ չունենալով` մարդիկ առավել հաճախ ընդօրինակում են ուրիշներին: Բայց այդ ընդօրինակված, ուրիշներից փոխառնված նպատակները հաճախ միանգամայն խաբուսիկ են լինում, և իրականում հաջողության ու երջանկության բնավ չեն հասցնում: Արդյունքում լինում է հիասթափությունը, դառնությունը, իզուր և անիմաստ ապրված կյանքի զգացումը:

----

Զանգվածային լրատվամիջոցներով մեզ շարունակաբար ներշնչվում է, որ երջանկությունը սպառման մեջ է, այս կամ այն ապրանքները, առարակները ունենալու մեջ(շքեղ բանակարան, ավտոմեքենա, առանձնատուն, ճոխ հանգիստ և այլն և այլն): Այդ ամենի համարժեքն, ինչ խոսք, դրամն է: Ահա և ստացվում է, որ երջանիկ լինելու համար շատ փող է հարկավոր: Մեզ անընդհատ ներշնչվում է այն մոտեցումը, որ երջանկությունն արտաքին բաների մեջ է, արտաքին հանգամանքների մեջ է: Մինչդեռ դա արմատապես սխալ մոտեցում է: Իսկ արևելյան իմաստությունը հակառակ պնդումն է բերում: Վարպետին հարցրին. «Որքանո՞վ է ճիշտ այն ասույթը, որ երջանկությունը դրամի մեջ չէ»: Վերջինս պատասխանեց, որ այդ ասույթը լիովին ճշմարիտ է և դա հեշտ է ապացուցել: Քանզի դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, կերակուր, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառաներ, բայց ոչ բարեկամներ,  բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, զվարճություններ, բայց ոչ ուրախություն, կրթություն, բայց ոչ խելք: Եվ այն, ինչ թվարկվեց, չի սպառում ցուցակը:

- Երջանկության ամենատարբեր բնորոշումներ կան: Նախ և առաջ, երջանկությունը կարճատև, թեկուզ նույնիսկ շատ բուռն ուրախությունը չէ, որն առաջանում է ուրախալի ինչ-որ իրադարձությունների արդյունքում: Մարդն ինչ-որ հաջողության է հասել, նրա կյանքում ինչ-որ լավ իրադարձություն է կատարվել, ահա և նա ուրախանում է, ցնծության մեջ է: Այդ ամենն անցողիկ է, բավական կարճ է տևում: Երջանկությունն ավելի կայուն և տևական զգացում է, որը կապված է մարդու ամբողջ կյանքից բավարարված լինելու հետ: Եթե մարդն իր կյանքից ընդհանուր առմամբ բավարարված չէ, ապա այդ կարճատև ուրախությունները շուտով կանցնեն և անբավարավածության զգացումը կվերադառնա: Այլ կերպ ասած, երջանկությունը կախված է մարդու կյանքի բոլոր կողմերից, այն կապված է մարդու ինքնաիրացման հետ: Հետևաբար, երջանիկ լինելու համար մարդը պետք է իրացնի իր պոտենցիալ կարողությունները կյանքի բոլոր կողմերում, բոլոր հարցերում: Միայն այդ դեպքում երջանկության զգացումը կլինի կայուն և հարատև: Իրական կյանքում դրան հասնելը դժվար է, այդ պատճառով էլ երջանկության զգացումը երբեմն լինում է ուժեղ, երբեմն միջին ուժգնության, իսկ երբեմն էլ բացակայում է: Կցանկանայի ևս մեկ մոլորություն նշել: Շատերին թվում է, թե երջանկությունը բացառապես միայն դրական ապրումներ են, հաճույքներն են: Իսկ հոգսերը, ջանքեր թափելը, հիասթափությունները կամ բացասական այլ ապրումները անհամատեղելի են երջանկության հետ: Ոմանք նույնիսկ փորձում են այդպիսի ապրելակերպ վարել' խուսափելով ամեն տեսակ տհաճություններց և բացառապես միայն հաճույքների տրվելով: Դրա արդյունքը ողբալի է լինում: Միայն հաճույքները, միայն վայելքները արագորեն հագեցման են հասնում և վրա է հասնում մեծ դատարկությունը, մեծ անիմաստությունը:: Ուղղակի ևս մեկ վկայություն է այն բանի, որ երջանկությունը մարդու ներքին վիճակ է, նրա վերաբերմունքից է կախված, այլ ոչ թե բուն արտաքին պայմաններից ու հանգամանքներից: Այնպես որ, թող ոչ ոք ինքնախաբեությամբ չզբաղվի և իր երջանիկ չլինելն արտաքին պայմաններով «չարդարացնի»:

---

-Մարդիկ երկու տեսակի նպատակներ են ունենում: Առաջին խումբն այն նպատակներն են, որոնք իսկապես այդ մարդունն են, նրա սրտից ու հոգուց են բխում: Եվ կան նպատակներ, որոնք մեզ ներշնչում են դրսից: Պարտադիր չէ, որ դրանք վատ նպատակներ լինեն: Մեր հարազատները, ընկերները, մասնագետները հաճախ են այդպիսի նպատակներ ներշնչում մեզ: Բայց մարդուն ուրախացնել, իսկապես երջանկացնել կարող են միայն մեր էությունից, մեր սրտից բխող նպատակները: Հարկավոր է այդ երկուսը տարբերել իրարից, այլապես մենք կարող ենք շատ ջանքեր թափել և հասնել մեր նպատակին, բայց պարզվի, որ դա ամենևին էլ այն չէր և մենք երջանիկ չենք զգա մեզ: 

Հոգեբանին հարցրել են թե ինքն իրեն երջանիկ մարդ է համարում նա պատասխանել է.

- Այո, ես ինձ շատ երջանիկ եմ համարում: Ավելի ճիշտ' ես դա զգում եմ, որովհետև երջանկությունը ոչ թե միտք է, այլ զգացում է, բավարարվածության, ուրախության զգացում: 

Եղեք առողջ ու երջանիկ: