Գեղարվեստական հաղորդում (345)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում անդրադառնալու ենք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
---------------------------------
Հոկտեմբերի 27-29-ը, Երեւանի Սերգեյ Փարաջանովի թանգարանում իրանցի սցենարիստ, ռեժիսոր, գրող, թարգմանիչ Արաշ Սանջաբին բեմականացրեց իրանական «Դիգար» թատերախմբի «Բիինգ Փարաջանով» (Being Parajanov) ներկայացումը, որի ստեղծման գաղափարը ռեժիսորի մոտ ծնվել է թանգարան այցելելուց հետո:
Փարաջանովի արվեստով ու էությամբ ոգեշնչված, շուրջ 7 ամիս տեւած նպատակասլաց աշխատանքի ու դերասանական անձնակազմի տաղանդի շնորհիվ, հոկտեմբերի 27-ին` փարաջանովյան միջավայրում, տեղի է ունեցել ներկայացման պրեմիերան։
Ներկայացումը հասարակության լայն շրջանակների համար հասանելի է լինելու նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն բեմից։
«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի հաղթող ֆիլմերը հայտարարվել են նոյեմբերի 8-ին Հայաստանի կինոգործիչների միության (ՀԿՄ) Կինոյի տան Մեծ դահլիճում կայացած պաշտոնական մրցանակաբաշխության ընթացքում։
Փառատոնի մեկնարկին հաջորդող հինգ օրերի ընթացքում՝ նոյեմբերի 4-8-ը, ՀԿՄ դահլիճներում բնապահպանական լավագույն ֆիլմերի ցուցադրություններ էին տեղի ունենում։
«Արևորդի» 2022-ի մրցութային երեք հիմնական անվանակարգերի հաղթող ֆիլմերն ընտրվել են 17 երկրներից ստացված 30 վավերագրական, գեղարվեստական և անիմացիոն տպավորիչ ու բազմազան պատումներից, որոնցից յուրաքանչյուրի առանցքում հանրությանը մեր ժամանակների մեծագույն արհավիրքներից մեկի՝ կլիմայի փոփոխության մասին իրազեկելու հրամայականն է, կոչը՝ շրջակա միջավայրը պահպանելու, գիտակցելու անդառնալի վտանգը, որ սպառնում է Երկիր մոլորակի բոլոր կենդանի արարածների գոյությանը։
Փառատոնի գլխավոր մրցանակը` «Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում ստացել է ռեժիսոր Լարս Հենրիկ Օսթենֆելդի «Սառույցի միջով» (Into the Ice) ֆիլմը (Դանիա, Գերմանիա, 2022)։
«Կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում հաղթող է դարձել ռեժիսորներ Քրիստոֆեր Ջ․ Քարթերի և Ռալի Ի․Լեյթեմի «Վերակենդանացնելով գետերը» (Reviving Rivers) ֆիլմը (ԱՄՆ, 2022):
«Մանկապատանեկան ֆիլմեր շրջակա միջավայրի մասին» անվանակարգում գլխավոր մրցանակը ստացել է ռեժիսոր Սոհելիա Փուրմոհամմադի «Փրկիչը» (The Saviour) ֆիլմը (Իրան, 2021):
Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ում հանձնվեց «Սառույցի միջով» ֆիլմի մրցանակը, որը դեսպանության աջակցությամբ կփոխանցվի ռեժիսորին։
«Ի խնդիր ապագա սերունդների կենսապայմանների պահպանման՝ Գերմանիան սատարում է կլիմայի պաշտպանության համար սահմանված նպատակների իրագործմանն ուղղված բոլոր ջանքերը։ Ուրախ եմ, որ գերմանա-դանիական «Into the Ice» ֆիլմն իր անվանակարգում գրավել է առաջին տեղը։ Այս ֆիլմը պարզորոշ վեր է հանում Գրենլանդիայի սառցասարերի օրհասական վիճակը՝ որպես գլոբալ տաքացման ցուցիչ»,- ասել է դեսպան Ռիխտերը:
«Փրկիչը» (The Saviour) ֆիլմի մրցանակը հաղթող ռեժիսորին հանձն առավ փոխանցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնն՝ ի դեմս տնօրեն Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի։
«Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին բազմաթիվ ֆիլմեր, որոնք անդրադառնում էին կլիմայի փոփոխությանը, ցույց տալիս թե՛ մարդկության կողմից դրական արդյունք գրանցելու հաջողած փորձերը, թե՛ ավելի կայուն ապագայի համար մղվող բարդ պայքարը, և թե՛ բնապահպանության ավելի գորշ ու ծանր կողմը։ Շատերի համար, թերևս, բավականին բարդ է նայել ու ֆիլմերի տեքսով հիշեցում ունենալ մոլորակի տարբեր ծայրերում տեղի ունեցող բարդ իրողությունների մասին․ շատ հաճախ մենք պարզապես փորձում ենք անտեսել խնդիրները՝ կենտրոնանալով իրականության ավելի դրական ու բազմերանգ դրվագների վրա։ Փառատոնում ցուցադրվող ֆիլմերը պարզապես կինոարվեստի գործեր չեն, դրանք կարևոր ուղերձ ունեն, և եթե դրանք դառնում են շարժառիթ ձեր մեջ հուզական՝ թեկուզ և չնչին արձագանքի, ապա իզուր չեն փառատոնը կազմակերպելու մեր ջանքերը», - նշեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։
Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հույս հայտնեց, որ 12-րդ «Արևորդին» ավելի ներշնչող ու համընդգրկուն ազդեցություն կունենա՝ ընդգրկելով Հայաստանի, տարածաշրջանի և միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչների։ «Փառատոնը կարող է նաև խաղաղության երկխոսության յուրատիպ հարթակ լինել, որտեղ կքննարկվեն բոլորիս միավորող և բոլորիս համար ընդհանուր շրջակա միջավայրի առավել հրատապ մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները», -հավելեց պարոն Խաչատրյանը։
Հանդիսավոր արարողությանը հաջորդեց «Սառույցի միջով» ֆիլմի ցուցադրությունը։
Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը նոյեմբերի 3-ից երկու շաբաթով էկրաններին է։ Նշենք, որ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե Ծիրան» փառատոնի միջազգային մրցութային ծրագրում, որտեղ արժանացել է «Արծաթե Ծիրան» մրցանակին։
«Ավրորայի լուսաբացը» Հայաստանի Ազգային կինոակադեմիայի կողմից ընտրվել է ներկայացվելու համար «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում
Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝Ավրորա Մարտիկանյան) պատմությունն է։ 14-ամյա դեռատի աղջիկը հայտնվում է Եղեռնի սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ և անցնում անասելի արհավիրքներով։
Սակայն իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, և 1917թ-ին, Զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել։
Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի վավերագական արխիվային հարցազրույցներն են, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս հանդիսատեսին տեսնել դաժան իրադարձությունների միջով անցած մարդու էությունը, այլև զգալ նրա ցավը, հիանալ նրա կամքի ուժով, տոկունությամբ, հավատով, դաժանության մեջ գեղեցիկը տեսնելու ու հիշելու նրա կարողությամբ:
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հիմնական նպատակն է խոսել Հայոց Ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասանելի լեզվով, միևնույն ժամանակ ներկայացնել մեր ազգի պատմության ամենածանր ու ցավոտ թեման հաղթական տեսակետից:
Հայ կինոյի պատմության մեջ առաջին հայկական լիամետրաժ վավերագրական ֆիլմն է, որի պատմողական կառուցվածքը անիմացիան է: Այն պատկերում է նկարագրվող իրադարձությունը, հաղորդում տրամադրությունը և շաղկապում դեպքերի հաջորդականությունը:
«Երբ մենք սկսեցինք աշխատել ֆիլմի շուրջ, ցեղասպանության թեման այնքան էլ ակտուալ չէր, բայց այժմ, երբ պատերազմներն, առհասարակ, շատացել են աշխարհում, թեման դարձել է շատ արդիական։ Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից, դրանով ֆիլմն այս ժամանակաշրջանում դարձավ շատ կարեւոր։ Այն արդեն ներկայացվել է բազմաթիվ փառատոնների՝ Գերմանիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում․․․ Ֆիլմը շատ լավ է ընդունվում ամբողջ աշխարհում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյանը։
Ֆիլմի անիմացիոն մասը համատեղ իրականացրել են հայ և լիտվացի նկարիչ-անիմատորները։ Ֆիլմում օգտագործված է գերմանացի կոմպոզիտորի կողմից հենց ֆիլմի համար գրված երաժշտություն, որը կատարել են Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը և Պրագայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի սցենարի հեղինակներն են ռեժիսոր Իննա Սահակյանը, Կերստին Մեյեր-Բիցը եւ Պիտեր Լյախովը։ Պրոդյուսերներն են Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն, Կեստուտիս Դռազգաուստասը, Էրիկ Իսրաելյանը եւ Իննա Սահակյանը, կոմպոզիտորները Քրիստինե Աֆդերհարը, Անդրանիկ Բերբերյանը եւ Գարեգին Առաքելյանն են։
ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ. դրա հիմքում ինստիտուտի «Բանավոր Պատմության» արխիվն է։
Ռեժիսոր Հարութ Մաքյանի «Հաջորդ կայարանը` դրախտ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Zubroffka Short Film Festival-ի մրցութային ծրագրում։ Մրցույթը տեղի կունենա լեհական Բելոստոկ քաղաքում՝ դեկտեմբերի 7-11-ը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Այս պատմությունը գավառական փոքրիկ քաղաքում ապրող 25-ամյա շնորհալի բանաստեղծ Ադամի մասին է, որը ստիպված է այս գորշ միջավայրում կրել «տեղային մակարդակի հեղինակության» դիմակը, որպեսզի ազատի իր մտերիմ ընկերներին հնարավոր հանցավոր ճնշումներից։ Ի վերջո, նա որոշում է դուրս պրծնել այս «փոսից», սակայն ոչ բոլոր պատմություններն են ունենում «երջանիկ ավարտ»:
Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստն է Հարութ Մաքյանը, օպերատոր` Վահե Սաֆարյան, դերասաններ` Լևոն Հախվերդյան, Ներսես Ավետիսյան, Հռիփսիմե Նահապետյան, պրոդյուսերներ` Վահե Քեշիշյան, Հարութ Մաքյան:
Նոյեմբերի 18-ին և 19-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Պ. Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի (Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վլադիմիր Ֆեդոսեև) համերգը:
Նոյեմբերի 18-ին համերգային ծրագրում կհնչի Ֆ. Լիստի Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, մի բեմոլ մաժոր ստեղծագործությունը, մենակատարն է Ադամ Գուցերիևը, ինչպես նաև Ն. Ռիմսկի-Կորսակովի «Շեհերեզադե» սիմֆոնիկ սյուիտը։
Նոյեմբերի 19-ին համերգին կհնչի՝ Ս. Ռախմանինով՝ Վոկալիզ, Պ.Ի. Չայկովսկի՝ Վարիացիաներ Ռոկոկո թեմայով թավջութակի և նվագախմբի համար (Մենակատար՝ Դալի Գուցերիևա), Պ.Ի. Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 5, մի մինոր։
Համերգները կգլխավորի դիրիժոր Թոմաս Զանդերլինգը։
Վինսենթ Վան Գոգի (1853 – 1890) «Մրգի այգի՝ շրջապատված կիպարիսներով» նկարը՝ ամերիկացի ձեռնարկիչ, Microsoft կորպորացիայի համահիմնադիր Փոլ Ալենի (1953 – 2018) հավաքածուից 117 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Christie՚s աճուրդում: Նոյեմբերի 11-ին այդ մասին հաղորդել է Անգլիայի առեւտրական տունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Աճուրդների ներկայացուցչի խոսքով՝ այդ գինը ռեկորդ Է դարձել նիդեռլանդացի նկարչի գործերի համար: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր 1990 թվականին, երբ «Բժիշկ Գաշեի դիմանկարը» գնել Էր ճապոնացի գործարարը՝ 82 միլիոն դոլարով:
«Մրգի այգի՝ շրջապատված կիպարիսներով» կտավը, փորձագետների կարծիքով՝ նույնպես կգնա Ասիա, սակայն նոր տիրջ անունն առայժմ հայտնի չԷ: Մագնատի հավաքածուից աճուրդով վաճառված նկարների ընդհանուր արժեքը կազմել Է 1,5 միլիարդ դոլար: Christie՚s-ի գնահատմամբ՝ դա «խոշորագույն եւ հիրավի բացառիկ աճուրդ Է արվեստի պատմության մեջ»:
Այն գերազանցել Է հասույթի ռեկորդը մեկ սեփականատիրոջ հավաքածուի վաճառքից: Ավելի վաղ միլիարդատերեր Հարրի եւ Լինդա Մաքլոուների հավաքածուն աճուրդով վաճառվել Է 922 միլիոն դոլարով: Վան Գոգը հոլանդացի գեղանկարիչ Է՝ պոստիմրեսիոնիզմի մեծագույն վարպետներից մեկը:
Ամենահայտնի գործերի թվում են «Արեւածաղիկներ»-ը, «Հիրիկներ»-ը, «Գիշերային պատշգամբ սրճարանում»-ը, «Աստղալից գիշեր»-ը եւ բազմաթիվ ինքնանկարներ:
Արվեստի գործերի պահանջարկը չի նվազում՝ չնայած հետհամաճարակային մտահոգություններին։
Զեկույցը, որի համար հարցում է անցկացվել արվեստի շուրջ 2700 կոլեկցիոներների շրջանում, ցույց է տալիս, որ 2020-2021 թվականներին արվեստի ներմուծումն ու արտահանումն աճել են համապատասխանաբար 41%-ով և 38%-ով:
Աճել են նաև կոլեկցիոներների ծախսերը՝ աշխատանքների ձեռքբերման համար։ 2022 թվականի առաջին կիսամյակում ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում բնակվող հարուստ կոլեկցիոներների միջին ծախսերը կազմել են 180 000 եվրո՝ 2021-ին և 2020-ին համապատասխանաբար 164 000 դոլար և $100,000 դոլարի համեմատ:
Կոլեկցիոներների 23%-ը կանոնավոր կերպով գնում է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ աշխատանք, ինչը գրեթե կրկնապատկվում է նախորդ տարվա ցուցանիշից (12%): Հարցվածների մոտ կեսը նշել է, որ հաճախ աշխատանք է գնում առանց անձամբ տեսնելու: Մասնավոր հավաքածուներում գերակշռում են տղամարդկանց աշխատանքները (58%), սակայն կանանց աշխատանքների տեսակարար կշիռը (այժմ՝ 42%) անընդհատ աճում է։ Արվեստի տոնավաճառները նույնպես վերադարձել են 2022 թվականին, քանի որ կոլեկցիոներների 74%-ը գնում է արվեստի տոնավաճառներից (2021-ի 54%-ի համեմատ):