Մայիս 18, 2016 14:54 Asia/Yerevan
  • Առողջ ընտանիք (8) Սերունդների միջև ճեղքվածքը

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ այս համարի ընթացքում զրուցելու ենք սերունդների միջև առկա ճեղքվածքի մասին: Ընկերակցեք մեզ:

Սերունդների միջև առկա տարածությունը կամ ճեղքվածքը ընտանիքի կարևորագույն խոչընդոտներից մեկն է: Մերօրյա երիտասարդ սերունդը ունենալով ժամանակակից աշխարհի առաջադիմական հնարավորությունները զինվել է նորօրյա գիտությամբ, ինչն ավելի քիչ է հասանելի եղել նախորդ սերնդին:

Այլևս անցյալի պես ընտանիքը, ավանդույթները և ավանդական ծեսերը հասարակական կյանքին ծանոթանալու միակ աղբյուրը չեն համարվում և ներկա դրությամբ միջավայրի տեղեկատվությունն ու վիրտուալ կապերը հասարակության մեջ ընդգրկվելու պայմանների մի մասն են համարվում, որոնք ավելի մեծ ուշադրության են արժանանում և երբեմն էլ նվազագույնի են հասցնում ընտանիքի և ավանդույթների ազդեցությունը:

Մյուս կողմից ժամանակակից աշխարհը համակցվել է գովազդների ու սպառողականության հետ: Տարբեր ճանապարհներով այդ թվում մոդաների, սպառողականության ու ընչաքաղցության տարածմամբ տնտեսական շահեր հետապնդելը մեծապես ազդում է հասարակական հարաբերությունների վրա և նոր ու աննախադեպ սպասելիքներ է առաջացնում:

Նոր սերունդը իր տարիքի ու հոգեբանության համապատասխան սկսում է պահանջել իր նոր սպասելիքները և դրանց չբավարարման հետևանքով առաջացած դժգոհությունը աստիճանաբար ավելի է խորացնում սերունդների միջև առկա ճեղքվածքը և նրանց մոտ վարքագծային անտրամաբանական հակասություններ է առաջացնում:

---

Ծնողները երբեմն մոռանալով զավակների հետ իրենց սերնդի տարբերությունները, նրանց չեն դաստիարակում ապագա կյանքի համար: Դաստիարակման համար նրանց չափանիշները ավելի շատ պատկանում են անցյալին: Նրանք փորձում են օրինակ ներկայացնելով իրենց ու իրենց կյանքը իրենց օրինակով զավակներ ստեղծել: Այս պարագայում անտեսվում են տարիքային առանձնահատկությունները:

Յուրաքանչյուր սերունդ ապրում է իր ժամանակաշրջանում: Այդուհանդերձ կարիք ունի նախորդ սերնդի փորձառություններին ու նրանց ցույց տված ուղղություններին: Եթե նոր սերունդներն իրենց ծնողների կողմից մտային և գործնական հովանավորություն չստանան և կյանքի նկատմամբ անհրաժեշտ փորձառությունները չփոխանցվեն նրանց, հնարավոր է շեղվեն ուղիղ ճանապարհից:

Մեծահասակները պիտի ընդունեն, որ հասարակությունը կերտում են երիտասարդները և կենսունակ հասարակության աճն ու առողջությունը կախված է երիտասարդների գործունեությունից ու հաջողություններից: Կյանքի փորձառություններն այն ժամանակ են արժեքավոր, երբ փոխանցվում են երիտասարդներին, որպեսզի նրանք կիրառեն իրենց կյանքում ու դրանց վրա ավելացնեն նաև իրենց կյանքի փորձը:

Այս երևույթներին տրամաբանորեն մոտենալու համար ծնողները պիտի սովորեն զրուցելու կուլտուրան, համբերատարությունը և ճկունությունը, որպեսզի այդպիսով խնդիրների նկատմամբ ցույց տան իրենց տրամաբանական վերաբերմունքը: Ավագ և երիտասարդ սերունդների միջև ճեղքվածքը կարող է ճգնաժամային վիճակ ստեղծել, երբ դրա պատճառով սերունդների միջև վիհ կամ անդունդ առաջանա, ինչի հետևանքով էլ երկու սերունդների նորմերը և ավանդույթները լիովին տարբերվեն միմյանցից և վերջնականապես խախտվի նրանց հարաբերությունները:

Ընտանիքները մասնավորապես ծնողները պիտի ընկալեն ժամանակի ու հասարակության թելադրած պայմանները, և պահպանելով մարդկային հիմնական արժեքներն ու սկզբունքները օրենքի ու հասարակական նորմերի սահմաններում ազատություն տան իրենց զավակներին: Եթե անտեսվեն կրոնական ուսուցումները և ժամանակի ընթացքում փոքրահասակներին չուսուցանեն , ընտանիքի հետ համագործակցության հարցում նրանք դժվարության կհանդիպեն և կհայտնվեն մշակութային քայքայման առջև:

---

Ծնողները նույնպես պիտի տեղեկություններ ձեռք բերեն տեղեկատվական նոր դաշտի, նորօրյա առաջադիմությունների և տեխնոլոգիաների վերաբերյալ, որպեսզի կարողանան և՛ օգնեն իրենց զավակներին և՛ կարողանան հսկել նրանց գործունեությունը: Այդ ոլորտին ծանոթանալով ծնողները կարող են ավելի լավ ընկալել իրենց զավակների կարիքներն ու պայմանները:

Ընտանիքի համերաշխության խափանման վրա ազդող գործոններից մեկը հաղորդակցական մեդիայի և վիրտուալ ցանցերի հիվանդագին օգտագործումն է: Սոցցանցերը աստիճանաբար զբաղեցրել են անհատների դեմ առ դեմ հարաբերության տեղը և կարողացել են ընտանիքի հավաքական ու հասարակական միջավայրի փոխարեն տիրակալ դարձնել անհատական միջավայրը, ինչի հետևանքով անհատները իրար հետ ջերմ զրուցելու փոխարեն նորագույն կապի միջոցներով են կապ հաստատում միմյանց հետ: Մի այնպիսի կապ որը զերծ է զգացումներից: Կատարյալ ընտանիքն այն ընտանիքն է, որտեղ ծնողները, երիտասարդներն ու պատանիները միմյանց հետ ունեն համապատասխան երկկողմ հարաբերություն, ինչը բավարարում է հոգեկան ու զգացական կարիքները:

Համալսարանական ու ուսումնական կառույցները և ԶԼՄ-ները, գիտակցելով մերօրյա աշխարհի գիտական, տեխնոլոգիական և մտավոր առաջադիմությունները,  կարող են կարևոր և հավասարակշռված դեր ունենալ սերունդների ճեղքվածքից առաջացած տարածությունը պակասեցնելու համար:

Պիտակ