Մի գավաթ անդորր (296․Հոգեբանական աջակցության անհրաժեշտություն կարող է ունենալ յուրաքանչյուր մարդ)
Ցանկացած մարդ, իր կյանքի ընթացքում, վաղ թե ուշ հանդիպում է այնպիսի դժվարությունների, որոնք նա չի կարողանում ինքնուրույն հաղթահարել:
Դրանք կարող են լինել ինչպես անձնական կյանքում եղած դժվարություններ և անբաժան սիրուց ստացած տանջանքներ, այնպես էլ պրոբլեմներ ամուսնու, երեխաների, ղեկավարության կամ հարևանների հետ: Նույնիսկ ամենամտերիմ մարդիկ կարող են օտարանալ, և այս դեպքերում Ձեզ անպայման անհրաժեշտ է մի մարդու օգնություն, ով խորությամբ կհասկանա Ձեր խնդիրը և կօգնի Ձեզ հետ վերադարձնել Ձեր երջանկությունը, հաջողությունը և սեփական անձի նկատմամբ համոզվածությունը:
Հոգեբանը մարդ է, որի մասնագիտությունը կայանում է նրանում, որ օգնի Ձեզ ելք գտնել ստեղծված բարդ կյանքի իրավիճակից անելով Ձեզ համար փոքրագույն կորուստներով:
Աշխարհում ապրում են միլլիարդավոր մարդիկ, և նրանցից յուրաքանչյուրը իր կյանքի ընդացքում ընդհարվում է, իր համար մեծ կամ փոքր նշանակություն ունեցող պրոբլեմների հետ ու արհեստավարժ հոգեբանի խնդիրը կայանում է նրանում, որ նա իմանա այդ բոլոր խնդիրների լուծումները:
Չնայած նրան, որ մենք սովոր չենք մեր խնդիրները վստահել օտար մարդու և զգուշությամբ ենք մոտենում քիչ ծանոթ մասնագիտություններին, պետք է հաշվի առնել, որ մարդը չի կարող ամեն ինչ իմանալ և կարողանալ անել՝ աշխարհում ամեն մարդու համար նախատեսված է իր, իրեն հատուկ տեղն ու դիրքը:
Հնարավոր չէ, որ աշխարհի բոլոր մարդիկ կարողանան հեշտությամբ և արդյունավետ լուծել իրենց բոլոր պրոբլեմները: Կասեմ ավելին՝ փորձելով ինքնուրույն գտնել լուծումը, մենք միշտ չէ, որ տեսնում ենք իրավիճակի ամբողջական պատկերը և օբյեկտիվ գնահատում մեր շուրջը կատարվածը: Հենց այդ պատճառով էլ մենք հաճախ դիմում ենք «խոհանոցային հոգեբանների» ընկերների և բարեկամների օգնությանը: Այս դեպքում մենք հաշվի չենք առնում, որ մեր մտերիմները՝ շահագրգիռ անձեր են, հետևաբար նրանք նույնպես չեն կարող մեզ օբյեկտիվ գնահատել:
Ինչպես գիտեք լայնորեն տարածված չէ սեփական հոգեբանական խնդրով մասնագետին դիմելու մշակույթը: Սակայն մարդուն ոչ միշտ է հաջողվում հաղթահարել սեփական խնդիրները: Պատահական չէ, որ ինչ-որ մեկի հետ զրուցելու, ինչ-որ մեկից աջակցություն ստանալու, անհանգստությունը, ցավը, մենության և անելանելիության զգացումը կրճատելու կարիք ենք ունենում: Այդպիսի զրուցակցի դերում հանդես են գալիս ընկերները, ծանոթները, բժիշկները, մանկավարժները: Դա, իսկապես, մեծապես օգնում է մարդուն: Բայց նմանատիպ օգնության հնարավորությունները սահմանափակ են այնպես, ինչպես մասնագետ հոգեբանը երբեք չի կարող փոխարինել ընկերոջը, մտերիմին, հարևանին: Մասնագետ հոգեբանի օգնությունը ևս մեկ միջոց է սեփական կյանքի որակն ավելի լավը դարձնելու համար, ինչպես օրինակ՝ ատամնաբույժի օգնությունը: Կարելի է «յոլա գնալ» առանց նրա, բայց հենց նա գիտի, թե ինչպես բուժել ատամները:
Հոգեբանը չպետք է խորհուրդներ տա կամ քննադատի ինչ-որ մեկի կյանքը: Նրա խնդիրը կայանում է նրանում, որ նա հանդես գա հատուկ զրուցակցի դերում, ով հատուկ զրույցի ընթացքում օգնում է մարդուն ավելի լավ տեսնել ու հասկանալ և՛ իրավիճակը, որում նա հայտնվել է, և՛ ինչ-որ բան փոխելու նրա հնարավորությունները:
Պատկերացնենք մի մարդու, ով խճճվել է իր ուղեբեռի մեջ: Նա ուզում է ինչ-որ բան գտնել շտապ հավաքված այդ պարկի, ճամպրուկի կամ պայուսակի մեջ, սակայն այնտեղ կան բազմաթիվ իրեր, որոնք նա է լցրել է շտապելով և անհանգիստ վիճակում: Նա շատ քիչ ժամանակ ուներ, որպեսզի կարողանար ամեն ինչ նորմալ դասավորել պայուսակի տարբեր բաժիններում և դարակներում: Հնարավոր է, որ այդպիսի խառնաշփոթ վիճակ է նաև մեր հոգիներում, երբ արտասովոր իրադարձությունից որոշ ժամանակ անց մենք ուժ և ժամանակ չենք գտնում զբաղվելու մեր անհանգստություններով, և մեզ անհրաժեշտ է հավաքվել, ողջ մնալ, հաղթահարել և ապրել:
Պատկերացնենք, թե ինչքան ավելի հեշտ կլինի մարդուն դասավորել և տեսակավորել ուղեբեռի պարունակությունը, երբ ձեռքի տակ առկա են նաև սեղան և աթոռներ: Հոգեբանի խնդիրներից մեկն էլ հենց մարդուն այդ «աթոռով և սեղանով» ապահովելն է, այսինքն՝ այնպիսի մի տարածք, որ վերջինս կարողանա գլուխ հանել: Երբեմն միայն այդքանն էլ բավարար է լինում փակ շրջանից ելք գտնելու և անլուծելի թվացող խնդիրները լուծելու համար:
Քանի դեռ մեր առջև ծառացած դժվարությունները համարում ենք հաղթահարելի, կարողանում ենք անցնել դրանց միջով, և ինքներս մեզ փորձառու ու գիտուն ենք զգում: Հաջողությամբ հաղթահարելով հերթական դժվարությունը՝ մենք մեզ ավելի վստահ ենք զգում, վստահում ենք ինքներս մեզ՝ «ես կարող եմ», և կյանքին՝ «խնդիրները, որ կյանքը դնում է իմ առաջ, հնարավոր է լուծել»:
---
Որքանո՞վ է կարեւոր ճիշտ պահին հոգեբանին դիմելը, ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ մարդն ունի հոգեբանի կարիք:
Չնայած նրան, որ նախորդ տարիների համեմատ հոգեբանին սկսել են ավելի հաճախ դիմել, այդուհանդերձ հասարակության մեջ դեռևս գոյություն ունի թյուր պատկերացում հոգեբանի մասնագիտության, գործառույթների մասին: Այսպիսով, հոգեբանի և հոգեբույժի միջև տարբերությունները լուսաբանելու անհրաժեշտություն է առաջանում: Հոգեբանը մասնագետ է, ով` ունի բարձրագույն հոգեբանական մասնագիտական կրթություն Տիրապետում է անձի հոգեկանին և հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրմանը վերաբերվող գիտելիքների և կարողությունների։
Կարող է իրականացնել պրոֆեսիոնալ սոցիալ-հոգեբանական օգնություն հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Աշխատում է հոգեբանական այն խնդիրների հետ, որոնք հիվանդություն չեն և չունեն ախտաբանական հիմքեր։
Խորհրդատվության ընթացքում չի օգտագործում դեղորայք, այլ բժշկական միջամտություններ:
Հոգեբույժը մասնագետ է, ով՝ ունի բարձրագույն բժշկական կրթություն։ Մասնագիտացած է հոգեկանի նյարդաֆիզիոլոգիական, բիոքիմիական և օրգանական հիմքերի և խնդիրների ոլորտում։ Գործ ունի հոգեախտաբանության (հոգեկան խանգարումների) հետ։ Իրականացնում է դեղորայքային բուժում և համապատասխան բժշկական միջամտություն: Այսպիսով, հոգեբանը՝ մասնագետ է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ կրթությամբ (այսինքն` չի ստացել բժշկական կրթություն), և այդ պատճառով էլ (ի տարբերություն հոգեբույժի) իրավունք չունի դեղորայք նշանակելու: Նրա գիտելիքների կիրառման շրջանակը՝ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԿԱՆՑ հոգեբանական օգնությունն է:
Հոգեբան Լիլիթ Խաչատրյանն ասում է․-«Հոգեբանը դա հոգեբույժն է» կարծրատիպը ցավոք դեռ կա, ինչը վախեցնող եւ անորոշ պատկերացում է առաջացնում հոգեբան մասնագետի նկատմամբ, մինչդեռ այդ երկու մասնագետները տարբեր ֆունկցիաներ են իրականացնում: Հոգեբանական աջակցության դեպքում հոգեբան մասնագետը եւ այցելուն կարծես կատարում են ճանապարհորդություն այցելուի ապրած ամբողջ ուղիով, փորձում են վեր հանել, վերլուծել եւ հասկանալ այն դեպքերը, իրադարձություններն ու հատկապես իրեն շրջապատող մարդկանց հետ ունեցած հարաբերությունները, որոնք առաջացրել են հոգեբանական խնդիրներ, տրավմաներ եւ հուզական բացասական ապրումներ: Անհատը հասկանում է իր իրական ես-ի սահմանները, իր ուժեղ կողմերը, գտնում է իր ռեսուրսները, որով շարունակում է ապրել բավարված լինելով իր կյանքից, սիրել եւ աշխատել: Հոգեբանը ընդամենը օգնում է անձին, որպեսզի կարողանա ինքնուրույն հասկանալ եւ լուծել իր սեփական խնդիրները եւ այն թյուր կարծիքը, որ հոգեբանը խորհուրդ է տալիս դա միանգամայն չի համապատսխանում մասնագիտական աշխատանքի բուն էությանը: Հոգեբանին ճիշտ ժամանակին դիմելը կարգավորում է անձի կյանքի որակը եւ իհարկե ազատում է հետագա հոգեբուժական եւ ինչու չէ նաեւ մարմնական բնույթի առողջական խնդիրներից: Երբ մարդու մոտ առկա են շարունակական տանջող մտքեր, համարժեք չեն հարաբերությունները շրջապատի հետ, այլեւս անհնար է դարձել աշխատելը, սիրելը եւ վայելելը, նշված դեպքերում նա ունի հոգեբանի կարիք»: