Նոյեմբեր 27, 2021 08:49 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի Ձեր ուշադրությանը։

 

Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրանի արտաքին գործերի նախարարին։

Իրանում ՀՀ նորանշանակ դեսպան Արսեն Ավագյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ և նրան է հանձնել իր հավատարմագրերի պատճենը։

Ավագյանը նախկինում աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հարևան երկրների գրասենյակում։ Նա փոխարինել է Արտաշես Թումանյանին։ Թումանյանը Իրանում Երեւանի դեսպանն էր 2015 թվականի փետրվարից։ Նա հետ է կանչվել  հոկտեմբերի 8-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով:

---

Ադրբեջանի վարած քաղաքականության, Հարավային Կովկասում առկա իրավիճակի և Հայաստանի կարևորության մասին Իրանի հասարակական կարծիքը վերջին ամիսներին փոփոխության է ենթարկվել։ Հայկական Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ հիշատակելով, որ անգամ այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ Իրանն իր զորքերը տեղակայեց Ադրբեջանի հետ սահմանին։

«Երկուստեք ԶԼՄ-ներն անընդհատ միմյանց թիրախավորում էին։ Տարածաշրջանային խնդիրները մեկ ամսից ավելի Իրանի հասարակության ուշադրության կենտրոնում էին, և անկախ նրանից, որ հիմա իրանական ԶԼՄ-ների ուշադրությունը թեմայի նկատմամբ փոքր-ինչ նվազել է, ամեն դեպքում, երկրի ղեկավարությունն ուշի-ուշով հետևում է Ադրբեջանի քայլերին»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի դեսպանատներն աշխատում են փոխշահավետ ծրագրերն առաջ տանելու ուղղությամբ․ «Խոսքս, մանավորապես, վերաբերում է ենթակառուցվածքերի զարգացման համար ներդրումներ անելուն։ Այս հարցերը կարոտ են անընդհատ մոնիթորիգ անելու և անընդհատ օրակարգում պահելու։ Դրա համար կարիք կա, որ երկու երկրների դիվանագիտությունը լավ աշխատի»։

Անդրադառնալով իրանական կողմից հնչող հայտարարություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու շուրջ, Ռոբերտ Բեգլարյանը նշեց, որ դա կախված է մի շարք հանգամանքներից։ «Նախ՝ դա կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կբանակցի, ինչ հնարավորություններ կստեղծի դրա համար։ Նաև կարևոր գործոն է Ռուսաստանը, թե Մոսկվան ինչպես կվերաբերի Թեհրանի մասնակցությանը։ Եթե անգամ Իրանն իր մասնակցությունը չունենա գործընթացներում, պետք է ասել, որ նրա համար կարևոր է, որ իր սահմանները չխաթարվեն։ Նաև պետք է ասել, որ բացի դրանից՝ Իրանի համար ցանկալի է, որ իր ներկայությունը Սյունիքում երաշխավորվի, ինչը նպաստավոր է նաև Հայաստանի անվտանգության համար։ Դա արդեն այլ կարգի ռազմավարական մոտեցման և բանակցությունների կարիք ունի»,- նշեց նա։

---

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 26-ին Սոչիում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բացի եռակողմ բանակցություններից, առանձին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Պուտինը, Փաշինյանը եւ Ալիեւը կուրվագծեն Ղարաբաղում կայունության ամրապնդման եւ խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ «Նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք էին բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին, ինչպես նաեւ կուրվագծվեն Ղարաբաղում կայունության ամրապնդման եւ խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ զարգացման հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

---

Միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկվելու, ինչը չի նշանակում, որ հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացումից:

Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա մասնավորապես ասել է. «Մենք նախկինում հայտարարել ենք և հիմա էլ հայտարարում ենք՝ միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկվել, չի քննարկվում և չի քննարկվելու, ինչը չի նշանակում, թե մենք որևէ կերպ հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիների բացման օրակարգից»:

Փաշինյանը հավելել է. «Ես չեմ կարող թաքցնել  և ուղիղ պիտի ասեմ, որ ընդհակառակը, Հայաստանն է  գուցե ավելի շահարգրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիները բացվեն: Եվ միջանցքային տրամաբանությունը, նախկինում էլ ասել եմ, Ադրբեջանը զարգացնում է հենց տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար:  Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի տարածաշրջանային կումունիկացիաների բացման հարցը հանել օրակարգից: Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչքան էլ նենգափոխվի, շատ հստակ  9-րդ կետը ձևակերպված է և ասում է, որ բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիները: Իսկ 2021թ հունվարի 11-ի հայտարարության մեջ ավելի մանրամասն է ձևակերպված, թե ինչպես  է դա տեղի ունենում: Մենք կարծում ենք, որ այս իրավիճակը պետք է ավելի ու ավելի միջազգայնանա, որովհետև սա արդեն Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների հարց չէ: Սա միջազգային իրավունքի և աշխարհակարգի հարց է»: 

---

ՀՀ իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանն՝ առանց նախապայմանների: Եթե և երբ գործընթաց կսկսվի, մենք կտեղեկացնենք հանրությանը իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է խոսնակը:

Հունանյանի խոսքով՝ ՀՀ կառավարության ծրագրում արձանագրված է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների: «Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ ներկա պահին Թուրքիայի հետ որևէ բանակցություն չի վարվում»,- հավելել է ԱԳՆ խոսնակը:

---

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի՝ այսպիսի բարձր մակարդակով առաջին այցելությունն է Հայաստանի Հանրապետություն և հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև  տարածաշրջանի ժողովուրդների միջև երկխոսությանը:

Բարձր ներկայացուցիչ Մորատինոսը ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ուղղությունները և կարևորել Հայաստանի դերն ու մասնակցությունը դաշինքի աշխատանքներին։

Նա հավելել է, որ Քաղաքակրթությունների դաշինքն իր մանդատի շրջանակներում պատրաստ է նպաստել տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, միջկրոնական երկխոսությանը և կրոնական սրբավայրերի պաշտպանությանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում երկխոսության ու հանդուրժողականության խթանմանը միտված քայլերը, միաժամանակ ընդգծելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի  գործողություններին համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետը կարևորել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ ընդգծելով այս հարցում ևս Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը:

Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է նաև ԼՂ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդասիրական առաքելության գործունեության անհրաժեշտությունը:

---

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։

----

Անցյալ տարի, համաճարակի ծանր շրջանում, Ադրբեջանը լայնածավալ աղետալի պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում։ Հատկանշական է, որ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիան մարդկային մեծ կորուստների և բնությանը ահսցված մեծ վնասների պատճառ դարձավ։

Այս կապակցությամբ, Հայաստանի ռազմական փորձագետները նշում են, որ Ադրբեջանը սողացող պատերազմ է վարում: Հայ փորձագետների հավաստմամբ, 2021 թվականի մայիսին, երբ Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք՝ Սյունիքի  տարածքից  երկու կիլոմետր հեռավորության վրա,  կողմերի միջև նոր՝ սողացող պատերազմ սկսվեց, որը շարունակվելու է: Դրա մասին է վկայում Սյունիքում իրականացվածսադրանքը: Ըստ էության, սա լուրջ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար.Այս առնչությամբ ռազմական փորձագետ՝ Վան Համբարձումյանը համոզված  է.«Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանի Հանրապետությունը, ոգեշնչված 44-օրյա պատերազմում տարած հաղթանակով, ընտրել է Սյունիքում սողացող պատերազմի մարտավարությունը»։

Չպետք է անտեսել այն իրականությունը, որ Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանում փորձում են  որոշ օտար կառավարությունների և շահագրգռված կառավարությունների առաջարկությունները իրականացնելու նպատակով, ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի այս տարածաշրջանում իրականացնեն երրորդ կողմի պահանջները: Վերջին մեկ տարվա ընթացքում Իլհամ Ալիևի կառավարության կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու հիմնական պատճառներից մեկը Հայաստանից Զանգեզուրի միջանցքը ստանալն է։ Բաքվի իշխանությունների նպատակն է Թուրքիային ներքաշել Կասպից ծով և Կենտրոնական Ասիա և «թյուրքալեզու» երկրները միացնել Թուրքիային։

Անտարակույս Թուրքիայի պետական այրերը Ղարաբաղյան հակամարտության ընթացքում, բանավոր խոստումների դիմաց հաջողել են Էլհամ Ալիևի կառավարությունից բազմաթիվ արտոնություններ ստանալ:

Ամեն դեպքում, ներկայիս ընթացքի շարունակությունը ապացուցում է , որ ոչ միայն Կովկասի ժողովուրդները չեն շահելու, այլ Թուրքիան, որպես միակ երկիր, որը ներխուժելով հարևան որոշ երկրներ, ձախողել  է բոլոր գծերում, Ադրբեջանի Հանրապետությանը օժանդակելու պատրվակով մտադիր է  Լեռնային Ղարաբաղի ճակատում իր բոլոր ներքին և տարածաշրջանային խնդիրները լուծել Բաքվի  օգնությամբ։