Գեղարվեստական հաղորդում (344)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում անդրադառնալու ենք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
Հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման հարցում մեծ նշանակություն պիտի ունենա թարգմանական գործը։
Նոյեմբերի 3-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Սաադիի անվան առաջին գրական մրցանակաբաշխությունը։ Մրցանակակիրը Էդուարդ Հախվերդյանն էր։ Բանաստեղծ-արձակագիրն իր կյանքի ողջ գրական գործունեությունը նվիրել է թարգմանական գործին։ Սաադիի անվան գրական մրցանակի սահմանումը հետապնդում է կարեւորագույն նպատակ՝ բարեկամ երկու երկների գրական ժառանգության ներկայացումը մայրենի լեզվով։
ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային խոսեց թարգմանիչների եւ թարգմանչած տոնի՝ ազգերի մշակույթները միմիյանց ճանաչելի դարձնելու հարցում շատ յուրահատուկ ներդրում ունենալու մասին։
Էդուարդ Հախվերդյանը թարգմանել է իրանցի ժամանակակից եւ դասական գրողների 20-ից ավելի գործեր։ Հոսեյն Թաբաթաբայիի խոսքով, շատ էին հավակնորդ թարգմանիչները, որոնք կարող էին արժանանալ այս մրցանակին,սակայն այդ ճանապարհը կհարթվի հենց Հախվերդյանին մրցանակ հանձնելու արարողությամբ։ Նա հույս հայտնեց, որ Սաադիի անվան մրցանակաբաշխությունը կլինի ամենամյա եւ շարունակական։ Թարգմանական գործի իրականացման հարցում մեծ դերակատարում ունի նաեւ Հայաստանի գրողների միությունը. Նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեծ ոգեւորությամբ խոսեց Էդուարդ Հախվերդյանի կատարած անձնվեր եւ բարեկամ երկրների մշակութային ձեռագրերը ամրապնդող գործունեության մասին՝ շեշտելով, որ Հախվերդյանն օրինակ պետք է ծառայի երիտասարդ թարգմանիչների համար։
Արձակագիր Հախվերդյանը վստահ կերպով նշեց ,որ իր այս աշխատանքը շարունակական բնույթ է ունենալու հայ ընթերցողների սեղաններից երբեւէ չի բացակայելու Իրանի գրողների նշանավոր գործերը։ Թարգմանել է ոչ միայն արձակը,այլեւ դրամատուրգիան,հեքիթաները եւ պոեզիան։
Հիշեցնենք, որ արձակագիրը որպես մրցանակ հնարավորություն կունենա վայելել 7 օրյա հանգիստ՝ Իրանի Շիրազ քաղաքում։
«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվի վերջին տարիների նկարահանված բնապահպանական ավելի քան 30 ֆիլմ աշխարհի տարբեր անկյուններից։
2022-ին փառատոնի ֆիլմերի ծրագիրը կունենա երեք անվանակարգեր, որոնք են՝ լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, մանկապատանեկան ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին:
Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված կլինեն նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։
«Արևորդի» փառատոնի այս տարվա ծրագրի հավելվածներից մեկը նոյեմբերի 11-14-ը նախատեսված «Կանաչ թղթակիցների դպրոցը» ինտենսիվ ուսումնառության նորաստեղծ հարթակն է, որի թիրախում մեդիա ոլորտում ներգրավված երիտասարդների շրջանում Հայաստանում էկո-լրագրության զարգացումն է և բնապահպանական ու կլիմայական խնդիրներին առնչվող թեմաների լուսաբանման որակի բարելավումը:
Բնապահպանական փառատոնը 2007 թվականին հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: «Արևորդին» Իր տեսակով այն առաջինն ու դեռևս միակն է Հարավկովկասյան տարածաշրջանում։
«Արևորդի» փառատոնի շրջանակներում ցուցադրվեց նաև իրանական «Սիմին» ֆիլմը:
«Սիմին» ֆիլմը պատմում է Զայանդեհրուդի (Իրանի Սպահան քաղաքով հոսող գետի) ցամաքման և այն մասին, թե ինչպես է դա ազդում մարդկանց, հատկապես՝ գյուղացիների կյանքի վրա։ Պատմությունը ներկայացված է փոխաբերությունների միջոցով․ ֆիլմում մոր կերպարը խորհրդանշում է ջուրն ու գետը։
Զայանդեհրուդ գետի ցամաքելուց հետո հարևան գյուղերի ջրհորները և ջրատարները նույնպես ցամաքել են։ Գյուղատնտեսական հողերը կորցրել են իրենց բերրիությունը, իսկ գյուղերն աստիճանաբար դատարկվել են։ Բնակիչների մեծ մասն արտագաղթել է շրջակա քաղաքներ, իսկ գյուղերում մնացել են միայն տարեցները։ Ջուր գտնելու հուսահատ փորձերից հետո քիչ մարդ է մնացել գյուղական տեղանքում՝ փորձելով գտնել այլ աշխատանք։ Մի քանիսն էլ, որոնք դեռ հույսները չեն կտրել, առայսօր շարունակում են ջուր փնտրել ջրատարներում։
Ուրբաթ, նոյեմբերի 4-ին, Իրանի Արվեստագետների տան «Շահնազ» դահլիճում տեղի ունեցավ «Իրանահայ ջրանկարիչներ» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է իրանահայ ջրանկարիչների մասին, ովքեր զարգացրեցին այդ ճյուղը Իրանի ժամանակակից գեղանկարչության ասպարեզում, նրանք ոչ միայն Իրանի հայտնիների ցուցակն են գլխավորում, այլեւ հիմքն են դրել արվեստի այդ տեսակի տեխնիկայի:
Գիրքը հավաքագրել եւ տպագրությանն է պատրաստել Ամիր Դավուդիփուրը: 80 էջերից կազմված՝ «Իրանահայ ջրանկարիչներ»-ը հրատարակվել է «Յաս-նեգարե» հրատարակության կողմից՝ հայերեն, պարսկերեն եւ անգլերեն լեզուներով, իսկ թարգմանության աշխատանքները կատարվել է Արա Ավանեսյանի եւ Թուրաջ Շոջայիի ձեռամբ:
Շնորհանդեսի խորհրդանշական արարողությունից առաջ ելույթներով հանդես եկան՝ Վարանդը, Նադեր Քարիմանը, Իսակ Յունանեսյանը, Ալի Դեհբաշին, Մասջեդջամեին եւ Վարդան Վարդանյանը:
Օրվա առիթով հրավիրված էին բանախոսելու նաեւ Այդին Աղդաշլուն եւ Սիմոն Այվազյանը, ովքեր ներկա չէին ծրագրին, սակայն գրավոր ուղերձով շնորհավորել էին գրքի լոյս ընծայման կապակցությամբ:
Հայաստանի ազգային գրադարանում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի ծննդյան 90-ամյակին և «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի 55-ամյակին նվիրված միջոցառում։ Ներկա էին Հայաստանի գրողների միության անդամներ, հրապարակախոսներ, գրականասերներ։
«Այսօր մենք նշում ենք զույգ հոբելյան, դրանք անբաժանելի են մեկը մյուսից, որովհետև մեկը մյուսի ծնունդն են։ Նշում ենք արձակագիր,հրապարակախոս, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Վարդգես Պետրոսյանի ծննդյան 90-ամյակը, միաժամանակ նշում ենք «Գարուն» ամսագրի տպագրության 55-ամյակը։ Յուրաքանչյուր լրագիր և հանդես եզակի և անկրկնելի տեղ ունի գրականության մեջ, որոնց շնորհիվ էլ կրթվում է երիտասարդ սերունդն ու կրթում հասարակությանը,- ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։
Հայաստանի ազգային գրադարանի հարկի ներքո էին հավաքվել գարունականները, ովքեր գրադարանի Թամանյանական դահլիճում պատմեցին ամսագրում իրենց աշխատած տարիների հուշերը։
Միջոցառման ժամանակ գարունականները կիսվեցին իրենց հուշերով, գրական փորձով, խորհուրդներ տվեցին ապագա գրողներին, և հրապարակախոսներին։
«Անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնությունները» խորագրով միջազգային քառօրյա գիտաժողովին Հայաստանի և արտերկրի մասնագետները ավելի քան 30 զեկույց են ներկայացրել: Զրույցում այս մասին նշել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:
«Ընդունեցինք գիտաժողովն այստեղ կազմակերպելու առաջարկը, քանի որ վստահ ենք, որ գիտելիքի և փորձի փոխանակումը գիտության զարգացմանը տանող հզոր ազդակ է: Քառօրյա գիտաժողովը նոր ծանոթությունների, համատեղ ծրագրեր կազմելու, նոր համագործակցություններ ձեռք բերելու լավագույն հարթակն է»,- նշեց Տեր-Ղևոնդյանը:
Նրա խոսքով՝ գիտաժողովին մասնակցել են հին հունարենի և լատիներենի համաշխարհային հռչակ ունեցող մասնագետներ, նաև երիտասարդ գիտնականներ:
«Հայաստանի գիտնականների և արտասահմանյան մասնագետների կապերը միայն դրական արդյունք կարող են տալ: Հույս ունենք, որ մյուս տարի գիտաժողովի նյութերը կհրատարակվեն մեկ ամբողջական հատորով»,- նշեց նա:
Գիտաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից՝ այդ թվում, ԱՄՆ-ից, Իսպանիայից: Մասնագետների հիմնական մասը Ռուսաստանից են եղել: Մատենադարանի գործընկեր Բորիս Նիկոլսկին, կարևորելով գիտաժողովը, նշեց, որ այն հրաշալի առիթ էր միջազգային նոր գործընկերներ ձեռք բերելու համար:
«Աշխարհաքաղաքական այս իրավիճակում Հայաստանը դարձավ այն վայրը, որտեղ հանդիպեցին գիտնականներ Ռուսաստանից և Արևմուտքից: Գիտաժողովը մեզ համար նոր հնարավորություններ բացեց: Ծանոթ չէինք գրաբարին, հին հայկական մշակույթին: Գիտաժողովի ընթացքում այլազգի մասնագետները կիսվել են իրենց գիտելիքներով և փորձով, որոնք կարող են կիրառել տեղի մասնագետները: Գիտաժողովը փորձի փոխանակման լավագույն հարթակը դարձավ»,- ասաց Բորիս Նիկոլսկին:
Նոյեմբերի 1-4-ն անցկացվող գիտաժողովի կազմակերպիչներն էին Մատենադարանը, Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտը և Ակտուալ հումանիտար հետազոտությունների դպրոցը:
Հայաստանում տարեցտարի ավելանում է գրքի նկատմամբ պահանջարկը: «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշեց, որ համավարակից հետո նկատելի բարելավվել են վաճառքի ցուցանիշները, նույնիսկ ավելին են գրանցել, քան 2019 թվականն էր: Գրքի նկատմամբ հետաքրքրության աճը Խաչիկ Վարդանյանը պայմանավորում է մի քանի հանգամանքով՝ տպագրության որակի բարելավում, բազմազանության ապահովում, միջոցառումների լայն շրջանակ:
«Այսօր մեր հրատարակիչներն այնպիսի գրքեր են հրատարակում, որոնց որակը, ձևավորումը ոչնչով չի զիջում եվրոպական գրքերին: Կա բավական ակտիվություն, ու հնարավորության սահմաններում հրատարակվում են բազմաթիվ գրքեր, այսինքն՝ տեսականին շատ է: Հայ ընթերցողը երբեք գրքերի ընտրության այսպիսի լայն հնարավորություն չի ունեցել, ինչպես այսօր է»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Խաչիկ Վարդանյանը:
«Բուկինիստ» ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աելիտա Չիլինգարյանը նշեց, որ ամեն շաբաթ ներկայացնում են նոր տպագրվող, սպասվող գրքերի ցանկը, որը գնալով ընդլայնվում է:
«Շատ դեպքերում սպասվող գրքերի ցանկն այնքան մեծ է լինում, որ ստիպված ենք լինում բաժանել ու մասերով ներկայացնել: Սա խոսում է մեր հրատարակիչների ակտիվության մասին»:
Ընթերցասերների շրջանում ամենապահանջվածը շարունակում են մնալ մանկական գրքերը, հատկապես՝ նախատեսված նախադպրոցական ու կրտսեր տարիքի երեխաների համար: Հաջորդ տեղում գեղարվեստական գրականությունն է, հատկապես արտասահմանյան:
Նոյեմբերի 5-ին «Բուկինիստ»-ն անցկացրեց «Գրքի օր ու գիշեր» ավանդական դարձած միջոցառումը, որի շրջանակում ընթերցասերները հնարավորություն ունեցան զեղչված տարբերակով գրքեր ձեռք բերել: Այդ օրը նախատեսված էր նաև հանդիպում գրողների հետ՝ Արտավազդ Եղիազարյան, Աշոտ Աղաբաբյան, Նարեկ Մանուչարյան, Գրիգ: Ներկա են լինելու նաև մի շարք հրատարակչությունների ներկայացուցիչներ: )
Գրող, հրապարակախոս, լրագրող Աշոտ Աղաբաբյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անկեղծանում է՝ այս օրերին գրում է իր ամենահաջողված գործը՝ «Թակարդ 2» վեպը։ Աղաբաբյանի՝ մի շնչով ընթերցվող գործերի մեջ սա իսկական «ռումբ» է լինելու. գրողն այդպես է բնութագրում։
«Ինձնից անընդհատ պահանջում էին «Թակարդ-2», որը ես նոր եմ սկսել գրել։ Շատ ծանր գործ է, ինձ թվում է՝ «ռումբ» է լինելու մյուսների համեմատ։ Գիրքն Ղարաբաղյան պատերազմների մասին է՝ մինչեւ մեր օրերը, ներառյալ սեպտեմբերյան մարտերը։ Հարցեր են հնչում՝ թե ինչո՞ւ այսպես եղավ։ Գրքի տպագրությունից հետո կա՛մ ոմանք ինձ դատի կտան, կա՛մ մի երկուսը Հայաստանը կլքեն»,-ընդգծում է գրողը՝ նշելով, որ այն գեղարվեստական վեպ է, որում տեղ գտած անձանց անունները որոշ դեպքերում իրական են։ «Թակարդ 2»-ի պայմանական, աշխատանքային վերնագիրը կլինի՝ «Սեւ հովազ»։
Իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 5-ին՝ «Գրքի օրը», «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Աշոտ Աղաբաբյանի «Գաղութ» գրքի շնորհանդեսը։ Ընթերցասերները հնարավորություն ունեցան գիրքը ձեռք բերել հեղինակի մակագրությամբ, 30 տոկոս զեղչով։ «Գաղութը» էսսեների ժողովածու է՝ բաղկացած մի քանի գլխից։ Մի մեծ հատված պատմում է հայաստանյան գաղութներում տիրող իրավիճակի, «գողական աշխարհի» մասին, որի ականատեսն ու վկան եղել է հեղինակը։
«Գաղութ» գրքի գլուխներից մեկը նվիրված է 1991թ․-ին Նոյեմբերյանում տեղի ունեցած պետական տերորին, որի մասին, ըստ Աշոտ Աղաբաբյանի, շատերը մոռացել են։
«1991թ․-ին սովետական միության զորքերը գիշերը գնդակահարեցին Նոյեմբերյանի 14 ոստիկանների։ Դա պետության խայտառակություն էր, որի մասին մանրամասն գրքում նկարագրվում է։ «Մոսկվան արցունքներին չի հավատում» գլուխը հայտնի մարդկանց հետ մոսկովյան իմ հանդիպումների մասին է, հետաքրքիր պատմություններ են»,-պատմեց նա։
Հեղինակը նշեց, որ «Գաղութում» տեղ է գտել նաեւ Անկարայում 2007 թ․-ին մեծ աղմուկ հանած՝ «Հայ հետախույզը՝ Թուրքիայի մեջլիսի պատգամավոր» վերտառությամբ հոդվածը, որը թարգմանել եւ տպագրել են այն ժամանակ թուրքական հայտնի մի քանի թերթեր, այդ թվում՝ «Հյուրիեթը» եւ «Զամանը» ու ստիպել, որ Մեջլիսի նախագահը խոսի այդ մասին։
Վերջին մեկ տարում Աշոտ Աղաբաբյանը «Բուկինիստ» հրատարակչության հետ համագործակցությամբ տպագրել է 8 վեպ` ընդհանուր 25 հազար տպաքանակ, որի կեսն արդեն վաճառվել է։ 6 անգամ վերահրատարակվել է գրողի «Ռեզիդենտը» վեպը։ Մեկ տարվա մեջ երկու անգամ 3 հազար օրինակով լույս տեսավ նաև «Գաղտնիքների տիրակալը» ու կրկին սպառվեց։
«Իմ առաջին գիրքը եղել է «Ռեզիդենտը», որը վերահրատարակվել է 6 անգամ, վերջինն՝ անցյալ տարի՝ 3 հազար օրինակով։ Մեկ տարում երկրորդ անգամ հրատարակվում է «Գաղտնիքների տիրակալը», որի 3 հազար օրինակը 6 ամիս անց սպառվեց, «Բուկինիստը» 3 հազար օրինակով կրկին տպագրեց։ Ռեկորդ է «խփել» «Թակարդ» վեպը, որը հրատարակվել է 3 անգամ։ 3 հազար օրինակ տպեցինք՝ հինգերորդ ամսում սպառվեց, հետո 5 հազար օրինակ տպեցինք՝ կրկին արագ սպառվեց։ «Բուկինիստ»-ը համարձակություն ունեցավ այսքան վաճառված գիրքը 3 հազար օրինակով կրկին տպագրել, որն արդեն ավարտվում է»,-ուրախությամբ նշեց գրողը։
Հիշեցնենք, որ Աշոտ Աղաբաբյանի վեպերը թարգմանվել ու հրատարակվել են պարսկերենով ու մեծ ընդառաջում են գտել: