Պուտինը Մոսկվայում ընդունել է Սիրիայի նախագահ աշ-Շարաային
https://parstoday.ir/hy/news/world-i238112-Պուտինը_Մոսկվայում_ընդունել_է_Սիրիայի_նախագահ_աշ_Շարաային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաային։
(last modified 2025-10-15T15:03:18+00:00 )
Հոկտեմբեր 15, 2025 18:33 Asia/Tehran
  • Պուտինը Մոսկվայում ընդունել է Սիրիայի նախագահ աշ-Շարաային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաային։

Սիրիայի ղեկավարը նշել է, որ նոր Սիրիան վերականգնում է հարաբերությունները տարածաշրջանային և արտատարածաշրջանային բոլոր երկրների հետ։

Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

Աշ-Շարաայի խոսքով՝ Սիրիան և Ռուսաստանն ունեն երկկողմ հարաբերություններ և ընդհանուր շահեր, որոնք կապում են երկու երկրները միմյանց հետ։

«Մենք սերտ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, և Սիրիայի էներգետիկ ոլորտի մեծ մասը հենվում է ռուսական փորձի վրա», - նշել է աշ-Շարաան։

Իր հերթին, Ռուսաստանի նախագահը նշել է, որ ռուս-սիրիական հարաբերությունները բարեկամական են, և որ Մոսկվան երբեք չի ունեցել քաղաքական իրավիճակի կամ նեղ շահերի վրա հիմնված որևէ հարաբերություն, այլ դրանք հիմնված են փոխադարձ շահերի և սիրիացի ժողովրդի շահերի վրա։

«Ես ողջունում եմ նախագահ Ահմեդ աշ-Շարաային։ Մենք ավելի քան 80 տարի ամուր հարաբերություններ ունենք Սիրիայի հետ», - նշել է Պուտինը։

Կրեմլի ղեկավարը նաև շեշտել է, որ սերտ հարաբերություններ են պահպանում սիրիացի ժողովրդի հետ և ձգտում են զարգացնել հարաբերությունները Դամասկոսի հետ։ 

«Ռուսաստանի և Սիրիայի միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովը կվերսկսի իր աշխատանքը», - հավելել է նա։

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումները և երկու երկրների ընդհանուր շահերին ծառայող համագործակցության զարգացման ուղիները։Ըստ Reuters-ի՝ ավելի վաղ Syria TV-ն և իրավիճակի հետ ծանոթ աղբյուրներից մեկը հայտնել էին, որ աշ-Շարաան Մոսկվա այցի ընթացքում Ռուսաստանի նախագահից պետք է պաշտոնապես խնդրի Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի արտահանձնումը, որպեսզի նրան կարողանան դատել սիրիացիների դեմ ենթադրյալ հանցագործությունների համար։ Ասադը 2024 թ. դեկտեմբերին երկրում իշխանափոխությունից հետո ապաստան է ստացել Ռուսաստանում։