Գեղարվեստական հաղորդում (312)
Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի ու արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։
Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի թավջութակ մասնագիտությամբ և ինչպես միշտ կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծ համբավ վայելող երաժիշտներ։ Այս մասին հայտնում են միջազգային մրցույթի մամուլի ծառայությունից։
Մրցույթի ժյուրիի կազմում են ջութակահար, պրոֆեսոր Էդուարդ Վուլֆսոնը, ում աշակերտները մեծ նվաճումներ են ունենում միջազգային մրցույթներում, դիրիժոր, թավջութակի և կամերային երաժշտության ուսուցիչ Դմիտրի Յաբլոնսկին, Վերբիեր փառատոնի հիմնադիր-տնօրեն Մարտին Էնգստրոմը, 1999 թվականից Մարիինյան թատրոնի գլխավոր թավջութակահար Օլեգ Սենդեցկին, վինագործների պատրաստած թանկարժեք ջութակների, ալտերի և թավջութակների շուկայում առաջատար գործակալություններից մեկի՝ «Reuning & Son»-ի ղեկավար Քրիստոֆեր Րունինգը, թավջութակահար, Ֆ. Լիստի անվան կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Իշտվան Վարդայը, հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախմբի ղեկավար, թավջութակահար Արամ Թալալյանը, թավջութակահար Յին Ջաոն։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեծ ճանաչում ունի երաժշտական աշխարհում, ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրեր ներկայացնող երիտասարդ երաժիշտներ։ Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երաժիշտներին, նրանց տալ մասնագիտական առաջընթացի հնարավորություն, ինչպես նաև հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականին դարձել է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ: Ֆեդերացիան հեղինակավոր երաժշտական ընտանիք է, որը, ի թիվս այլ բարձրակարգ մրցույթների, հյուրընկալում է Եղիսաբեթ թագուհու մրցույթը, Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթը, Չայկովսկու անվան միջազգային մրցույթը և այլն:

Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել է հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, մեծանուն գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտությունը։ Գիրքը կազմել է ՀԱԳ աշխատակից Աիդա Ադամյանը, խմբագրել՝ Դավիթ Մկր Սարգսյանը։ Այն հասանելի է էլեկտրոնային ձևաչափով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացվող կենսամատենագիտությունն առաջինն է իր տեսակի մեջ, որը նվիրված է Վարդգես Սուրենյանցի բացառիկ ստեղծագործական ժառանգությանը: Այն համակողմանի և ամբողջական ուղեցույց և բանալի է դեպի նրա զարմանահրաշ աշխարհը, և նախատեսված է արվեստագետների, արվեստասերների, պատմաբանների, ուսանողների, Սուրենյանցի բազմաժանր ու բազմաբնույթ ստեղծագործությամբ հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակների համար:
Կենսամատենագիտության մեջ ամփոփված են հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, մեծանուն գեղանկարիչ, բեմանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան, պատմաբան, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի կյանքն ու գործունեությունը ներկայացնող տպագիր նյութերը՝ գրքեր, հոդվածներ, արխիվային փաստաթղթեր և ոչ գրքային հրատարակություններ:
Ներկայացված է նաև նկարչի արխիվը, որը պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և Հայաստանի ազգային արխիվում:
Տիրապետելով տասը լեզվի՝ Սուրենյանցն ուսումնասիրել է տարբեր ազգերի մշակույթները։ Ժամանակակիցների վկայությամբ` բազմակողմանի զարգացած այդ բացառիկ մտավորականը պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր ասմունքում, անգլերենից թարգմանում էր Վիլյամ Շեքսպիր և Օսկար Ուայլդ, իտալերեն՝ զեկուցումներ կարդում, գերմաներեն գրում գրքերի առաջաբաններ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փրկված գաղթականների հետ։
Սուրենյանցը Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչություն և գրաֆիկա, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծական թերթում: Մյունխենից վերադառնալուց հետո մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։ Վարդգես Սուրենյանցն ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը և այդ ամենն արտացոլել իր ստեղծագործություններում։
«Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտնվում է Փարիզում, Մախոխյան՝ Բեռլինում և շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի ամփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց ևս լսել եմ»,-ասել է Սուրենյանցը:
Վարդգես Սուրենյանցի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունն ամբողջությամբ դեռևս չի դարձել համակողմանի հետազոտման, ուսումնասիրման առարկա:
Գրադարանը հույս ունի, որ կենսամատենագիտության լույս ընծայումից հետո շատ հայ արվեստագետներ կանդրադառնան նրա մասին եղած հարուստ գրականությանը և հայ մշակույթի Ոսկե ֆոնդը կհարստացնեն հանճարեղ հային նվիրված նորանոր ուսումնասիրություններով: Այդ հանձնառությունն իրականացնելու գործում իր անփոխարինելի դերակատարությունն, անշուշտ, կունենա ներկայիս մատենագիտական աշխատանքը:
«Սա տղան՝ ազգիս հպարտությունը դառնալու է». Այսպես է Սուրենյանցի մասին գրել ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:

Մարտի 4-ից Գաֆեսճյան արվեստի կենտրոնում գործելու է «Լեո Լեո Վարդանյան․ հետքեր» ցուցադրությունը՝ ներկայացնելով արվեստագետի վերջին շրջանի կարևոր շարքերից մեկը։ Այս մասին հայտնում են Գաֆեսճյան արվեստի կենտրոնից։
Լեո Լեո Վարդանյանը աբստրակցիոնիստ նկարիչ է, ով աշխատում է տարբեր տեխնիկաներով, երբեմն նաև իր ստեղծագործություններում օգտագործելով մուլտիմեդիա գործիքակազմ։ Հատկապես վերջին տարիների իր շարքերում նա ուսումնասիրում է տարբեր ֆիզիկական հարթությունների հարաբերությունները, տարբեր շերտերի գրավիտացիաներն ու վիբրացիաները (ինչպես ինքը՝ նկարիչն է դրանք անվանում)։
««Հետքեր»-ում արվեստագետը կարծես այդ մակերեսների հետ հարաբերությունը տեղափոխում է մեկ այլ հարթություն, որտեղ պատկերի ստեղծումն առավել ազատ ու կարծես անկառավարելի է, և հեղինակի ազդեցությունը, թվում է, թե աշխատանքի կերտման վրա հասցված է մինիմալի։
«Հետքեր» շարքի համար նկարիչը ստեղծել է այն պայմաններն ու միջավայրը, որում կրակի բոցերն ու շիթերը, կլանելով մանրաթելային տախտակի վրա փակցված ենթաշրջանակով կտավը, վերացական պատկերներ են կերտում։ Ի սկզբանե որպես վիդեոարտի համար արված աշխատանք, այն առանձին կյանք ստացավ՝ դառնալով վերոնշյալ վիդեոարտի ածանցյալ, բայց ինքնուրույն ստեղծագործությունների շարք»,- նշում են արվեստի կենտրոնից։
Գաֆեսճյան արվեստի կենտրոնը այս ցուցադրությամբ նաև սկսում է «Տաբուլա ռազա» նախագիծը։ Նպատակը սրահի մաքուր, հարթ, դատարկ պատը օգտագործելն է՝ կյանքի կոչելով տարբեր ցուցադրություններ և նախագծեր (այդ թվում՝ փորձարարական)։ Տաբուլա ռազան, որ լատիներենից թարգմանաբար նշանակում է «հարթ, մաքուր տախտակ», դեռևս հին հունական փիլիսոփայությունից սերող տերմին է․ այն կիրառվում է իմացաբանական և հոգեբանական առումով, երբ մարդու գիտակցությունը ծնվելու պահին մաքուր տախտակի հետ է համեմատվում։ Շատ խորհրդանշական է սկսել «Տաբուլա ռազա» նախագիծը Լեո Լեո Վարդանյանի «Հետքեր» շարքով, որտեղ ոչ փոխաբերական, այլ իրական մաքուր սպիտակ տախտակները լիցքավորվում են նոր շերտերով ու իմաստներով։
«Օգտագործելով բնության տարերքներից կրակը, օդն ու նյութը (առանց որոնց այրում տեղի չի ունենում), արվեստագետը ներկայացնում է կրակը որպես ոչ միայն ոչնչացման, այլեւ մաքրման, նոր սկզբի միջոց»,- նշում է ԳԱԿ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
2022 թվականի մարտի 4-ին մեկնարկած «Լեո Լեո Վարդանյան․ հետքեր» ցուցադրությունը գործելու է մինչև մայիսի 29-ը: Մուտքն ազատ է:

Կան անուններ, առանց որոնց ստեղծագործական հունձքի անհնարին է պատկերացնել տվյալ բնագավառը: Հայ երաժշտական արվեստի ոգեղեն տարածքում այդպիսին է կոմպոզիտոր, դիրիժոր, հասարակական-մշակութային գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանը, որի ստեղծագործական գործունեությամբ հայ երաժշտության մեջ նոր էջ էր բացվելու, դրվելու էր ժամանակակից ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմքը:
1837 թ. Պոլսի Բերա թաղամասում արքունական ժամագործ, արվեստի սիրահար Գեւորգի ընտանիքում ծնված Տիգրան Չուխաջյանը տակավին 15-16 տարեկանում էր իր դաշնամուրային կատարումներով գրավելու երաժշտական հասարակության ուշադրությունը: Հետագայում նրա երաժշտական ունակությունների զարգացմանն օժանդակելու էր կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը, իսկ մասնագիտական կրթություն առնելու էր իտալացի դաշնակահար Մանձոնիի ղեկավարությամբ, նրա խորհրդով էլ մեկնելու էր Իտալիա՝ ուսանելու Միլանում: Փաստորեն, առաջին հայ կոմպոզիտորներից մեկն էր՝ երաժշտական բարձրագույն կրթությամբ, որին վիճակված էր ապրել եւ գործել Թուրքիայում՝ հետամնաց այս երկրի իրավազրկության եւ կաշկանդիչ պայմաններում: Սակայն, անկախ այդ իրողությունից, հայ առաջադեմ գործիչների հետ սկսելու էր պայքարել իր ազգային մշակույթի զարգացման համար, քարոզելու էր եվրոպական երաժշտական մշակույթը, երաժշտական կրթության կազմակերպման ձեւերն ու մեթոդները, մասնակցելու էր հայ երաժշտական միությունների ստեղծման աշխատանքներին, համագործակցելու էր «Հայկական քնար» կազմակերպության հետ, աջակցելու հանրամատչելի համերգների կազմակերպմանը, դասախոսություններ էր կարդալու, ղեկավարելու Պոլսի Խասգյուղ շրջանի հայկական նվագախումբը:
1872 թ. Չուխաջյանը նախաձեռնում է հայկական երաժշտական թատրոնի ստեղծումը, տարիներ անց՝ ղեկավարում այն, հիմնադրում «Օտտոմանյան օպերայի թատրոնը», որն ավելի ուշ վերանվանվելու էր «Թուրքական օպերետի հայկական թատերախումբ»: Քսանամյա ակտիվ գործունեության ընթացքում սերտորեն համագործակցում է «Գուսաներգական», Հակոբ Վարդովյանի «Արեւելյան թատրոնի» հետ, որի երաժշտական ղեկավարն էր լինելու տարիներ շարունակ:
1891-1892 թթ. կոմպոզիտորը Փարիզում էր, որտեղ բեմադրվում են նրա օպերետները: Ֆրանսիական մամուլը հիացումով է արձագանքում՝ Չուխաջյանին կոչելով «արեւելյան Օֆենբախ»:
Նա դեռ լիովին չէր հասցրել անել ստեղծագործական իր հուձքը, երբ սկսվում են սուլթանհամիդյան արյունոտ ոճրագործությունները Արեւմտյան Հայաստանում: Դրանց հետեւանքով 1896 թ. մեծանուն կոմպոզիտորը մայրաքաղաքից տեղափոխվում է Իզմիր: Իսկ ապրելու կարճ ժամանակ էր մնացել՝ ընդամենը երկու տարի. կյանքի վերջին տարիները ծայրահեղ աղքատության մեջ անցկացրած արվեստագետը 1898-ին՝ 61-ը դեռ չբոլորած, ճանապարհ է բռնում դեպի հավերժական կացարան: Նրա թաղումը կազմակերպում է «Կարիքավորների միությունը»: Եվ Թիֆլիսում հրատարակվող «Մշակ» թերթը, ինչպես 1909-ին Ջիվանու պարագայում էր լինելու, դառնությամբ գրում է. «Մահ աղքատության մեջ եւ փառահեղ թաղում…»: Ազգային անիծյալ արատ, որը մշտապես է ուղեկցել սերունդներին՝ «Գնա մեռի՝ արի սիրեմ»-ի խորշելի տրամաբանությամբ:
----------------------------------
Մահը՝ մահ, սակայն իրական մեծերն իրենք են կերտում սեփական անմահությունը: Տիգրան Չուխաջյանը այդ անմահների դասում է հայ երաժշտական արվեստին ու սերունդներին ժառանգած իր անկորնչելի վաստակով: Այդ վաստակի թագն ու պսակը՝ հայ ազգային առաջին օպերան՝ «Արշակ 2-րդը»՝ գրված 1868-ին, որն այսօր էլ չի իջնում մայրաքաղաքի օպերայի եւ բալետի թատրոնի բեմից: «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» («Ոլոռ վաճառողը») օպերետը, որը ներկայացվել է Կ. Պոլսի, Անդրկովկասի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Բալկանների, Մերձավոր Արեւելքի ու այլ երկրների բեմերում՝ մեծ համբավ բերելով հեղինակին: «Զեմիրե» լայնածավալ օպերա-հեքիաթապատումը, որը 2008-ին՝ հարյուր տարվա ընդմիջումից հետո ցուցադրվեց ԱՄՆ-ում: Այս ստեղծագործության առիթով է Տիգրան Մանսուրյանի մտորումը. «Ներկայացման ամբողջ ընթացքում ինձ հետ էր Չուխաջյանի հսկայական փորձի եւ վարպետության հանդեպ հիացմունքի զգացողությունը՝ ինչպես է նա տիրապետում օպերային ժանրին եւ թափանցում նրա ամենախորքերը…»:
«Ինդիանա» օպերան, «Արիֆի խարդախությունը», «Քյոսե Քեհյա» օպերետները, կամերային սիմֆոնիկ եւ դաշնամուրային գործեր, երգեր եւ ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների համար, դաշնամուրային պիեսներ, ֆանտազիաներ, պարային բնույթի պիեսներ…
«Տիգրան Չուխաջյանը հայ ազգային երաժշտության տիտաններից է,- գրել է երաժշտագետ Անկինե Քեշիշյան-Մուրադյանը:- Լինելով հայկական օպերայի հայրը՝ նա հայ երաժիշտներից առաջինն էր, որն իր ստեղծագործություններում օգտագործեց արեւմտյան դասական ստանդարտները»:
Անժխտելի է հայկական օպերայի «հոր» ներդրումը նաեւ այն ժողովրդի մշակույթում, որն սպանում էր ոչ միայն հային, այլեւ սեփականում կամ հոշոտում նրա դարավոր մշակութային գանձերը: Մխիթարվենք, սակայն, դույզն-ինչ, որ թուրք ժողովրդի մեջ էլ են եղել առաջադեմ մարդիկ, ովքեր կարողացել են արդարամտորեն գնահատել Չուխաջյանի վաստակը՝ իրենց արվեստի պարագայում. 1872 թվականին, «Արիֆ» օպերետի առաջին ներկայացումից հետո այն ժամանակների հայտնի թուրք բանաստեղծ եւ լրագրող Նամիկ Քեմալը «Իբրեթ» թերթում փաստել է. «Սա մեր օպերային լեզվով առաջին գործն է: Նրա կառուցվածքը գեղեցիկ է, իսկ երաժշտությունը՝ հիասքանչ: Կոմպոզիցիային տրված է իր քնարականությանը համապատասխան կառուցվածք: Մենք շնորհակալ ենք օսմանյան թատրոնի հիմնադիր Գյուլ Ագոպին, օպերետի հեղինակներ Ալբերտոյին եւ Տիգրան Չուխաջյանին՝ իրենց աշխատանքի համար, ինչպես նաեւ դերասաններին՝ լավ բեմադրության եւ հմուտ խաղի»: