Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:
Կողմերն արձանագրել են երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բազմաթիվ ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` այն դիտարկելով որպես բարեկամ երկրների միասնական տեսակետների շրջանակի ընդլայնման առանցքային պլատֆորմ: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը:
Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության անհրաժեշտության շուրջ: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքագծին` նշելով, որ այն բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլեւ` տարածաշրջանի մյուս երկրների վրա:
Հանդիպման ավարտին Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆիի` Իրան պաշտոնական այցի հրավերը:
Պատվիրակությունը նաև առանձին հանդիպում ունեցավ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի, անդամներ Մխիթար Զաքարյանի ու Հռիփսիմե Ստամբուլյանի հետ, որին ներկա գտնվեց Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը: Հանդիպման ժամանակ կարևորեց Մեղրու ազատ տնտեսական գոտու զարգացման հարցը:
--------------------
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպեց Իրանի իսլամական մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:
Հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշն իր խոսքում կարևորել է Հարավային Կովկասի դերը ԻԻՀ համար: Մասնավորապես ընդգծել է, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը նշել է Հայաստանի կարմիր գծերը, ինչպես նաև ընդգծել Հայաստանի կողմից ավելի վաղ առաջ քաշված «խաղաղության դարաշրջան» սկսելու հրամայականը, որը նաև համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ: ԱԽ քարտուղարը նաև կարևորել է Երևան-Նախիջևան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման:
Հանդիպման վերջում զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում փոխգործակցության շարունակության անհրաժեշտությունը:
-------------------
Դեկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին:
Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարեկամական հարաբերություններն ու սերտ փոխգործակցությունն ունեն հարուստ պատմություն։
Երկու երկրների կապերի խորացման և ամրապնդման գործում, ըստ Նորին Սրբության, իր մեծ նպաստն է բերում նաև Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողացել է պահպանել իր ազգային մշակույթն ու արժեքները։ Իր հերթին Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանն Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցեց իրենց այցի ծրագրերի և ակնկալիքների վերաբերյալ։
Վերջինս հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարևոր նկատեց նաև երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը։ Պրն․ Սեյեդ Մեհդի Ֆարշադանը, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանն արցախյան պատերազմի և հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցություն համար։ Իր բարեմաղթանքները բերելով Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն՝ Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական հանդիպումները բարի արդյուքներ կարձանագրեն ի նպաստ բարեկամ ժողովուրդների փոխհարաբերությունների առավել սերտացման։
---------------------
Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Իրանը չի միջամտում ռազմական և անվտանգության հարցերին։
Սաուդյան Arab News թերթին տված հարցազրույցում, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Երևանի և Թեհրանի հարաբերությունները բարեկամական են:
Անդրադառնալով Իրան-Հայաստան էներգետիկ փոխանակումներին Արմեն Սարգսյանն ասել է. «Իրան-Հայաստան հարաբերությունների հիմքը պատմական, քաղաքական և մշակութային են և այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա»։
Հայաստանի նախագահն անհիմն է համարել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանին ցուցաբերած Թեհրանի գաղտնի աջակցության մասին լուրերը։
----------------------
«3+2» ձևաչափի առաջին նիստի ընթացքում քննարկվել են հետագա հանդիպումների ընդհանուր սկզբունքներին վերաբերող հարցեր։ Այս մասին դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն ինչ քննարկել ենք նախկինում, այդ շրջանակն է եղել։ Մեր ներկայացուցչի ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ դրական տպավորություն ունենք առաջին հանդիպումից, որը չի նշանակում, որ այն ռիսկերը, որոնց մասին ահազանգում են, չկան։ Բայց ընդհանուր առմամբ «3+2» ձևաչափը համապատասխանում է Կառավարության ծրագրի այն դիրքորոշումներին, որ մենք ուզում ենք տարածաշրջանայաին խոսակցություններին մասնակից լինել։ Եթե մենք երկկողմ ձևաչափով բանակցում ենք Ադրբեջանի հետ, արդեն բանակցելու ենք Թուրքիայի հետ, Իրանի հետ մեր երկխոսությունը մշտական է, Ռուսաստանի Դաշնությունը մեր մշտական գործընկերն է, անտրամաբանական կլինի, որ այդ միջավայրում չենք ուզում խոսել, եթե առանձին-առանձին բոլորի հետ խոսում ենք»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ առկա են հոգեբանական խնդիրներ՝ սկսած հանդիպումների վայրի ռոտացիայից։
«Սկզբունքորեն տրամաբանական կլիներ, որ առաջին հանդիպումը Մոսկվայում է տեղի ունեցել, հետո մայրաքաղաքներում այդ հանդիպումները տեղի ունենային։ Իհարկե, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մայրաքաղաքների համար կա ուղիղ հոգեբանական, քաղաքական և բարոյական բարդություններ։ Բայց, ի վերջո, ռազմական առումով մենք դեպի ո՞ւր ենք ուզում շարժվել։ Այնպես չէ, որ այդ ֆորմատում տանիքից մանանա է թափվելու, բայց մյուս կողմից դա խոսակցություն է, որին մենք պետք է ներկա լինենք մեր երկրի շահերը մաքսիմալ պաշտպանելու համար։ Ի՞նչ իմաստ ունի այդ ձևաչափը ձևավորել և հաջորդ պահին ձախողել։ Եթե տեսնենք, որ այդ ձևաչափը չի համապատասխանում Հայաստանի շահերին, մենք չենք մասնակցի այդ պրոցեսին։ Նախնական տպավորությունները դրական են, ինչը, իհարկե, չի նշանակում, որ հաջորդ հանդիպումները կլինեն նույն կերպ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
---------------------------
Մեդիափորձագետ Արթուր Պապյանն անդրադարձել է տեղեկատվությանը, ըստ որի`Ադրբեջանի ԱԳՆ-ն Google-ից պահանջել է քարտեզներից հանել ԼՂ-ի հայկական անվանումները։
---------------------------
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անցած շաբաթ մեկնեց Բաքու, որտեղ հանդիպեց իր ադրբեջանցի գործընկերոջը, նախագահ Իլհամ Ալիևին և մի շարք այլ պաշտոնայների:
Այցից առաջ Աբդոլլահյանը հայտարարել էր. «Թեհրանի և Բաքվի հարաբերությունները, չնայած վերջին ամիսներին ծագած որոշ թյուրիմացություններին, լավ են, կայուն և զարգացող: Եվ չնայած այդ հարաբերությունները երբեմն հայտնվել են արտաքին քաղաքականության ու լրատվական քարոզչության ազդեցության տակ, սակայն դիվանագիտական ջանքերը թույլ չեն տվել, որպեսզի դրանցում երկարաժամկետ լարվածություն առաջանա»:
Իրանն ու Ադրբեջանը չորս պատճառով, առանձնահատուկ վերաբերմունք ունեն իրար նկատմամբ:
Առաջին պատճառը երկու մուսուլման երկրների հարևանությունն է և կրոնական, մշակութային և լեզվական ընդհանրություններն են։
Երկրորդ պատճառը հարաբերությունների զարգացման և համատեղ նախագծերի իրականացման համար երկու երկրներում առկա կարողությունների օգտագործումն է: Իրանը էլեկտրակայաններ կառուցելու տեխնոլոգիա ունեցող երկրներից է։
Երրորդ պատճառը Իրանի ջանքերն են՝ ուղղված տարածաշրջանային լարվածությունը թուլացնելուն: Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ հակամարտության պատճառով, Կովկասյան տարածաշրջանը ճգնաժամային և լարված վիճակում է:
Այս հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշումը երկրների տարածքային ամբողջականությունը հարգելն է և տարածաշրջանում սահմանների փոփոխությանը դեմ հանդես գալը:
Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման մյուս պատճառը տարանցիկ հնարավորությունների օգտագործումն է:
Աշխաբադում վերջերս կայացած ԷԿՕ-ի գագաթնաժողովում Իրանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է գազի փոխանակման համաձայնագիր: Ըստ այդ համաձայնագրի, Թուրքմենստանն Իրանի տարածքով օրական 5-6 միլիոն խմ գազ կտեղափոխի Ադրբեջան: Իսկ Իրանը, որպես միջնորդ, կապահովի իր 5 նահանգների գազամատակարարումը:
Վերոնշյալը վկայում է, որ թեև որոշ հարցերում Իրանի ու Ադրբեջանի միջև կարող են լինել տարաձայնություններ, սակայն կողմերն ունեն խոչընդոտները վերացնելու լուրջ կամք: Թեհրանն ու Բաքուն շարունակում են դրական շփումներն ու խորհրդակցությունները՝ հարաբերություններն ամբողջությամբ զարգացնելու և թյուրիմացությունները հարթելու համար: Եվ Իրանի արտգործնախարարի այցը Բաքու պետք է գնահատել որպես հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր քայլ։