Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի Ձեր ուշադրությանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքների առնչությամբ հրավիրված ասուլիսում:
«ԵԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, որպես ԵԱՀԿ համանախագահող երկրներ, ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որում նաև ողջունվում են ՌԴ-ի միջնորդական ջանքերը: Անշուշտ, մենք կցանկանայինք տեսնել այս նստաշրջանի ավելի հագեցած արդյունքներ, այդ թվում նաև քաղաքական հռչակագիրը, որն արդեն 10 տարի չի հաջողվում ընդունել»,-ասել է Լավրովը:
Ըստ նրա՝ «բոլորը փորձում են հռչակագիրը հագեցնել իրենց մանր հարցերով կամ այս կամ այն կոնֆլիկտի վերաբերյալ առանձին հղումներով»:
------------------------
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ ապաշրջափակման պարագայում թե՛ երկաթգիծը, և թե՛ ավտոմոբիլային ճանապարհները լինելու են ՀՀ իշխանության ներքո գործող ճանապարհներ։
Տարածաշրջանում որևէ ապաշրջափակման պարագայում երկաթգիծն ու ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ներքո: Ադրբեջանական և թուրքական կողմերի՝ «Զանգեզուրի միջանցք» եզրույթի վերաբերյալ «Հանրային հեռուստաընկերության» հարցմանն ի պատասխան՝ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը մանրամասներ է հայտնել երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների հստակեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներից:
«Վերահաստատում եմ, որ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում էքստերիտորիալ որևէ միջանցքի տրամադրում: Վերահաստատում եմ նաև, որ ապաշրջափակման պարագայում թե՛ երկաթգիծը և թե՛ ավտոմոբիլային ճանապարհները լինելու են լիարժեք Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո գործող ճանապարհներ»,- ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքով` երկաթգծի հետ կապված՝ այս պահին քննարկվում են բացառապես Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի ուղիների վերականգնման և դրանց շահագործման հերթականության, ժամանակացույցի հարցերը: Իսկ ավտոմոբիլային կոնկրետ ուղիների և անվտանգության կազմակերպման հետ կապված հարցերը, ըստ փոխվարչապետի, դեռ քննարկվում են։
Հավելենք, որ Սոչիում եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Զանգեզուրի «տրանսպորտային միջանցքը» իրականություն է դառնում։
Հիշեցնենք` Սոչիում եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր` նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է 2021թ.–ի հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված` տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նոր եռակողմ հանդիպում կլինի, որի ժամանակ կներկայացվեն քննարկման որոշ արդյունքներ, հայտարարություն կարվի կայացրած որոշումների մասին։
---------------------------------
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն անդրադարձել է Սոչիում կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպմանն ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարին։
-----------------------------------
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո», - նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:
--------------------------
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ դեկտեմբերի 2-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։
ՀՀ ԱԳ նախարարը հավելել է. «Առկախված հումանիտար խնդիրների լուծումը, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների և պահվող անձանց անվերապահ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի հետաքննությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, պահանջում են ԵԱՀԿ և նրա համապատասխան մանդատների շարունակական ներգրավվածությունը»։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ ԱԳ նախարարը այցի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Զրույցի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք ծավալման կարևորությունը։
---------------------------------------
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները։
Համատեղ զորավարժությունների նպատակը հատուկ նշանակության միավորված ուժերի մարտունակության և փոխգործակցության բարձրացումն էր մարտական պայմաններում։ Դասընթացը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և վիրավորների հետ աշխատանքներ:
«Նման զորավարժությունները Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի հետ միասին, արտացոլում են երեք երկրների զինված ուժերի հիանալի համագործակցությունը»,- հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը:
--------------------------
Աշխաբադում միաժամանակ կայացել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ տասը երկրների և մերձկասպյան ափամերձ հինգ երկրների գագաթնաժողովը։
Այս հանդիպմանը, որին մասնակցում էր ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, նշանակալի ձեռքբերումներ են գրանցվել էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի և տարանցման ոլորտներում։ Այդ իսկ պատճառով, փորձագետներն Աշխաբադի գագաթնաժողովը համարում են ECO-ի վերջին երեք տասնամյակների կարևորագույն հանդիպումներից մեկը։ Աշխաբադի գագաթնաժողովի ընթացքում ստորագրված կարևորագույն պայմանագրերից մեկն Իրանի տարածքով թուրքմենական գազի Ադրբեջան փոխադրելու եռակողմ համաձայնագրի ստորագրումն է:
Այս կարևոր փաստաթուղթը, որը ստորագրվել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, Իրանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարների ներկայությամբ ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում, նախատեսում է, որ տարեկան 1.5- 2 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազը Իրանի տարածքով կտեղափոխվի Ադրբեջան:
Որպես երկիր, որի համար շատ կարևոր է գազի արտահանումը՝ Թուրքմենստանը միշտ մտածել է իր արտահանման նպատակների դիվերսիֆիկացման մասին։ Այդ պատճառով, Աշխաբադի կառավարությունը այս գազային եռակողմ համաձայնագրի առաջին հաղթողն է։ Թուրքմենստանը, գտնելով իր բնական գազի արտահանման ուղիները, կարողացել է ածխաջրածնային այս արտադրանքի արտահանումը դուրս բերել Չինաստանի մենաշնորհից։ Հատկապես վերջին չորս տարիներին Չինաստանը եղել է թուրքմենական բնական գազի միակ գնորդը։ Այդ իսկ պատճառով Թուրքմենստանը գազի փոխանակման եռակողմ համաձայնագրի առաջին հաղթողն է։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի ջանքերը՝ գտնելու գործընկերներ՝ բնական գազի Եվրամիության երկարաժամկետ կարիքները բավարարելու համար, Ադրբեջանն անկասկած այս եռակողմ համագործակցության համաձայնագրի երկրորդ հաղթողն է։ Ի թիվս այլ բաների, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները ևս մեկ հնարավորություն ունեն վերականգնելու Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը։ Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցությունից և Իրանի դեմ Ադրբեջանի նախագահի բացասական դիրքորոշումներից հետո, Թեհրանի և Բաքվի հարաբերությունները վերջին ամիսներին սրվելու միտում են ունեցել։ Սակայն եռակողմ համաձայնագիրը Բաքվի պաշտոնյաներին ևս մեկ հնարավորություն է տալիս վերականգնելու Իրանի նկատմամբ նրանց գործադրած նախկին սխալները:
Իր հում նավթի և բնական գազի բնական ռեսուրսներով, Իրանը կարող է հեշտությամբ բավարարել Կասպից ծովի բոլոր երկրների և ECO-ի պահանջները նավթի և բնական գազի փոխանակման ոլորտում: Իրանը կարևոր դիրք ունի աշխարհում մոտ քառասուն տրիլիոն խորանարդ մետր ապացուցված բնական գազով, և այս առումով, հատկապես էներգակիրների փոխանակումը կարող է աջակցել տարածաշրջանի երկրներին հարյուրավոր տարիների էներգիայի փոխանցման համար: Սակայն Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների աշխարհագրական դիրքի և այդ երկրների աշխարհագրական սահմանափակումների պատճառով Իրանը կարող է կապել այդ տարածաշրջանների երկրները միջազգային ազատ ջրերով։
Իր հում նավթի և բնական գազի բնական ռեսուրսներով Իրանը կարող է հեշտությամբ բավարարել Կասպից ծովի բոլոր երկրների և ECO-ի պահանջները նավթի և բնական գազի փոխանակման ոլորտում: Աշխարհում մոտ քառասուն տրիլիոն խորանարդ մետր ապացուցված բնական գազ ունենալով, Իրանը հատուկ դիրք է զբաղեցնում աշխարհում և այս առումով, հատկապես էներգակիրների փոխանակումը կարող է աջակցել տարածաշրջանի երկրներին հարյուրավոր տարիների էներգիայի փոխանցման համար: Սակայն Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների աշխարհագրական դիրքի և այդ երկրների աշխարհագրական սահմանափակումների պատճառով, Իրանը կարող է այդ տարածաշրջանների երկրները կապել միջազգային ազատ ջրերին: