Հուլիս 13, 2022 10:46 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք իրանական երաժշտական դասթգահների մասին և կներկայացնենք իրանական երաժշտության գեղեցիկ մեղեդիները։ Մնացեք մեզ հետ։

Երաժշտությունը մարդու կյանքի, բնության և ենթագիտակցության անբաժանելի մասն է: Երաժշտության բաղկացուցիչ տարրերը արարչության սկզբից մշտապես առկա են եղել բնության մեջ և տիեզերքում, և մարդու  ուղեղը, գեղարվեստական ​​համադրությամբ և հատուկ արտահայտությամբ, վերստին վերարտադրում է այդ տարրերը: 

Մարդն առաջին անգամ երաժշտության հետ ծանոթացել է բնության հնչյունների միջոցով, ինչպիսիք են քամու, թռչունների և կայծակի ձայները: Այնուհետև  նա օգտագործում էր իր կոկորդը երաժշտական ​​հնչյուններ արտաբերելու համար, իսկ մայրերի օրորոցայինները երեխաների համար ամենագեղեցիկ երաժշտական ​​մեղեդիներն են։

Երաժշտական գործիքներ եղել են դեռ շատ վաղուց։ Դրանք նախատեսված են եղել երաժշտական հնչյուններ ստանալու համար։ Սկզբնական շրջանում մարդը փորձեց ստեղծել ձայն արտաբերող գործիքներ, և հատուկ խողովակների մեջ անցքեր առաջացնելով,  ստեղծեց գեղեցիկ մեղեդիներ: Այնուհետև հայտնաբերեց դատարկ ամանի մեջ ձայնը ուժեղացնելու հնարավորությունը: Իսկ դրան լարեր միացնելով, ստեղծվեց լարային նվագարանը, որը ժամանակի ընթացքում կատարելագործվեց։

Ընդհանրապես, քաղաքակիրթ աշխարհի երաժշտությունը տարբեր ժամանակաշրջաններում բազմաթիվ փոփոխություններ է կրել, և յուրաքանչյուր ժամանակաշրջանում հայտնի արվեստագետները մարդկությանը նվիրել են հավերժական ու անմոռանալի գործեր։

Պայմանականորեն ընդունված է տարբերակել ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներ։ Ժողովրդական երաժշտական գործիքները կարևոր դեր ունեն ժողովուրդների  երաժշտական կյանքում, ըստ յուրաքանչյուր երաժշտական գործիքի ձայներանգի, հնչողության ուժգնության և ձայնային ծավալի՝ գործիքները լինում են փողային, ստեղնավոր, լարային և հարվածային։

Իրանական երաժշտության տեսակները, ներառյալ  մուղամը,  ռադիֆը, դասգահները  և ժողովրդական երաժշտությունը, միասին կազմում են Իրանի ազգային երաժշտությունը:

Այժմ առաջարկում ենք ունկնդրել  «Գիլաքի պարը» անվամբ գեղեցիկ երաժշտական ստեղծագործությունը: 

Միասին ունկնդրեցինք  Քեյվան Սաքեթի «Գիլաքի պարը» գեղեցիկ երաժշտական ստեղծագործությունը:

Միգուցե ձեզ համար հարց առաջանա, թե դասթգահն իրանական երաժտության մեջ ինչ իմաստ ունի:  

Դասթգահներն իրանական մեղեդիների շարք  են, որոնք մեղեդիների կազմության հատուկ կարգով միահյուսվում են միմյանց: Ամեն մի դասթգահ կամ մեղեդի ունի իր գուշեհը, իսկ ամեն մի գուշեհ իր հատուկ մեղեդային կազմությունը: Ամեն  գուշեհ մուղամի մեջ անկախ մեղեդի ու երգ է: Գուշեհը փոփոխված հին իրանական երաժշտության դասթգահն է: Դասթգահի մեջ գուշեհների հերթականությունը կոչվում է ռադիֆ, որը ցույց է տալիս, թե այդ դասթգահը ինչ հերթականությամբ և դասավորվածությամբ պետք է նվագել:

«Դասթգահ» բառը հավանաբար տարածվել է Ղաջարիների դինաստիայի օրոք (1796-1925 թթ.): Այս բառն իրականում փոխարինել է մուղամ բառին, որը մինչ այդ կազմում էր իրանական երաժշտության կառուցվածքը: Ղաջարական Նասերեդդին շահի օրոք հատուկ ուշադրություն էր դարձվում իրանական երաժշտությանը: 

 Այս ընթացքում իրանական  մուղամները  վերադասավորվել են  դասթգահների անվան տակ, իսկ դասթգահները բաժանվել են ավելի փոքր մասերի, որոնցից յուրաքանչյուրը կարելի է առանձին ուսուցանել և  որը կոչվում է  ռադիֆ: Դասթգահ բառը Իրանի երաժշտության մեջ  օգտագործվում է նշելու համար նվագողի մատների տեղը գործիքի վրա:

Երաժշտական կարճ դադարից հետո կծանոթանաք Իրանական երաժշտության  դասթգահներին:

--- 

Իրանի դասական երաժշտությունն  ունի  յոթ դասթգահ  ու հինգ մեղեդի: Յոթ  դասթգահներն են Մահմուր, Շուր, Չահարգահ, Սեգահ, Հոմայուն, Նավա, և Ռասթփանջգահ: Հինգ մեղեդիներն են՝ Աբուաթա, Դաշթի, Աֆշարի, Բայաթե թուրք, Բայաթե Էսֆահան: Մեղեդիները կառուցվածքով նման են մուղամներին, բայց ավելի կարճ են և կապված են մուղամենրից որևէ մեկի հետ: 

Իրանական դասթգահներից ամենամեծը Շուրն է:  Յուրաքանչյուր դասթգահ ունի մի շարք երկրորդական մեղեդիներ: Դրանցից բացի, Շուրն ունի հավելվածներ, որոնցից յուրաքանչյուրն անկախ է։ Այդ թվում են՝ Աբուաթան, Բայաթե թուրքը, Աֆշարին և Դաշթին։

Այժմ առաջարկում ենք ունկնդրել Մոհամմադ Ռեզա Լոթվիի երաժշտական ստեղծագործությունից մի հատված, ( Շուր դասթգահ):

 

Իրանական ամենահին երաժշտական դասթգահներից մեկը կոչվում է Սեգահ։ Այս երաժշտությունը տխուր  զգացումներ արտահայտելու համար է, որտեղ կա նաև հույս։ Սեգահը թախծոտ  մեղեդի է և ունի գուշեհներ, որոնցից կարևորագույններն են  Զաբել, Մույեն, Քրեշմեն, Հեսարը, Մաղլուբը և Մոխալեֆը: 

Առաջարկում ենք ունկնդրել Ասադոլլահ Մալեքի  երաժշտական ստեղծագործությունից մի հատված, (Սեգահ դասթգահ) :

Երրորդ ավանդական իրանական երաժշտական դասթգահը  կոչվում է Չահարգահ։ Այս դասթգահը նախատեսված է  լուսաբացի համար և պատկանում է «առավոտ»-ին։ Այս երաժշտությունը բարձրացնում է մարդու տրամադրությունը և հեռացնում տխրությունը: 

Այժմ միասին լսենք  Հասան Քյասայիի اհեղինակած «Առավոտյան ողջույն» ստեղծագործությունը: 

Վարպետ Քյասային երաժշտական այս հատվածի արարման մասին  ասել է. «Սպահանում փակ շուկաներից մեկի մոտ կար մի տղամարդ, ով բոլորի կողմից մեծ հարգանք էր վայելում, ու երբ նրան ինչ-որ մեկը ողջունում էր, նա պատասխանում էր  յուրահատուկ ռիթմով ու ջերմությամբ, ասելով  Սալամ Ալեյքոմ՝ «Բարի ողջույն»: Այդ ռիթմի կրկնությունը յուրահատուկ մեղեդի էր ստեղծում: Դրա արդյունքում գոյացավ իմ «Առավոտյան ողջույնը» երաժշտական ստեղծագործությունը», ասել է վարպետ Քյասային: 

Այժմ ներկայացնենք  Հոմայուն դասթգահը:

Հոմայունն Իրանի ամենասիրված երաժշտական դասթգահներից է, որն իր ուրույն տեղն ունի իրանական մշակույթում։ Զուրխանեի (փահլեվանական) երաժշտության մեջ օգտագործվում է Հոմայուն երաժշտական դասթգահը, որն այս դասթգագի եզակի առանձնահատկություններից է։ «Ավազե Շուշթարին (Շուշթարի մեղեդին)» և «Ավազե Բայաթե Էսֆահանին» (Բայաթե Էսֆահանի մեղեդին) Հոմայունի երկրորդական մեղեդիներն ու հավելվածներն են։ Մեծ երաժիշտներն այս  դասթգահը համարում են կյանքի շարունակականություն, միասնություն, սեր  և միաստվածություն արտահայտող դասթգահ: Հոմայնուն դասթգահը  գեղեցիկ զգացողություն հաղորդում մարդուն և այդ պատճառով այն կոչվում է «սիրահարների դասթգահ», քանի որ  ունի խորհրդավոր տխրություն և հատուկ ոգևորություն։ Իրականում չնայած Հոմայուն դասթգահի երաժշտության մեջ կա թախիծ, բայց այն փառահեղ է։ Այս  դասթգահն ունի մի քանի  գուշեհ, որոնցից Բիդադը համարվում է դասթգահի բարձրակետը:

Առաջարկում ենք ունկնդրել Դասթգահ Հոմայունի Բիդադ գուշեհի մեղեդային կազմությամբ գեղեցիկ երգ Ալիռեզա Էֆթեխարիի կատարմամբ: 

Հարգելի բարեկամներ հուսով ենք այս գեղեցիկ երգը ձեզ դուր եկավ: Հաջորդ թողարկման ընթացքում կներկայացնենք իրանական  դասական երաժշտության  յոթ դասթգահներից մնացած երեքը: Աստված Ձեզ պահապան: