Ելք դեպի լույս 643
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ֆորղան սուրաhի 53-րդ այա
Ամենակարողն է, որ երկու ծովերն իրար մոտեցրեց, որոնցից մեկն անուշ ջուր ունի և մյուսն աղի և նրանց մեջ տեղավորեց քավարանը,որպեսզի դրանք չխառնվեն:(Ասես մեկը մյուսին ասում է՝) Եղիր հեռու և մի մոտեցիր:
Այս այայում ասվում է, որ Աստված ոչ միայն անձրևն է ստեղծել, այլ ծովերը, որոնց մի մասի ջուրը քաղցր է, իսկ մյուսներինը՝ աղի: Այդուհանդերձ, նրանք իրար չեն խառնվում և նրանցից յուրաքանչյուրը պահպանում է իր առանձնահատկությունը: Այլ խոսքով, աղի ու քաղցր ծովերի միջև գոյություն ունի աներևույթ շղարշ, որի միջոցով դրանք չեն խառնվում իրար: Այսօր պարզվել է, որ աղի ու քաղցր ջրերի խտության և քաշի տարբերության պատճառով, դրանք չեն խառնվում: Որոշ տեղերում այս ջրերը գտնվում են կողք կողքի: Մյուսը վերաբերում է գետերի ջրերին, որոնք քաղցր ջրերը տանում են դեպի ծով: Քաղցրահամ ջրերը շատ կարևոր են ծովերի ափերի մոտ ապրող մարդկանց համար: Նրանք այդ ջրերից օգտվում են նաև ոռոգման համար: Նույնը վերաբերում է մարդկային կյանքին: Չնայած հավատացյալն ու անհավատը կարող են ապրել միևնույն վայրում, սակայն նրանց միջև առկա անտեսանելի արգելքը թույլ չի տալիս, որ անհավատությունը մուտք գործի հավատացյալների սրտի մեջ:
Այս այայից սովորում ենք.
1 . Բնությունը գտնվում է Աստծո վերահսկողության տակ: Նա է ստեղծել բնությունը և դրա օրենքները:
2. Կենդանի էակներին անհրաժեշտ է և' աղի և' քաղցր ջուր:
3. Ցամաքի վրայի էակներին անհրաժեշտ է քաղցր ջուր, իսկ ծովում ապրող էակներին՝ աղի ջուր: Աստված երկուսն էլ ստեղծել է:
Ֆորղան սուրաhի 54-րդ այա
وَهُوَ الَّذِی خَلَقَ مِنَ الْمَاء بَشَرًا فَجَعَلَهُ نَسَبًا وَصِهْرًا وَکَانَ رَبُّکَ قَدِیرًا
Աստված է,որ ջրերից ստեղծեց մարդկանց ու նրանց միջև հաստատեց արյունակցական ու բարեկամական կապեր: Նրա զորությունն անսահման է:
Այան ասում է, որ Աստված առաջին մարդկանց ստեղծել է ջրից, դրանից հետո, մարդը ստեղծվել է սաղմից: Հետևաբար, մարդու կյանքը կախված է ջրից: Եվ բացի Աստծուց, ով կարող է մի կաթիլ սաղմից նման հրաշք ստեղծել և այն դարձնել մարդ, ով ունի լեզու, ականջ, աչք, սիրտ , ուղեղ և այլ օրգաններ: Սա Աստծո ուժի ապացույցն է: Այնուհետև այան խոսում է սերունդների փոփոխությունից և ասում, որ ամուսնությունից հետո ծննդաբերությունը և բարեկամական կապերը գոյություն ունեն միայն մարդկանց միջև: Դա աստվածահաճո է և այս կապակցությամբ գոյություն ունեն հատուկ սկզբունքներ: Այդ կապերը մարդկանց միջև ստեղծվում են ծննդաբերության միջոցով: Դրանք են հոր, մոր, եղբոր, քրոջ, տատի, պապի, հորեղբոր, մորեղբոր և այլ բարեկամների միջև կապերը: Երբ մարդն ընտրում է իր կողակցին, առաջանում են նաև այլ բարեկամական կապեր:
Այս այայից սովորում ենք.
1. Բոլոր մարդիկ ստեղծվել են մի նյութից, ուրեմն ռասայական խտրություններն անիմաստ են:
2. Մարդը կենդանիներից ֆիզիկապես չի տարբերվում, քանի որ երկուսն էլ ստեղծվել են ջրից:
3. Մարդու ստեղծման վերաբերյալ ուսումանսիրությունը, սկսած սաղմնային վիճակից, Արարչի ուժի լավագույն ապացույցն է:
Ֆորղան սուրահի 55-րդ այա
Նրանք Աստծուց բացի պաշտում են չարիք ու բարիք գործելու անկարող բաների:Անհավատները միմյանց օգնականն են իրենց Տիրոջ դեմ:
Կռապաշտները, որ Աստծուն ընդունում էին կուռքերի մեջ, իրենց կյանքը կապում էին տարբեր էակների ու իրերի հետ և պաշտում դրանց: Այս այան ասում է. Այդ կուռքերը ձեր կյանքում որևէ դեր չունեն: Եթե Աստված ցանկանա վնասել ձեզ, նրանք ձեզ չեն կարողանա օգնել: Ուրեմն ինչո՞ւ եք Աստծուն պաշտելու փոխարեն, պաշտում կուռքերին: Բոլոր էակներն արարվել են Աստծո կողմից և առանց Աստծո կամքի, չեն կարող որևէ դերակատարություն ունենալ ձեր կյանքում: Աստված ձեզ արարել է, թույլ տվել օգտվել բոլոր միջոցներից՝ ձեր նպատակներին հասնելու համար: Այնուհետև այան ասում է, որ կռապաշտներն ու անհավատները մոլորեցնում են իրար ու սխալ գաղափարներ տարածում: Հետևաբար հավատացյալները պետք է ամուր լինեն իրենց հավատքի մեջ:
Այս այայից սովորում ենք.
1. Աշխարհիկ կյանքում միայն Աստված է մեզ տալիս բարիք և մեզանից հեռացնում չարիքը: Ուրեմն պետք է պաշտել նրան:
2. Ինչպես որ անհավատներն են միմյանց աջակցում, հավատացյալներն էլ պետք է միասնական լինեն, որպեսզի չպարտվեն: