Մայիս 16, 2022 05:28 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Իրան-Հայաստան հարաբերություններին և այս շաբաթ Հայաստանում ու նրա սահմաններում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։


-----------------------------------------------

ԻԻՀ-ի և Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ հանդիպման փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է երկու երկրների համատեղ հանձնաժողովի նախագահների կողմից։

Իրան-Հայաստան համատեղ տնտեսական համագործակցության հանձնաժողովի 17-րդ հանդիպման փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Երևանում երկու երկրների համատեղ հանձնաժողովի նախագահներ  Ալի Աքբար Մեհրաբյանի  և  Մհեր Գրիգորյանի կողմից։

Հուշագիրը վերաբերում է տարանցման, փոխադրումների և առևտրի դյուրացման, երկու երկրների միջև առևտրի և էներգետիկայի ոլորտում ավելի լայն համագործակցության, Արաքսի  բնապահպանական համագործակցության զարգացման և սահմանամերձ գետերից աղտոտվածության մաքրման, բուժման ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցություններին:

Իրան-Հայաստան համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պաշտոնական հանդիպմանը Մեհրաբյանն ընդգծել է միջազգային հարաբերությունների զարգացման հարցում Իրանի կառավարության մոտեցումը և ասել.«Իհարկե, Իրանի և Հայաստանի միջև լավ քաղաքական հարաբերությունները կամրապնդեն մերձեցումը տարածաշրջանում»:

Իրանի էներգետիկայի նախարարը հավելել է.«Տնտեսական, սոցիալական, գիտական ​​ու մշակութային հարաբերությունների զարգացումը երկու երկրների ժողովրդի ու պաշտոնյաների ակնկալիքն է»։

Հայկական կողմը բարձր է գնահատել նաև փոխըմբռնման հուշագրի մշակման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության կառավարության կամքը՝ ամրապնդելու Թեհրանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները։

----------------------

Իրանի էներգետիկայի նախարարի և Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Արաքս սահմանային գետի աղտոտվածությունը վերացնելու շուրջ:

Իրանի էներգետիկայի նախարար, Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Ալի Աքբար Մեհրաբյանը, չորեքշաբթի օրը հանդիպել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ: Կողմերը քննարկել են ջրի և շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող կարևոր հարցերի շրջանակ։

Անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի իրավիճակին՝ Իրանի էներգետիկայի նախարարն ասել է. «Չնայած պատժամիջոցների ստեղծած խոչընդոտներին, Իրանի կառավարությունն արդյունավետ կերպով կարողացավ կառավարել կորոնավիրուսի ճգնաժամը: Այսօր մեր երկրում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցված մահերի թիվը հասել է 2-3 հոգու: Իրանի 13-րդ կառավարությունը պատրաստ է այս ոլորտում համագործակցել Հայաստանի  հետ»:

Մեհրաբյանը հավելել է. «Իրանն աշխարհում ամբարտակներ կառուցող  երրորդ երկիրն է և ունի մոտ 12500 ՄՎտ հիդրոէլեկտրական ամբարտակներ: Մենք նաև ջրի ոլորտում տեխնիկական ինժեներական ծառայություններ ենք արտահանում մի շարք երկրներ, այդ թվում՝ Տաջիկստան, Ռուսաստան և Իտալիա»:

Հանդիպմանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադառնալով Արաքս սահմանային գետի աղտոտման հետ կապված խնդիրներին, նշել է. «Հայաստանը պատրաստ է խնդրի լուծմանը»:

--------------------------

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին համաձայնություններ են ձեռք բերվել Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:

Նա նշեց, որ միջկառավարական հանձնաժողովի այս նիստի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, մասնագետների գնահատականով, ամենաբովանդակալից և համապարփակ փաստաթղթերից է, որի մեջ ներկայացված են բոլոր ոլորտները:

«Ներկայում Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին: Քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակը խոսում է այն մասին, որ մենք պետք է տնտեսական հարաբերությունների առավել զարգացման մասին մտածենք: Մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալների նշանակալի բարձրացմանը»,-ասաց նա:

----------------------

Հայաստանն ու Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ավտոմեքենաների մուտքի մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ: Այս մասին Երևանում կայացած հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում լրագրողներին հայտնել է ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ հայկական պետական համարանիշներով մեքենաներն այս տարվա մայիսի 21-ից սկսած` Իրան մուտք գործելու համար կվճարեն 120 դոլար:

«Տուրքերը հիմա էլ են գանձվում։ Իմ տեղեկություններով ՝ հայկական մեքենաները վճարում են մոտ 240 դոլար, իրանական ավտոմեքենաները նույնպես վճարում են Հայաստանի սահմանը հատելիս։ Այժմ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ: Ամենայն հավանականությամբ` երկու կողմերի մուտքի վճարների չափերը զգալիորեն կնվազեն, նախնական պայմանավորվածություն արդեն կա»,-նշել է Կոստանյանը։

Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան գազի մատակարարումների ավելացման հնարավորությանը, ապա Կոստանյանը նշել է, որ ավելի վաղ մի շարք խնդիրների պատճառով մատակարարումները կրճատվել էին, այժմ դրանց ծավալը վերականգնվել է:

«Նաև լավ հնարավորություն է ստեղծվել ապագայում դրանք մեծացնելու համար»,-ասել է առևտրային կցորդը:

Հիշեցնենք, որ Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը քննարկում է Հայաստան գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը:

----------------------------

Անհրաժեշտ է արագացնել հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը։ Այս մասին Երեւանում հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն Իրանին բարեկամ երկու երկրներին ստիպում են արագացնել նախատեսված բոլոր աշխատանքների եւ ծրագրերի իրականացումը՝ վերջին 30 տարիների ընթացքում բաց թողնված ժամանակը լրացնելու համար: Նրա խոսքով՝ չի կարելի հապաղել, պետք է արագացնել։

«Պետք է լուրջ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությանը։ Պատկերացրեք ապրանքաշրջանառության ծավալը, որը կապահովի Հնդկական ծով-Սեւ ծով եւ ԵՄ միջանցքը։ Այդ ճանապարհին երկու կարեւոր երկիր կա՝ Հայաստանն ու Իրանը»,ասաց դեսպանը։

Նա նշեց, որ, բարեբախտաբար, այս ոլորտում համագործակցությունն առկա է Երեւանի եւ Թեհրանի օրակարգում։

Թեհրանը, ըստ Զոհուրիի, մտածում է նաեւ այլընտրանքային ճանապարհների մասին, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով։ Հաղորդակցության եւ տարանցիկ ուղիների բազմազանությունը թույլ կտա առավելագույնս ապահովել Հայաստանի եւ Իրանի շահերը, նշեց նա:

Դիվանագետն  անդրադարձավ նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացմանը: Նրա խոսքով՝ Իրանը կարող է Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապող օղակ լինել։ Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ապրանքաշրջանառության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան դրա ներուժը։

--------------------------

Նորարարության և բարգավաճման հիմնադրամի աջակցությամբ, իրանական գիտելիքահենք ընկերությունները կմասնակցեն Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայանալիք, իրանական գիտելիքահենք արտադրանքի և արտահանման մշտական ​​ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը մեկ տարով հնարավորություն է ընձեռում   գիտելիքահենք ընկերություններին մուտք գործել հայկական շուկա, վաճառել և գովազդել ապրանքները, օգտվել հատուկ և ընդհանուր աշխատանքային տարածքից և արտահանման ծառայություններ ստանալ գործարարներից:

Ցուցահանդեսը ներառում է ապրանքների ներկայացում, շուկայավարություն, ծառայությունների մատուցում պրոֆեսիոնալ թիմի կողմից, երկկողմ և բազմակողմ բիզնես հանդիպումներ, իրավական, ֆինանսական և տնտեսական լուծումների տրամադրում և մատակարարի և գնորդի միջև հարաբերությունների կարգավորում:

------------------------

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը մեկնաբանել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի` Տավուշի 7 գյուղերի և Տիգրանաշենի մասին հայտարարությունը։

----------------------

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստը պլանավորված է անցկացնել հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում: Այս մասին Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ ենք ունեցել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ ստեղծելու հարցով: Եվ, կարծես, փոխվարչապետ Օվերչուկի հետ կա պայմանավորվածություն, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում հանդիպում տեղի կունենա հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով, ինչպես նաև կա պայմանավորվածություն, որ կրկին Մոսկվայում նույն  օրերին կկազմակերպվի երկկողմ հանդիպում դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով»,- ասել է Միրզոյանը:

Դուշանբեում նաեւ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: