Գեղարվեստական հաղորդում (340)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:
Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված ցուցահանդեսում, որը բացվեց հոկտեմբերի 7-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, ներկայացված արխիվային լուսանկարների, փաստաթղթերի միջոցով հնարավոր է ծանոթանալ միության ստեղծման, վարչական շենքի, Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի կառուցման պատմությանը, համերգներին և այլ կարևոր իրադարձություններին:
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը միությունը համեմատեց 90-ամյա «երիտասարդի» հետ՝ նշելով, որ հենց դա է պատճառներից մեկը, որ հոբելյանական ցուցահանդեսը բացվում է «Երիտասարդական» կայարանում: Նրա խոսքով՝ մարդիկ պետք է ճանաչեն հայ անվանի կոմպոզիտորներին և երիտասարդ ստեղծագործողներին, որոնց գործերը հնչում են ամբողջ աշխարհում, իսկ ցուցադրությունը կարող է նպաստել դրան:
«Կոմպոզիտորները ստեղծագործում են հանուն հայրենիքի, գրում են երգեր, սիմֆոնիկ մեծակտավ գործեր հանուն հայրենիքի: Մեր զենքը մեր երաժշտությունն է, որն այսօր ուղղորդում է քաղաքացիներին առաջ գնալ, հավատալ, իսկ երաժշտության մեջ պետք է լինի դրական հույզ: Երաժշտության մեջ արտահայտվում է և՛ այսօրը, և՛ հետագան»,-ընդգծեց Սաթյանը:
Կոմպոզիտոր, միության համերգային կազմակերպչական բաժնի ղեկավար Էդմոնդ Մակարյանն էլ հիշեցրեց, որ հոբելյանական տարին հագեցած է եղել բազմաբովանդակ միջոցառումներով, համերգային ծրագրերով, փառատոնով, մրցույթներով: Նա շեշտեց, որ իրենց նպատակներից մեկը Դիլիջանի ստեղծագործական տունը վերակենդանացնելն է, վերակառուցելն ու նրան նոր շունչ տալը: Այդ նպատակով այնտեղ մի շարք համերգներ են կազմակերպել, որոնք կշարունակվեն նաև հաջորդ տարի:
«Ներկայացված է 24 ցուցանմուշ, և ցուցահանդեսը կազմակերպվել է «Արվեստը մետրոյում» ծրագրի շրջանակում: Մետրոպոլիտենը ջանք չի խնայում, որ մեր սիրելի ուղևորները կայարանային համալիրում անցկացրած ժամանակն օգտագործեն ի նպաստ իրենց՝ ծանոթանալով հետաքրքիր ցուցանմուշներին, կարդալով տեղեկությունները: Մենք միշտ աջակցում ենք նման նախագծերին, և մեր դռները բաց են բոլոր արվեստագետների համար»,-նշեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
Ցուցադրության բացմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որի համոզմամբ՝ դժվար է գտնել որևէ տեղ, որտեղ մարդկային այդքան մեծ հոսք լինի: «Հույս ունեմ, որ այս ցուցահանդեսը շատ ավելի մեծ ու երկարատև գործընթացի մեկնարկն է լինելու: 2023-2024 թվականներին նշանավոր իրադարձությունների, նշանավոր արվեստագետների հոբելյաններ կան։ Կարծում եմ՝ կարող ենք որոշ ժամանակով մետրոպոլիտենի յուրաքանչյուր կայարան պայմանաբար անվանակոչել նրանց անուններով ու ցուցադրել մեծերի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցադրություններ»,-շեշտեց փոխնախարարը:
Փոխնախարարն անդրադարձավ նաև սահմանային լարվածության պայմաններում կազմակերպվող մշակութային միջոցառումներին և նշեց, որ լարվածությունն ազդում է հանրային տրամադրությունների վրա, իսկ մշակութային նախաձեռնությունները, համերգները, ներկայացումները պահանջում են լավ տրամադրություն, լավատեսություն: «Ցանկացած սահմանային ցնցում անմիջապես իր ներգործությունն է ունենում հանդիսատեսի հաճախելիության վրա, բայց մեր ենթակայությամբ գործող բոլոր կառույցներին հրահանգել ենք միայն ամենախիստ լարվածութան դեպքում չեղարկել միջոցառումները, երբ զանգվածաբար հետ են վերադարձվում տոմսերը, երբ հանդիսատեսի ներկայության լուրջ խնդիր կա: Անգամ 20 հանդիսականի ներկայության դեպքում միջոցառումը պետք է կայանա: Չպետք է թույլ տանք, որ հանրային կյանքը կաթվածահար լինի»,-եզրափակեց նա:
Հոբելյանական ցուցահանդեսը բացվեց Հայաստանի կոմպոզիտորների միության, Հայաստանի ազգային արխիվի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ջանքերով:
Բելառուսի Բրեստ քաղաքում անցկացված «Բելայա վեժա» 26-րդ միջազգային փառատոնի շրջանակում ռեժիսոր, դերասանուհի, Համազգային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ «Գոմեշը» արժանացել է փորձագետների բարձր գնահատականին և մրցանակ ստացել «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նարինե Գրիգորյանն ասում է՝ փառատոնը հագեցած և բազմաբովանդակ է եղել. ցուցադրվել են ինչպես մեծահասակների, այնպես էլ մանուկների համար ներկայացումներ: Հանդիսատեսը բեմադրությունները վայելելու հնարավորություն է ունեցել ոչ միայն թատրոններում, այլև բացօթյա հարթակներում:
«Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» խաղացել եմ հայերեն: Քննարկումների ընթացքում մասնագետները նշում էին, որ թատերական տարածքում այն ուղղակի հայտնություն է, ասում էին՝ ասես անտիկ թատրոն լինի իր ամենամաքուր դրսևորումներով, ասես հող ու ջրից դուրս եկած լինի: Շատ էին խոսում հայոց լեզվի մասին: Թատերասերները զգացել էին տեքստի գեղեցկությունն առանց այն հասկանալու, սակայն ծանոթ էին սյուժեին: Այն, որ գոմեշն ուզում էր ամեն կերպ պահպանել իր տեսակն այս երկրի վրա, նրանց շատ էր հուզել: Այդ քննարկումից հետո շատ ոգևորված եմ և ուրախ»,-խոստովանում է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ թատրոնն իր ակունքում է գեղեցիկ: «Թատրոնը լցնում ենք գեղեցիկ հագուստներով, դեկորներով, բայց թատրոնի հիմքում պետք է մաքրություն լինի: Երբ լսում էի մասնագետներին, մտածում էի՝ մի՞թե հասել եմ իմ սիրած թատրոնին, երբ լույսը չէ կարևորը, երբ խաղում ես, ու հանդիսատեսը քեզ հետ անցնում է այդ ճանապարհն ու մաքրագործվում»,-ընդգծում է դերասանուհին:
Գրիգորյանը փաստում է՝ արտերկրում հայ թատրոնն արդեն դրական կարծիք է ձևավորել: Հանդիսատեսը սպասում է ներկայացումներին և նշում, որ հայկական բեմադրությունները լավն են:
Առաջիկայում Գրիգորյանը պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ մասնակցելու Հաննովեր քաղաքում կայանալիք թատերական փառատոնին: Բեմ է բարձրացնելու «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը, որի գործողությունները տեղի են ունենում Արցախյան ազատամարտի տարիներին:
«Այդ փառատոնի հանդիսատեսը տիրապետում է ռուսերենին, ուստի խաղալու եմ ռուսերեն, որպեսզի նյութը մատչելի ու հասանելի լինի նրան: Ուզում եմ՝ ներկայացման միջոցով նրանք ևս իմանան մեր պատմությունը, Ղարաբաղյան պատերազմը տեսնեն մեր տեսանկյունից»,-շեշտում է Նարինե Գրիգորյանը:
Իսկ Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնին Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացման հաջողությունից հետո Գրիգորյանին առաջակել են բեմադրություն անել Մոսկվայում՝ Տագանկայի թատրոնում: Ռեժիսորը Մոսկվա է մեկնելու հոկտեմբերին՝ նախապատրաստական աշխատանքների համար: Որոշել է բեմադրել Իվան Տուրգենևի «Մումու» ստեղծագործությունը: Առաջնախաղը կլինի մարտին:
Անդրադառնալով Համազգային թատրոնի շենքին, որի շինարարությունը դեռ շարունակվում է, Գրիգորյանն ասում է՝ հավանաբար այն թատրոնի երկրպագուների առաջ իր դռները կբացի գարնանը:
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Սանկտ Պետերբուրգում անցկացված միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի։
««Զուլալի» ֆիլմում Աքիրի դերը լավագույնս ներկայացնելու համար Մարինե Պետրոսյանը Ս.Պետերբուրգի «Գրականություն և կինո» 18-րդ միջազգային կինոփառատոնում ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը»,- նշված է ֆիլմի ֆեյսբության էջում։
Ավելի վաղ «Զուլալի» ֆիլմի գլխավոր դերակատար Հերմինե Ստեփանյանը Սալենտոյի միջազգային կինոփառատոնում Զուլալիի փայլուն դերակատարման համար ստացել էր լավագույն դերասանուհի մրցանակը:
«Հետաքրքիր ձևով է մեկնաբանվում Հերմինե Ստեփանյանի խաղը փառատոնի պաշտոնական էջում։ Նշվում է, որ հայ դերասանուհու խաղը արտասովոր կերպով է ցույց տալիս ցավն ու սերը, երբ խոսքեր չեն ասվում, բայց բացահայտվում են իր հայացքում, կեցվածքի, ժպիտի և անմարդկային հնչյունների կամ իր ներսում եղած իմաստալից լռության մեջ»,- նշված է ֆիլմի ֆեյսբուքյան էջում։
Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակություն զգացող մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում վրահաս ցավն ու տանջանքը, տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ:
Հեռավոր գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին: Տանտիկինը դժվար ճակատագիր ունեցող կին է, ով պատասխանատվություն է կրում ոչ հարազատ, բայց արդեն իր ընտանիքի անդամ համարվող մարդկանց համար: Տանտիրոջ՝ պապի ինքնասպանությունից հետո տան ամբողջ հոգսն այս կնոջ ուսերին է: Վերջում խոսում է Զուլալին: Նա բացահայտում է, թե ինչպես է մեծ ողբերգությունը շրջել իր կյանքը, ինչպես է կորցրել միտքը և ինչպես լույս աշխարհ եկավ Նազարոսը: Ֆիլմում առանձնահատուկ տեղ է գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը, բնությունը:
«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ:
Ցուցահանդեսը բացվել էր 2022 թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում՝ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Նիդերլանդական «Թանգարանային ամսագրի» կողմից կազմակերպվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվում է երկու փուլով՝ մասնագիտական հանձնաժողովի և առցանց բաց քվեարկության միջոցով։
Մրցանակաբաշխությանը ներկայացված էին նաև Նիդեռլանդների պետական թանգարանում (RijksMuseum), Հաագայի Արվեստի թանգարանում (KunstMuseum) և մի շարք այլ հեղինակավոր թանգարաններում այս տարի անցկացվող ցուցահանդեսներ։ Հայկական ցուցահանդեսը մասնագիտական ժյուրիի կողմից ընտրվել է լավագույն տասնյակի մեջ, ապա ստացել է հանրային քվեարկության ձայների 40%-ը, ինչն աննախադեպ է մրցանակաբաշխության պատմության մեջ։
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Հաագայի արվեստի թանգարանում, որին մասնակցել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։
Ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ և այլ մշակութային արժեքներ, որոնց շարքում են Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ։ Ցուցահանդեսին ներկայացված է նաև Նոյան Տապանի մասունքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից։
Ցուցահանդեսը գործելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը։
Շեքսպիրյան 4-րդ միջազգային գիտաժողովը, որն անցկացվեց հոկտեմբերի 6-8-ը Երևանում, հյուրընկալեց հայ և օտարերկրացի շեքսպիրագետների, թարգմանիչների, թատերագետների, ռեժիսորների, դերասանների և ասպիրանտների աշխարհի տարբեր երկրներից:
Գիտաժողովը կրում էր «Շեքսպիրի երկերում ուժի, իշխանության ու բռնության մեկնությունները՝ XXI դարի աշխարհաքաղաքական դիտանկյունից» խորագիրը:
Բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին Երևանի կամերային թատրոնում, որպես պատվավոր հյուր ներկա էր Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան: Նա բեմադրել է Շեքսպիրի ավելի քան 22 թատերգություններ տարբեր երկրներում։
Ֆրանսիացի գրող Էննի Էռնոն արժանացել է գրականության 2022 թվականի Նոբելյան մրցանակի։ Այս մասին հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Շվեդիայի թագավորական ակադեմիայի կազմում գործող Նոբելյան կոմիտեն։
Էռնոն հայտնի է իր ինքնակենսագրական գրքերով, երկար տարիներ էլ համարվում էր Նոբելյան մրցանակի ֆավորիտներից մեկը։
Ինչպես ասված է որոշման մեջ, հեղինակը մրցանակը ստացել է խիզախության և ճշգրտության համար, «որով նա բացահայտում է անձնական հիշողության ակունքները, օտարումը և հավաքական շրջանակները»:
Բազմաթիվ գրական մրցանակների արժանացած ֆրանսուհու գրքերը նվիրված են նրա կենագրությանը:
Sotheby's աճուրդի տունը պատրաստվում է վաճառել 17-րդ դարի Միգել դե Սերվանտեսի հրատարակությունն առնվազն 900 հազար եվրոյով։ Կոլեկցիոներներին ասվել է, որ նման հնարավորություն «կյանքում մեկ անգամ է տրվում»։
Sotheby's-ը ներկայացնելով գրքի պատմությունը, նշում է, որ 1930-ականների սկզբին Խորխե Օրտիս Լինարես անունով մի երիտասարդ բոլիվացի դիվանագետ մտել է Լոնդոնի հանրահայտ «Maggs Bros» գրախանութ՝ հարցնելու, թե արդյոք նրանք ունե՞ն «Դոն Կիխոտ»-ի հատուկ հրատարակություն վաճառքի համար: Նրան պատասխանել են, որ չունենք, սակայն խոստացել են լինելու դեպքում կապ հաստատել նրա հետ։
Երկու տարի անց Լինարեսը հեռախոսազանգ է ստանում Փարիզում՝ բարի լուրով։ Դիվանագետը 1936 թվականի ձեռք է բերել Դոն Կիխոտի հազվագյուտ հրատարակությունը, ինչպես նաև Միգել դե Սերվանտեսի պատմվածքների ժողովածուի առաջին հրատարակությունը։
Դա տեղի է ունեցել Մադրիդում տպագրվելուց չորս հարյուր տարի անց։
Այժմ գրքերը Sotheby's աճուրդի կհանվեն 900 հազար եվրոյով։ Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերին Փարիզում։ Սերվանտեսի պատմվածքների ժողովածուի առաջին հրատարակությունը նախատեսվում է վաճառել 200 000–300 000 եվրոյով։