Օգոստոս 10, 2022 12:29 Asia/Yerevan

Այսօրվա հաղորդման ընթացքում կծանոթանանք Իրանի Մազանդարան նահանգի երաժշտությանը:

Ողջույն հարգելի ունկնդիրներ, Ձեզ հետ ենք, «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկմամբ:Այսօր կծանոթանանք Իրանի Մազանդարան շրջանի  երաժշտությանը:

 

Մինչ Կասպից ծովի հարավային շրջաններում արիացիների բնակություն հաստատելն այնտեղ ապրում էր Տապուր ժողովուրդը: Տապուրներն իրանական ծագում ունեցող հնագույն ցեղ են: Իրանի հյուսիսում գտնվող Ալբորս լեռնաշղթայի արևելյան բարձունքներում ապրել են նաև   Հիրկանի, Պարթև և այլ ցեղերի մարդիկ։ Այդ շրջանն այսօր հայտնի է որպես Իրանի Մազանդարան նահանգ: Նահանգը մի կողմից շրջապատված է Ալբորս լեռնաշղթայով, մյուս կողմից՝ Կասպից ծովով: Այսօր նահանգների սահմանները որոշվում են դրանց աշխարհագրական տարածքի հիմամբ: Սակայն ազգային պատկանելիությունն ու լեզուն սահման չեն ճանաչում: Որպես օրինակ, Մազանդարանի բարբառը կիրառվում է ոչ միայն այդ նահանգում , այլ նաև հարևան Գոլեստան նահանգի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բանդար  Գազ քաղաքից մինչև Քաթուլ Ալիաբադ ընկած շրջաններում: Մազանդարանի ցեղերի անունները կան այնպիսի պատմաբանների աշխատություններում, ինչպես Արիանը և Կվինտուս Կուրտիսը: Բացի այդ, նրանց մասին հիշատակել են նաև Պտղոմեոսն ու Ստրաբոնը:

Երաժշտությունն առկա  է մազնադարանցիների կյանքի բոլոր ասպարեզներում: Հնուց ի վեր այս նահանգում զբաղվել են երաժշտությամբ: Մազանդարանի երաժշտությունը կարելի է բաժանել երեք տեսակի՝ նվագելու երաժշտություն, երգելու երաժշտություն և պարելու երաժշտություն: Երգերի համար նախատեսված երաժշտությունը Մազանդարանի երաժշտության ամենակարևոր տեսակներից է և իր հերթին լինում է մի քանի տեսակի՝ տապուրի, քաթուլի, չարվադարի, նաջմա, սանամ և այլն:

Այս հաղորդման ընթացքում մենք կխոսենք երգերի համար նախատեսված երաժշտության մասին:

---

Տապուրի երաժշտությունը վերագրվում է համանուն ցեղին: Այն անվանում են նաև Ամիրի երաժշտություն: Ամիր խանին երգեցողության տեսակ է, որը մեծ տարածում ունի Մազանդարան նահանգում: Սեֆյանների ժամանակաշրջանում ապրած բանաստեղծ Ամիր Փազավարի Մազանդարանիի գրած բանաստեղծությունները մեծ սիրով են ընդունվել ժողովրդի շրջանում: Նա ապրել է 17-18-րդ դարում: Ամիր Փազավարիի բանաստեղծությունները ներկայացնում են երկտողներ և անվանվել են «Ամիր Գաթե» կամ՝ «Ամիրն ասել է»: Այս բանաստեղծի ստեղծագործությունները վկայում են իմամ Ալիին և իսլամի մարգարեի ընտանիքին նրա նվիրվածության մասին:

Լսենք Ամիրի երաժշտությունից մի կատարում ՝ վարպետ Աբդոլհասան Խոշռուի կատարմամբ:

 

Միասին լսեցինք Աբդոլհասան Խոշռուի գեղեցիկ կատարումը:

Երջանկահիշատակ Աբդոլհասան Խոշռուն ծնվել է 1946թ․ Ղաեմշահրում: Նրա հայրն իր ժամանակի ականավոր երգիչներից էր: Խոշռուն մանկուց սովորել է իր բնակավայրի երաժշտությունը և կարևոր դերակատարություն ունեցել Մազանդարանի երաժշտության պահպանման գործում:

Շարունակենք մեր զրույցը և անդրադառնանք քաթուլի երաժշտությանը:

Իրանի կրոնական հնագույն գրքերից մեկում՝ Ավեստայում, քաթիո նշանակում է մեծ: Մազանադարանի բարբառում նույնպես այն նշանակում է մեծ: Քաթուլի երաժշտությունը հենց սկզբից բարձր տոնով է սկսվում և պետք է երգել ամենաբարձր տոնով:   Քաթուլի երգը հնչում է հարսանիքների ու տոնակատարությունների ժամանակ և ներկաները ձայնակցում են երգչին, որպեսզի նա ավելի բարձր ձայնով երգի: Քաթուլի երգերն ուղեկցում են լալեվա  և սորնա գործիքներով նվագվող երաժշտությամբ, և կապված են Մազանդարանի արևելյան շրջանների ու Ալիաբադ Քաթուլի հետ: Այս երաժշտությունը շատ են կարևորում նաև Մազնադարանի հարևան Գոլեստան նահանգում և Ալիաբադ Քաթուլ քաղաքում: Այս երաժշտութունը ներառում է  տարբեր տեսակի երգեր, որոնց մասին կխոսենք Գոլեստան նահանգի երաժշտության մասին ծրագրում:

Լսենք  «Յար Նարենջի խանում» գեղեցիկ երգը՝ «Նաջվայի Քաթուլ» խմբի կատարմամբ:

Միասին լսեցինք «Յար Նարենջի խանում» գեղեցիկ երգը՝ «Նաջվայի Քաթուլ» խմբի կատարմամբ:

Հաղորդման վերջում կխոսենք Մազանդարանի չարվադարի կամ չարբիդարի երաժշտության մասին, որը նույնպես նախատեսված է երգերի համար:

Չարվադարի երաժշտությամբ ուղեկցվող երգերը երգում են չարվադարները: Այս երգերը պատմում են Մազանդարան նահանգի չարվադարների  կյանքի մասին: Հնում, երբ գյուղերը գգտնվում էին բարձրադիր վայրերում, և մարդկանց կյանքի համար անհրաժեշտ ապրանքները  ձեռք բերելը հեշտ չէր, մարդիկ ում անվանում էին «չարվադարներ»,   ընտանի կենդանիների միջոցով մարդկանց օգնում էին ձեռք բերել իրենց անհրաժեշտ ապրանքները: 

Մեկ այլ տեղ չարվադարներ են կոչվում այն  մարդիկ, ովքեր  ջորիներով գնում էին Մազանդարանի ու Գիլանի անտառներ և կտրում ծառերը, որոնք նախապես ընտրվում  ու նշանակվում էին ճարտարագետների կամ անտառային պահպանության գրասենյակի կողմից: Քանի որ անտառային ճանապարհները հարթ չէին ու մեքենա չէր կարող դրանցով անցնել, չարվադարները ջորիներով դուրս էին բերում կտրատված ծառերը:

Այս ընթացքում ծնվեց չարվադարի երաժշտությունը, որը պատմում էր չարվադարների մասին ու որը հիմնականում երգում էին հենց նրանք: Մազանդարանի երաժշտության մեջ չարվադարի երաժշտությանը մեծ տեղ է հատկացվել: Այս նահանգի ավանդական երաժշտության ալբոմներում ներառվում են մեծ թվով չարվադարի երգեր: Այդ երգերը երգվում են տխուր տոնով և ներկայացնում են չարվադարիների կյանքն ու առօրյան:

Միասին լսենք չարվադարի երգի կատարում:

 

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը: Հետագա թողարկումներում կշարունակենք ձեզ ներկայացնել Մազանդարանի երաժշտությունը:

Աստված Ձեզ պահապան: