Հունվար 30, 2022 15:56 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ այս թողարկման ընթացքում նախ կխոսենք ծնող-երեխա հարաբերությունների մասին,ապա ծնողներից զավակների նեղանալու մասին:

 

Հոգեբան Անուշ Ալեքսանյանը ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին ասում է.«Ծնող-երեխա հարաբերությունները՝ հարաբերությունների ամենաբարդ տեսակներից են, որովհետև այս փոխհարաբերություններում կան մի շարք առանձնահատկություններ, որոնք չկան այլ տեսակի հարաբերություններում: Այստեղ ակնկալել դասական իմաստով փոխադարձ վերաբերմունք միմյանց նկատմամբ անհնար է և անհեթեթ: Այստեղ հարաբերությունները մեկ ուղղությամբ են ընթանում: Այսինքն՝ ծնողներն ինչ-որ բաներ տալիս են երեխաներին, իսկ երեխաներն այդ ամենը լիարժեքորեն վերադարձնելու հնարավորություն չեն ունենում: Սա որոշակի յուրահատուկ երանգ է փոխանցում այս հարաբերություններին: Արդյո՞ք մենք գիտակցում ենք այս նրբությունները և չենք ակնկալում փոխադարձություն, արդյո՞ք այդ փոխադարձությունը հնարավոր է այս հարաբերություններում:

Մյուս կարևոր առանձնահատկությունը փոխադարձ կախվածությունն է, որ կա ծնող-երեխա հարաբերություններում: Այս կախվածությունը ազդեցություն է ունենում այս հարաբերությունների մեջ սիրո դրսևորման տեսանկյունից: Երբ որևէ հարաբերության մեջ կա կախվածություն, խոսք չի կարող լինել սիրո մասին: Սերը կարողանում է լիարժեքորեն դրսևորվել, երբ հարաբերության երկու կողմերը հասնում են անկախության որոշակի մակարդակի: Մենք կարողանում ենք տեսնել, ճանաչել, հասկանալ, լիարժեքորեն ընդունել և սիրել մեր երեխաներին (և կամ ծնողներին), երբ երեխաները մեծանում են և դառնում լիարժեք, անկախ անհատներ:

Ծնող-երեխա փոխհարաբերությունների մյուս առանձնահատկությունը վերաբերում է ակնկալիքներին, որոնք ձևավորվում են ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին ունեցած մեր պատկերացումների հիման վրա: Ծնողներից շատերը երեխային ընկալում են որպես իրենց շարունակություն կամ դիտարկում են նրանց մեկ ամբողջության մեջ: Դժվարանում են ընկալել երեխաներին որպես տարբեր և առանձին մարդիկ: Այս ընկալումները հանգեցնում են ներքին կոնֆլիկտների, ինչպես նաև բարդություններ են առաջացնում երեխա-ծնող փոխհարաբերությունների մեջ», ասում հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

---

Ավագ սերունդը միշտ էլ քննադատորեն է վերաբերվել երիտասարդների խենթություններին՝ չափից ավելի համարձակ ու անբարդույթ գնահատելով նրանց վարքագիծը։ Հայրերի եւ որդիների «կռիվը» շարունակվում է նաեւ այսօր։ Ավանդապաշտ ծնողները հաճախ են դժգոհում իրենց որդիներից ու դուստրերից՝ մեղադրելով նրանց ավելորդ ազատամտության, ինքնավստահության, աշխուժության ու անլրջության մեջ։ Սակայն նրանցից հետ չեն մնում նաեւ զավակները։ Վերջիններս էլ իրենց հերթին մատնանշում են ծնողների «թերությունները»՝ դժգոհելով, որ նրանք իրենց չեն վստահում ու հասկանում, և ավելորդ կասկածամիտ են:

Նրանց կարծիքով, իրենց հաճախ հանիրավի են պատժում, իսկ կրտսեր կամ ավագ եղբորն ավելի հաճախ ներում։  Ոմանք էլ  խոստովանում են, որ «զվարճանալու» են գնում թաքուն՝ առանց ծնողների գիտության։ Ընդհանուր առմամբ, երիտասարդների մեծ մասը դժգոհում է ծնողների մի  վարքագծից, մեծերը, երբ հարմար են գտնում, իրենց մեծ են համարում, իսկ երբ ոչ՝ փոքր։ Բարձր դասարանցիներին հատկապես վրդովեցնում է մի հանգամանք, եթե իրենք իրոք մեծ են, ուրեմն ինչո՞ւ են ծնողները սահմանափակում իրենց «մեծական» իրավունքները եւ «բռնանում» ազատության վրա։ Իսկ եթե փոքր են, ծնողներն ինչո՞ւ ներողամտորեն չեն վերաբերվում իրենց այս կամ այն արարքին եւ տարիքից եկող սխալներին ու սայթաքումներին։

***

Երբ երեխային տալիս են քիչ սեր, ուշադրություն, երեխան կարող է դրան պատասխանել բողոքի մի տեսակով, որը կենցաղում կոչվում է «նեղանալ»:

***

Իհարկե այս ամենը գալիս է մանկությունից:

Այսպիսով՝ ի՞նչ կապ կա մեր մանկության տարիների էմոցիաների և հասուն տարիքում զգալու անկարողության հետ: Այդ կապը հասկանալու համար դիտարկենք հետևյալ օրինակները՝ երեխան կոտրել է իր սիրելի խաղալիքը և հոնգուր-հոնգուր լաց է լինում, ի՞նչ են ասում ամենից հաճախ երեխային նման դեպքում. «Բան չկա, ինչու՞ ես լաց լինում, մի՛ լացիր, վա~յ, բա տղան լա՞ց կլինի, չի կարելի, արի ես քեզ կոնֆետ կտամ, որ չլացես»:

Երեխան վախենում է և չի ուզում մանկապարտեզ կամ դպրոց գնալ, նա սկսում է ընդվզել, նույնիսկ բարկանալ, որից հետո լսում է հետևյալ արտահայտությունը իր ծնողից. «Մյուս երեխաները լավ էլ գնում են դպրոց, իսկ դու համերգներ ես տալիս, ինձ չի հետաքրքրում՝ ուզում ես դպրոց գնալ, թե չէ, գնում ենք և վերջ»:

Երեխային դուր չի գալիս այն ճաշիկի համը, որը նրան այդքան շատ ուզում են կերակրած լինել, բայց նրան ասում են. «Ո~նց չես ամաչում, տատիկը քեզ համար ճաշ է պատրաստել, իսկ դու չես ուտում: Գիտե՞ս, որ աշխարհում լիքը սոված երեխաներ կան: Եթե ճաշիկը չուտես, այն գլխիդ կլցնեմ»:

Որքան էլ որ նման սցենարները ծիծաղելի թվան կամ առաջին հայացքից անվնաս (չէ՞ որ ծնողը փորձում է ամեն կերպ սփոփել երեխային, տանել նրան դպրոց և կերակրել նրան), հարկ է վերջապես հասկանալ, որ նման վերաբերմունքը մեծապես վնասում է երեխային և բնականաբար հետագայում տարբեր դրսևորումներ է ունենում:

Կարող է հարցնեք թե նման վերաբերմունքը ինչպես է վնասում երեխային: Այժմ կներկայցնեմ նման վերաբերմունքի պատճառած վնասների ձևերը՝

1-ին՝ անտեսվում է երեխայի էմոցիան տվյալ պահին

 

2-րդ՝ փորձ է կատարվում երեխային շեղել տվյալ պահի իր բնական հոգեվիճակից, օրինակ՝ կոնֆետով կամ նրան ամոթանք տալով

3-րդ՝ երեխան սկսում է մտածել, որ իր հետ ինչ-որ բան այն չէ. չէ՞ որ այս աշխարհում իրեն ամենահարազատ մարդիկ՝ նրա մայրիկը, հայրիկը, տատիկն ու պապիկը, բոլորը համոզված ասում են, որ նա չպետք է լաց լինի, այն դեպքում, երբ իր ամբողջ ներաշխարհը տակնուվրա է եղած կամ որ նա պետք է ուտի մի բան, որը նրա մոտ տհաճություն է առաջացնում:

4-րդ՝ երեխան սկսում է կորցնել վստահությունն իր ու սեփական էմոցիաների նկատմամբ, քայլ առ քայլ նա սկսում է անջատվել ինքն իրենից, նա սկսում է մտածել, որ այն, ինչ նա զգում է, իրականում նա չի զգում, այն ինչ նա ուզում է, այդ բանը պետք չէ ուզել:

5-րդ՝ երեխան տեսնում է, որ սեփական կարիքներն ու զգացմունքները արտահայտելը առաջ է բերում իր սիրելի մարդկանց զայրույթը, ինչի արդյունքում նա կորցնում է նրանց կողմից սիրված լինելու հնարավորությունը: Ահա թե ինչու նա սկսում է ակտիվորեն ճնշել իր այն բոլոր էմոցիաները, որոնք կարող են կոնֆլիկտ առաջացնել սիրելի մարդկանց հետ:

Կարևոր է հասկանալ, որ մեզանից յուրաքանչյուրը անհատականություն է: Մեր անհատականությունը ասես մի խճանկար է, որը բաղկացած է մեր նախասիրություններից ու նախընտրություններից, մեր կարիքներից և արժեքներից: Եվ որպեսզի մենք բացահայտենք մեր նախընտրություններն ու ցանկությունները, մեզանից յուրաքանչյուրին տրված է կողմնացույց, որով մենք պետք է առաջնորդվենք կյանքում:Եվ այս հարցում ծնողների դերը մեծ է երեխաների կյանքում:

***

Պիտակ