Դեկտեմբեր 15, 2021 11:33 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:

 

«Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ «Նիմայական ընթերցումներ - Ժամանակակից պարսկական պոեզիայի զարգացումները» թեմայով:

Հանդիպման սկզբում ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Վարդան Ոսկանյանը, բարձր գնահատելով ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությունը, պարսկական պոեզիան համարեց իրանական մշակույթի ամբողջական արտահայտման և ճանաչողության հայելին, իսկ պարսից պոեզիայի ու դրա զարգացման և կատարելագործման փուլերի իմացության խորացումը՝ անհրաժեշտություն ցանկացած իրանագետի համար, ով այսպիսի մշակույթ և հարուստ գրականություն ունեցող երկրի ճշգրիտ ու խորը ճանաչողության փնտրտուքներում է:

Հայաստանում ԻԻՀ մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային նմանատիպ միջոցառումների հիմնական սահմանումն ու նպատակը համարեց Հայաստանի գիտական, մշակութային և գրական հանրության գիտելիքների ընդլայնումը պոեզիայի և գրականության բնագավառում Իրանի այսօրվա ձեռքբերումների մասին։

 

 

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հայտարարած «Մեկ ամիս Իրանի ժամանակակից գրականության հետ» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը, համագործակցելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական թատրոնի (ԵԹԿՊԻ) և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ, դեկտեմբերի 8-ին նույն ինստիտուտի երիտասարդական թատրոնում կազմակերպել էր «Հայ-իրանական ժամանակակից պոեզիայի երեկո»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման բացումն ազդարարեց ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնի ղեկավար Արսեն Ազիզյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին` համագործակցության առաջարկի համար և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Արմինա Սարգսյանին` կարճ ժամանակահատվածում պարսկերեն  սովորող ուսանողներին պարսկերեն բանաստեղծություններ ներկայացնելուն պատրաստելու համար:

Միջոցառմանը Թատերական ինստիտուտի Երիտասարդական թատրոնի ուսանող- դերասանները ներկայացրին պարսկերենից հայերեն թարգմանված Իրանի ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները, իսկ Բրյուսովի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողներն էլ պարսկերենով ներկայացրին  հայ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններն ու իրանական ժամանակակից պոեզիայից հատվածներ:

Միջոցառումն ուղեկցվեց հայ-իրանական ազգային երաժշտական գործիքների մեղեդային երաժշտությամբ:

Երեկոն ամփոփեց Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին՝  ընթերցելով հատվածներ Իրանի ժամանակակից պոեզիայի ակնառու ներկայացուցիչ Սոհրաբ Սեփեհրիի ստեղծագործություններից:

Միջոցառման ավարտին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը  նշեց, որ Մշակույթի կենտրոնի կողմից առաջարկված համապատասխան իրանցի գործընկեր հաստատության հետ համագործակցության հուշագիրը կկնքվի, ինչով նոր զարկ կտրվի երկու երկրների թատերական համագործակցությանը:

 

 

Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է նոր համակարգիչներով, նոթբուքերով, հիշողության և այլ սարքերով, որոնք կօգնեն էլ ավելի արդյունավետ դարձնել գրադարանի  աշխատանքը:

Տեխնիկան տրամադրել է Հայ կրթական հիմնարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը պատմեց, որ ամիսներ առաջ հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային գրադարանի տնօրեն Անի Բոյաջյանի հետ, և զրուցել են  Ազգային գրադարանի խնդիրների մասին: Հանդիպումից մի քանի ամիս անց Չուլյանը Բոյաջյանից նամակ է ստացել, որում նա խնդրել է գրավոր ներկայացնել, թե ինչի կարիք ունի գրադարանը: Հետագայում Բոյաջյանը նամակն ուղարկել է Հայ կրթական հիմնարկությանը։

«Մեզ համար առաջնային էր մեր գրադարանի տեխնիկական վերազինումը, արդիականացումը երեք ուղղությամբ: Առաջինը համահավաք գրացուցակի համալրումն էր: Պետք էր թարմացնել գրադարանի մշակման բաժնի համակարգիչները: Երկրորդը թվայնացումն էր: Մոտ տասը տարի է՝ թվայնացվում է գրադարանի ամբողջ հայատառ, հայալեզու մամուլն ու գրականությունը, և ավելացել են ծավալները, և ավելի արագ աշխատելու կարիք կա, ուստի պետք էին հզոր համակարգիչներ ու թվայնացնող սարքեր: Կարևոր էր նաև սպասարկումը: Ակտիվ առցանց սպասարկում իրականացնելու նպատակով ևս նոր համակարգիչներ էին պետք»,-շեշտեց Չուլյանը:

Նրա խոսքով՝ նվիրատվությունը կազմում է Ազգային գրադարանի տեխնիկական վերազինման 30 տոկոսը, ինչը մեծ թիվ է:

Հայ կրթական հիմնարկության գործադիր տնօրեն Արմինե Հարոյանն էլ հիշեցրեց, որ հիմնարկությունը 75 տարվա պատմություն ունի: Այն Հայաստանում, ԼՂ-ում և սփյուռքում կրթական գործունեություն է իրականացնում, զբաղվում է դպրոցաշինությամբ և այլ հարցերով: «Մոտ 200 դպրոց է վերանորոգվել: Բազմաթիվ ուսանողների ուսման վարձերն ենք վճարում և այլն: Մեր գործունեության հիմքը կրթությունն է, և դրանից անմասն չէր կարող մնալ Ազգային գրադարանը, որը պետք է հասանելի լինի մարզերում, սփյուռքում: Մոտ 50 մլն դրամից ավելի ներդրում է կատարվել»,- նշեց Հարոյանը՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը երկարատև կլինի:

 

 

Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակաբաշխության «Լավագույն արտասաhմանյան ֆիլմ» անվանակարգում ընդգրկվելու հայտ է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմում օդանավակայանների աուդիտոր Ալենը, որը ֆրանսիացի է, ժամանում է ԼՂ-ի Հանրապետության նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամիներով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե վերաբացվելու համար այդ օդանավակայանը, արդյոք, համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ կինոարտադրություն է: Կինոնկարի ստեղծման վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերություններ. Հայկական «անԷվա պրոդաքշնը» (anEva production), ֆրանսիական «Սիսթր պրոդաքշնը» (Sister productions), բելգիական «Կվասսա Ֆիլմսը» (Kwassa Films):

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

Ֆիլմում գլխավոր հերոսին՝ Ալենին մարմնավորել է ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինը: Նրա խաղընկերներն են Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը, Վարդան Պետրոսյանը, Նարինե Գրիգորյանը և այլք: Կինոնկարի և՛ ռեժիսորը, և՛ սցենարի հեղինակը Նորա Մարտիրոսյանն է:

 

Image Caption

 

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը հաղթել է Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթի «Լավագույն դրամա» անվանակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը:

Ֆիլմը 1990-ական թվականների Հայաստանի մասին է:

«Tokyo Film Awards»-ը Ճապոնիայի ռեժիսորների և հեռուստատեսության ներկայացուցիչների կողմից նախաձեռնված կինոմրցույթի հարթակ է, որը հիմնականում ուշադրություն է դարձնում կարճամետրաժ ֆիլմերի վրա՝ փորձելով բացահայտել երիտասարդ տաղանդներին:

 

 

Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմը հոկտեմբերի 15-ին «Անիմեսթ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում (Animest International Animation Festival, Ռումինիա) իր համաշխարհային պրեմիերայից հետո ցուցադրության համար ընտրվել է 6 միջազգային կինոփառատոնների կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմը կցուցադրվի Հարավային Կորեայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Ղազախստանի, Շրի Լանկայի, Ֆրանսիայի միջազգային ճանաչում վայելող կինոփառատոններում:

 Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

 

 

«Սալոն 2021» ցուցահանդեսում շրջելով՝ արվեստասերները կարող են տեսնել Հայաստանի նկարիչների միության անդամների ավելի քան 150 աշխատանք՝ քանդակներ, կտավներ, գրաֆիկական գործեր, դեկորատիվ-կիրառական արվեստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որը գործում է Նկարիչների միության երկու ցուցասրահում, բացվեց Նկարիչների միջազգային օրը՝ դեկտեմբերի 8-ին:

Միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ ներկայացված են տարբեր շրջաններում ստեղծված գործեր: «Ինձ համար շատ  ուրախալի է, որ ցուցահանդեսը բացվեց Նկարիչների միջազգային օրը: Շնորհավորում եմ նրանց, մաղթում, որ  հնարավորինս անհոգ լինեն, ստեղծագործեն, ներկայանան թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի տարբեր հեղինակավոր մշակութային օջախներում»,-նշում է Սաֆարյանը:

Միության նախագահը 2021-ի կարևոր իրադարձություններից է համարում միության «Արվեստանոց» պարբերականի լույս ընծայումն ու հիշեցնում, որ երկու համար արդեն հրատարակվել է, այժմ աշխատում են երրորդի վրա: Հաջորդ տարի նախատեսում են մի շարք հետաքրքիր ցուցահանդեսներ կազմակերպել, իսկ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում էլ հանդես կգան Ռուսաստանում:

Նկարիչ Տիգրան Ասատրյանը «Սալոն 2021»-ում ներկայացրել է «Սատիրը և Նիմֆան» կտավը, որին յուրովի է մոտեցել: «Հերոսները կտավում ծերացել են, բայց իրենց չեն կորցրել: Այս գործը նկարել եմ մի քանի տարի առաջ և չեմ կապում մեր իրականության հետ: Ազատ եմ մոտենում թեմաներին: Մեր երկրում, աշխարհում կատարվող իրադարձությունները արվեստ բերելը առաջնահերթություն չեմ համարում, նկարում եմ այն, ինչը պատկերացնում ու զգում եմ»,-խոստովանում է Ասատրյանն ու ընդգծում, որ ցուցահանդեսով փորձել են վառ գույներ մտցնել իրականություն:

Քանդակագործ Աշոտ Բաղդասարյանի «Աթոռ Շագալ», «Աթոռ Դալի» բրոնզաձույլ քանդակները նվիրված են մեծ հեղինակներին: Պատմում է, որ «Աթոռ» քանդակների իր շարքը բազմազան է և տարբեր թեմաներ է շոշափում: «Աթոռը ինձ դուր է գալիս, քանի որ այն ֆոն է ստեղծում, ասես թատրոնի վարագույր լինի կամ երկրորդ պատ, որի վրա հնարավոր է ինչ-որ բան տեղադրել»,-նշում է քանդակագործը: Ասում է, որ Վան Գոգին նվիրված քանդակ ևս ունի, չի բացառում, որ հետագայում նաև հայ մեծանուն նկարիչներին նվիրված շարք ծնվի:

Ցուցահանդեսին Հայաստանի նկարիչների միության գործընկերները, դիտելով ներկայացված աշխատանքները, նվերներ հանձնեցին մի խումբ ստեղծագործողների:

 

 

Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ ծրագրում է գնել 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի «Դրոշակակիրը» հայտնի ինքնանկարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Կառավարությունը ձգտում է հասնել այն բանին, որպեսզի խորհրդարանը հավանություն տա կտավի գնմանը, որը չափազանց կարևոր է համարվում հոլանդական մշակույթի և պատմության համար: Ինքնանկարը գնելու համար հատկացվել է 150 միլիոն եվրո (170 միլիոն դոլար) այն դեպքում, երբ թանգարանի հիմնադրամը ևս 10 միլիոն եվրո կավելացնի, իսկ Ռեմբրանդտի ասոցիացիան՝ 15 միլիոն եվրո:

Նիդեռլանդները որոշել է կտավը Ռոտշիլդների մասնավոր հավաքածուից գնել այն բանից հետո, երբ Ֆրանսիան հրաժարվել է ինքնանկարը գնելու իր իրավունքից և թույլ տվել այն վաճառել բաց շուկայում: Հոլանդացի նկարչի կտավը Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական ճյուղին է պատկանում 1844 թվականից: Ինքնանկարն ստեղծվել է այն ժամանակ, երբ նկարիչը 30 տարեկան էր: 1636 թվականի նկարում Ռեմբրանդտն իրեն պատկերել է որպես դրոշակակիր, որը գլխավորում է ութսունամյա պատերազմը, որի գագաթնակետը դարձել է 1648 թվականին Նիդեռլանդների անկախությունը: