Նոյեմբեր 20, 2021 04:47 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» ծրագրի մեկնարկը տվեց գրող Նիմա Յուշիջին նվիրված միջոցառմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցերեկույթը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին Հայաստանի գրողների միությունում: Հայ գրողների, գրականագետների, թարգմանիչների մասնակցությամբ քննարկվեցին Նիմա Յուշիջի կյանքն ու ստեղծագործությունները, նրա ավանդն Իրանի ժամանակակից գրականությունում:

ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային շեշտեց, որ Նիմա Յուշիջը  համարվում է Իրանի ժամանակակից պոեզիայի հայր, քանի որ մինչ նա իրանական պոեզիայում մեծ կարևորություն է տրվել ձևին և հնչեղությանը: «Բանաստեղծություն գրելիս պահպանվել են հանգերը, սակայն Յուշիջն արժևորել է բովանդակությունը: Նա հեղինակ է, որը չի զոհել ձևը բովանդակությանը, այլ հակառակն է արել»,-ասաց Թաբաթաբային:

Անդրադառնալով հայ-իրանական գրական կապերին՝ Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային հիշեցրեց, որ Իրանն ու Հայաստանը դարավոր բարեկամներ են, ունեն հարուստ մշակույթ, պատմություն ու քաղաքակրթություն, իսկ նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են թե՛ դասական, թե՛ ժամանակակից գրողների  ճանաչմանը:

Ըստ նրա՝ մշակույթը, գրականությունը, արվեստը հայելի են, որոնք արտացոլում են տվյալ երկիրը: «Ես նկատել եմ, որ հայ գրական համայնքը շատ լավ ճանաչում է Իրանի դասական գրականությունը՝ Ֆիրդուսիի, Օմար Խայամի, Հաֆեզի ստեղծագործությունները, սակայն բաց կա ժամանակակից գրականության ոլորտում, և մեր գործունեությունն ու ժամանակակից գրականության թարգմանությունը միտված են այդ բացը լրացնելուն»,-հավաստիացրեց խորհրդականը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ շեշտեց, որ հայերն ու իրանցիները դարեր շարունակ ապրել են կողք կողքի, տարբեր բնագավառներում երկու ժողովուրդները հաղորդակցվել են, և այդ ամենն արտացոլվել է մեր դասական և ժամանակակից գրականության մեջ:

Միլիտոնյանի խոսքով՝ այդ բարեկամությունը շարունակվում է: «Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում մշտապես  հայ գիրքը ներկայացվում է: Մենք համատեղ մշակութային ծրագիր ունենք, որի շրջանակում  տարիներ շարունակ Հայաստանում հյուրընկալում ենք իրանցի գրողներին, իսկ Իրանում հյուրընկալում են հայ հեղինակներին: Երեսուն տարվա մեջ Իրանն ու Հայաստանը ամուր գրական կապեր են հաստատել: Դա արտացոլվել է նաև նոր գրքերի հրատարակություններով, թարգմանություններով և այլ նախաձեռնություններով»,-ասաց Միլիտոնյանը:

«Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» ծրագրի շրջանակում  նախատեսվում են գրքերի շնորհանդեսներ, պոեզիայի մրցույթներ, տարբեր համալսարանների հետ համագործակցությամբ կոնֆերանսներ և քննարկումներ:

 

 

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի կողմից հայտարարված «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» ծրագրի շրջանակներում ՀՀԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված՝ «Հայ-իրանական ընդհանուր պատմության սկզբնաղբյուրները» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում ներկայացվեցին իրանահայ թարգմանիչ Գարուն Սարգսյանի կողմից հայ պատմագիրների, գիտաշխատողների և գրական ստեղծագործությունների պարսկերեն թարգմանված գործերը:

Գարուն Սարգսյանը բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է և նրա աշխատանքի շնորհիվ Իրանի պատմագետներին հասանելի են դարձել հայ պատմագիրների բազմաթիվ աշխատությունների թարգմանություններ:

Գարուն Սարգսյանն անցած օգոստոսին արժանացավ «Կանթեղ» թարգմանական մրցանակին:

 

«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա փաստավավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր IDFA փառատոնում, որը կանցկացվի նոյեմբերի 17-28-ը Ամստերդամում:

Փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան նշել է՝ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերայից զատ կանցկացվի նաև վարպետի ավելի վաղ շրջանի վավերագրական կինոնկարների հետահայաց ցուցադրություն։

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքի կինոփառատոնում (New York Film Festival-59)։ «Բնություն» ֆիլմի փառատոնային արշավն ու միջազգային հաջողությունները շարունակվում են։

«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության համարտադրությամբ։ «Բնությունը» Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Տարածական մոնտաժի» արքան վերստին անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։

 

 

Մշակույթի ոլորտի համար 2022 թվականին նախատեսվում է հատկացնել 16,5 միլիարդ դրամ կամ 4 տոկոսով ավելին, քան 2021 թվականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Ծրագրերի միջոցները կուղղվեն ֆիլմերի արտադրությանը, միջազգային փառատոներին մասնակցությանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը, թանգարանային ծրագրերին և ստեղծագործողներին աջակցմանը, մշակութային միջոցառումների իրականացմանը. մասնավորապես նախատեսվում է 6 նոր ֆիլմի ստեղծում, 40 նոր ստեղծագործական  նախագծերի իրականացում»,- ասաց Դումանյանը:

 

 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում կայացած համաժողովում, որը նվիրված էր ՅՈւՆԵՍԿՕ-ի ստեղծման 75-ամյակին, հանդես է եկել կովկասյան լեզուների միջազգային օր ստեղծելու նախաձեռնությամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են վրացի առաջնորդի վարչակազմից:

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կովկասյան լեզուների ընտանիքի վրա, դա ամենափոքր լեզվական ընտանիքն է Եվրասիական մայրցամաքում, սակայն այն տասնյակ լեզուներ է ներառում: Աբխազերենը մեկն է այն լեզուներից, որը հնագույն ժամանակներից ի վեր ներկայացնում է Կովկասը: Բոլոր այդ լեզուները վրացականից բացի, գտնվում են անհետացման վտանգի առաջ»,- ասել է Զուրաբիշվիլին:

Կովկասյան լեզվաընտանիքն ավելի քան 30 լեզու է ներառում, որոնք միավորված են 4 խմբում: Լեզվաբանական խմբերում կա կարծիք այդ լեզուների հարազատության մասին:

 

 

Նոյեմբերի 20-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը։

79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված և մինչև 18-19-րդ դարերը քարի բեկորների և մոխրի 3-6 մետր շերտի տակ թաղված հռոմեական հնագույն քաղաքի հնագիտական արտեֆակտների ծավալուն ցուցադրությունն ընդգրկում է Պոմպեյի առօրյան, նիստուկացը, բարքերն ու սովորույթներն արտացոլող կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ և եզակի այլ նմուշներ՝ պատկերացում տալով երբեմնի ծաղկուն քաղաքի կյանքի մասին նախքան ողբերգական վախճանը:

Ցուցահանդեսում տեղ են գտել նաև ժայթքման որոշ զոհերի ծեփապատճենները, որոնք պահպանում են նրանց իրական ձևն ու շարժումները։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության և Պոմպեյի հնագիտական արգելոցի համագործակցությամբ։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2022 թ. հունվարի 16-ը։

 

 

ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը բացվել է նրա մահվան տարելիցի օրը, Մոսկվայի Վագանկովսկի գերեզմանատանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դերասանի որդի Ստեփանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր այդ օրն եկել էին գերեզմանատուն, եւ պատմել է, որ նախօրեին ներկա է գտնվել «Արմեն Ջիգարխանյանի Պրոգրես բեմ» թատրոնում պրեմիերային համոզվելու համար, որ հոր գործն անմահ է:

«Երեկ շատ կարեւոր օր էր. մենք եւ բազմաթիվ ուրիշ մարդիկ սպասում էինք այդ պահին, որպեսզի համոզվեինք, որ մենք շարունակում են Արմեն Բորիսովիչի գործը: Ես շատ հպարտ եմ, որ մենք չենք նվաստացրել եւ կործանել վարպետի գործը: Եւ նրա թատրոնն անմահ է ու կապրի, կզարգանա ու կբարգավաճի»,-հուշարձանի բացման արարողության ժամանակ հայտարարել է Արմեն Ջիգարխանյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը:

Հուշարձանի հեղինակները Ռուսաստանի եւ Հայաստանի վաստակավոր քանդակագործներ Վահե եւ Միքայել Սողոյաններն են: Հուշարձանն իրենից ներկայացնում է Ջիգարխանյանին, որը նստել է գրանիտե պատվանդանի վրա: Արձանի նախատիպն էր Ջիգարխանյանի դերը Մայակովսկու անվան թատրոնում «Սոկրատեսի հետ զրույցներ» ներկայացման մեջ:

«Արմեն Բորիսովիչը ներկայացվել է արդեն տարեց հասակում, ինչպես նրան, ենթադրում եմ, հիշում է մեծամասնությունը: Դա «Սոկրատեսի հետ զրույցներ» ներկայացման իր ամենանշանակալի դերերից մեկն է»,-ասել է քանդակագործ Միքայել Սողոյանը:

Ինչպես պատմել է քանդակագործը, նա ծանոթ էր Ջիգարխանյանի հետ վաղ մանկությունից: «Մենք շատ մտերիմ էինք: Նա կարծես միակտոր կերտվածք էր, որն իր հետեւից թողել է, անշուշտ, վառ հետք»,-նշել է նա:

Հուշարձանը տեղադրվել է հատվածում, որտեղ արդեն տեղադրված էր դերասանի դուստր Ելենայի հուշարձանը, որը կերտվել է Միքայել Սողոյանի հոր՝ Լենինի պարգեւի դափնեկիր Ֆրիդրիխ Սողոյանի կողմից: Այդ հուշարձանը վերականգնվել է եւ տեղափոխվել այնպես, որ համալիրն ունենա ամբողջական տեսք:

 

 

2020 թվականին աշխարհի քսան ամենահայտնի թանգարանների հաճախելիությունը նվազել է 78 տոկոսով՝ հասնելով 22,4 միլիոն մարդու։ artguide.com-ի հաղորդմամբ, հաճախելիության նվազումը կապված է  COVID-19 համաճարակի պատճառով սահմանափակող միջոցառումների հետ։

Ամենաշատ այցելու ունեցել է փարիզյան Լուվրը՝ 2,7 միլիոն։ Երկրորդ տեղում Պեկինի Չինաստանի ազգային թանգարանն է (1,6 մլն), որին հաջորդում են Թեյթ Մոդեռնը (1,43 մլն) և Վատիկանի թանգարանները (1,3 մլն):

 

 

Վինսենթ Վան Գոգի (1853–1890) նկարը, որը գեղանկարիչը պատկերել էր ակվարելով թղթի վրա, նոյեմբերի 11-ին վաճառվել է Christie՚s աճուրդի տան կողմից Նյու Յորքում՝ 35,9 միլիոն դոլարով: Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալությունը, վկայակոչելով աճուրդի տանը։

Այն նախատեսվում էր վաճառել 20-30 մլն դոլարով, սակայն նախնական գինը գերազանցել է մոտ 6 մլն-ով: Ըստ աղբյուրի՝ այդպիսով, այն դարձել է Վան Գոգի՝ թղթի վրա պատկերված ամենաթանկարժեք բնանկարը:

Խոսքը «Խոտի դեզերը Պրովանսում» նկարի մասին է, որը Վան Գոգը նկարել է 1888 թվականին Առլում (Ֆրանսիայի հարավ) գտնվելու ժամանակ, որը տևել Է մեկ տարուց ավելի:

Այդ շրջանում ստեղծված որոշ նկարներ նկարիչը դասել Է իր լավագույն գործերի թվին: Վան Գոգի մահվանից հետո «Խոտի դեզերը Պրովանսում» նկարը ժառանգել է նրա եղբայր Թեոն: Այնուհետև ստեղծագործությունը փոխել Է մի քանի տերերի, ինչից հետո հայտնվել Է նացիստների ձեռքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի օկուպացման շրջանում: Այդ պահից նկարի գտնվելու տեղը մնացել է անհայտ մինչև 1970-ական թվականների վերջը, երբ Christie՚s աճուրդային տունն այն գնել է Միացյալ Նահանգերի ընկերությունից, որը զբաղվում է արվեստի ստեղծագործությունների վաճառքով:

 

 

1979 թվականի դեկտեմբերին Գերմանիայի Ֆրիդենշտեյն ամրոցից հինգ նկար են գողացել։ Երկար ժամանակ հանցագործությունը մնում էր չբացահայտված։ Միայն 2019 թվականին նկարները վերադարձվեցին ամրոց։

Սակայն գործի շատ մանրամասներ դեռեւս մնում են անորոշ, գրում է «Վոկրուգ սվետա» պորտալը՝ հղում անելով  Smithsonian Magazine-ին։

Մասնավորապես, միայն վերջերս է հայտնի դարձել ենթադրյալ կողոպտողի անունը։ Դա կարող էր լինել Արեւելյան Գերմանիայից գնացքի մեքենավար Ռուդի Բերնհարդտը, ով, իբր, կտավներն ուղարկել է մի ամուսնական զույգի  Արեւմտյան Գերմանիա։ Բերնհարդտը մահացել է 2016թ.։ Այս վարկածն առաջ է քաշել Der Spiegel-ի լրագրող Կոնստանտին ֆոն Համերշթեյնը։

Մյուս անակնկալը Ֆրիդենշթեյն ամրոցի նկարների հավաքածուի համակարգող Թիմո Թրյումփերի հայտարարությունն էր։ Արվեստագետը կարծում է, որ հինգ գողացված գործերից մեկը պատկանում է Ռեմբրանդտին։ Նախկինում ենթադրվում էր, որ տարեց մարդու դիմանկարը, որը թվագրված է 1629-ից 1632թթ, պատկանում է  Յան Լիվենսին կամ Ֆերդինանդ Բոլին։

Կտավի հետնամասում պահպանվել է Ֆերդինանդ Բոլի ստորագրությունը։ Երկար ժամանակ համարվում էր, որ դա հաստատում է նրա հեղինակությունը։ Նկարչի վաղ շրջանի աշխատանքները շատ առումներով նման են Ռեմբրանդտի ոճին, որի արվեստանոցում սովորել է Բոլը: Սակայն արվեստաբանները նոր վարկած են առաջ քաշել։ Ստորագրությունը կարող է նշանակել, որ արվեստի գործը պատկանել է Բոլին, սակայն նա չէ հեղինակը։ Նկարը նա կարող էր ձեռք բերել գույքի վերավաճառքի ժամանակ այն բանից հետո, երբ Ռեմբրանդտը սնանկ ճանաչեց: