Մի գավաթ անդորր(285.Հարս-սկեսուր հարաբերություններ)
Հարսների և սկեսուրների հարաբերությունների մասին լեգենդներ են պատմում՝ այնպես, ինչպես փեսաներ-զոքանչների դեպքում է: Բոլոր մարդկանց հետ հնարավոր է եթե ոչ ջերմ-բարեկամական, ապա նորմալ-մարդկային հարաբերություններ հաստատել:
Մարդիկ տարբեր են, հետևապես յուրովի մոտեցումներ են անհրաժեշտ: Հարս-սկեսուր հարաբերությունը ամենաբարդն են, և թվում է թե դարավոր այս խնդիրը երբեք իր լուծումը չի գտնի:
---
Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով` հարս-սկեսուր հակամարտության պատճառները զուտ հոգեբանական են, հաճախ` ենթագիտակցական ոլորտում: Մասնավորապես, հոգեբանի խոսքով, այդ կոնֆլիկտի հիմքում ընկած է խանդը: «Մոր ձեռքից տղային տարել են, հարսն էլ, այսպես ասած` փորձում է իրենով անել, կկարողանա՞ տղային կտրել մորից եւ դարձնել իրենը, ինչի դեմ պայքարում է մայրը: Նա չի ուզում իր զավակին հանձնել ուրիշին, հարսն էլ փորձում է ամուսնուն կտրել մորից»,- ասաց նա: Որդու եւ հարսի կյանքին միջամտելու սկեսուրի բուռն ցանկությունը եւս պայմանավորված է խանդով, քանի որ նա ցանկանում է հրահանգներ տալ, ասել, թե ով ինչ եւ ինչպես պետք է անի:
Խանդից բացի`այդ կոնֆլիկտը կարող է առաջանալ նաեւ ամենատարբեր թեմաներով: Ինչպես ասում է հին հայկական ասացվածքը` «խոհանոցում երկու կին չեն կարող լինել», այսինքն` կոնֆլիկտի առաջացման պատճառ կարող են լինել կենցաղային խնդիրները` տնային գործեր, տնտեսվարություն եւ այլն: Երեխաներին ինչպես դաստիարակելու խնդիրը եւս կոնֆլիկտների առաջացման հիմք կարող է դառնալ, սկեսուրը ուզում է թոռներին իր «փորձված մեթոդներով» մեծացնել, իսկ հարսը` իր: Կոնֆլիկտների առաջացման մեջ, հոգեբանի խոսքով, մեծ դեր ունի նաեւ տարիքը, եթե հարսը տարիքով փոքր է լինում` մինչեւ 25 տարեկան, հեշտ համակերպվում է, մոր պես ընդունում է սկեսուրին եւ բոլոր խնդիրները հարթվում են, իսկ եթե տարիքով մի քիչ մեծ է լինում, ապա արդեն դժվար է համակերպվում:
Հոգեբանի խոսքով` ամենավատ պայմաններում հայտնվում է տղամարդը` մի կողմում մայրն է, մի կողմում` կինը, եւ երկու կողմից անընդհատ փորձում են «սրսկել» մեկը մյուսի դեմ: «Եթե տղամարդը կանգնում է մոր կողքը, լուրջ խնդիրներ են առաջանում, հնարավոր է` նույնիսկ ամուսնալուծություններ, բայց եթե թույլ չի տալիս, ամուսնալուծությունները ավելի քիչ են: Նման կոնֆլիկտներ առաջանալու դեպքում ամենաճիշտը առանձին ապրելն է: Իսկ կոնֆլիկտներ չառաջանալու համար տղամարդը երկու կողմերին պետք է արգելի բամբասել միմյանցից, քննադատել իրար եւ ամեն կողմին բացատրի իր տեղն եւ դերը: Նա պետք է խնդրի առկա թերությունները, խնդիրները լուծել առանց կոնֆլիկտների, միմյանց հանդեպ լինել համբերատար եւ հանդուրժող»,- ասաց նա:
Կոնֆլիկտներից խուսափելու համար հոգեբանը հարսներին եւ սկեսուրներին էլ խորհուրդ է տալիս մտածել, թե դրա հիմքում ինչ է ընկած: «Մայրը պետք է ոչ թե թերություններ գտնելու վրա կենտրոնանա, այլ առավելություններ գտնելու: Հարսն էլ պետք է հասկանա, որ սխալ է տղային մորից լրիվ կտրել եւ անվերապահ իրենով անել, պիտի հասկանա, որ բոլոր դեպքերում նա մայր է: Եթե մի քանի տղաներ է ունենում մայրը, ավելի հեշտ է տանում այդ ամենը»,- ասաց նա:
Սամվել Խուդոյանի խոսքով`հարս-սկեսուր խնդիրներով հոգեբաններին շատ չեն դիմում, գերադասում են ընկերուհիների կամ հարեւանների հետ խոսել, քննարկել:
Ամփոփելով` նա նշեց, որ պետք է ձգտել ամեն գնով պահել ընտանիքը, պետք է մտածել, որ ինչպես եղանակը կարող է փոխվել, մեկ արեւ, մեկ անձրեւ լինել, այնպես էլ ընտանիքում կարող են խնդիրներ առաջանալ:
Որքան էլ ժամանակներն ու մտածողությունը փոխվեն, այնուամենայնիվ, հարս-սկեսուր բարդ և լարված հարաբերությունների դեռ կարելի է հանդիպել մեր օրերում: Հաճախ հարևանի, բարեկամի ընտանեկան այս կամ այն իրավիճակները տեղի են ունենում հենց մեր աչքի առաջ, ու ակամայից չամուսնացած կամ նոր ամուսնանալ պատրաստվող շատ աղջիկների մոտ բացասական տրամադրվածություն է ձևավորվում ապագա սկեսուր-մայրիկի հանդեպ:
---
Հոգեբաններն առաջարկում են քայլեր,որ որոնք կօգնեն պահպանել հարս-սկեսուր նորմալ հարաբերություններն ու խուսափել կոնֆլիկտներից:
Դրական տրամադրվածություն
Հաճախ մեր վատ տրամադրվածությունը խանգարում է նորմալ հարաբերություններ կերտել: Պետք չէ նոր ընտանիք տեղափոխվել սկեսուրների մասին հավանական ու անհավանական պատմություններին ականջ դնելով ու հավատալով: Ապագա սկեսուրի մասին աշխատել լավը մտածել, չէ՞ որ դեռ չեք ճանաչում նրան, ուրեմն ինչու՞ զուր տեղը չարանալ նրա հանդեպ:
Տարիքային տարբերություն + հարգանք
Այն, որ սկեսուրը Ձեզանից տարիքով անհամեմատ մեծ է, դա դեռ չի նշանակում, որ նրան ամեն ինչ ներելի է, բայց հարգանքը մեծի հանդեպ երբեք ավելորդ չի լինում: Նախքան վիճելը, հիշեք, որ նա տարիքով արդեն մեծ է և հնարավոր է առողջական խնդիրներ ունենա վիճելուց հետո: Չարժէ չլվացած ափսեների կամ բաժակների ոչ իրենց ճիշտ տեղը դնելու պատճառով ավելորդ լարվածություն ստեղծել կամ վտանգել առողջությունը:
Անձնական տարածքի ներխուժում
Շատ սկեսուրներ սկզբնական շրջանում չեն հարմարվում իրենց տան մեջ երկրորդ կնոջ առկայությանը: Կամ նրանց նյարդայնացնում է, որ հարսը օրը 3 անգամ չի լվանում հատակը, կամ հակառակը` ձեռք է տալիս նրանց սիրելի ծաղկամանին: Սրանք մանկական կամակորության են նման, որոնք ժամանակի հետ կանցնեն: Հարկավոր է անտեսել ու տունը որոշ ժամանակ դեկորացիոն փոփոխություների չենթարկել: Իսկ անելուց առաջ էլ անպայման խորհրդակցել նրա հետ:
Հանդուրժողականություն
Հանդուրժող լինելն այդքան էլ հեշտ չէ, բայց, եթե սիրում եք ձեր ամուսնուն, ապա գոնե հանուն նրա փորձեք սկեսուրի հետ նորմալ հարաբերություններ պահպանել:
Եվ վերջում` համոզված եղեք, որ ցանկացած կոնֆլիկտ կարելի է հեշտությամբ հարթել, եթե ընտանիքում տիրում է ջերմ սիրո մթնոլորտը:
Գնահատե'ք նրա լավ կողմերը
Չնայած վատ բնավորությանը, փորձեք գտնել և գնահատել նրա լավ կողմերը: Գովեք նրա արժանիքները, թե որքան համեղ է նա պատրաստում, ինչ արագությամբ է մաքրում տունը և այլն: Այսպիսով դուք ցույց կտաք, որ տեսնում և գնահատում եք նրա ջանքերը:
Խորհրդակցե'ք
Փորձեք այս կամ այն հարցի շուրջ խորհուրդներ հարցնել: Հատկապես, եթե հարցը կենցաղային բնույթ ունի: Փորձառու տան տնտեսուհուն դա դուր կգա: Այսպես նա իրեն գնահատված և կարևոր կզգա, ինչն էլ կնպաստի լավ հարաբերությունների հաստատմանը: