Փետրվար 13, 2022 08:50 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի ու արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։

--------------------------------- 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Իրանի Իսլամական  Հանրապետության դեսպանատան աջակցությամբ՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը փետրվարի 7-ին Թեհրանում «Ֆաջր» միջազգային փառատոնում ներկայացրեց Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ներկայացումը։
Ներկայացմանը ներկա էր Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։
Միջոցառումը իրականացվել է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների  հաստատման 30-ամյակի շրջանակներում։
Նշվում է, որ «Ֆաջր» թատերական միջազգային 40-րդ փառատոնը մեկնարկել է փետրվարի 3-ին և շարունակվել է մինչև փատրվարի 15-ը:

Image Caption

Թեհրանում, իր աշխատանքներն ավարտեց «Ֆաջր» 40-րդ կինոփառատոնը:
Ինչպես եւ կարելի էր գուշակել փառատոնի մրցանակների առյուծի բաժինը բաժին հասան «Մեհդիի դիրքը» ֆիլմին՝ 5 բյուրեղապակյա սիմորղ և «Մարգագետին» ու «Վերջին ձյունը» ֆիլմերին՝ 4-ական բյուրեղապակյա սիմորղ:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց Հաբիբոլլահ Վալի Նեժադի «Մեհդիի դիրքը» ֆիլմը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում սպասված արձանիկին արժանացավ «Գիշերային պահակը ֆիլմի ռեժիսոր Ռեզա Միր Քարիմին:
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց «Վերջին ձյունը» ֆիլմի գլխավոր դերակատար Ամին Հայաին:
«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Թանազ Թաբաթաբային՝ «Առանց երազանքի» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:
Երկրորդ պլանի լավագույն դերասան ճանաչվեց Նադեր Սոլեյմանին«Հակա» ֆիլմի համար:
Երկրորդ պլանի լավագույն դերաանուհին Սադաֆ Էսփահբոդին էր «Մարգագետին» ֆիլմի համար:
«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում  լավագույնը՝ «Մեհդիի դիրքը» ֆիլմն էր:
«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթեց Քազեմ Դանեշին՝ «Մարգագետին» ֆիլմի համար:
«Լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթեց Մասիհ Հադփուր Սերաջը՝ «Մեհդիի դիրքը» ֆիլմի համար:
«Լավագույն երաժշտություն» անվանակարգում հաղթեց Մասուդ Սեխավաթդուսթը՝ «Մեհդիի դիրքը» ֆիլմի համար:
«Լավագույն նկարահանում» անվանակարգի հաղթողը «Վերջին ձյունը» ֆիլմի օպերատոր Արման Ֆայազն էր:
«Լավագույն առաջին ֆիլմի» մրցանակը բաժին հասավ Հադի Հեջազիֆարի նկարահանած «Մեհդիի դիրքը» ֆիլմին:

Image Caption

 

Հայաստանի նկարիչների միության ցուցադրությանը ներկայցվեց տարբեր ժանրերում ստեղծագործող արվեստագետների մոտ 300 աշխատանք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ փետրվարի 10-ին, Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասաց, որ ցուցադրությունում ընդգրկվել են այն հեղինակների գործերը, որոնք միության անդամ չեն։
«Ցուցահանդեսին 600 աշխատանքից ընտրվել է 300-ը։ Հանձնաժողովը շատ մեծ դժվարությամբ է ընտրություն կատարել»,- նշեց Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ ամենամյա Վարկանիշային ցուցահանդեսը հնարավորություն է տալիս արվեստագետներին ներկայացնել իրենց աշխատանքներն ավելի լայն շրջանակներին։ Բացմանը Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը պատվոգրեր և խրախուսական մրցանակներ հանձնեց մասնակիցներին՝ տեղեկացնելով, որ արվեստագետները, որոնք ընտրվել են հանձնաժողովի կողմից՝ ցուցադրելով իրենց աշխատանքները, ստանում են մեկ միավոր։ Այդպիսի 5 միավոր ունեցող ստեղծագործողներ հնարավորություն են ունենում հայտ ներկայացնել՝ Հայաստանի նկարիչների միության անդամ դառնալու ցանկությամբ։
«Շատ ուրախ եմ, որ այս ցուցադրությունը այդպիսի մեծ պահանջարկ ունի։ Դա նշանակում է,  որ Նկարիչների միությունը կյանք է առնում, կյանք է ապրում։ Այս ոգևորությունը մեզ միմիայն ուրախացնում է»,- ընդգծեց Սաֆարյանը։
Նա հավելեց՝  2019 թվականից իրականացվող արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսի նմուշները ցուցադրվում են առաջին անգամ։

Image Caption

 

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, շարունակում է ներկայանալ համերգային ծրագրերով:Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 15-ին հնչել է Մալերի թիվ 2, «Հարություն» խոհափիլիսոփայական սիմֆոնիան: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:
«Այս հնգամաս մեծակտավ սիմֆոնիան բարձր նշաձող է յուրաքանչյուր բարձրակարգ նվագախմբի համար, իսկ կենդանի կատարմամբ դրա ունկնդրումը մեծ իրադարձություն է երաժշտասեր հասարակության համար»,- նշել է Էդուարդ Թոփչյանը:
Դիրիժորը հավելել է, որ, անշուշտ, գեղեցկագույն երաժշտություն է, բայց նաև շատ բարդ: Այն գրված է նվագախմբի և երգչախմբի մեծ կազմերի և երկու մենակատարների համար, Մալերը բոլոր գործիքները շատ նուրբ է օգտագործել և, չնայած մեծ կազմին՝ ոչինչ չի «գոռում», այն հնչում է որպես մեծակտավ կամերային երաժշտություն:
Այդ օրը որպես մենակատարներ հանդես եկան համաշխարհային մեծ համբավ ունեցող, հայաստանյան ունկնդրի կողմից սիրված, մեր հայրենակցուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանը և մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան:
Մալերն իր 2-րդ սիմֆոնիայի ընթացքում փնտրում է կյանքի իմաստի մասին հարցերի պատասխանները, արտահայտում մահվան պատճառած ցավի, դատարկության և դրա հանդեպ մարդու անզորության զգացմունքները: Ստեղծագործությունն ավարտվում է հետևյալ պոետիկ խոսքերով. «Դու հարություն կառնես, այո՛, կարճատև քնից հետո հարություն կառնես մոխրից»:
Ֆիլհարմոնիկի հաջորդ համերգը կկայանա փետրվարի 25-ին: Նվագախումբը հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոյի ղեկավարությամբ:
Պետրենկոն Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է, Եվրամիության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դափնեկիր դիրիժորը և Սվետլանովի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
Ծրագրում կհնչի Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտ G-dur-ը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը: Համերգի մենակատարն է անվանի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին:
Մարտի 2-ին տեղի կունենա ջութակահար Սերգեյ Խաչատրյանի սպասված համերգը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ կհնչի Շումանի Ջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում՝ Բրամսի թիվ 4 սիմֆոնիան: Համերգը բարեգործական է, և ամբողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժմանը։
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բոլոր համերգները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Image Caption

 

Հրատարակիչները, գրողները, մշակութային տարբեր գործիչները և ընթերցողները գրական ցերեկույթով տոնեցին «Հայաստան» հրատարակչության 100-ամյակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը, որն ուղեկցվեց Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների երաժշտական ելույթներով, տեղի ունեցավ փետրվարի 10-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, որը զբաղեցրել է «Հայաստան» հրատարակչության տնօրենի պաշտոնը, ասաց, որ այն մեր իրականությունում ամենաբեղուն գործունեությունը ծավալած հրատարակչությունն է և հայտնի է ունիվերսալիզմով, որովհետև հրատարակել և շարունակում է լույս ընծայել գեղարվեստական, գիտական, երաժշտական, երաժշտագիտական արվեստին և այլ ոլորտներին նվիրված գրականություն:
«Ես «Հայաստան» հրատարակչության տնօրեն դարձա շատ դժվար ժամանակներում, երբ փլուզվել էլ խորհրդային գրահրատարակչությունը, և մենք գոյատևման խնդիրը պետք է լուծեինք: Բարդ շրջան էր ոչ միայն տնտեսական ճգնաժամի առումով. փոխվեց գրահրատարակչական գործը: Գուտենբերգի՝ ժամանակակից գրքի տպագրության տեխնիկային փոխարինեց համակարգչային մեթոդը, և մեր գործունեությունը գլխիվայր շուռ եկավ: Շատ ջանք գործադրեցինք, բայց հաղթանակեցինք»,-շեշտեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հրատարակչության տպաքանակները նվազել են, սակայն կարողացել են պահպանել «Հայաստան»-ի ակունքներում կանգնած մարդկանց թողած ավանդույթները:
Սարգսյանն ընդգծեց՝ հրատարակչությունում աշխատել են Ռուբեն Զարյանը, Մկրտիչ Սարգսյանը, Գևորգ Արշակյանը, Վիգեն Խեչումյանը, մարդիկ, որոնք կազմավորել են հրատարակչությունը: Նրանց ժամանակ գրքերը լույս են տեսել 50-100 հազար տպաքանակով:
Վահագն Սարգսյանը տեղեկացրեց, որ հրատարակչությունն առաջիկայում լույս է ընծայելու ժամանակակից հայ հեղինակների գործեր, «Ռուս պոեզիայի անթոլոգիա»-ի վեցերորդ հատորը:
Հրատարակիչ, խմբագիր Հովհաննես Այվազյանը հիշեցրեց, որ հիմնադրման սկզբնական շրջանում «Հայաստանի» հնարավորությունները սահմանափակ են եղել, քանի որ 20-ական թվականներին հեղափոխության հաղթանակն էր անհրաժեշտ գովերգել: Այվազյանն ասաց, որ հրատարակչության բաժիններից մեկի վարիչն է եղել Եղիշե Չարենցը, որը Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդի հետ տպագրել են ամենայն հայոց բանաստեղծի հատորը: «Չարենցն աշխատել է նաև Հակոբ Կոջոյանի հետ՝ նրան վստահելով բոլոր գրքերի տպագրությունները: Այդպես ճաշակ էր ձևավորվում: Այս հրատարակչության միջոցով սկիզբ առավ արևելահայ գրականության հրատարակչական մշակույթը, ձևավորվեցին գլխատառը, անվանաթերթը և այլն»,-շեշտեց Հովհաննես Այվազյանն ու հավելեց՝ ոլորտում մրցակցությունը մեծ է, սակայն «Հայաստանը» շարունակում է գոյատևել և պահպանել լավագույն ավանդույթները:
«Հայաստան» հրատարակչությունը հիմնվել է 1921 թվականի հունիսի 10-ին Ալեքսանդր Մյասնիկյանի կողմից վավերացված դեկրետով: Մինչև 1964 թվականը կոչվել է «Հայաստանի պետական հրատարակչություն»՝ «Հայպետհրատ»: Այն հրատարակում է հասարակական-քաղաքական, գիտական, գիտահանրամատչելի, գյուղատնտեսական գրականություն, ինչպես նաև տեղեկատուներ, օրացույցներ, պլակատներ ևս։
Հայպետհրատի առանձին բաժինների հիման վրա ստեղծվել են մի շարք հրատարակչություններ, որոնցից են «Կուսհրատը», «Քաղհրատը», «Խորհրդային գրողը», «Հայպետգիտտեխհրատը»:

Image Caption

 

Ընթերցասերներն այսուհետ կարող են հայերենով կարդալ Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը, որը լույս է ընծայել «Էդիթ պրինտ» հրատարակչությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
«Էդիթ պրինտ»-ի մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանն ասաց, որ Ագաթա Քրիստիի գրքերը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ պահանջարկ ունեն, այդ է պատճառը, որ հրատարակչությունը պարբերաբար թարգմանում է նրա գործերը:
«Քրիստիի յոթերորդ գիրքն է, որը հրատարակում ենք: Թարգմանությունը, որն իրականացրել է Գոհար Մադոյանը, վաղուց էր պատրաստ, սակայն մենք սպասում էինք գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերային, որն այսօր է: Նախատեսում ենք Քրիստիի 30 գործ թարգմանել»,-շեշտեց Սամվելյանն ու հավաստիացրեց՝ Ագաթա Քրիստիի այս գիրքը դետեկտիվի սիրահարներին կհետաքրքիրի, քանի որ սյուժեն անսպասելի հանգուցալուծումներ կունենա. սպանություններին, մահվանը զուգահեռ գրքում խոսվում է նաև սիրո մասին: Սիրային եռանկյունի, որի շուրջ ծավալվում են դեպքերը:
Ըստ Դավիթ Սամվելյանի՝ եթե Շերլոք Հոլմսի մասին պատմող գրքերը լայն տարածում ունեն հատկապես դեռահասների շրջանում, ապա Քրիստիի ստեղծագործությունները հասուն ընթերցողին են գրավում:
Գրքի շնորհանդեսին հաջորդեց համանուն ֆիլմի հատուկ ցուցադրությունը։
Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի կիզակետում: 
Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: