Գեղարվեստական հաղորդում (295)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:
Իրանի Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցահանդեսում ընդգրկված են հրովարտակներ, նկարազարդ ձեռագրեր, ինքնատիպ կազմեր և Ղաջար թագավոր Նասեր Էդ-Դին շահի՝ ծագումով հայ անձնական լուսանկարիչ Անթուան Սևրուգինի լուսանկարները։ Առաջին անգամ ցուցադրվում են արվեստաբան Իվեթ Թաջարյանի անձնական հավաքածուից հախճապակե սալիկներ, հագուստ և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին Մատենադարանում:
Իվետ Թաջարյանը, որը նաև ցուցահանդեսի համադրողն է, ասաց՝ Մատենադարանի հավաքածուի ավելի քան 20 հազար 550 ձեռագրից շուրջ 2 հազար 730-ը արաբական են: Դրանցից 450-ը պարսկերեն ձեռագրեր են, որոնցից 150-ը Ղաջարական ժամանակաշրջանի են:
«Ցուցադրված նմուշների միջոցով ամբողջական պատկերացում է տրվում շուրջ 140 տարվա ընթացքում ձևավորված իրանական արքունական միջավայրի, ազգային արժեքների, ավանդույթների մասին: Ղաջարական ժամանակաշրջանում իրանական իշխանությունները կրկին սկսեցին մեծ ուշադրություն ցուցաբերել հայերի նկատմամբ, և նրանց վիճակը մասամբ բարելավվեց: Երկիրը տնտեսական լճացումից դուրս բերելու նպատակով կառավարությունը հրապարակեց մի շարք հրամանագրեր: Վերջիններս վերացրին հայերի նկատմամբ սահմանափակումները. Արգելվեց բռնի հավատափոխությունը և վերաօրինականացվեցին հայկական եկեղեցիների կալվածքները: Մատենադարանը պահպանում է նման բովանդակությամբ վավերագրեր, որոնցից մի քանիսը ցուցադրության մի մասն են»,-շեշտեց Թաջարյանը:
Նրա խոսքով՝ ցուցադրված նկարազարդ ձեռագրերում նկատելի է, որ նկարիչները հրապուրված են եղել եվրոպական արվեստով և հնի ու նորի համադրմամբ ստեղծել են իրանական Ղաջարական ինքնատիպ ոճը:
Անդրադառնալով Անթուան Սևրուգինի լուսանկարներին՝ համադրողն ընդգծեց, որ այդ աշխատանքները 2017-ին Մատենադարանին է նվիրել Սևրուգինի թոռը:
Միջոցառմանը տեղի ունեցավ նաև Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակվել է «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի հովանավորությամբ:
Գրքի առաջին հատորները գրել է 20-րդ դարի խոշորագույն իրանագետ Հակոբ Փափազյանը: Հինգերորդ հատորը գրելիս Քրիստինե Կոստիկյանը փորձել է պահպանել Փափազյանի մեթոդիկան և սկզբունքները:
«Այս պրակում ընդգրկել է Ղաջարական շրջանի 1798-ից 1829 թվականների 96 հրամանագիր թե՛ շահի, թե՛ արքայազների, որոնք պահվում են կաթողիկոսական դիվանում՝ Մելիք-Շահնազարյանների ֆոնդում: Սա այն ժամանակաշրջանն է, երբ սրվել են ռուս-իրանական հարաբերությունները Կովկասի շուրջ ու վերածվել ռուս-պարսկական պատերազմների: Վավերագրերը կարևորվում են նրանով, որ լիովին արտացոլում են ժամանակաշրջանի իրողություններն ու հայ-իրանական փոխհարաբերությունները նկարագրող լավագույն աղբյուրներն են»,-հավաստիացրեց Կոստիկյանը:
Ցուցադրությունը դիտելու և շնորհանդեսին մասնակցելու էր եկել ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադաշխան Զովուրին, որը ողջունեց դարերի խորքից եկող պատմությունը նման նախաձեռնություններով փոխանցելու գաղափարը: «Մտածում էի՝ ինչ գնահատական կարելի է տալ անձանց, որոնք պատմության հետ են առնչվում և փորձում են արդար ներկայացնել այն: Կարծում եմ՝ դժվար է գնահատել մարդկանց, որոնք ուսումնասիրում, վերլուծում ու ապագա սերունդներին են փոխանցում պատմությունը»,-շեշտեց դեսպանը:
Ցուցահանդեսը և Մատենադարանում կազմակերպված մի շարք այլ միջոցառումներ նվիրված են Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որին ընդառաջ Մատենադարանում մեկնարկել են Իրանի մշակույթի օրերը։

Թեհրանում բացվել է իրանահայ անվանի գրաֆիստ Սերժ Ավագյանի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդես:
Ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր անվանի արվեստագետի առաջին տարելիցի առիթով տեղի է ունեցել Հ.Մ.Ա.Կ.-ի Արվեստից միության համագործակցությամբ:
«Գունավոր ու հասարակ» ցուցահանդեսի կազմակերպիչ-պատասխանատուներից Սանազ Արիանֆարը նշել է, որ ցուցահանդեսով ցուցադրվող գործերը թվով 44-ն են, ներկայացված 40 գրաֆիստ նկարիչների միջոցով:
Արիանֆարը հավելել է, որ Իրանի Գրաֆիստների արհմիության որոշմամբ ու հաստատմամբ Սերժ Ավագյանի մահվան առաջին տարելիցը արվեստով ու ցուցահանդեսով հիշատակելու նպատակով նախաձեռնվել է կազմակերպել գործերի հավաքագրում: «Նպատակը հարգանքի տուրք մատուցելն է մեծանուն նկարչի հիսուն տարվա մասնագիտական գործունեությանը եւ գրաֆիկայի դասավանդմանը, որով նա անթիվ ուսանողներից պատրաստեց հմուտ ու բանիմաց գրաֆիստներ»,- հավելեց Արիանֆարը։
Նա հավելեց, որ նույն առիթով ցուցահանդեսին մասնակցող գրաֆիստները նախագծի մասին տեղյակ են պահվել գործող իրանական տարվա խորդադ-թիր ամիսներին, որոնց ուղարկվել է թեմատիկ ուղեցույց Սերժ Ավագյանի գործերի ու աշխատանքների հայտնի հատկանիշներով:
Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ բացօթյա տարածքում մեծ թվով հանդիսականների ու պարսկախոս հյուրերի ներկայությամբ:
Հատկանշական է, որ ցուցադրության հանված գործերի կողքին ցուցադրվում են նաեւ Սերժ Ավագյանին պատկանող գործերից չորսը, որոնք ժամանակին արվեստագետն իրականացրել է թատերական ներկայացումների պաստառը ձեւավորելու նպատակով:
Ցուցահանդեսը շարունակելու է աշխատել շուրջ մեկ շաբաթ, մինչեւ դեկտեմբերի 3-ը:

Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ նոյեմբերի 23-ին ՀՀ-ի կողմից ներկայացված Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում 2022-2023թթ. երկամյակի համար։
Ս․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի հայտին աջակցել են Կիպրոսը, Իտալիան, Հունաստանը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյակի հայտին՝ Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը և Վրաստանը։

Հանրային հեռուստաընկերության 65-ամյակին նվիրված «Վավերագրելով պատմությունը» ցուցահանդեսում ընդգրկված են արխիվային բացառիկ լուսանկարներ, որոնցում պատկերված են Հանրայինի զարգացման գործում մեծ դերակատարություն ունեցող անձինք՝ մեկնաբաններ, հաղորդավարներ և այլք, ինչպես նաև մեծանուն արվեստագետներ, որոնք հյուրընկալվել են հեռուստատեսությունում. նրանցից են Վիլյամ Սարոյանը, Մարտիրոս Սարյանը, Առնո Բաբաջանյանը, ուրիշներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանական ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին Երևանի պատմության թանգարանում:
«Վաթսունհինգ տարում հայկական հեռուստաընկերության առաքելությունն է եղել Հայաստանի պատմությունը վավերագրելը: Կարծում ենք՝ մենք էլ պարտավոր ենք վավերագրել հեռուստատեսության պատմությունն ու պատշաճ ներկայացնել այն: Այս նախաձեռնությունը այդ պարզ քայլերից է»,- նշեց Հանրայինի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանն ու հավելեց, որ արխիվը կթվայնացվի ու կպահպանվի Հանրային հեռուստաընկերությունում:
Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարևորեց այն փաստը, որ լուսանկարներում պատկերված են մարդիկ, որոնք 65 տարի շարունակ վավերագրել են մեր պատմությունը: «Հայաստանում ամենամեծ տեսաարխիվներից մեկը Հանրային հեռուստաընկերությանն է, և տասնյակ տարիներ Հանրայինի նվիրյալները պահպանել են այդ ամենը և փոխանցել մեզ: Այս ցուցահանդեսը մեր պատմությունը վավերագրողների մասին է»,- ընդգծեց Մովսիսյանը:
ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Վարուժան Օլքինյանն էլ շեշտեց, որ 1970-1990-ական թվականները երազելի ժամանակներ են եղել հայկական ռադիոյի և հեռուստատեսության համար: Նա այդ շրջանը ոսկե դար է համարում, քանի որ այդ տարիներին Հանրայինը հագեցած է եղել բարձրակարգ տեխնիկայով և անգամ Խորհրդային Միության շատ երկրներ՝ Ուկրաինան, Բելառուսը, նախանձել են հեռուստաընկերությանը: «Այդ ամենը այդ տարիներին հեռուստաընկերության ղեկավար Ստեփան Պողոսյանի շնորհիվ էր, մարդու, որը մեծ դերակատարություն ունի հայկական հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում: Այդ ավանդույթներն այսօր էլ շարունակվում են նոր խոսքով, նոր տեսքով, նոր հաղոդավարներով, լրագրողներով»,- եզրափակեց Օլքինյանը:
Ցուցադրույթը շարունակվեց մինչև նոյեմբերի 26-ը:

Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնում (IDFA) Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» (ստեղծագործական նվաճումների համար) հատուկ մրցանակին: Այս մասին հայտնում է «Կինոաշխարհը»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ փառատոնի շրջանակում նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Փելեշյանի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան, որին ներկա է եղել լեգենդար երգչուհի, գրող Փաթի Սմիթը: Հատուկ ֆիլմի համար գրված բանաստեղծությամբ և երգով նա մեծ բավականություն է պատճառել հանդիսատեսին:
Իսկ փառատոնի տնօրեն, սիրիացի պրոդյուսեր Օրվա Նիրաբիան խոսել է կինոյի պատմության մեջ Փելեշյանի՝ վավերագրական կինոյի պոետի ֆիլմերի կարևորության մասին։
Մրցանակը Փելեշյանը պետք է ստանար անձամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չի կարողացել։ Վարպետի փոխարեն այն ստանալու են եկել Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Էրվե Շանդեսն ու ռեժիսոր Անդրեյ Ուջիկան։
Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքի կինոփառատոնում (New York Film Festival-59)։ «Բնություն» ֆիլմի փառատոնային արշավն ու միջազգային հաջողությունները շարունակվում են։
«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության համարտադրությամբ։ «Բնությունը» Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Տարածական մոնտաժի» արքան վերստին անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։

Երևանի Հյուսիսային պողոտայի «Տաշիր Սթրիթ» պատկերասրահում հանրությանը ներկայացվեց «Նվեր Երևանին» նոր ցուցադրությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հանքաշար» ՍՊ ընկերության միջև կնքված համագործակցության մասին հուշագրի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը իր հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ պատրաստել է տարվա լավագույն նվերը քաղաքամայր Երևանին և երևանցիներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության համար հատուկ են ընտրել այս խորագիրը, որպեսզի մեր անվանի գործիչների՝ միմյանց արված նվերների միջոցով հասարակությանը փոխանցեն կարևոր ուղերձներ և ձևավորեն օրիգինալ և թեմատիկ նվերներ մատուցելու արվեստը:
«Մենք նման ցուցադրություններ հաճախ ենք իրականացնում, բայց այս անգամվա ցուցադրությունը տարբերվող է՝ նախ անվանումը «Նվեր Երևանին», երկրորդը՝ ցուցափեղկերում տեղադրված են նվերներ և ուղերձներ ՝ մեծերը՝ մեծերին, մեծերը՝ այլոցից ստացած և այլն: Մենք նաև ուզում ենք ասել, թե մեր հասարակության համար ինչքան կարևոր է իմանալ մեր մեծերի փոխհարաբերությունները : Ինչու չէ, նաև իրար հաճախ նվեր տալու այս գեղեցիկ մշակույթը ձևավորենք, որ մարդիկ էլ ոչ թե գնան թանկության հետևից, այլ օրիգինալության հետևից, իմանան, որ մեր մեծերն էլ իրար նվերներ են արել և դա եղել է շատ բովանդակային և թեմատիկ »- նշեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը:
Ի՞նչ նվերներ են ստացել և միմյանց տվել հայ անվանի գործիչները. Ցուցադրության 10 ցուցափեղկերում տեղադրված QR-կոդերով այցելուները կարող են ներբեռնել ներկայացված ցուցանմուշների և դրանց տերերի մասին ամփոփ տեղեկատվական հոլովակներ՝ հայերեն և անգլերեն:
Ցուցադրությունը գործելու է մինչև 2022-ի մարտը:

«Արևորդի» տասներորդ միջազգային բնապահպանական փառատոնն ամփոփել է արդյունքները. հայտնի են դարձել հաղթող ֆիլմերը և մի շարք ֆիլմեր արժանացել են հատուկ ուշադրության փառատոնի կազմակերպիչների և ժյուրիի կողմից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին» անվանակարգում անկախ ժյուրին հաղթող է ընտրել «Բարակ սառույցի վրա» (On thin ice) ֆիլմը, որը ներկայացվել է գերմանացի ռեժիսորի կողմից։
«Վագրեր սահմանին» (Tigers on The Border) ֆիլմը հաղթող է ճանաչել «Լավագույն կրթական ֆիլմ» անվանակարգում։ Այն ներկայացվել է Լեհաստանի կողմից և ռեժիսորը Կատարժինա Գորնյակն է։ Այս պատմությունը գրավել է լեհերի և ամբողջ աշխարհի ուշադրությունը։
Հատուկ մրցանակ են ստացել «Վայրիից առավել վայրի․ կրակը, անտառները և ապագան» (WILDER THAN WILD: Fire, Forests, and the Future), «Մեղվապահը» (The Beekeeper), «Մարգագետինը․ կորած դրախտ» (The Meadow - Paradise Lost), փառատոնի կազմակերպիչներն առանձնացրել են ևս մեկ ֆիլմ, որն ամենաշատն է դիտվել փառատոնի օրերին՝ «Ֆիլմ սառույցի մասին» (A Short Film About Ice) ներկայացված Մեծ Բրիտանիայի կողմից։
Միջոցառման վերջում հանձնվել են նաև նոյեմբերի 16-17-ին տեղի ունեցած «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով լրագրողական դասընթաց-մրցույթի մասնակից լրագրողների սերտիֆիկատները։
Պայմանավորված համաճարակային իրադրությամբ՝ «Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն անցկացվել է առցանց։
Արդեն 15 տարի է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվում էկո-կրթական մեծ բաղադրիչ ունեցող «Արևորդի» փառատոնը, որն այս տարիների ընթացքում ցուցադրվող ֆիլմերի միջոցով բնապահպանական գիտելիքներ է փոխանցել հազարավոր մարդկանց, հատկապես՝ պատանիներին։
Փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության պահպանության և բնապահպանական կրթության անհրաժեշտության վրա՝ բարձրացնելով հասարակության գիտակցության մակարդակն այս խնդրի առնչությամբ, ընդգրկել հասարակության բոլոր շերտերը` երեխաներին, երիտասարդներին, գործարար հանրությանը: