Ելք դեպի լույս 637
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ֆորղան սուրահի 27-29-րդ այաներ
وَیَوْمَ یَعَضُّ الظَّالِمُ عَلَى یَدَیْهِ یَقُولُ یَا لَیْتَنِی اتَّخَذْتُ مَعَ الرَّسُولِ سَبِیلًا
یَا وَیْلَتَى لَیْتَنِی لَمْ أَتَّخِذْ فُلَانًا خَلِیلًا
لَقَدْ أَضَلَّنِی عَنِ الذِّکْرِ بَعْدَ إِذْ جَاءنِی وَکَانَ الشَّیْطَانُ لِلْإِنسَانِ خَذُولًا
Այդ պահին անհավատն իր մատները պիտի կծի և ասի. երանի հետևեի մարգարեի նշած ճանպարհին:
Վայ ինձ, երանի թե երբեք չբարեկամանայի ոմն (մոլորվածի) հետ:
«Նա պատճառ դարձավ, որ ես թողնեմ (ճշմարտությունը), երբ ինձ քարոզվել էր»: Սատանան մշտապես նվաստացնում է մարդուն:
Այս այան ասում է, որ նրանք, ովքեր լսեցին Աստծո առաքյալների խոսքերը, սակայն ուշադիր չեղան դրանց նկատմամբ և իրենց սիրտը չբացեցին ճշմարտության առջև, հանդերձյալ կյանքում ափսոսելու են այն բանի համար, որ իրենք իրենց նկատմամբ չարիք գործեցին: Նա, ով մոլորվել է ճշմարիտ ճանապարհից, ասելու է. «Այն, ինչ Աստծո մարգարեն բերել էր ինձ՝ ճիշտ ճանապարհով գնալու համար, անտեսեցի և հետևեցի նրանց, ովքեր ինձ տարան դեպի մոլորություն: Երանի, որ այդ անձանց հետ բարեկամանալու փոխարեն, ավելի մոտենայի մարգարեին, որպեսզի չմոլորվեի»:
Աստված այստեղ ասում է . «Սրանք բոլորը սատանայի սադրանքներն են, որպեսզի մարդուն հեռացնեն մարգարեից ու թողնեն մեն-մենակ, ինչի հետևանքով մարդը մոլորվում է: Մարդու բոլոր դժբախտությունները գալիս են սատանայից և նա օգտվում է տարբեր միջոցներից՝ նրան մոլորեցնելու համար: Այդ միջոցներից կարող են լինել նաև ընկերները: Փորձը ցույց է տալիս, որ լավ կամ վատ ընկերները կարող են կարևոր դեր ունենալ մարդու կյանքում: Իսկ քանի որ մարդն ինքն է ընտրում իր ընկերներին, ապա կարող է անգամ նրանցից ավելի շատ ազդեցություն կրել, քան ծնողներից և ուսուցիչներից»:
Աստծո մարգարեին հարցնում են. «Ո՞վ է լավագույն ընկերը»: Նա պատախանում է. «Նա, ում հանդիպելիս դուք հիշում եք Աստծուն, ում խոսքն ավելացնում է ձեր գիտելիքները, իսկ վարքագիծը ձեզ հիշեցնում է հանդերձյալ կյանքի մասին»:
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե այս աշխարհում ուշադիր չլինենք, հանդերձյալ կյանքում ափսոսելու ենք, սակայն դա այլևս օգուտ չի ունենալու մեզ համար:
2. Մարգարեների ճանապարհից հրաժարվելը չարիք է, իսկ նրանց ճանապարհին հետևելը՝ փրկություն:
3. Հնարավոր չէ սրտում տեղավորել երկու տեսակ ընկերություն, քանի որ ընկերությունը մարգարեի ու սրբերի հետ, չի կարելի համատեղել մոլորյալների հետ ընկերությամբ:
4. Վատ ընկերությունը վտանգավոր է մարդու համար: Մոլորված ընկերները համարվում են սատանայի գործակատարները, որոնց պարտականությունն է մոլորեցնել մարդուն:
Ֆորղան սուրահի 30-րդ այա
وَقَالَ الرَّسُولُ یَا رَبِّ إِنَّ قَوْمِی اتَّخَذُوا هَذَا الْقُرْآنَ مَهْجُورًا
Մարգարեն ասաց. «Տեր, ժողովուրդս լքեց Ղուրանը»:
Այս այան անդրադառնում է մարգարեի խոսքին, ասելով, որ այն մարգարեն, ով մարդկանց ճշմարտությունը ցույց տալու համար շատ չարչարվեց ու Աստծո խոսքը նրանց հասցրեց, հանդերձյալ կյանքում, դիմելով Աստծուն, բողոքում է, որ մարդիկ անուշադիր եղան Ղուրանի նկատմամբ: Այս բողոքը չի վերաբերում միայն անհավատներին ու կռապաշտներին, ովքեր ապրել են մարգարեի ժամանակ ու չեն ցանկացել լսել Ղուրանի այաները: Բողոքը վերաբերում է նաև այն մուսուլմաններին, որ ապրում են այսօր և չեն կարդում Ղուրանը, չեն լսում, երբ այն կարդում է մեկ ուրիշը և դրա այաները չեն իրականացնում իրենց առօրյա կյանքում: Դժբախտաբար, այսօր, շատ մուսուլմաններ, Ղուրանի իմաստուն խոսքերին ուշադրություն դարձնելու փոխարեն, ավելի շատ մտածում են, որ այն գեղեցիկ կազմեն ու դրա արտաքինը լինի գեղեցիկ: Նրանք Ղուրանը դնում են գեղեցիկ շրջանակների մեջ ու հարգում այն: Սակայն Ղուրանը պետք է բացել և նրանով դրա ուսմունքների հիման վրա բուժել հոգու վերքերն ու ցավերը և լուծել հասարակության խնդիրները: Ղուրանը ձևական գիրք չէ, որպեսզի միայն սեղանին դրվի կամ դրանից կտավներ պատրաստվեն: Բոլոր ամուսնացող զույգերը, նրանք, որ նոր աշխատանք են սկսում, արվեստագետները, պետք է ուշադրություն դարձնեն Ղուրանի ուսմունքներին: Այո, այսօր առավել քան երբևէ անուշադրության է մատնվել Ղուրանը։ Մուսուլմաններն ունենալով ապրելու համար լավագույն ուսմունքները, ենթարկվում են ուրիշների լծին և իրենց երկիրը կառավարվում է այն ուսմունքներով, որոնք դեմ են Ղուրանին: Նրանց թվում է, որ որքան մոտ լինեն արևմտյան գաղափարներին, այնքան երջանիկ կլինեն:
Այս այայից սովորում ենք.
1. Մարգարեն բողոքում է անգամ հանդերձյալ կյանքում: Նա, ով հույս ունենք, որ պիտի բարեխոսի մեզ համար, բողոքում է, որ մենք չենք կատարում Ղուրանի պատվիրանները:
2. Առօրյա կյանքում Ղուրանի նկատմամբ անուշադրությունը նշանակում է, որ մարդը պատասխան է տալու Աստծո առջև:
3. Ղուրանը չպետք է միայն կարդալ: Պետք է խորհել Ղուրանի այաների շուրջ և ի կատար ածել դրանք: