Հուլիս 24, 2022 11:47 Asia/Yerevan

Հանուն Բարձրյալն Աստծու: Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կներկայացնենք Իրանի էթնիկ և տարբեր շրջանների երաժշտությունը:

Երբ լսում ենք տարբեր ազգերի ու  տարածաշրջանների երաժշտություն, փոքր-ինչ ուշադիր լինելու դեպքում զգում ենք տարբերությունները։ Մեզ համար այնքան էլ դժվար չէ տարբերակել չինական երաժշտությունը իտալականից, քանի որ յուրաքանչյուր երկրի ոճն ու երաժշտական ​​գործիքները տարբեր են և ունեն իրենց յուրահատուկ առանձնահատկությունները: Կամ մենք հեշտությամբ կարող ենք տարբերակել արևելյան և իրանական դասական երաժշտությունը արևմտյան դասական երաժշտությունից:

---- 

Մասնագիտական ​​տեսանկյունից իրանական և արևմտյան դասական երաժշտության տարբերությունը պայմանավորված է նրանով, որ Արևելքում երաժշտության մեջ ավելի շատ օգտագործվում է մինոր գամման, իսկ արևմտյան դասական երաժշտության մեջ՝ մաժոր գամման: Բայց ի՞նչն է պատաճառ դառնում, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունենա տարբեր երաժշտություն: Այս բազմազանության պատճառը կլիմայական, պատմական տարբերություններն են, սովորույթները և շատ այլ հարցեր: Եվ այս բոլորի պատճառով, իրանական երաժշտությունը տարբերվում է  հյուսիսեվրոպական երաժշտությունից, իսկ հարավաֆրիկյան երաժշտությունը լատինաամերիկյան երաժշտությունից և այլն:

---

Ի՞նչ ենք հասկանում «Էթնոս»  կամ «ազգագրական խումբ» ասելով։ Որոշակի տարածքում ապրող մարդկանց՝ պատմականորեն ձևավորված կայուն համախմբություն, որն օժտված է ընդհանուր, համեմատականորեն կայուն լեզվական, մշակութային ու հոգեկան առանձնահատկություններով, ինչպես նաև սեփական միասնության և նման այլ կազմավորումներից տարբերվելու գիտակցությամբ, որը պահպանել է տեղային մշակույթի, լեզվի,սովորույթների որոշ առանձնահատկություններ։

Հիմա, եթե յուրաքանչյուր երկիր դիտարկենք որպես մշակութային դաշտ, ապա այս ոլորտում տարբեր էթնիկ խմբեր ապրում են տարբեր սովորույթներով, պատմություններով և մշակույթներով, ինչը ստիպում է, որ յուրաքանչյուր երկրի երաժշտության մեջ լինի բազմազանություն։ Այսպես, օրինակ, Իրանում տարբերվում է քրդերի, լոռերի, գիլաքների, բելուչների, հարավային հատվածի բնակիչների և այլ էթնիկ խմբերի երաժշտությունը։

Իրականում յուրաքանչյուր տարածաշրջանի էթնիկ երաժշտությունը բնորոշ է այդ տարածաշրջանին։ Որոշ ոլորտներում մշակույթի փոխանցման պատճառով նմանություններ կարող են լինել, բայց յուրաքանչյուր տարածաշրջանի ժողովրդի էթնիկ երաժշտությունը պետք է փնտրել նրա սովորույթների և մշակույթի մեջ:

-------------

Իրանում էթնիկ երաժշտություն հասկացությունն արտահայտելու համար օգտագործվում են նաև «շրջանների երաժշտություն», «տեղական երաժշտություն», «ժողովրդական երաժշտություն» և «մուղամ երաժշտություն» տերմինները: Ներկայումս  առավելապես օգտագործվում է «շրջանների երաժշտություն» տերմինը։ Իհարկե, պետք է նշել, որ մասնագիտական ​​տեսանկյունից շրջանների երաժշտությունն Իրանում միանշանակ ուղեկցվում է երգեցողությամբ, մինչդեռ էթնիկ երաժշտությունը կարող է լինել առանց երգեցողության։

Այժմ առաջարկում ենք ունկնդրել «Դարենեհ ջան» երաժշտությունը, որպես իրանական էթնիկ երաժշտություն, որում արտահայտվել են զղջում ու ափսոսանք և  սպասում՝ յարի  գալուն:  «Դարենեհ» մազանդարանցիների բարբառներում նշանակում է «գալիս է»։

Միասին ունկնդրեցինք  Ահմադ Փեժմանի «Դարենեհ ջան»  ստեղծագործությունը։ Սա շատ սիրված  երաժշտություն է : Այս երաժշտության ուղեկցությամբ երգը  մինչ այժմ երգել են բազմաթիվ երգիչներ։

Ցանկացած երկրի երաժշտության ամենաարժեքավոր աղբյուրներից են դրա երգերը, որոնք երգվում են նրա տարբեր էթնիկ խմբերի շրջանում, հատկապես գյուղերում և փոքր վայրերում: Որովհետև երաժշտության այս տեսակն ավելի քիչ է ենթարկվում արտաքին և քաղաքային աշխարհի ազդեցությանը և ավելի մոտ է իր ծագմանը և ճշմարտությանը:

Ելնելով Իրանում  ապրող տարբեր էթնիկ խմբերից և նրա շատ գեղեցիկ ու բազմազան մշակույթներից, այդ երկրի երաժշտությունը հնչերանգային ու արտահայտչական առումով նույնպես շատ բազմազան է: Օրինակ, Իրանի հարավային հատվածի երաժշտությունը շատ տարբերություններ ունի Իրանի հյուսիսային հատվածի երաժշտության  հետ, որոնցից յուրաքանչյուրը  շատ գեղեցիկ ու հաճելի է: Իրանական  էթնիկ երաժշտություններից են՝ բախտիարի, ղաշղայի, լոռի, ազերի, թուրքմենական, բալուչի, բուշեհրի, մազանդարանի, գիլակի և այլն։ Իրանի տարբեր շրջանների երաժշտություններից յուրաքանչյուրն ունի իր ուրույն առանձնահատկությունները, որոնց մեջ կարելի է տեսնել տարբեր երաժշտական ​​գործիքներ։

Իրանական էթնիկ երաժշտության ուժեղ կողմերից են նրա երգերը, որոնք շատ հարուստ ու բովանդակալից են։ Իրականում տեղական իրանական երգերն աշխարհի ամենահարուստ ժողովրդական երգերից են, որոնք ցույց են տալիս Իրանի հնագույն մշակույթն ու քաղաքակրթությունը։ Երգեր, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ: Իրականում տեղական երգերը նման են հայելու, որն արտացոլում է մարդկանց մտքերն ու գաղափարները։ Այն մարդկանց, ովքեր այդ երգերի հեղինակներն են։ Էթնիկ  ու ժողովրդական երգերը երաժշտության հետ մեկտեղ արժեքավոր տեղեկություններ են փոխանցում իրենց ունկնդիրներին:

Հարգարժան բարեկամներ այժմ առաջարկում ենք ունկնդրել լոռերի լառի բարբառով «Բարու Բարունե» երգը՝  Հոսեյն Ֆարաջիի կատարմամբ։ Նշենք, որ բարու լոռերի բարբառում նշանակում է անձրև: Լոռերն իրանական էթնիկ խումբ են, որոնք ապրում են Իրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում: Լոռերի բարբառը պարսկերենին մոտ է և պարսկերենի հետ մեկտեղ ներառվում է իրանական լեզուների արևմտյան կատեգորիայում:

Եթերում է Բարու Բարունե երգը: Երգում է Հոսեյն Ֆարաջին: 

Դուք լսեցիք «Բարու Բարունե» շատ հաճելի ու գեղեցիկ երգը: Հուսանք այն ձեզ դուր եկավ:

Հարգելի բարեկամներ հաջորդ թողարկման ընթացքում Ձեր ուղեկցությամբ կայցելենք Իրանի հյուսիսային հատված և կծանոթանանք այս տարածաշրջանի էթնիկ երաժշտությանը և ձեր կպատմենք Մազանդարանի հաճելի երաժշտության մասին: 

Մնացեք խաղաղությամբ:

Աստված Ձեզ պահապան: