Նոյեմբեր 01, 2022 12:06 Asia/Yerevan
  • Գեղարվեստական հաղորդում (343)

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում անդրադառնալու ենք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

 

«Իրանական ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական դասընթացի 2-րդ փուլի շրջանակում Մատենադարանի վերականգնողները յուրացրել են իրանական ձեռագրակազմերի, կարի, կապտալների առանձնահատկությունները և դրանց վերականգնման նրբությունները: Դասընթացը, որը Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերին նվիրված ծրագրի շարունակությունն է, անցկացվել է 2022-ի հոկտեմբերի 21-29-ը Մատենադարանում:

Հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդգծեց, որ դասընթացի շրջանակում հյուրընկալել են Իրանից հատուկ հրավիրված անվանի վերականգնող Համիդ Մալեքյանին: «Յուրացնելով նրա փոխանցած հմտությունները՝ մեր մասնագետները դրանք կկիրառեն պրակտիկայում»,-ասաց նա և հավելեց, որ Մատենադարանում պահվում է ավելի քան  450  իրանական ձեռագիր, որոնց մեծ  մասի վերականգնման համար պետք է սերտել այդ մշակույթին, ձեռագրարվեստին հատուկ նրբությունները:

Տնօրենը հիշեցրեց, որ մի շարք նախաձեռնություններ են իրականացրել հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և  վստահեցրեց, որ ձեռագրերի վերականգնմանը նվիրված ծրագիրը շարունակական կլինի:

Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ շեշտեց, որ վերականգնման բաժնի լավագույն մասնագետին են ընտրել, իսկ Մատենադարանի բաժնի աշխատակիցները փաստում են դա՝ խոսելով երկու փուլով  անցկացվող ծրագրի արդյունավետության մասին:

«Մենք լիահույս ենք, որ կկարողանանք այս ծրագիրն ամենամյա դարձնել, ինչի արդյունքում ոչ մի վնասված ձեռագիր չի մնա Մատենադարանում: Մի քանի օր առաջ Սյունքիում բացվեց  Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որն էլ իր հերթին նոր էջ է բացում հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների մեջ: Այն ևս կարող է խթանել երկու երկրների միջև տարատեսակ  կրթամշակութային, գիտական կապերի զարգացմանը»,-շեշտեց Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:

Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանի խոսքով՝ դասընթացը չափազանց հագեցած է եղել: «Մեր մասնագետները որոշ չափով տիրապետում են իրանական ձեռագրերի վերականգնման տեխնիկային, սակայն երբ մասնագետն է ամեն բան ցույց տալիս, մեր գիտելիքներն ավելի են ամրապնդվում: Մեզ համար Համիդ Մալեքյանը «մարդ-նվագախումբ է», որից կարելի է անընդհատ սովորել»,-ասաց Էլիազյանը:

Համիդ Մալեքյանի համար Մատենադարանը մեծ բացահայտում է, և նա վատ է զգում, որ այն ըստ արժանվույն գնահատված չէ աշխարհում և բավարար ճանաչված չէ: «Մատենադարանը մեծ գանձ է տարածաշրջանում: Ես փորձել եմ աշխատանքների ընթացքը նկարել և փոքր ֆիլմով իմ լուման ունենալ Մատենադարանն առավել ճանաչելի դարձնելու գործում»,-ասաց վերականգնողը:

Նա շատ տպավորված է մեր մասնագետներով և կարծում է, որ նրանք շատ մեծ պատրաստվածություն ունեն և շատ պրոֆեսիոնալ են:

Ըստ մասնագետների՝ նման դասընթացները շատ կարևոր են Մատենադարանի հավաքածուի պահպանման համար, քանի որ Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերն ունեն վերականգնման այլ ավանդույթներ:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ և Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ:

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված էր Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

Ֆրանկֆուրտի ցուցահանդես-տոնավաճառն իր տեսակի մեջ միջազգային ամենամեծ գրքի հարթակն է, որին Հայաստանը մասնակցում է ավելի քան քսան տարի:

Միջոցառմանն այս տարի ներկայացել էին աշխարհի 100 երկրներից ավելի քան 7 հազար մասնակիցներ: Այն հրաշալի առիթ էր հերթական անգամ ցուցադրելու, հանրահռչակելու Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականությունն ու մշակութային գրավոր ժառանգությունը: Այս հարթակում ազգային տաղավար ունենալը կարևոր է նաև հայաստանյան գրական գործակալների և հրատարակիչների հանդիպումները, պայմանավորվածությունները, հետագա ծրագրերը կյանքի կոչելու առումով:

Հայաստանի տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարներում օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին միջոցառման բոլոր օրերի ընթացքում ներկայացվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը: Նախարարությունն այս ծրագրով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Այն նպատակ ունի ճանաչելի դարձնել հայ գրականությունը միջազգային հարթակներում:

Վերոնշյալ  ծրագրի շրջանակում  վերջին 4 տարում արտերկրում լույս է տեսել (նաև ընթացքում է) 67 գիրք՝ ավելի քան 20 լեզուներով: Այս անգամ ձեռքբերված պայմանավորվածությունները ևս հնարավորություն կտան ընդլայնելու թարգմանական ծրագրի աշխարհագրությունը:

 

 

Եղիշե Չարենցի ծննդյան 125 և մահվան 85-ամյակներին նվիրված ««Ծիածանը» և ․․․» գիրքը  իր առանձնահատուկ տեղը կգտնի ընթերցասեր հասարակության, հատկապես ֆրանկոֆոն մշակույթի դաշտում:

Հոկտեմբերի 28-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում կայացավ Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և…» երկլեզու գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն նշեց, որ ուրախ են, որ աջակցել են Եղիշե Չարենցի տուն-թանգարանին՝ թարգմանել ու խմբագրել գիրքը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի դեսպանատան համար շատ կարևոր է հնարավորություն տալ ֆրանսախոս  հասարակությանը ճանաչել Չարենցի գործերն ու բանաստեծությունները:

«Ունենալով ուժեղ կապեր Հայաստանի և հայերի հետ՝ Ֆրանսիայի դեսպանատան կողմից ուզում եմ ասել, որ Չարենցը՝ որպես բանաստեղծ, գրող, մշակութային մարդ, կարևոր է նաև Ֆրանսիայի դեսպանատան համար»,- ասաց Գիյոմ Նարժոլեն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը նշեց, որ դեռևս 2021 թվականին հանձնաժողովի կողմից առանձնակի նշանակություն է տրվել թարգմանչական ծրագրերի իրականացմանը:

«Ուրախ եմ, որ տարվա ավարտին մեր ձեռքին է երկլեզու ««Ծիածանը » և ․․․» գիրքը, որն արդեն 5-րդն է 2022 թվականի թարգմանական ծրագրերի շրջանակում: Վստահ ենք, որ գիրքն իր առանձնահատուկ տեղը կգտնի ընթերցասեր հասրակության, հատկապես ֆրանկոֆոն մշակույթի դաշտում»,- ասաց Մարաբյանը:

Գիրքը վերնագրված է ««Ծիածանը» և…», քանի որ այնտեղ զետեղված են Եղիշե Չարենցի «Ծիածանը» շարքը, ինչպես նաև բանաստեղծություններ «Ողջակիզվող կրակ», «Ութնյակներ արևին», «Զանազան բանաստեղծություններ» շարքերից, ընդհանուր` 74 ստեղծագործություն (հայերեն և ֆրանսերեն լեզուներով):

«Գրքի թարգմանության նախաձեռնությունը ծնվել է դեռևս նախորդ տարի, երբ  Ֆրանսիայի դեսպանատան աշխատաիցներն այցելել են թանգարան: Թանգարանի ռազմավարական ուղղություններից մեկն է Չարենցի կերպարի միջազգայնացումը: Նրա գրական ժառանգությունների թարգմանությունը այդ նպատակի իրականցման ճանապարհն է: Սա շատ կարևոր է թանգարանի այցելուների համար, քանի որ մենք  հյուրընկալում ենք ոչ միայն հայերի, այլև այլազգիների»,- ընդգծեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը:

Ֆրանսերեն թարգմանության հեղինակն է լուսահոգի Արամ Բարլեզիզյանը: «Ծիածանը» և…» գիրքը թարգմանչի կյանքի վերջին ամիսների աշխատանքն է ու նրա հիշատակի հավերժացումը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև գրքի թարգմանության ընթացքում Արամ Բարլեզիզյանի՝ ձեռագրով արված նշումների թուղթը, որը պահվել է Ե․ Չարենցի տուն-թանգարանում:

 

 

Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուն համալրվել է ևս մեկ կարևոր ցուցանմուշով: Ամերիկաբնակ Վանուհի Արճյանը պատկերասրահին է նվիրել տղամարդու արծաթե գոտի՝ ստեղծված Թիֆլիսում:

Պատկերասրահի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ քառանկյունաձև երկայնակի հատած գլանաձև ճարմանդով գոտին պատրաստվել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարասկզբին հայ վարպետի կողմից:

Հայաստանի ազգային պատկերասրահի 40000-ից ավելի արվեստի բարձրարժեք գործեր ընդգրկող հավաքածուն համալրվել է հիմնականում նվիրյալ մարդկանց շնորհիվ։ Հատկապես վերջին տարիներին վերականգնվել է նվիրատվության բարի ավանդույթը։

 

 

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ցուցադրվելու է Ֆլորենցիայի միջազգային երկրորդ կինոփառատոնի (Florence International Film Festival) մրցութային ծրագրում:

Փառատոնը տեղի կունենա Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում` նոյեմբեր ամսին։

Ֆիլմը, որը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ, պատմում է 1990-ականների Հայաստանի մասին: Ֆիլմում զինվորական կալանքից ազատվելուց հետո Արսենը վերադառնում է տուն: Ծնողները ավտովթարից զոհվել էին, երբ նա կալանքում էր: Բանակային անցյալը և իր հետ այնտեղ տեղի ունեցածն ազդեցություն են թողել Արսենի վրա: Լուռ վերապրելով անցյալը՝ փորձում է համակերպվել քաղաքացիական կյանքին: Նրան փորձում է օգնել բանակային հրամանատարը, որը դարձել է հոգևորական: … և այդ խավարի մեջ Արսենը հանդիպում է Մարիին:

Կինոնկարի համասցենարիստներն են Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, օպերատորը Արտո Խաչատրյանն է, նկարիչը Ներսես Սեդրակյանն է, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսորը՝ Տիգրան Կուզիկյանը: Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել սիրված դերասան Վիգեն Ստեփանյանը:

 

 

Ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ դերասան և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը գարնանը պատրաստվում է սկսել նոր ֆիլմի նկարահանումները: Կինոնկարը, որի գործողությունները ծավալվելու են 1946 թվականին, կոչվելու է «Վերջին ռաունդը Ստամբուլում»:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սերժ Ավետիքյանը պատմել է, որ գլխավոր հերոսն իռլանդացի բռնցքամարտիկ է, որը սիրահարվում է հայ աղջկա: Նրանք մեկնում են Ջիբուտի, այնուհետև՝ Ստամբուլ:

«Այս ֆիլմով ուզում եմ ասել, թե ինչու մենք դարձանք էմիգրանտներ, ինչու մեր ապագան ստիպված եղանք կառուցել կորստի վրա: Նոր սերնդին ուզում եմ պատմել, որ ստիպված ենք դա անել և գնալով կորցնում ենք: Շատ եմ ցանկանում, որ մենք հոգեբանորեն ավելի կայուն, ամուր լինենք, քանի որ կորստի վրա կառուցել այլևս հնարավոր չէ: Մտածելակերպի հարց է. պետք է փորձենք զարգացնել մշակույթը, մեր լեզուն»,-նշում է կինոռեժիսորն ու շեշտում, որ անհրաժեշտ է կրկին Րաֆֆու ստեղծագործությունները կարդալ, վերընթերցել «Խաչագողի հիշատակարանը», հիշել, թե որտեղից ենք մենք եկել ու վերածնվել:

Ավետիքյանը տեղեկացնում է՝ «Խաչագողի հիշատակարանը» թարգմանվել է ֆրանսերեն, և հավաստիացնում է, որ ֆրանսիացիներն այն կարդում են:

Ըստ ռեժիսորի՝ մշակույթը շատ մեծ դերակատարություն ունի երկրի առաջընթացի գործում: «Րաֆֆին մեծ գործ է արել վեպի միջոցով: Ես Րաֆֆիին չեմ հասնի, բայց  կինոյի օգնությամբ ասելիքս տեղ կհասցնեմ: Նկարելը նկարելու համար չէ միայն, պատմելը միայն պատմելու համար չէ: Մենք պետք է իմաստավորենք ամեն բան  և կառուցենք ոչ կորստի վրա: Ինձ համար կարևոր է դա երիտասարդներին փոխանցելը»,-ասում է նա:

Սերժ Ավետիքյանը ֆիլմի և՛ ռեժիսորն է, և՛ սցենարի հեղինակը, և՛ կարճ դերակատարմամբ հանդես է գալու հայի կերպարում:

 

«Անկյունաքար» հրատարակչությունը  1999 թվականից ի վեր հրատարակում, թարգմանում և աշխարհում տարածում է հայ քրիստոնեական գրականությունը՝ փորձելով ճանաչելի դարձնել հայ եկեղեցու ավանդույթներն ու առանձնահատկությունները: Իսկ հայոց լեզուն զարգացնելու նպատակով լույս է ընծայում բառարաններ, զրուցարաններ, գեղարվեստական և այլ գրականություն:

Ամիսներ առաջ հրատարակչության տնօրեն, թարգմանիչ և խմբագիր Խաչիկ Գրիգորյանը Կյուրեղ Ալեքսանդրացու «Մեկնութիւն Եբրայեցւոց թղթոյն» բացառիկ գիրքն ուղարկել է Հռոմի պապին: Գրիգորյանը շատ է շոյվել, երբ Պապի կողմից մեդալի է արժանացել՝ իրենց կատարած աշխատանքի համար:

«Արմենպրես»-ի թղթակիցը Խաչիկ Գրիգորյանի հետ զրույցում մանրամասներ է պարզել Ալեքսանդրացու գրքի, «Անկյունաքար»-ի գործունեության, մինչ օրս լույս ընծայած ուշագրավ ստեղծագործությունների մասին:

«Անկյունաքար»-ն ստեղծվել է 1998 թվականին, սակայն սկսել է գործել 1999-ից: Հենց այդ տարի լույս է ընծայել Գրիգոր Տաթևացու «Սողոմոնի առակների մեկնությունը» գրքի թարգմանությունը՝ գրաբարից աշխարհաբար: Հրատարակել և հրատարակում է մեկնություններ, խորը դավանաբանական գործեր: «Մեր ամենավերջին գիրքը Կյուրեղ Ալեքսանդրացու «Մեկնութիւն Եբրայեցւոց թղթոյն» գործն է, որը լույս է տեսել «Աստվածաբանական բնագրեր» մատենաշարով: Նա Ալեքսանդրիայի եպիսկոպոսն է եղել 5-րդ դարում: Քրիստոնեության, ավանդական եկեղեցիների համար Ալեքսանդրյան դպրոցը լուրջ դերակատարություն է ունեցել: Հնարավոր չէ կարդալ որևէ քրիստոսաբանական երկ, որում դպրոցի անունը չհիշատակվի, այն էլ ամենակենտրոնական հարցերում, իսկ հայ եկեղեցին, աստվածաբանությունը, քրիստոսաբանությունը հիմնված են Ալեքսանդրյան դպրոցի վրա»,-շեշտում է հրատարակիչը:

Կյուրեղ Ալեքսանդրացուց տասը հատոր գիրք է մեր օրեր հասել: Միայն մեկ գործ մինչև 2020 թվականը կորած է համարվել ամբողջ աշխարհում: Խոսքը «Մեկնութիւն Եբրայեցւոց թղթոյն» գրքի մասին է:  Ամբողջ աշխարհում գրքից ընդամենը վեց էջ էր պահպանվել:

2020-ին պատմաբան, հայագետ, աստվածաբան Հակոբ Քյոսեյանը պատահաբար Մատենադարանում գտել է գիրքը: Այն ժողովածուի մեջ է եղել: Խաչիկ Գրիգորյանը, իմանալով այդ մասին, շատ է ոգևորվել և որոշել հրատարակել այն: Գիրքը նախ գրաբար է լույս տեսել, այնուհետև գրաբարից անգլերեն է թարգմանվել: Թարգմանիչը հենց Խաչիկ Գրիգորյանն է, որը ծանոթ է քրիստոսաբանական նրբություններին: