Գեղարվեստական հաղորդում (318)
Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։
Իրանցի հանրահայտ կինոբեմադրիչ Ասղար Ֆարհադին մաս է կազմելու Կաննի միջազգային 75-րդ կինոփառատոնի գլխավոր մրցութային բաժնի ժյուրիի կազմին:
Կաննի միջազգային 75-րդ կինոփառատոնի գլխավոր մրցութային բաժնի ժյուրին այս տարի գլխավորելու է ֆրանսիացի դերասան Վինսենթ Լինդոնը: Հիշյալ բաժնում մրցելու են 18 ֆիլմեր:
Ասղար Ֆարհադին նախորդ շրջանում իր «Չեմպիոն» ֆիլմով շահել էր Կաննի միջազգային կինոփառատոնի ժյուրիի մեծ մրցանակը:
Գլխավոր մրցութային բաժնի ժյուրին որոշելու է, թե ովքեր են ստանալու լավագույն ֆիլմի ոսկե արմավենին, Ժյուրիի մեծ մրցանակը, Ժյուրիի հատուկ մրցանակը նաև լավագույն կինոռեժիսորի, կինոսցենարի, լավագույն դերասանի և դերասանահու մրցանակները:
Կաննի միջազգային 75-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 17-ից 28-ի ընթացքում:
Ապրիլի 29-ին Թեհրանի Հ.Մ.Ա.Կ.-ի «Խաժակ Արզումանյան» ցուցասրահում 10 օր ցուցադրությունից հետո իր աշխատանքն ամփոփեց՝ հայերը՝ Ցեղասպանությունից հետո թեման ներկայացնող «ԿԱՅԱՆ» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսն իրականացվել էր Հ.Մ.Ա.Կ.-ի Արվեստից միության ջանքերով ու նախաձեռնությամբ:
Միջոցառման ծրագրի հաղորդավար՝ Էմիլ Սեթխանյանը ներկայացնելով նախագծի հեղինակի կենսագրությունը եւ հղումներ անելով Էրհան Արիքի մասին թուրքական մամուլի անդրադարձին, հանդիսատեսին ներկայացրեց «ԿԱՅԱՆ» նախագծի իրականացման շարժառիթները:
Փակման ծրագրին, որին մասնակցում էին նաեւ պարսկախոս լուսանկարիչներ, մտավորականներ եւ ԲՈՒՀ-ական շրջանակներ ու իրանագետներ, էկրանին ցուցադրվեց լուսանկարչի ողջույնի խոսքը, որը տեղի վրա թարգմանաբար ներկայացվում էր օրվա բանախոսի՝ համալսարանի դասախոս Գրիգոր Ղազարյանի կողմից:
Էրհան Արիքը նշեց, որ նախագծի իրականացումն իր համար առավել կարեւոր է դարձել, երբ անցյալի մասին իր ընտանիքի հիշողությունն է նրան ուղեկցել: Էրհանը պատմեց իր տեսած երազը, որն ավելի շուտ զարթոնքի էր նման առերեսվելու իրական պատմության հետ:
Սեփական ժողովրդի ցավն իր մեջ կրող, արդարության պայքարի համար իր կյանքը տված պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող «Ակոս» թերթի երջանկահիշատակ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կյանքն ու գործունեությունը կներկայացվի Հայաստանում:
Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին նրա կյանքն ու պայքարը ներկայացնող ցուցահանդեսը սկսում է իր ուղևորությունը Երևանից: «Հրանտ Դինք» հիմնարկի նախաձեռնությամբ «Նորարար փորձառական արվեստի կենտրոն»-ում մայիսի 7-ից իր դռները կբացի «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագիրը կրող ցուցահանդեսը:
«Հրանտ Դինք» հիմնարկի «Հայաստան- Թուրքիա» ծրագրի համակարգող Թալին Սյուզմեն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ցուցահանդեսը Ստամբուլում «Ակոս» թերթի նախկին խմբագրատան՝ նրա սպանության վայրում հիմնված Հրանտ Դինքի «23,5» հուշավայրի քաղվածքն է և շարունակությունը։ Հուշավայրը, որն իր դռները բացել է այցելուների առաջ 2019 թվականի ապրիլի 23-24-ին, իր անվանումը ստացել է Հրանտ Դինքի հեղինակած «Ապրիլի 23 ու կես» հոդվածից՝ հրատարակված 1996 թվականի ապրիլի 23-ին «Ակոս» թերթում։
Առաջին անգամ Հայաստանում միևնույն հարթակում ներկայացվում են համաշխարհային խոշոր ու կարևորագույն մշակութային ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները, այդ երևույթի ձևավորումն ու զարգացումը, յուրատիպ փոխակերպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը, որի բացումը կայացավ Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 5-ին, ընդգրկում է 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող այն նկարիչների աշխատանքները, որոնց արվեստում առանցքային կամ որոշիչ դեր է ունեցել իմպրեսիոնիզմը։
Երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք ընդգրկող հավաքածուն ամփոփում է անվանի այնպիսի արվեստագետների գլուխգործոցներ, ինչպիսիք են Գևորգ Բաշինջաղյանը, Եղիշե Թադևոսյանը, Վահրամ Գայֆեճյանը, Կարապետ (Շառլ) Ադամյանը, Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Երվանդ Քոչարը և ուրիշներ:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանի խոսքով՝ 2017 թվականին նմանատիպ ցուցահանդես՝ մի փոքր այլ ֆորմատով, կազմակերպել են Մոսկվայում՝ Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում։
«Այս անգամ մենք մի փոքր ընդլայնեցինք ցուցադրությունը՝ ընտրության հիմքում դնելով հայկական իմպրեսիոնիզմ երևույթի՝ դասական արվեստից ժառանգականության հատկանիշը»,- նշեց նա։
«Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա անիմացիոն ֆիլմերի հեղինակավոր ANNECY փառատոնում, որն անցկացվում է Ֆրանսիայում։ Կինոնկարը լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ավրորայի լուսաբացը», որի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Իննա Սահակյանն է, այն բացառիկ ֆիլմերից է, որն ամենաժամանակակից կինոլեզվով աշխարհին է ներկայացնելու հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության ցավը կրող Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը:
Ֆիլմը նկարահանել է «Բարս մեդիա» ընկերությունը:
Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվում է անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը՝ ամբողջովին արդիականցված, նոր գույներով և ծավալուն ցուցադրությամբ:
Պատկերասրահում Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը բացվել է 2008 թվականին: Քանդակագործի հավաքածուն շուրջ 500 աշխատանքներով ամբողջացել է 1958 թվականին՝ Գյուրջյանի կտակի համաձայն, նրա կնոջ՝ Տատյանա Առաքելյանի նվիրատվության շնորհիվ:
Հակոբ Գյուրջյանի ցուցասրահում ցուցադրվում են մարմարից, կրաքարից, բրոնզից և նույնիսկ ամենակարծր բելգիական գրանիտից կերտված տարբեր ժանրերի 50-ից ավելի ստեղծագործություններ` դիմաքանդակ, անիմալիստական քանդակ, պատմական, դիցաբանական և այլ երկեր:
Ցուցասրահը բաց է մայիսի 6-ից։
Մայիսի 5-ը մեծանուն Մարտիրոս Սարյանի հիշատակի օրն էր։
Ճիշտ 50 տարի առաջ՝ 1972 թվականին մայիսի 5-ին այդ օրը 92 տարեկան հասակում Վարպետը կնքեց իր մահկանացուն և բռնեց հավերժի ճամփան։
Այս տարելիցի կապակցությամբ Սարյանի տուն-թանգարանը բացեց «Մարտիրոս Սարյանը ինքնանկարներում և լուսանկարներում» չափազանց ուշագրավ նոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված են երեք տասնյակից ավելի աշխատանքներ։
Տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը նշել է. - «Լրացավ հիսուն տարին, ինչ Մարտիրոս Սերգեւիչը ֆիզիկապես մեզ հետ չէ։ Բայց նա այնպիսի մի պայծառ, հրաշալի արվեստ է թողել, որ նրա լույսը և' ջերմացնում է, և' մեզ ուղեցույց է։ Ու մենք այդ լույսի և ջերմության ներքո ապրում ենք և մեզ երջանիկ ենք զգում։ Ցուցահանդեսի մտահղացումը շատ հետաքրքիր էր։ Մենք սկզբում ուզում էինք միայն լուսանկարներ ցուցադրել, բայց քանի որ ինքը Սարյանը լուսանկարներ է օգտագործել որոշ գործեր նկարելիս, կարողացել է շատ հետաքրքիր կոմպոզիցիաներ ստեղծել»։
Ռուզան Սարյանը հավելում է, որ այս գողտրիկ, կամերային նոր ցուցադրությամբ կամեցել են մի ուշագրավ երկխոսություն ստեղծել Սարյանի տարբեր տարիների լուսանկարների և նրա հանրահայտ ինքնանկարների միջև՝ է'լ ավելի ընդծելու հանճարեղ գեղանկարչի թե մարդկային, թե արվեստագետի կերպարը. - «Գեղեցիկ մարդ է եղել Սարյանը երիտասարդ տարիներից մինչև խոր ծերություն, շատ գեղեցիկ կերպով ծերացավ։ Նրան լուսանկարել են մեր լավագույն լուսանկարիչները՝ Անդրանիկ Քոչարը, Բաբկեն Մավիսակալյանը, Հայկ Կավուկը, Խանդիկյանը։ Լուսանկարիչները իսկապես կերտել են գլուխգործոցներ՝ ստեղծելով Սարյանի լուսանկարային դիմանկարներ»։
Ռուզան Սարյանը հիշեցնում է նաև, որ քանդակագործները նույնպես հրաշալիորեն կերտել են Սարյանի կերպարը։ Թանգարանի առաջին հարկում ներկայացված է վրաց հայտնի քանդակագործ Կանդելակիի քանդակը, ունեն նաև Մեծատուրյանի, Հակոբ Կոջոյանի Նիկողայոս Նիկողոսյանի քանդակները։ Ազգային պատկերասրահում ևս պահպանվում են տարբեր ազգություննների հեղինակների կողմից ստեղծված Սարյանի քանդակները։
Քանդակներից ամենահայտնին թերևս Սարյանի պուրակում 1986 թվականին տեղադրված Մարտիրոս Սարյանի մարմարե արձանն է, որի հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ ։
Սարյանի կերպարը հետաքրքրել է նաև բանաստեղծներին։ Մինչև տարեվերջ լույս կտեսնի Սարյանին տարբեր տարիներին հայ և օտարազգի բանաստեղծների կողմից ձոնված բանաստեղծությունների ժողովածուն, փոխանցեց Ռուզան Սարյանը. - «Կլինի բավականին հետաքրքիր գիրք։ Այս տարի 50 տարին է Սարյանի մահվան և 55-ամյակն է մեր թանգարանի։ Թանգարանի ստեղծման գաղափարը իրենն է եղել, ֆոնդերը ինքն է հիմնադրել, և սա երրորդ թանգարանն է, որը Սարյանը ստեղծել է։ Հիշենք Ռոստովի գավառագիտական թանգարանը, հիշենք մեր առաջին պետական թանգարանը՝ իր չորս բաժիններով, որոնցից ամեն մեկը դարձավ պետական թանգարան։ Եվ դրանցից ամենաշատը հուզող, հետաքրքրող և ոգևորող բաժինը, որ դարձավ Երևանի պատկերասրահ, հետո դարձավ այսօրվա Ազգային պատկերասրահը»։
«Այսօր օրվա խորհուրդը նաև եղավ, որ վերջապես հասկանալով, որ Սարյանի արձանը լվանալու և կարգի բերելու գործն է թանգարանի անելիքը, այսօր մենք կարողացանք այդ գործը անել։ Այսքան օտարազգի այցելուներ ունենք մենք քաղաքում, և ուղղակի ամոթ էի զգում, որ կեղտի մեջ կորած, մրի մեջ կորած էր այդ սպիտակ մարմարակերտ արձանը։ Թաղապետարան, քաղաքապետարան... ինձ ասվեց, որ տենդեր է հայտարարվել լվանալու համար, և ես ասացի՝ այսօր պետք է արձանը մաքուր լինի։ Մենք չսպասեցինք», - հավելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենը։
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ապրիլի 28-ից մայիսի 5-ը Եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում ելույթներ է ունեցել Բեռլինում, Պրահայում, Բրատիսլավայում և Վիեննայում։ Եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից զատ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից։ Հայ մեծանուն կոմպոզիտորի երաժշտությունը ջերմ ընդունելության է արժանացել Բեռլինի ֆիլհարմոնիայում, Պրահայի «Ռուդոլֆինում» համերգասրահում, Բրատիսլավայի Սլովակիայի սիմֆոնիկ նվագախմբի համերգասրահում և Վիեննայի Մյուզիքֆերայնում։
Նշենք, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունը կազմակերպվել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից։
Գիտնականների կարծիքով, Իրաքի տարածքում գտնվող Միջագետքի հնագույն շինությունները ոչնչանում են կլիմայի փոփոխության պատճառով. աղի աճող կոնցենտրացիան ոչնչացնում է կավե աղյուսները, իսկ ավելի հաճախակի ավազային փոթորիկները դառնում են շենքերի էրոզիայի պատճառ: Այս մասին գրում է artguide.com կայքը։
Միջագետքը հարուստ է աղով, որը կա հողում և ստորերկրյա ջրերում։ Այնուամենայնիվ, դրա կոնցենտրացիան աճում է ջրի պակասի պատճառով, որն առաջացել է Թուրքիայի և Իրանի կողմից կառուցված ամբարտակների, ինչպես նաև Իրաքում ջրերի վատ կառավարման պատճառով: Տիգրիսի և Եփրատի միախառնման վայրում ձևավորված Շատ ալ Արաբ գետի աղիությունը 90-ական թվականներից ավելացել է։
Համաշխարհային կլիմայական ճգնաժամի պատճառով Իրաքում եղանակը գնալով ավելի տաք ու չոր է դառնում։ Մինչև 2050 թվականը ՄԱԿ-ի գնահատմամբ, տարեկան միջին ջերմաստիճանը կբարձրանա 2°C-ով, անձրևների սեզոնին տեղումները կնվազեն 17 տոկոսով, իսկ ավազի և փոշու փոթորիկների հաճախականությունը կկրկնապատկվի ավելի քան երկու անգամ։
Հետազոտողները ասում են, որ ծովի մակարդակի բարձրացումը հողի աղակալման պատճառ է դառնում, և երեսուն տարուց էլ քիչ ժամանակահատվածում Հարավային Իրաքի որոշ հատվածներ կարող են հայտնվել ջրի տակ, իսկ տեղական պատմական վայրերի մեծ մասը կարող է ջրի տակ հայտնվել հաջորդ տասնամյակի ընթացքում: Հին Բաբելոնը զգալի վնասների է ենթարկվել։ Այսպիսով, Իշտար աստվածուհու տաճարի պատերի հիմքերը փլուզվում են. աղը կուտակվում է պատի խորքերում, այն բյուրեղանում է և ճեղքում աղյուսը։ Սամարայում ավազի փոթորիկները քանդում են Մեծ մզկիթը, իսկ հնագույն Ում ալ-Ակարիբ քաղաքը աստիճանաբար «կուլ է տալիս» անապատը: