Հոկտեմբեր 26, 2022 16:46 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

 

«Հայաստանի գրողների միությունում» տեղի ունեցավ իրանահայ հայտնի բանաստեղծ, թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանի թարգմանությամբ լույս տեսած «Ավեստա։ Իրանցիների հնագույն երգերը և տեքստերը» գրքի շնորհանդեսը։

Ավեստան իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սուրբ գիրքն է, որը ստեղծվել է Ք․ա․ I հազարամյակի 1-ին կեսին, բանավոր ձևով։ Հետագայում այն գրի է առնվել (Ք․ա․ 3-րդ դար) հնդեվրոպական սաթեմ ճյուղի մի լեզվով, որը պայմանականորեն անվանվում է «Ավեստայի լեզու»։ Զրադաշտականությունը իր մեջ է ամփոփել իրանական առասպելաբանության, սովորույթների և աշխարհընկալման տարրերը, իսկ այդ կրոնի բարոյական կառույցի հիմնասյուններն են ԲԱՐԻ ՄԻՏՔԸ, ԲԱՐԻ ԽՈՍՔԸ և ԲԱՐԻ ԱՐԱՐՔԸ, որոնք էլ դարձել են այդ դավանանքի հիմնական ուղենիշը։ Զրադաշտականությունը, լինելով հնդեվրոպական մայր ժողովրդի հավատալիքի ուղղակի ժառանգը, հիմք է նաև հնեվրոպախոս ժողովուրդների առասպելներն ու սովորույթները ուսումնասիրելու և բացատրելու համար։

Ավեստան ամբողջությամբ հայերեն առանձին գրքով լույս է տեսնում առաջին անգամ։

Այս կոթողային աշխատությունը մայրենի լեզվով ունենալը, վկայում է հազարամյակների հարևան Հայ ու Իրանցի ժողովուրդների բարեկամության ու բարի դրացիության հարատևության մասին։

 

 

Գրող, մանկավարժ, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի ծննդյան առթիվ հոկտեմբերի 17-ին լուսավորչի տուն-թանգարանում կազմակերպվել էր «Հոգևորականը» խորագրով միջոցառումը:

Միջոցառմանը հնչեցին Խաչատուր Աբովյանի հոգևոր և կրոնադաստիարակչական բնույթի ասույթները, մասնագետներն անդրադարձան  Աբովյանի հոգևորականի կերպարին և գործունեությանը, հնչեց հոգևոր երաժշտություն և ներկայացվեցին հեղինակ Աստղիկ Սողոյանի «Խաչատուր Աբովյանի պատումի արվեստը» մենագրությունն ու հեղինակ-կազմող Արևիկ Ստամբոլցյանի «Լուսավորչի դասերը» գիրքը:

Տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասաց՝ Աբովյանն այնքան բազմաժանր ստեղծագործող է եղել և հարուստ ժառանգություն թողել, որ թեմաների պակաս երբեք չի լինում: Այս անգամ անդրադառնում են Աբովյան հոգևորականին, քանի որ հասարակության մեջ թյուր ալիք կա, թե Աբովյանը եկեղեցականների կողմից մերժված էր, ինչը սխալ է, և դա շտկելու պատասխանատվությունը տուն-թանգարանի ուսերին է դրված: «Աբովյանը եղել է հոգևորական, միշտ հավատարիմ է մնացել եկեղեցուն, անգամ նրա ամուսնական պայմանագրում նշված է եղել, որ իր կինն ազատ դավանելու իրավունք ունի, սակայն զավակները պետք է Հայ առաքելական եկեղեցում մկրտվեն ու դավանեն հայ եկեղեցուն»,-պատմեց Խոջամիրյանը:

Խոսելով «Խաչատուր Աբովյանի պատումի արվեստը» մենագրության մասին՝ նա շեշտեց՝ Սողոյանն իսկապես գիտական մեծ աշխատանք է կատարել, և գիրքը բացառիկ է նրանով, որ տասնյակ տարիներ Աբովյանի, նրա ստեղծագործությունների վերաբերյալ այդ մակարդակի մենագրություն չի հրապարակվել: «Աստղիկ Սողոյանը համակողմանիորեն ուսումնասիրել է Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունների կառուցվածքը: Հեղինակի ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ միայն Աբովյանի՝ հանրության լայն շրջանակին ծանոթ գործերը, այլև այլ ստեղծագործություններ, որոնք ավելի քիչ հայտնի են ընթերցողներին»,-նշեց տուն-թանգարանի տնօրենը:

Ըստ Խոջամիրյանի՝ գիրքը հետաքրքրելու է ոչ միայն գրականագետներին ու աբովյանագետներին, այլև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են գրական ստեղծագործությունների կառուցվածքով:

Իսկ Արևիկ Ստամբոլցյանի «Լուսավորչի դասերը» գրքում ներառված են Աբովյանի  թևավոր խոսքերը, որոնց կարիքը, ըստ Խոջամիրյանի, այսօր շատ կա, քանի որ դրանք գոտեպնդող են, ոգեշնչող: Գիրքը լույս ընծայելը տուն-թանգարանի նախաձեռնությունն է եղել:

Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի գործունեությունը ծավալուն է. այն փորձում է կրթական, ժամանցային ծրագրերի, գիտական հրատարակությունների միջոցով հանրահռչակել Աբովյանին և նրա գործունեությունը:

«Տուն-թանգարանի այգում ևս կազմակերպվում են գրքերի շնորհանդեսներ, խարույկի երեկոներ, դասական, ջազ երաժշտության երեկոներ, տիկնիկային և այլ ներկայացումներ են խաղում:  Բոլոր միջոցառումների կարևորագույն առաքելությունը Խաչատուր Աբովյանի ժառանգությունը ներկայացնելն ու պատգամները տեղ հասցնելն է: Տուն-թանգարանի պարտքն է իրականացնել Աբովյանի երազանքը, որն էր տեսնել կիրթ հասարակություն, ձևավորել  քաղաքացիական գիտակցում: Նա չէր երազում, որ իրեն ճանաչեն, այլ ուզում էր, որ իր պատգամները հասնեն սերունդներին»,-եզրափակեց Սյուզաննա Խոջամիրյանը:

 

 

Չեխ գրող, ճանապարհորդ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համալրել արգելված գրականության ցանկը, թարգմանվել է հայերեն:

Գիրքն անդրադառնում է հայոց պատմությանը և մշակույթին, Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած տառապանքներին ու բազմահազար որբերի և այրիների ողբերգական վիճակին։

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Գիրքը հայերեն է թարգմանել «Օրեր» համաեվրոպական ամսագրի համահիմնադիր, Պրահայի Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դոկտորանտ Աննա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Հանսան մասնագիտությամբ գրող չի եղել և որոշել է ճամփորդել դժբախտ սիրո պատճառով: Նա մեկնել է արևելք՝ դեպի Պոլիս: «Հանսան Զմյուռնիա գնալու ճանապարհին առաջին անգամ նավի վրա տեսնում է հույն փախստականների: Երբ հասնում է Բեյրութ և Սիրիա, հանդիպում է Հայոց ցեղասպանությունը վերապրողներին: Նա աշխատանքի է անցնում Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպությունում և սկսում է գրանցել հայ որբերին, իսկ որոշ ժամանակ անց  նաև մասնակցում է որբերի՝ Ուրֆայից, Խարբերդից դեպի Հալեպ, Բեյրութ տեղափոխման աշխատանքներին»,-պատմում է Կարապետյանն ու ընդգծում, որ Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքում հեղինակը վավերագրել է իր տեսածը:

«Սա Հայոց ցեղասպանությանը վերաբերող չեխերեն գրված առաջին գիրքն է: Երբ նացիստները գրավում են Չեխոսլովակիան, «Արևելքի արհավիրքները» գիրքը դուրս է բերվում գրադարաններից ու համալրում արգելված գրքերի ցանկը: Այն մոռացված գիրք էր մինչև 2006 թվականը, երբ ես և ամուսինս՝ Հակոբ Ասատրյանը, վերահրատարակեցինք այն չեխերեն ու հասկացանք, որ գիրքն անհրաժեշտ է հայերեն թարգմանել»,-շեշտում է Աննա Կարապետյանն ու հավելում, որ սա գիտական թարգմանություն է՝ 600-ից ավելի բացատրություններով ու մեկնաբանություններով:

«Արևելքի արհավիրքները» Հանսայի առաջին գիրքն է: Նա անդրադարձել է շատ ծանր թեմայի և գրել է այն ոճով, որն այն ժամանակ ընդունված է եղել: Գրքում շատ են խրթին, երկարաշունչ նախադասությունները: «Հիմնականում հանրագիտարանային տվյալներ են: Գրում է  Հայաստանի մասին, մեր կրոնի, Մխիթարյան միաբանության, Մաշտոցի մասին: Գրքի նպատակն էր տեղեկացնել, թե ովքեր են հայերը, որոնց համար Հանսան դրամ էր խնդրում Նա ասում է. «Տվեք, և ձեզ համար կաղոթեն այս փոքրիկ ձեռքերը»: Գրքում և՛ Հանսայի, և՛ միսիոներների վկայություններն են»,-նշում է թարգմանիչը:

Գրքում կան նաև լուսանկարներ, սակայն շատ չեն: Կարապետյանի խոսքով՝ Հանսայի մահից հետո նրա բնակարանը կողոպտել են, և նրա արխիվը կորել է:

Ըստ Աննա Կարապետյանի՝ գիրքը կհետաքրքրի ոչ միայն գիտական շրջանակներին, այլև սովորական ընթերցողներին:  Այն արդեն տեղ է գտել Հայաստանի ազգային, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և այլ գրադարաններում: Շուտով հնարավոր կլինի գտնել գրախանութներում և ուսումնական հաստատություններում:

 

 

Նոյեմբերի 3-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսը:

«Մարտիրոս Սարյանի շուրջ ինը տասնյակ բարձրարժեք նկարազարդումները ներկայացնում են գրքային գրաֆիկայի ասպարեզում Վարպետի թողած հարուստ ժառանգությունը: Դրանց զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ:

Ցուցադրությունը սկսվում է հայ դասականներ Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի գրական երկերի նկարազարդումներով: Ներկայացված են գրքային գրաֆիկայի ասպարեզում Սարյանի ստեղծած ինչպես ամենավաղ պատկերազարդումները ռուս հեղինակներ Միխայիլ Լերմոնտովի, Վլադիմիր Էլսների և Վալերի Բրյուսովի գրքերի համար, այնպես էլ Վահան Թոթովենցի, Գուրգեն Մահարու, Միքայել Նալբանդյանի, Մարիետա Շահինյանի ստեղծագործությունների ձևավորումները:

Նկարիչն անդրադարձել է նաև դասագրքերի ու մանկական գրականության պատկերազարդմանը:

Գրչածայրի կամ վրձնի մեկ հպումով կյանք առած հեքիաթային մոտիվները մեզ տեղափոխում են դեռևս մանկուց հարազատ ու ծանոթ աշխարհներ…

Ցուցադրությունն ամփոփում են համաշխարհային պոեզիայի գլուխգործոց «Շահնամեից» «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ նկարազարդումները, որտեղ Սարյանի վիրտուոզ վրձինն ու վառ երևակայությունը պարսկական մանրանկարների ոգով կենդանացրել են արևելյան պատումներն իրենց ամբողջ հմայքով ու խորությամբ»,- նշված է միջոցառման մասին տեղեկացնող ֆեյսբուքյան էջում։

Ցուցահանդեսի համադրողներն են Հայկուհի Սահակյանը, Սեդա Խանջյանը:

Ցուցահանդեսը կգործի նոյեմբերի 3-ից - դեկտեմբերի 18-ը:

 

 

Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը ներկայացվել է Asia Pasific Screen Award (APSA) (Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխություն) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում, որտեղ մրցելու են 5 անիմացիոն ֆիլմեր:

Հայաստանի Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ APSA-ն «Ասիա-խաղաղօվկիանոսյան» կինոակադեմիայի մրցանակաբաշխությունն է, որին տարեկան մասնակցում է ավելի քան 70 երկիր։ Այն համագործակցում է Կինոարտադրողների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիա՝ FIAPF-ի հետ և նրա հատուկ մրցանակներից մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող մշակութային բազմազանության մրցանակն է:

Ազգային կինոկենտրոնից նաև նշում են, որ «Ավրորայի լուսաբացը» ընդգրկված է նաև վավերագրական ֆիլմերի IDFA՝ Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի «Փառատոների լավագույն ֆիլմեր» բաժնում:

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

 

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022 թ. հոկտեմբերի 21-ից կցուցադրվի ԱՄՆ ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում՝ Գլենդել, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն և այլն։

Այս ցանցի կինոթատրոններն իրենց տարեկան ծրագրում ընդգրկում են 4-8 արտասահմանյան ֆիլմեր. այս տարի ցանկում է նաև հայկական արտադրության «Դրախտի դարպասը» ֆիլմը։

«Դրախտի դարպասը» ֆիլմն ընդգրկվել էր սեպտեմբերի 2-3-ն անցկացվող «Be Epic» Լոնդոնի միջազգային կինոփառատոնում, որտեղ ցուցադրվել է որպես փառատոնի բացման ֆիլմ՝ հաղթելով «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:

«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի ղարաբաղյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրի (Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ) համատեղ արտադրություն է։

Ըստ ֆիլմի բովանդակության՝ գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը 2016 թ․-ին վերադառնում է ԼՂ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆյայի հաճախակի հանդիպումներն արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունք, սակայն պարզվում է, որ Սոֆյան անհետ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է: 1992 թ․-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը ֆոտոլրագրողին թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:

Ֆիլմի ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է: Գլխավոր դերերում հանդես են եկել Ռիխարդ Զամելը, Տատյանա Սպիվակովան և Սոս Ջանիբեկյանը։

 

 

Ռեժիսոր Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա International Mediterranean Film Festival Montpellier (Cinémed) հեղինակավոր կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Cinémed-ը Կաննի միջազգային կինոփառատոնից հետո ֆրանսիական երկրորդ ամենամեծ փառատոնն է: Մրցույթում Հայաստանը ներկայացված է ի թիվս 20 այլ ֆիլմերի շարքում տարբեր երկրներից։

Հայաստանի Ազգային կինոկենտրոնից նշում են, որ ֆիլմի ռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանն ընտրվել է նաև Cinemed-ի «Կարճից երկար» ծրագրում՝ արդյունաբերության բաժնի հանդիպումներին մասնակցելու և իր նոր լիամետրաժ ֆիլմի նախագիծը ներկայացնելու համար:

Ֆիլմը 12 րոպե է. Անուշը հեռացել է Հայաստանից՝ փախչելով ընտանեկան պատերազմից։ Տարիներ անց նա վերադառնում է հայրենիք՝ ստիպված լինելով այլ երկրում թողնել ապրելու իր միակ պատճառը…