Գեղարվեստական հաղորդում (341)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:
Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միությունն ավանդույթի համաձայն կյանքի էր կոչել ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությունը, որն անցկացվեց հոկտեմբերի 9-ին Օշականում:
2022-ին «Կանթեղ» մրցանակի են արժանացել Նորա Արիսյանը՝ Հակոբ Պարոնյանի «Քաղաքականության վնասները» գրքի (հայերենից արաբերեն) նաև հայերենից անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն մի շարք գրքերի թարգմանության համար, Հակոբ արքեպիսկոպոս Գլնչյանը՝ Ֆրանց Վերֆելի «Երեմիա. Լսեք ձայնը» (գերմաներենից հայերեն) գրքի թարգմանության համար, Գևորգ Գիլանցը՝ Միխայիլ Բախտինի «Ժամանակի և քրքնքտոպի ձևերը վեպում» (ռուսերենից հայերեն) և մի շարք այլ գրքերի համար, Ագապի Մկրտչյանը՝ Հովհաննես Թումանյան, Պարույր Սևակ, արդի հայ արձակ և արդի հայ պոեզիա (հայերենից գերմաներեն) թարգմանությունների համար, Արտեմ Հարությունյանը՝ Պիտեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» (անգլերենից հայերեն) նաև անգլո-ամերիկյան պոեզիայի թարգմանության համար:
Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հայաստանի գրողների միությունը 10-ից ավելի տարիներ իրականացնում է «Կանթեղ» մրցանակաբաշխությունը, որի նպատակը դարեր ի վեր գոյություն ունեցող թարգմանչական ավանդույթները շարունակելն է:

Գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Դարից երկար» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, կտավներ, նկարներ և մի շարք այլ հետաքրքիր նյութեր, իրեր, որոնք պատմում են երկու հայ մեծերի՝ Արշակ Չոպանյանի և Կոմիտասի՝ «դարից երկար ձգվող բարեկամության» և այն նշանակալի դերի մասին, որն ունեցել է Չոպանյանը Կոմիտասի ճակատագրում. մասնավորապես՝ Կոմիտասի ժառանգությունը պահպանելու, հրատարակելու Հայաստան տեղափոխելու գործում:
Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում:
Ցուցադրության համադրող Մարինե Հարոյանը նշեց, որ ցուցահանդեսն ունի վեց թեմատիկ բաժին, որոնցում գրաֆիկական պատումների և արտեֆակտների համադրությամբ ներկայացրել են Կոմիտասի և Չոպանյանի անձնական ու ստեղծագործական շփումների մասին պատմող տարբեր դրվագներ, որոշ իրադարձություններ:
Առաջին բաժինը կոչվում է «Սպասված և երազված մարդը»: Այդպես է Չոպանյանը բնորոշել Կոմիտասին: «Երբ Կոմիտասն առաջին անգամ 1901 թվականին գալիս է Փարիզ, հանդիպում է Չոպանյանին: Հանդիպումն այնքան է ցնցում Չոպանյանին, որ նա նշում է՝ դա իր կյանքի ամենահզոր տպավորություններից է եղել: Նա այդ հանդիպման տպավորությունը հոդվածներից մեկում համեմատել է միջնադարյան քնարերգուների ձեռագրերը Մխիթարյանների մոտ հայտնաբերելուց հետո ունեցած զգացողությունների հետ»,-պատմեց համադրողն ու հավելեց, որ ժամանակին Չոպանյանն աշխարհի ամենահայտնի հայ գործիչներից է եղել և հսկայական գործ է արել հայկական հարցի ճանաչման համար:
Երկրորդ բաժինը, որը կոչվում է «Հայ երաժշտության հաղթարշավը», անդրադառնում է երկու մեծերի երկրորդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել 1906 թվականին Փարիզում, երբ Չոպանյանը Կոմիտասի առաջին մեծ համերգն է կազմակերպում այնտեղ և զեկույցով է հանդես գալիս: «Այդ իրադարձությունը բեկումնային է լինում Կոմիտասի կյանքում, քանի որ նա միանգամից ճանաչում է ձեռք բերում միջազգային ասպարեզում: Այդ համերգից հետո մեկնում են շրջագայության Եվրոպայում: Հանդես են գալիս Շվեյցարիայի քաղաքներում, Իտալիայում»,-ներկայացրեց համադրողը:
Երրորդ բաժնում մեծ բարեկամների հանդիպումն է մայրենի հողում՝ Էջմիածնում: Չոպանյանն իր հոդվածներից մեկում գրել է՝ երբ եկել է Էջմիածին, հասկացել է, թե որքան նեղ է այն Կոմիտասի համար:
Չորրորդ բաժինը կոչվում է «Աղետից առաջ»: Այստեղ նրանց վերջին հանդիպմանը վերաբերող նյութեր են: Հանդիպում, որը կայացել է 1914-ին Փարիզում: Այդ ժամանակ Կոմիտասը մասնակցում էր երաժշտագիտական մեծ համաժողովի, և նրա ելույթը մեծ արձագանք է գտնում: Հետո Կոմիտասը կարճ ժամանակով կրկին այցելում է Փարիզ, որտեղ ձայնագրություն է իրականացնում, որում նվագակցում է ու երգում Արմենակ Շահմուրադյանի գործերը: «Այդ ձայնապնակն առիթ է դառնում, որ հալածեն Կոմիտասին: Եկեղեցին սարսափելի վատ է ընդունում այն՝ ասելով, որ վաճառքի են հանել հոգևոր երգը: Այդ ժամանակ ևս ի պաշտպանություն Կոմիտասի առաջին մեծ հոդվածը գրում է Չոպանյանը»,-նշեց Հարոյանը:
Հինգերորդ բաժինը կոչվում է «Աղետ»: Այդտեղ ներկայացված է ընդամենը մեկ ցուցանմուշ, որը բերվել է Հայաստանի պատմության թանգարանից: Խոսքը Չանղրի աքսորականների հայտնի համրիչի մասին է: Հարոյանի խոսքով՝ համրիչի բոլոր հատիկների վրա անուններ են գրված, և համար առաջին անվանակիրը Կոմիտասն է: Չոպանյանն իրեն մեղավոր է համարել, քանի որ ինքն է Կոմիտասին խորհուրդ տվել գնալ Պոլիս, ինչը ճակատագրական է եղել Կոմիտասի համար:
«Վերջին բաժինը կոչվում է «Դարից երկար»: Այդտեղ ներկայացվում է այն մեծ աշխատանքը, որը Չոպանյանն արել է Կոմիտասի և՛ հիվանդությունից, և՛ մահից հետո: Դա վերաբերում է Կոմիտասի ժառանգության հավաքման, հրապարակման և այդ ամենը Հայաստան բերելուն»,-ասաց Մարինե Հարոյանը և ընդգծեց, որ ցուցադրության գրաֆիկական ձևավորողն ու կոլաժների հեղինակն Արմինե Շահբազյանն է:
Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն էլ շեշտեց, որ ներկայացված նյութերի մեծ մասը բերվել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից, Հայաստանի ազգային պատկերասրահից, Հայաստանի պատմության թանգարանից և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի արխիվներից:
«Դեռ 1901 թվականին, երբ Կոմիտասը մեկնեց Փարիզ, սերտ կապեր հաստատեց Արշակ Չոպանյանի հետ: Որոշեցինք անդրադառնալ Չոպանյանի 150-ամյակին ցուցահանդեսով՝ այդ կերպ հանրությանն առավել հասանելի դարձնելով այն նյութերը, որոնք խոսում են նրանց բարեկամության մասին»,-նշեց Կոստանդյանը:
Ցուցահանդեսը նախաձեռնել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը: Միջոցառմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ Ֆրանսիայի դեսպանությունը:
Եթերում է ․․․

Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը «Վուդսթոք» (Woodstock) կինոփառատոնում ճանաչվել է հաղթող «Lավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում, իսկ կինոնկարի օպերատոր Ղասեմ Էբրահիմյանը նույն կինոփառատոնում հաղթել է «Lավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:
Օրեր առաջ Համբուրգի կինոփառատոնում, որտեղ ներկայացված են եղել հարյուրից ավելի ֆիլմեր, «Ամերիկացի»-ն ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը։
«Ամերիկացի» Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, որի ընտանիքն այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունն սկսվում է 1947 թվականին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը:
Կինոնկարի ռեժիսորն ու սցենարիստը Միքայել Ա. Գուրջյանն է, օպերատորը՝ Ղասեմ Էբրահիմյանը, դերասաններն են Հովիկ Քեուչկերյանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Ժան - Պիեր Նշանյանը, պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Սոլ Տրիոնը, Պատրիկ Մալխասյանը, Անի Որսկանյանը, արտադրող ընկերություն՝ People Of Ar Productions:

Հայաստանից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխությանը ներկայացվող վավերագրական անիմացիոն «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում։
Ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Հոլիվուդի պատմական TCL չինական թատրոնում, որին կհաջորդի հարց ու պատասխան ռեժիսոր Իննա Սահակյանի հետ:
Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։ Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն՝ դեռատի աղջիկը կրկին վերապրում է Ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։
Ֆիլմը հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության կինոնախագիծ է: Ռեժիսոր և սցենարիստն է՝ Իննա Սահակյանը և պրոդյուսերներն են՝ Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի պետական ֆինանսական աջակցություն:

Դերասաններ Արմեն Քուշկյանն ու Գոռ Համբարձումյանը հոկտեմբերի 5-8-ը մասնակցել են Վիսագինեսում (Լիտվա) կայացած ATSPINDIS միջազգային թատերական 18-րդ փառատոնին:
Արմեն Քուշկյանը ցուցադրել է «Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» մոնոներկայացումը, որի ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է, իսկ Գոռ Համբարձումյանը հանդես է եկել «MENախոսություն» մոնոներկայացմամբ, որի ռեժիսորը Տաթևիկ Մելքոնյանն է: Այն «Արմմոնո» փառատոնի նախագիծն է:
Հայկական պատվիրակության կազմում է եղել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
«Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» մոնոներկայացումը՝ Արմեն Քուշկյանի մատուցմամբ արժանացել է փորձագետների, հանդիսատեսի բարձր գնահատականին և արժանացել է փառատոնի գլխավոր մրցանակներից մեկին՝ «Հանդիսատեսի համակրանք»-ին:

Ռեժիսոր Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմն իր հերթական հաջողություններն է գրանցել երկու փառատոներում։
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, պետական ֆինանսական աջակցություն ստացած «Թոնրատուն» ֆիլմն ընդգրկվել է Վիեննայի International Human Rights Film Festival-ի մրցութային ծրագրում, որը ֆիլմի ավստրիական պրեմիերան է։ Ֆիլմը միաժամանակ ընտրվել է Ֆրանսիայի Les Écrans Documentaires in Arcueil (France) փառատոնի մրցութային ծրագրում։
Կարճ ֆիլմի մասին: 5 կին 30 քառակուսի մետր կանանց տարածքում՝ թոնրատանը. լավաշ են թխում ու քննարկում կյանքն ու պատերազմը:
Ֆիլմի պրոդյուսերներն են՝ Անժելա Ֆրանգյան, Ստեֆան Ժուրդեն, Դը Գոլ Էիդը, բեմադրող օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը։
Եթերում է․․․

«Աշխարհի Փրկիչը» նկարի տերը, որ Սաուդյան Արաբիա է հրավիրել Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների բրիտանացի փորձագետ Մարտին Քեմփին՝ գնահատելու 2017 թվականին Նյու Յորքի Christie's աճուրդում 450 միլիոն դոլարով ձեռք բերած հայտնի նկարի իսկությունը։
Քեմփը հույս է հայտնել, որ իր այցը Սաուդյան Արաբիա «կօգնի աշխարհին նորից ներկայացնել կտավը»։ Նախկինում փորձագետը հրաժարվել էր Արաբական թերակղզու երկիր այցելել «քաղաքական պատճառներով»։ Ենթադրվում է, որ նկարի տերը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդն է, ով այն պահում է իր զբոսանավերից մեկում։
Ըստ թերթի, Օքսֆորդի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսորը որոշիչ դեր է խաղացել նկարը վերածննդի հայտնի նկարիչ դա Վինչիին վերագրելու գործում։ Իտալացի նկարչի՝ այդ կտավի հեղինակը լինելու մեջ նա համոզված է մի շարք գործոններով, այդ թվում՝ «ալիքավոր մազերը, վարպետի գիտելիքները դրանց կառուցվածքի մասին»։ Միաժամանակ նա հայտարարել է, որ «չի պնդում, որ յուրաքանչյուր հարված պատկանում է Լեոնարդոյի վրձնին, քանի որ նկարը բավականին մեծ վնաս է կրել»։
«Աշխարհի Փրկիչը» կտավը լայն ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ այն ներկայացվել է 2011 թվականին Լոնդոնի Ազգային պատկերասրահում, երբ փորձագետները վերջապես այն ճանաչել են որպես դա Վինչիի ստեղծագործություն։ Սակայն արվեստի աշխարհում դեռևս կասկածում են գեղանկարի ստեղծման գործում վարպետի ներգրավվածությանը և կարծիք են հայտնում, որ այն ստեղծել են նրա սաները կամ ընդհանրապես մեկ այլ նկարիչ։
Նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» կտավն անվնաս է մնացել այն բանից հետո, երբ ուրբաթ օրը Լոնդոնի Ազգային պատկերասրահում վանդալները տոմատի ապուր են լցրել դրա վրա:
«Շրջանակի վրա կան աննշան վնասներ, սակայն նկարը չի վնասվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուրբաթ օրը Լոնդոնի Ազգային պատկերասրահում վանդալիզմի ակտ են կատարել Just stop oil («Պարզապես դադարեցրեք նավթը») բնապահպանական շարժման երկու ակտիվիստներ:
Տոմատի ապուրը լցնելուց հետո նրանք իրենց ափերը սոսնձով կպցրել են նկարի կողքի պատին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել աղջիկներին։